ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Երբ ժպիտը ճակատագիր է
Սկիզբը` նախորդ համարում
***
Հենրիկն ընկերություն էր անում Մոսկվայում ապրող կամ ուսման մեկնած ահագին թվով հայերի հետ: Եվ առաջին հերթին նրա ընկերներն էին Մոսկվայի Հայ մշակույթի տանը (որը կից էր Հայկական ՍՍՀ մշտական ներկայացուցչությանը) ապրող եւ արվեստի տարբեր ճյուղեր ուսումնասիրող մեր տաղանդավոր տղաների մի ողջ խումբ, կոմպոզիտորներՙ Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, Ղազարոս Սարյան, Արամ Խուդոյան, երաժիշտներՙ Ավետ Գաբրիելյան, Պավել Լիսիցյան, ճարտարապետներՙ Կարո Հալաբյան, Մերժանով, քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյան: Շատերը նրանցից ունեն բազմաթնվ հիշողություններ կապված Հենրիկի անվան հետ: Այս աննկուն կինոմանը նաեւ զարմանալի ու անսպառ կատակների մեծ ճարտարապետ էր, ըստ որում կատակ կազմակերպելը, կատակ անելը դարձել էր նրա կյանքի մի օրգանական մասը, նա ինչպես հրաշալի միզանսցեններ էր բեմադրում ֆիլմերում, այդպես էլ մեկը մյուսի հետեւից զվարճալի կատակներ էր մոգոնում ու բեմադրում իր առօրյա կյանքում:
«Պայթյունավտանգ պատվեր»
Ի դեպ, կատակ (розыгрышь) անելու մոլուցքով բռնկված Հենրիկը չէր ճանաչում մեծ ու փոքր հեղինակություն: Երբ գաղափարը մտքում ծագում էր, այլեւս չէիր կանգնեցնի, գործը մինչեւ վերջ պետք է տաներ: Ով ուզում է լիներ, ինչ մեծություն: Պատերազմը ավարտված է: Միջազգային ատյանները որոշում են հրեական պատմական հողերի վրա ստեղծել Իսրայել պետություն եւ այլն: 1946 թվին այս պետությունն ստեղծվում է: Հարց է ծագում, թե ինչ կապ ունի այս բոլորի հետ Հենրիկ Հովհաննիսյանը: Բայց արի ու տես, որ ունի եւ միայն ինքը կարող է գտնել այդ կապի բանալին:
Ուղղակի պետք էր գտնել ապագա բեմադրվող ներկայացման հիմնական ինտրիգը, եւ նա որպես իր գործի ճշմարիտ վարպետ եւ մի մարդ, որ լավ գիտեր, թե ինչ «պտուղ» է կյանքը սովետական, գտավ իր հերթական անելիքն ու, բնական է, իր հերթական զոհին:
Զանգ կոմպոզիտոր Շոստակովիչի բնակարանում.
– Դմիտրի Դմիտրիեւիչ, բարի օր, – մի փոքր արեւելյան ակցենտով ներկայանում է մեծ կոմպոզիտորին: – Ձեզ անհանգստացնում են Իսրայելի նորաստեղծ պետության դեսպանատնից, մենք ուզում ենք հայտնել Ձեզ մեր մեծագույն սերն ու հարգանքը, միաժամանակ հայտնել Ձեզ Իսրայելի մշակույթի նախարարության խնդրանքը, այն էՙ ցանկանում ենք պատվիրել Ձեզ գրել Իսրայելի պետության օրհներգը (հիմնը): Մենք պարտավորվում ենք մի սոլիդ հոնորար այս գործի համար եւ երեք ամիս ժամանակ ենք տրամադրում: Եթե փորձեք մեզ հետ կապվել, ապա խնդրում եմ գրի առեք այս հեռախոսահամարը:
Եվ հեռախոսալարի մյուս կողմից մեր Հենրիկ Հովհաննիսյանը թելադրում է իր հեռախոսի համարը:
Գերագույն շփոթմունքի մեջ գցելով Դմիտրի Դմիտրիեւիչին, որը միայն հասցնում է շունչը պահած, երբեմն բաց թողնել իր ցածրաձայն ՊՈ-ՊՈ-ՊՈ-ների շարանը:
Այս առաջարկը ծանր ու թեթեւ անելը, դրա շուրջը մտածելը, արդեն տագնապի մեջ է գցում մեծ կոմպոզիտորին: Մի կողմից, իհարկե, մեծ պատիվ է մի ազդեցիկ երկրի օրհներգը գրելը, բայց մյուս կողմից ի՜նչ հետեւանքներ կարող է այս ամենն ունենալ…
Այսպես մի քանի օր անքուն, ախորժակը կորցրած մեծ երգահանը իր տեղը չի գտնում: Այդ տարիների երաժշտական աշխարհի քավոր-հայրիկը Կրեմլի առջեւ Տիխոն Նիկոլաեւիչ Խրեննիկովն էրՙ Կոմպոզիտորների միության անփոփոխ նախագահը: Եվ մեր Դմիտրի Դմիտրիեւիչը քայլերն ուղղում է Խրեննիկովի մոտ եւ կոնֆիդենցիալությունը պահպանելու պայմանով պատմում իրեն արված առաջարկի մասին եւ խորհուրդ խնդրում:
– Դմիտրի Դմիտրիեւիչ, որքան ինձ հայտնի է, Ձեր անոթներում հրեական արյուն չկա, Դուք ինչո՞ւ պետք է գրեք այդ երկրի պետական օրհներգը: Պատկերացնո՞ւմ եք, որ ամեն անգամ այդ օրհներգը հնչեցնելուց առաջ պիտի տան նաեւ Ձեր անունը: Իսկ ինչպե՞ս կընդունվի դա վերեւներում, պատկերացնում եք, չէ՞: Մերժեցեք կատեգորիկ ձեւով: Ասացեք, որ հրեական հիմնը պետք է գրի ազգությամբ հրեա կոմպոզիտորը եւ վերջ:
Բավական հանգիստ ձեռք բերած եւ դեռ մի քիչ էլ ագրեսիվ դարձած Շոստակովիչը փորձում է մոռանալ այդ առաջարկը: Եվ մի երկու օրից կրկին զանգ.
– Դմիտրի Դմիտրիեւիչ, Իսրայելի դեսպանության մշակութային ատաշեն է խոսում: Կարո՞ղ ենք արդյոք մենք ընթրիքի սեղանի շուրջ հանդիպել «Նացիոնալ» հյուրանոցում, Ձեր տնից ոչ այնքան հեռու: Եվ մենք Ձեզ համար մի փոքր ծրարով, սակայն բավական ծանրաքաշ «ավանս» ենք պատրաստել: Կարո՞ղ ենք արդյոք մենք ժամադրվել:
Եվ հեռախոսալարի մյուս ծայրից Հենրիկի ականջին են հասնում համարյա բառ առ բառ ճշգրտությամբ Խրեննիկովի ֆրազները: Եվ վերջումՙ «Իսկ հրեա կոմպոզիտորներին Դուք ինձանից լավ գիտեք»:
Հենրիկին մնում էր եբրայերեն պատասխանել.
– Զայգեզունգ – Зай гезунг – (Будь здоров, до свидания).
«Կնիքը»
Կոմպոզիտոր Դմիտրի Կաբալեւսկին ճանաչված անուն էր Մոսկվայի երաժշտական աշխարհում: Նրա լավագույն գործերը վերաբերում էին մանուկների համար գրած ստեղծագործություններին, բավական թվով երաժշտություն էր գրել նաեւ կինոֆիլմերի համար: Սակայն, արդեն վաղ երիտասարդ տարիքից աչքի էր ընկնում իր քաղաքացիական ակտիվությամբ: Երբ որ շատ անվանի կոմպոզիտորների համար մուտքը փակ էր արտասահման, նա, կարելի է ասել, արտասահմանյան գործուղումներից տուն չէր վերադառնում: 40-ական թվականներին հանդես էր գալիս որպես երաժշտության մեջ տեղ գտած ֆորմալիզմի ուղղության սուր քննադատ: Ըստ որում կգրեր այնպիսի մեծությունների դեմ, ինչպես Շոստակովիչը, Պրոկոֆեւը: Մշտական անդամ էր ՍՍՀՄ Մշակույթի նախարարության կոլեգիայի, Գերագույն խորհրդի պատգամավոր, ստալինյան մրցանակների դափնեկիր, ՍՍՀՄ ժողովրդական դերասան եւ մինչեւ իսկ լենինյան պիոներիայի համամիութենական խորհրդի անդամ:
Առնո Բաբաջանյանը Մոսկվայում ապրում էր նրա հարեւանությամբ գտնվող Կոմպոզիտորների տանը, Գորկու փողոցի կից շենքում, հարեւանությամբ K-9 նշանավոր փոստատան:
Մի օր Առնոն ասում է Հենրիկին.
– Արա, էտենց էլ ստոր մա՞րդ ոնց էդ Կաբալեւսկին, հա՛ ցույց է տալիս իրեն Սովետի ակտիվ ջատագով, անգամ մեր շենքում պայքար է ծավալում, որ մեր մուտքը կոչվի Մոսկվա քաղաքի ամենաօրինակելի կոմունիստական պոդյեզդը, բայց ինքը եվրոպաներից տուն չի գալիս, հագ ու կապը, շլյապան, գալստուկը միայն անգլիական:
Արա, մի բան մտածի սրա գլխին խաղանք:
Հենց այդ շրջանում էլ, 1962 թվին, Խրուշչովը հայտնի ելույթ էր ունեցել եւ սուր քննադատել արվեստի գործիչներին ֆորմալիզմի եւ արեւմտամետության մեջ: Հենրիկը լավ բռնում է պահը, զանգում Առնոյին ու ասումՙ «Հենց Կաբալեւսկին քաղաքից կբացակայի, ինձ կասես»:
Առնոն, իմանալով որ իր հարեւանը հերթական գործուղման մեջ է, իմաց է տալիս Հենրիկին…
Անցնում է մեկ շաբաթ Կաբալեւսկին իր տիկնոջ հետ վերադառնում է Մոսկվա, մտնում իր հիշատակած մուտք, բարձրանում ծանր ճամպրուկներով, մոտենում դռանը, հանում բանալիները, մեկ էլ ինչ տեսնիՙ իր դռան կողպեքը սուրգուչե կնիքով զմռսած է կնիքի վրա հստակ կարդացվում է МВД եւ ինչ-որ մի թիվ:
Այսինքն դուռը բանալն արգելված է եւ կողպեքը МВД-ի կողմից կնքված:
Ուշ ժամանակ է, ձեռքինՙ ճամպրուկներ, ի՞նչ անել, ո՞ւմ դիմել:
Հազար ու մի կասկածելի մտքեր են անցնում «ֆորմալիզմի քննադատի» մտքով, ախր ես կարծես Վիեննայում ոչ մի կասկածելի հանդիպում չեմ ունեցել, բայց ո՞վ գիտե սրանց, իսկ Խրուշչովի ճառը, նա ո՞ւմ նկատի ուներ:
Այսպես մոլորված կանգնում է եւ զանգում հենց նույն հարթակում իրեն հարեւան Ռոստրոպովիչին. ինչ անել: Ռոստրոպովիչը, վերին աստիճանի սիրալիր ու բարի մարդ լինելով, կոմպոզիտորին կնոջ հետ, ճամպրուկներն էլ դեռ չհաշված, ներս է հրավիրում, ասելովՙ «Հիմա կեսգիշեր է, ոչինչ չենք կարող անել, համենայնդեպս սպասենք մինչեւ առավոտ: Բայց կնիքը քանդել խորհուրդ չէի տա, առավոտյան կաշխատենք պարզել»:
Այդպես էլ անում են:
МВД-ի նախարարությունըՙ Օգարեւ 6 հասցեով, գտնվում էր համարյա նույն փողոցի վրա, ինչ Կոմպոզիտորների տունը, եւ հաջորդ առավոտ ստալինյան դափնեկիրը գնում է ուղիղ МВД-ի ղեկավարի մոտ: Բնականաբար սիրտը դող, բնականաբար աշխատելով անգամ այս իրավիճակում պահպանել իր լոյալությունն իշխող կարգերին: Իհարկե, մի քանի օպերատիվ զանգերից հետո պարզվում է, որ ոչ մի համապատասխան «ցուցում» չի եղել կոմպոզիտոր Կաբալեւսկու տան դուռը կնքելու վերաբերյալ, որ մուտքն ազատ է եւ դեռ մի օպերատիվ աշխատակցի էլ կցում են նրան, որ գա եւ տեղում ծանոթանա ստեղծված «անհեթեթության» հետ:
– Это недорозумение Дмитрий Борисович, а скорее всего розыгрышь, я думаю. – Հանձնարարում է ողջ գիշեր անքուն մնացած Դմիտրիյ Բորիսովիչին МВД-ի գեներալը:
Իսկ իր ընկերոջ այս հերթական սքետչի համարՙ Առնոն Հենրիկին ընթրիքի է կանչում մոսկովյան «Արարատ» հակական ռեստորանում:
«Գվարների ջութակըՙ մոսկովյան հանրակացարանում»
«Պատից կախված իմ ջութակը ընկավ, կոտրվեց», այս հին ժողովրդական երգը Հենրիկ Հովհաննիսյանի եւ Առնո Բաբաջանյանի թեթեւ ձեռքով ստացավ իրական պատմություն եւ արձանագրվեց որպես ամենակատարյալը Հենրիկի արած հարյուրավոր կատակների շարքում:
Մոսկվայի հայ մշակույթի տանը իրենց կատարելագործումը շարունակող արվեստագետների շարքում էր մեծանուն ջութակահար Ավետ Գաբրիելյանը: Հարակից սենյակներում էին ապրում Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը:
Հայաստանի կառավարությունը հատուկ հրամանագրով Ավետ Գաբրիելյանին էր հանձնել մի շատ թանկարժեք իտալական ջութակ «գվարների» մակնիշի, որ մեր մաեստրոն նորանոր բարձունքների հասնի եւ ստեղծի մոտ ապագայում իր նշանավոր «Կոմիտաս» գործիքային քառյակը:
Ու Ավետ Գաբրիելյանը, դեռ լույսը չբացված, ամեն օր սկսում էր իր նվագը, հաճախ նույն պասաժը հիսուն անգամ կրկնելով, բնականաբար ամենաքաղցր պահերին խաթարելով Առնոյի եւ Էդվարդի քունը: «Այսպես չի լինի,- որոշման են գալիս կոմպոզիտորի ընկերները,- Ավետի գլխին անհրաժեշտ է մի լավ դաս խաղալ»:
Բայց ինչպե՞ս:
Տղաները գանգատվում են հերթական անգամ իրենց հյուր եկած Հենրիկին եւ խորհուրդ հարցնում, թե ինչ անեն այս իրավիճակում: «Ահա թե ինչ, – սկսում է իր ծրագիրը հյուսել Հենրիկը,- վաղը եւեթ գնում ենք Մոսկվայի սեւ շուկաներից մեկը ու մի կատարյալ ավիրված, հին ջութակ առնում, իր հին ֆուտլյարով: Առավոտյան, երբ կսկսի իր տըզը-պըզըն, կսպասենք մինչեւ վերջացնի ու կգնանք բոլորս խոհանոց (խոհանոցը ընդհանուր էր) նախաճաշի, այդ արանքում ես կամացուկ կտանեմ մեր գնած էս հին ջութակը ու կդնեմ Ավետի «Գվարների» ֆուտլյարի մեջ, իսկ «Գվարներին» կպահեմ պահարանում մեր գնած ֆուտլյարում: Եվ երբ դուք կսկսեք ղալմաղալը դնել, կանցնենք գործի: Ու Հենրիկը մանրամասն պատմում է իր ծրագիրը, որն իհարկե զերծ չէր հիչկոկյան դաժանությունից:
– Բայց դո՛ւ, Հենրիկ ջան, պիտի ջարդես ջութակը, իմ ձեռքը չի գնա:
– Չէ Առնո ջան, չէ, ես ինչ կապ ունեմ, էդ դու ու Էդիկը չեք քնում նրա նվագից:
– Լավ, լավ, մի բան կանենք:
Հաջորդ օրը մեր ընկերները մի փոքր ծախս անելով ջութակը գնում են: Պետք էր համբերել եւս մեկ օր, եւ ահա հաջորդ օրը…
Առավոտյան ավետական պարտադիր 3 ժամյա փորձից հետո սենյակներում տիրեց լռություն: Եվ մեր դավադիրներն անցան գործի: Երեքով, ինչպես միշտ, հանդիպում են խոհանոցում: (Տողերի արանքում մի բան էլ Առնոյի պատմածից հիշեմՙ կապված այս նույն խոհանոցի հետ):
…Նոր տարվա օրերին Մոսկվա է գալիս Ավետ Գաբրիելյանի մայրը, մի շատ բարի տիկին, հետը բերելով էլ բաստուրմա, էլ սուջուխ, էլ ղավուրմա, եւ իհարկեՙ մի 100 հատ գյուղական հավի ձու: Դե որոշ չափով մեր կոմպոզիտորները օգտվում են հայրենյաց բարիքներից, բայց հավկիթը Ավետը մեկ հատիկով էր հանում եւ իր համար ձվածեղ անում: Այս բանը չի վրիպում հաճախ տղաներին հյուր եկող Հենրիկի աչքից: Ու երբ Ավետը իր գործերով գնում է կոնսերվատորիա, Հենրիկը կանչում է Առնոյին եւ Էդիկինՙ հը, տղերք ջան, մի իսկական հայկական ձվածեղ չտժժացնե՞նք, կարգին յուղով, մայրիկի բերած ձվերով:
– Չէ, գժվե՞լ ես, ինչ է, Ավետը ձվերի հաշիվը հաշվապահական ճշգրտությամբ պահպանում է, ասում էՙ այս ձվերը հունվար-փետրվարին կհերիքեն եւ ամեն առավոտ համբարում է:
– Ես այդ մասին մտածել եմ,- ու Հենրիկը գրպանից հանեց մի մեծ շպրից երկար ասեղով:
Եվ մեր հայրենյաց հավկիթները վիրաբույժի զգուշությամբ հայտնվեցին նրա ձեռքերում: – Ի՞նչ եք ասում, մարդ ա մի հինգ հատ ուտենք հերիք չէ՞, էս շուխուրը մի անգամ պիտի անենք: Ու անցնում է գործիՙ ձվերի պարունակությունը մի թեթեւ հպումից անցնում է շպրիցի միջով ուղիղ դեպի թավան:
Իսկ դատարկված ձվերին նա ծորակի ջրից մի թեթեւ ինյեկցիա է անում: Ու թվով տասնհինգ ձվերը կոկիկ դասավորում արկղի ամենացածր շարքում: Օրերն անցնում են, հերթը հասնում է Հենրիկի մանիպուլյացիային ենթարկված հավկիթներին: Բնական է, այդ օրվան ուշի ուշով սպասում էին Առնոն ու Էդիկը: Դե բնական է, սկզբում Ավետը յուղով թավան դնում է գազօջախին, սպասում, որ յուղը ճըտճըտա ու հավկիթն առնում, դանակով ճեղքում թավայի գլխին ու մեկ էլ արեւային դեղնուցի փոխարեն թավայի մեջ է լցվում մոսկովյան ծորակի ջուրը, ճըտճըտոցի փոխարենՙ թըշ-թըշ-թըշ… Այս ինչ հրաշք է, տղերք, էս ինչ էր էս հավկիթում, ձեռքն է առնում երկրորդը, ձուն կոտրած չէ, մեջն էլ ինչ-որ մասսա է զգացվում, բայց ահա ջարդում էՙ թըշ-թըշ-թըշ, առնում է երրորդըՙ նույնը: Էս ի՞նչ սատանա է մեջը մտել:
Դե պատերազմը նոր էր վերջացել, գյուղում աքլորները լավ չեն աշխատում, մեկ-մեկ փուստ են տալիս, ի՞նչ է, մարդկանց հետ քի՞չ է պատահում, հանգստացնում է նրանց Առնոն…
Այդ առաջին օյինն էր, որ խաղացին Ավետի գլխին: Իսկ այժմ հերթը «գվարների» հազվագյուտ ջութակինն էր:
– Նոր էինք վերջացրել նախաճաշը, – պատմում էր Առնոն, – երբ եկավ Հենրիկը, օրը կիրակի էր: Բոլորս հանգիստ էինք, շտապելու տեղ չկար: Անցանք Ավետի սենյակը… Առնոն ցուցադրաբար հորանջեց:
– Ախր այդպես չի լինի, Ավետ ջան, օրերով չես թողնում, որ քնենք:
– Ո՞վ, ե՞ս:
– Դու չէ, ջութակդ: Դեռ լույսը չբացված ճըզը-պըզը, ես էլ, Էդիկն էլ, մեղք ենք, չէ՞…
– Այ տղեք, սա իմ հացն է:
– Դե լավ, դու էլ նախաճաշիր նոր անցի քո այդ նվագին: Հարեւաններիդ խղճա:
– Ի՞նչ է, ես էդքան վա՞տ եմ նվագում:
– Ախր դու չես նվագում, այլ պարապում եսՙ նույն ֆրազը հիսուն անգամ ճզըցնում:
– Մի տես կոմպոզիտորներիս, որ ջութակի երաժշտություն չեն սիրում: Ախր մենակ իմ « Գվարներին» ձեր 20 դաշնամուրն արժի:
Այստեղ Առնոն աչքը գցեց պահարանի գլխին, ուր գվարների տուփի մեջ տեղադրված էր մեր առած խլամը: Հենրիկն էլ, թեՙ Ավետ, դու արդեն մեծ անուն հանած երաժիշտ ես, ի՞նչ է, պարտադի՞ր է, որ օրը 6 ժամ փորձ անես:
– Ճիշտ է ասում Հենրիկը, – վրա տվեց Առնոն, – փորձ չէ, այլ փորձանք է մեր գլխին:
– Այո՛, Ձեր դատարկ գլխին:
– Էդ ու՞մ գլուխն է դատարկ:
– Ձերը, կոմպոզիտորնե՛ր:
– Դե լավ, դու հիմա կտեսնես:
Ու այդ խոսքերն ասելուն պես Առնոն վագրի ճարպկությամբ թռավ դեպի պահարանը, ձեռքը գցեց «գվարների» ֆուտլյարին, հանեց միջինը ու տուր թե կտաս պատով…
Կատարվածը տեսնելով, Ավետը տեղում քարացավ, ոտքերը թուլացան ու դանդաղ սահեց գետնին:
– Ջու՜ր, ջու՜ր, – գոռաց Էդիկը:
Բայց Հենրիկն ավելի իմաստուն գտնվեց, հագուստի պահարանի միջից հանեց հին ֆուտլյարի մեջ պահած «գվարներին», աղեղն էլ ձեռքն առավ, կանգնեց Ավետի գլխին ու սկսեց ծնգծնգացնել:
Ավետը կիսաուշագնաց, երբ լսեց հարազատ գործիքի ձայնը, սկսեց աչքերը բացել:
– Օ՜, հրաշք, օ՜ հրաշք, կարծես իմ ջութակն է…
– Հա, մաեստրո ջան, քոնն է, ջարդածը խաղալիք էր,- ու ջութակը դրեց մաեստրոյի կրծքին: Եվ ապա, կարծես մի պահ շփոթված, արագ մոտեցավ Առնոյին.
– Վա՜յ, Առնո ջան, էս ի՜նչ եմ արել, արա ֆուտլյարները խառնել եմ, ուրեմն «գվարներին» վարի տվինք:
Հիմա էլ հերթը հասավ Առնոյի ուշքը գնալուն:
Էս ներկայացման մեջ Հենրիկը հասցրեց մի նոր իմպրովիզացիա անել:
Պատմությունն այս վաղուց դուրս է եկել Մոսկվայի հայ մշակույթի տան պատերի շրջանակից եւ թեւածում է Ավետ Գաբրիելյանի մեղեդիների կախարդական հնչյունների հետ: Ո՞ւր է այսօր այդ «գվարներին»: