ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՑ
Այսօր մենք ապրում ենք մի իրականությունում, երբ քաղաքական ասպարեզում եւ գլոբալ տեղեկատվական դաշտում արտակարգ հրատապություն են ձեռք բերել կրոնական – դավանական (խղճի ազատության) եւ մարդու իրավունքների հետ կապված հարցերը: Նման բովանդակային ուղղվածություն ունեցող լուրերում իր ուրույն տեղն է գրավում այսպես կոչված «ույգուրական» թեման: Չինաստանում ապրող այդ թուրքալեզու բնակչության հետ կապված զարգացումները գլխավորապես ներկայացվում են որպես նրանց կրոնական եւ մարդու իրավունքների դեմ ուղղված մտածված եւ հետեւողական բնույթ կրող հալածանքների ու ճնշումների մի ամբողջ համակարգ: Նկատենք նաեւ, որ նման բովանդակության նյութերի տարածման գործում առավել ակտիվ են թուրքական եւ որոշ արեւմտյան լրատվական միջոցները: Միեւնույն ժամանակ տեղեկատվական հոսքերում անհամեմատ ավելի սակավ կարելի է հանդիպել վերլուծաբանական հանրության շրջանում լայնորեն ընդունված «ույգուրական ծայրահեղականություն» բառակապակցությանը: Այս ամենի համատեքստում ույգուրների հետ կապված խնդիրները ավելի ադեկվատ պատկերացնելու համար թերեւս անհրաժեշտ է խիստ համառոտ ներկայացնել Չինաստանում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վարվող իրական քաղաքականությունը եւ վերջիններիս կարգավիճակը այդ սրընթաց զարգացող երկրում:
Կրոնական եւ ազգային փոքրամասնությունները Չինաստանում
Չինաստանում, բացի տիտղոսային ազգ հանդիսացող խաներից (որոնց թիվը շուրջ 1.3 մլրդ. է եւ որոնք կազմում են բնակչության 91%ը), ապրում են նաեւ 55 այլ ազգություններ, որոնց թվումՙ նաեւ իսլամադավան: Հատկանշական է, որ ամենախոշոր իսլամ դավանող ազգությունը ոչ թե ույգուրներն են (մոտ 10մլն), այլ շուրջ 11 մլն. թվաքանակ ունեցող հուեյ ցզուները: Վերջիններս իրենց համարում են իսլամական մշակույթի ու ավանդույթների շարունակողները եւ, դատելով այն իրողությունից, որ նրանց մասին տեղեկությունները գրեթե տեղ չեն գտնում գլոբալ լրահոսում, կարելի է համոզված լինել, որ նրանք չունեն որեւէ կրոնական բնույթի տարակարծություններ կամ հակասություններ իշխանությունների հետ: Հատկանշական է նաեւ, որ չինական անձնագրերում նշվում է նաեւ ազգությունը, ինչը նույնպես նպաստում է այս կամ այն էթնոսի ազգային ինքնգիտակցության պահպանմանը (հիշենք Խորհրդային Միությունում տրվող անձնագրերը):
Նկատենք, որ Չինաստանում բնակվում են նաեւ քրիստոնյաներ. կա ոչ մեծ ուղղափառ համայնք, սակայն բավական մեծաթիվ են կաթոլիկներըՙ շուրջ 8մլն.: Մինչեւ վերջերս նրանց իրավունքների հարցն երբեմն-երբեմն շահարկվում էր որոշակի ուղղվածություն ունեցող ԶԼՄ-ի կողմից տարածվող լուրերում, որոնցում շեշտվում էին այն «հետապնդումները», որոնք կիրառվում էին այդ կրոնական փոքրամասնության նկատմամբ: Սակայն նման ապատեղեկատվության ալիքը մարել է եւ դա կապված է հետեւյալ իրողությունների հետ:
2018թ.-ին սեպտեմբերին ՉԺՀ կառավարությունը եւ Վատիկանը ստորագրեցին պայմանագիր, համաձայն որի պարտավորվում են կայուն կերպով բարելավել երկկողմ հարաբերությունները: Այդ կապակցությամբ Սուրբ Աթոռի մամլո ծառայության ղեկավար Գրերգ Բերկը հատուկ շեշտել էր, որ դա ընդամենը դիվանագիտական հարաբերությունների սկիզբ կարելի է համարել եւ արդեն մոտ ապագայում սպասվում են նոր դրական զարգացումներ: Իսկ Վատիկանի պետական քարտուղար Պետրո Պարոլինան նշեց, որ պայմանագիրը «նպաստում է խաղաղության ամրապնդմանը արդի անհանգիստ միջազգային իրավիճակում»: Խիստ կարեւոր է այն իրողությունը, որ այդ պայմանագրով Սուրբ Աթոռն ընդունեց նախկինում Չինաստանի կաթոլիկ եկեղեցու կողմից նշանակված 8 եպիսկոպոսների իրավասությունները: Համաձայն Վատիկանի, նման քայլը մեծապես նպաստելու է կաթոլիկ հանրության միաբանմանը: Այդպիսով կարելի է փաստել, որ ազգային եւ կրոնական բնույթի անխուսափելի խնդիրները ներկայիս Չինաստանում լուծվում են ոչ միայն ներքին օրենսդրության եւ մուլտիկուլտուրալիզմի սկզբունքներով վարվող ներքին քաղաքականության կանոններով, այլեւ փոխըմբռման եւ փոխզիջումների վրա հենված միջազգային պայմանագրերով:
Այդ նույն համատեքստում պետք է դիտարկել նաեւ Սինցզյան – Ույգուրուկան ինքնավար շրջանում բնակվող մահմեդականների կրոնական ազատության խնդիրները: Դրա պերճախոս վկայությունն է այն փաստը, որ ինքնավար շրջանում գործում են 24 440 մզկիթ, կամ, այլ խոսքերով, ամեն 300 բնակչի սպասարկում է մոտավորապես 1 մզկիթ: Նման վիճակագրությանը, թերեւս, կարող են նախանձել իսլամական շատ երկրներ: Միեւնույն ժամանակ այդ նույն ինքնավար մարզի շուրջ 10 000 քաղաքացիների ներկայացվել են մեղադրանքներ ահաբեկչական գործողություններին մասնակցելու կապակցությամբ եւ նրանք ներկայումս կրում են իրենց պատիժը ուղղիչ հաստատություններում: Այս հանգամանքը փորձում են օգտագործել Չինաստանի ներկայիս աշխարհաքաղաքական հակառակորդները: Օրինակ, նախորդ տարի նոյեմբերին Վաշինգտոնում Չինաստանի հարցերով զգաղվող ԱՄՆ Կոնգրեսի եւ կառավարության համատեղ հանձնաժողովի լսումների ժամանակ սենատոր Մարկո Ռուբիոն հնչեցրեց ֆանտաստիկ թվեր այն մասին, որ մինչեւ 4մլն ույգուրներ (այլ խոսքովՙ ույգուր բնակչության գրեթե կեսը) ուղղիչ ճամբարներում ենթարկվում են կտտանքների էլեկտրական հոսանքով: Այս գերուռճացված մեղադրանքները շտապեցին տարածել աշխարհով մեկ իրավապաշտպան կազմակերպությունները (Human Rights Watch, Amnesty International) եւ այլք: Հատկանշական է, որ գրեթե զուգահեռաբար Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարեց ույգուր պոետ Աբդուրահիմ Հեյիթի մահվան մասին: Հատկանշական է, որ այդ հայտարարությունից հետո չինական հեռուստատեսությամբ հանդես եկավ ինքըՙ Աբդուրահիմ Հեյիթը եւ այդպիսով հերքեց սեփական մահվան վերաբերյալ «խիստ չափազանցված» լուրերը: Այս առիթով տեղին է հիշել, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանը դեռեւս 90-ական թվականներին անթաքույց կերպով աջակցում էր ույգուրական ահաբեկչական կազմակերպություններին: Այլ խոսքերովՙ «ույգուրական հարցը» այսօր սերտաճել է կարեւորագույն գործոնի վերածված «իսլամական ահաբեկչության» խնդիրների եւ դրանցից բխող աշխարհաքաղաքական բնույթի հայտնի զարգացումների հետ: Այս համատեքստում փորձենք ներկայացնել ույգուրների կողմից իրենց «ինքնության պահպանմանն» ուղղված գործողություններից եւ համառոտ ներկայացնենք նրանց խրախուսող կազմակերոպությունները:
«Ույգուրական ծայրահեղականություն»
2014թ. մայիսի 24-ին Ուրումչի քաղաքում մեքենաներով շուկա են ներխուժում եւ մխրճվում ամբոխի մեջ մի խումբ ույգուրներ: Նրանք պայթեցնում են մեքենաներից մեկը, իսկ մյուսից մարդկանց վրա են նետում պայթուցիկ սարքեր: Արդյունքում 31 մարդ զոհվում է, իսկ 90-ը ստանում են լուրջ վնասվածքներ: Նշենք, որ ավելի վաղ նույն Ուրումչիում ույգուրների կողմից կազմակերպված անկարգությունների հետեւանքով զոհվել էր մոտ 200 մարդ: Հատկանշական է, որ ծայրահեղականները ահաբեկչություններ են կազմակերպում նաեւ այլ երկրներում: Օրինակ, 2016 թ. Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով բեռնված ավտոմեքենայով հարվածել էր ՉԺՀ դեսպանության դարպասին: Հզոր պայթունի հետեւանքով վիրավորվել էին երեք մարդ: Ըստ անվտանգության մարմինների, ահաբեկիչը Բիշկեկ էր ժամանել Ստամբուլից եւ ույգուրական «Արեւելյան Թուրքեստանի իսլամական շարժում» կազմակերպության անդամ էր: Այս ծայրահեղական կազմակերպությունը հիմնվել է 1997-ին եւ հայտնի է, մասնավորապես, նրանով, որ Աֆղանստանում համագործակցում է Թալիբանի եւ Ալ-Ղաիդայի խմբավորումների հետ: Համաձայն ֆրանսիական «Վոլտերի Ցանց» հեղինակավոր վերլուծաբանական կենտրոնի ղեկավար Թյերի Մեյսոնի , ույգուրական այդ շարժումը ֆինանսավորվում է ամերիկյան հետախուզական կառույցների կողմից: «Արեւելյան Թուրքեստանը» ակտիվացավ հատկապես Սիրիայի դեմ ընթացող պատերազմի ընթացքում, որին մասնակցում էին ավելի քան 18. 000 ույգուրներ եւ որոնց աջակցում էին ինչպես ամերիկյան, այնպես էլ արեւմտյան այլ երկրների հատուկ ծառայությունները:
Ինչպես արդեն նշել ենք, իր պանթուրքական գաղափարախոսության շրջանակներում, ույգուրական խնդիրում շահագրգիռ դիրքորոշում ունի Թուրքիան: Պատահական չէ այն փաստը, որ դեռեւս 1992թ. «Արեւելյան Թուրքեստանի Ազգային Կոնգրես» հռչակված ույգուրական կազմակերպությունը հիմնադրվել է Ստամբուլում: Ժամանակին թուրքական իշխանությունները ընկրկեցին Չինաստանի դիվանագիտական ճնշումներին եւ ստիպված էին դուրս բերել այդ կազմակերպությունը իրենց տարածքից: Ներկայումս այն տեղակայված է Մյունխենում եւ կրում է ավելի բարեհունչ «Համաշխարհային Ույգուրական Կոնգրես» անվանումը: 2006թ.-ից Կոնգրեսի նախագահն է տիկին Ռաբիյա Կադիրը, որը վտարվել էր Չինաստանից եւ ներկայումս գտնվում է ԱՄն-ում: Հատկանշական է նաեւ, որ այդ կազմակերպության պատվավոր նախագահըՙ Ռիզա Բեքինը, բնակվում է Թուքիայում: Կոնգրեսի վարած քաղաքականության հենքում ընկած է պանթյուրքիզմը, որը եւ ույգուրների առաջնորդները փորձում են ներմուծել այլ թուրքալեզու հասարակությունների մեջ:
Ույգուր ծայրահեղականներին օժանդակություն է ցուցաբերում նաեւ Միացյալ Նահանգները, որը փորձում է այդպիսով թուլացնել իր «թիվ մեկ» մրցակից ՉԺՀ-ի դիրքերը: Օրինակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում վերջերս ընթացող «մարդու իրավունքների» թեմայով լսումների ժամանակ հնչեցին առաջարկներ, որպեսզի պատժամիջոցներ կիրառվեն Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի ղեկավարների նկատմամբ: Անշուշտ, սա պետք ընդունել որպես արդեն ընթացող «առեւտրային պատերազմների» քաղաքական ուղեկցություն…