Անցյալ շաբաթ Վաշինգտոնում հերթական անգամ ԵԱՀԿ-ի շրջանակներում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Նման հանդիպումները դարձել են սովորական: Դրանց ընթացքում դիվանագետները ժամանակ են վաստակում, մինչ հակամարտությունը ճակատային գծում թեժանում է:
Պատմությունը ցույց է տվել, որ նման հանդիպումները անարդյունավետ են, հատկապես երբ տեղի են ունենում աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներից մեկում, որովհետեւ դրանցում շեշտը դրվում է այդ մայրաքաղաքների միջեւ եղած տարաձայնությունների, եւ ոչ թե կոնկրետ լուծում պահանջող հարցի վրա: Կոնկրետ այս դեպքում Մոսկվայի շահերից չէր բխում, որ որեւէ առաջընթաց արձանագրվեր Վաշինգտոնում: Նույնը պիտի ասվեր Վաշինգտոնի շահերի մասին, եթե հանդիպումը կայանար Մոսկվայում:
Կողմերը դեռ իրարից բավական հեռու են որեւէ համաձայնության հասնելու համար, մինչ ամպերը կուտակվում ենՙ սպառնալով խաղաղությանը: Ռազմավարական մեկնաբան Հայկ Նահապետյանը հայկական մամուլում վերջերս արձագանքելով տարածաշրջանում տիրող իրադրությանը գրում էր, որ Ադրբեջանը դանդաղորեն, բայց հետեւողականորեն սեղմում է շրջանակը Արցախի շուրջ, նկատի ունենալով Նախիջեւանում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունները: «Նման ուժգնությամբ զորավարժություններ նկատելի էին նաեւ 2016-ի փետրվար-մարտ ամիսներին, ապրիլյան գործողությունների նախօրյակին», գրում է նա:
Ադրբեջանը նախապես հայտարարել էր, որ թուրքական զորքերի հետ յոթ միասնական վարժություններ են կատարելու, բայց այդ թիվը հասավ 13-իՙ սրելով կացությունը: Իր հերթին, Հայաստանը նույնպես մեծացրեց իր ռազմական պատրաստվածությունը, որպեսզի չկրկնվի 2016-ի ապրիլյան հանկարծակի հարձակումը: Առավել մտահոգիչ են Նախիջեւանում թուրքական զորքերի կուտակումները: Մինչ Թուրքիան սիրահետում է Թեհրանին եւ Մոսկվայինՙ Սիրիայի հարցի վերաբերյալ, նա նաեւ այլընտրանքային նպատակներ է հետապնդում Կովկասում: Այդ նպատակներից առաջինը եւ անմիջականը ազերի բանակի բարոյականը բարձրացնելն է, ավելի հեռանկարայինըՙ դեպի արեւելք ընդարձակումը իր ազդեցության: Դրա խոսուն վկայությունն են Նախիջեւանում Թուրքիայի ռազմական ուժերի կուտակումները, որը զուգահեռ ընթանում է Ամերիկայի ռազմական կուտակումներինՙ Պարսից ծոցում: Մենք դեռ որեւէ պատճառաբանված բացատրություն չունենք այդ միաժամանակյա կուտակումների վերաբերյալ, ինչը թույլ է տալիս մտածելու, որ Մ. Նահանգները որոշ մարտավարական առաջադրանքներ դեռեւս վստահում է Թուրքիային:
Թուրքիայի դեպի արեւելք ընդարձակվելու ձգտումը ունի պատմական դրդապատճառներ: Թուրքիան չի հրաժարվել Կենտրոնական Ասիայի թյուրքական պետություններին իր ազդեցության տակ պահելու օսմանյան երազանքներից:
1921 թվի Կարսի պայմանագրի բանակցությունների ընթացքում Թուրքիան կարողացել էր 15 մղոն երկարությամբ միջանցք բաց անել դեպի Ադրբեջան, որպեսզի դրանով հասնի նաեւ այլ սահմանամերձ տարածքներ: Մյուս կողմից, Թուրքիան, անկախ ներկայիս Վաշինգտոնի հետ ունեցած իր տարաձայնություններից, դեռեւս ՆԱՏՕ-ի անդամ է, եւ գործում է համապատասխան իր այդ կարգավիճակի:
Ամերիկա-թուրքական հարաբերությունները անցյալում էլ են եղել փոթորկալից, եւ Անկարան յուրացրել է պետք եղած հավասարակշռությունը պահպանելու գործառույթը: Մեր օրերում, երբ գիտակից վերլուծաբանները շնչները պահած հետեւում են Թուրքիային ռուսական S-400 հրթիռներ ձեռք բերելու առթիվ վաշինգտոնյան վերջնագրերին, նախագահ Էրդողանը արդեն իսկ ունի իր այլընտրանքային երկրորդ ծրագիրը (Plan B), որպեսզի կասեցնի վտանգը:
Այն օրվանից, երբ Արեւմուտքը մշակեց եւ իրականացրեց «Արաբական գարուն» ծրագիրը, Թուրքիան, Իսրայելից հետո եղավ գլխավոր օգտվողը: Իր ուժերը կենտրոնացնելով Նախիջեւանում, Էրդողանն այժմ հույսը դնում է Մ. Նահանգների ազգային անվտանգության խորհդատու Ջոն Բոլթոնի եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ռազմաշունչ հայտարարությունների վրա, որոնք նպատակ են հետապնդում պատերազմ սանձազերծել Իրանի դեմ:
Իրաքում իրականացված «Արաբական գարունից» հետո Թուրքիան հնարավորություն ստացավ իր ուժերը տեղակայելու այդ երկրում, տեղի թուրքմեն փոքրամասնությանը իբր պաշտպանելու քողի տակ, բայց իրականում սահմանափակելու համար Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) գործողությունները: Բարեկամական հարաբերություններ պահպանելով քրդական շրջանային կառավարության հետ, Թուրքիայի կառավարությունը հետեւում է, որ անկախ Քուրդիստան պետությունը չկայանա, եւ չհրահրի Մերձավոր Արեւելքի բոլոր քրդերի ձգտումների իրականացումը: Նաեւ այդ «գարնան» հետեւանքում, Թուրքիան կարողացավ իր զորքերը մտցնել Սիրիա, որտեղ համառորեն ձգտում է իր ձեռքերում պահել որոշ տարածքներ: Եվ վերջապես, դարձյալ այդ «գարնան» հետեւանքում, որն անցավ նաեւ Լիբիայով, Թուրքիան առիթն օգտագործեց համագործակցելու տեղի իսլամիստական պետության զորքերի հետ: Չմոռանանք, որ Սիրիայից եւ Իրաքից բացի, Լիբիան էլ մի ժամանակ գտնվում էր Օսմանյան կայսրության սահմաններում:
Ի տես այս բոլոր զարգացումների, միամտություն կլիներ մտածել, որ Թուրքիան անմեղ, անկողմնակալ մի դիտորդ է պարզապես Թեհրանի սահմանների մոտ:
Հիշենք, որ պատմականորեն, տարածաշրջանում Օսմանյան կայսրության դեմ պայքարող հիմնական երկու ուժերը եղել են Ռուսական եւ Պարսկական կայսրությունները:
Տարածաշրջանային եւ միջազգային այս զարգացումների թոհուբոհում, լուրեր են պտտվում, որ Երեւանի եւ Արցախի միջեւ ծայր առած տարաձայնությունները խորանում են: Որոշ աղբյուրների համաձայն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի եւ Արցախի նախագահի խորհրսդական Արթուր Աղաբեկյանի հրաժարականները պահանջված են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Հաշվի առնելով վերահաս վտանգը պետք է նշել, որ բոլորովին ժամանակը չէ ապակայունացնելու իրավիճակը Արցախում:
Վաշինգտոնը երբեք էլ չի թաքցրել կեղծ էթնիկական խմբավորումների միջեւ Իրանին բաժանելու իր ծրագրերը: Դա անշուշտ կնպաստի Ադրբեջանին եւ իրականություն կդարձնի նրա առաջնորդներից Աբուլֆազ Էլչիբեյի երազանքը: Թուրքիան էլ, իր հերթին, կօգտվի որպես ե՛ւ ՆԱՏՕ-ի գործընկեր, ե՛ւ որպես «օրինական» ժառանգորդը Օսմանյան կայսրության:
Կովկասյան տարածաշրջանի այս բարդությունները մեծացնում են տեղում պատերազմի հնարավորությունները եւ սպառնում դառնալ առավել վտանգավոր, գլոբալ խնդիր, շատ ավելի լուրջ, քան Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը:
Աշխարհը ուշի-ուշով եւ ըմբռնողությամբ հետեւում է այս պայթուցիկ կացությանը: Որեւէ փոքր միջադեպ կամ մեծ պատահար կարող է առաջնորդել պատերազմական ավելի լայնամասշտաբ իրադրության:
Իրաքում եւ Սիրիայում տեղի ունեցած պատերազմները ցույց տվեցին, որ պատերազմներ հրահրելու շատ շինծու գործողություններ կան: Կասկած չկա, որ Պարսից ծոցում նավթատար նավի միջադեպը այդ բնույթի էր:
Կիպրոսից, Իրաքից եւ Սիրիայից նախկին Օսմանյան տարածքներ ձեռք բերելուց հետո, Անկարան այժմ աղետ է կանխատեսում Իրանում եւ պատրաստվում է այնտեղից էլ իր բաժին կարկանդակը ստանալ:
Թուրքերի ծրագրերն ու գործողությունները բացահայտ են: Մնում է իմանալ դիրքորոշումները Ռուսաստանի եւ Չինաստանի, որոնք կարող են պարտվող կողմը լինել, եթե պատերազմի մեքենան շարժվի դեպի Կովկաս:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)