Տարիներ առաջ գրավոր մտորումներիցս մեկին ինչ-որ առումով մասամբ տարօրինակ վերնագիր էի ընտրելՙ ե՞րբ կապրենք Հայցարիայում: Հասկանալի է, որ երկիր մոլորակի վրա նման անվանումով տարածք կամ երկիր չկա. ակնարկս վերաբերում էր շվեյցարացիների օրինակով հայկական պետության տարբերակին, որն անվարան կարելի է համայն հայության երազանք համարել: Թեեւ սույն անվանման հիմնական արմատը հայկական բառարաններում թարգմանվում է որպես դռնապան ու բարապան, նաեւՙ շվեյցար, որը պարզ ու հասարակ մասնագիտություն ու աշխատանք է ներկայանում, այսուհանդերձ Շվեյցարիա կոչվող պետությունում են արտադրվում երկիր մոլորակի գերճշգրիտ աշխատող ժամացույցներն ու ամենաորակյալ պանիրները, նաեւ շատ այլ արտադրատեսակներ: Այնպես չէ, որ ճաշակի ու համի զգացում ունեցող հայերս պատահական ենք նպատակ ընտրել, դրա իրականացումը մեր խնդիրը դիտարկել: Տարիների հեռավորությունից գնահատելով այն իրողություն դարձնելու գործընթացը, ստիպված եմ, ավաղ, որակումը հնչեցնել, քանզի շուրջ երեք տասնամյակ առաջ տրված խոստումների համաձայն ՀՀ-ում ժամացույցների շվելցարական տեսականին գերազանցող արտադրանք էինք թողարկելու, Եվրոպա էլ, չգիտես ինչու հայկական մարգագետիններն ալպյան անվանելով, դրանցում պահվող կովերի կաթից պատրաստվող պանիրներ էինք արտահանելու: Ոչ մեկն ստացվեց ոչ մյուսը, ոչ ոք էլ անգամ նվազագույն բացատրություն-պատասխան չտվեց այդ ձախողումների համար, թեեւ ամեն պահի է խոսվում հայերիս մարդկային ներուժի ու քարից հաց քամելու ունակության, որն էՙ աշխատասիրության մասին:
Այս մասին ակամա մտորեցի իմքայլականների սյունիքյան միջոցառումը դիտելիս, որտեղ պարզվեց ՀՀ-ում կյանքի որակը բարեփոխելու նպատակով խենթ ծրագրեր են անհրաժեշտ: ՀՀ քաղաքացուս կողմից մեկն առաջարկեմ. այնքանով որքանով մեր ու շվեյցարացիների զբաղեցրած տարածքները գրեթե նույնչափ են, սակայն նրանց մայրաքաղաքը երկրի կենտրոնում է, մերը ողջ տարածքի մի տեսակ ծայրամասում, եկեք Հայաստան երկրի մայրաքաղաքը տեղափոխենք, ասենք գեղարքունյաց Վարդենիս բնակավայր: Մեղք չենք գործի, քանզի վարդ բառն է հիմքում, Սեւանի ափը, հարեւանությամբ Արցախն է, մի փոքր անդին Սյունիքը, Շորժայով էլ երկրի հյուսիսային տարածքներ հասնելըՙ ժամերի խնդիր: Ժամանակին Բրազիլիան, վերջերս էլ Ղազախստանը նման կերպ վարվեցին, կարծես սխալների ուղղում չեն նախաձեռնում, ասել է թե քայլը ճիշտ է արված, տեղին է ու արդարացված: Դե մերն ուրիշ է, առանձնահատուկ. այ, կկարգավորենք հերթական միջոցառման միկրոֆոնի աշխատանքը, այն հուսալի աշխատագործիք կդարձնենք, նոր կարելի է ընթացիկ հարցերից խոսել, ծրագրեր կազմելու տրվել: Այնպես որ բարդագույն են մեր խնդիրները, սկսած ժամացույցի ճոճանակի շարժի հաշվարկից մինչեւ պանրի հասունացման պահի ընտրությունը: Կատակ բան չէ, քանզի փորձասենյակներ են անհրաժեշտ, լաբորատորիաներ են պահանջվում, ծրագրավորող մասնագետների պակաս կա, ֆինանսական միջոցների էլ սղություն, այնպես որ Հայցարիայում ապրելու երազանքը թող մնա, դեռ դրա ժամանակը չէ:
Իսկ եթե լուրջՙ ժամանակն է, մի բան էլ ուշացած: Ընդամենը պետք է տեսնել, որ Եվրոպայի կենտրոնում գտնվող այս պետությունն իր 8 մլն բնակչության աշխատելու ու հանգստի, կրթության ու առողջապահության, մշակույթի ու մարզական օրն ու շաբաթը, ամիսն ու տարին բովանդակալից անցկացնելու ուղղությամբ ինչպիսի քայլեր է իրականացնում, կարեւորում փոքրից մեծի առաջնահերթ առողջ ու մատչելի սննդակարգը: Նրանց ու միլիոնավոր հյուրերի ու զբոսաշրջիկների պարենային ապահովության ու երկրի պարենանվտանգության նպատակով բազմաբնույթ քայլեր է ձեռնարկում, նաեւ 1,6 մլն կով պահում, դրանց լավագույնս կերակրելու համար էլ լիարժեք անասնակեր համարվող հարյուր հազարավոր տոննաներ եգիպտացորենի հատիկ է աճեցնում: Համոզվել են, որ այս բույսի 3 կիլոգրամը 1 կգ հավի, խոզի ու տավարի միս է դառնում, կովերի տարեկան կաթնատվությունը մինչեւ 12 հազար լիտրի հասցնում, բազմալեզու ու բազմակրոն մարդկանց այս հանրությանը վաղվա օրվա հանդեպ հույս ու հավատ ներշնչում: Այդ թվում մեր ոչ սակավ հայրենակիցների, ովքեր այսօր էլ փորձում են հաստատվել Շվեյցարիայում, քանզի տեսնում ու համոզվում են, որ ոչ էապես բարենպաստ հողա-ջրա-ջերմային պայմաններում երկիրը հնարավոր առավելագույնն անում է մարդկանց առօրյան լավագույնս կազմակերպելու նպատակով: Թվերի հետեւից չեմ ընկնի, քանզի մերոնց համար տիպական լոլիկի ու վարունգի, խաղողի ու կեռասի արտադրության ցուցանիշներ այստեղ պարզապես չեն հավաքագրում դրանց ոչ էական լինելու հանգամանքով: Իսկ ահա կաթի, մսատեսակների, հացազգիների մշակության ու արտադրության հանդեպ արտակարգ ուշադիր ու անգամ բծախնդիր են: Կաթի արտադրությունը 4 մլն տոննա, հիմնական մսամթերքներինը մինչեւ 600 հազար տոննա, հացահատիկը 1 մլն տոննայից ավելի, շաքարի ճակնդեղը 1,5 մլն տոննա: Եվ սաՙ 1 բնակչի հաշվով հազիվ 500 քառակուսի մետր 50-րդ հորիզոնականին մոտ վարելահող ունենալու պայմաններում, երբ մերը 1600 քմ է, առավել բարենպաստ 40-րդ հորիզոնականում: Արդեն այս գարնանն էր պարտադիր նվազագույնը 10 հազար, առավելագույնը 15 հազար հեկտար վարելահողերի վրա, որոնք մեր կարողունակության հազիվ 2-3 տոկոսն են կազմում, լիարժեք անասնակեր համարվող մշակաբույսերի արտադրություն կազմակերպել, կանխելու այն գահավիժումը, որում հայտնվել է ՀՀ տնտեսության որոշիչ ոլորտներից մեկըՙ կաթնա-մսամթերքների արտադրությունը: Ծանոթացեք լրջագույնս վտանգված վիճակագրության. 2016-2018 թթ հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավորի գլխաքանակը 700 հազարից իջել է 590 հազարի, կովերինը 319 հազարից 267 հազարի: Երբ ՀՀ գյուղնախարարությունում կայացած հանդիպման ընթացքում նախարարի աշխատասենյակն զբաղեցնող ամիսներ առաջ նշանակված փոխնախարարին ներկայացրի երկրին առայժմ անհրաժեշտ 1 մլն տոննա լիարժեք անասնակերի մշակում ծավալելու խնդիրը, տարակուսանք ապրեց: Այն առավել ընդգծվեց, երբ հիշեցրի ոչ մեծ տարածքով Սերբիայում 8 մլն տոննա հիմնականում անասնակերի նպատակով եգիպտացորենի հատիկի արտադրությունը, որը նախապայման է զգալի ծավալներով ՌԴ կաթնամսամթերքների արտահանման համար:
Կարծես բարդ խնդիրների մասին չէ մտահոգությունը: Ասենք, մեր երբեմնի ավտոմոբիլաշինության բազայի վրա ստեղծել ՀՀ-ում էլեկտրամոբիլների նոր սերնդի արտադրություն, մասամբ արտառոց մի գաղափար, որով կարելի է ուշադրության արժանանալ, որն առայժմ փոխարինում ենք հայկական կոնյակով Չինաստանը գրավելու ցանկությամբ: 1990-ականների ՀՀ գյուղնախարար Ա. Գեւորգյանն էր նման մի խնդիր դնումՙ 1 չինացուն 1 ծիրան նպատակ հռչակում, որի համար կպահանջվի մոտ 150 հազար տոննա արտահանման արժանի պտուղ, երբ այս տարվա համար կանխատեսվող բերքի ողջ ծավալը 70 հազար տոննա է: Տարիները տասնամյակներ դառնալով անցան գնացին, 10-ից ավելի նախարարներ միմյանց հաջորդեցին, իսկ հիմնախնդիրները մնացինՙ երկիրը գոյատեւում է անգամ անբարյացակամ Թուրքիայից հագուստի ու կենցաղային իրերի, էլեկտրատեխնիկայի ու պարենի ներկրումների հաշվին, տարբեր խնդիրներ ստեղծելով իրավապահների ու հարկահավաքների համար: Վերջիններս իրենց հիմնախնդիրները թողած զբաղվում են փոքր ու միջին գործարարներին վերահսկելով, նրանց զանցանքները հանցանքների վերաորակելով, գործարար միջավայրը ցնցելով: Լավ օրից չէ, որ մեր երբեմնի նախագծողներն ու խառատները, մանկավարժներն ու փականագործները ռիսկերի գնալով ու փորձությունների հանդիպելով ապրանքներ են ներկրում, երբ դրանք ՀՀ տարածքում արտադրելու պայմանների ստեղծումը իշխանությունների գործն ու պարտականությունն է, որը շատ հաճախ փոխարինվում է «ՀՀ տնտեսական զարգացումը պետք է հիմնված լինի ՀՀ քաղաքացիների անհատական ջանքերի վրա» ձեւակերպումներ հնչեցնելով: Կարծես այդ անհատներից չեն կազմված Տավուշի ու Արմավիրի մարզերի կարկուտից ու քամուց տուժածները: Նրանց առօրյա խնդիրները հիմնախնդիրների վերածելու գործընթացը ժամ առաջ կանխելու փոխարեն տեսնում ենք, թե ինչպես է մարզպետը Մոսկվայի առեւտրի տաղավարում գովազդում մարզի պտուղն ու բանջարեղենը, չմոռանալով նշել դրանց առայժմ աննշան ծավալների մասին, իսկ ՀՀ նախարարը չինական առեւտրի կենտրոնում հայկական անզուգական կոնյակից ու մեղրից է խոսում: Որտե՞ղ է այդ հայկական մեղրը, որի հետ մեր մարդիկ հիմնականում առնչվում են յուրաքանչյուր տարի գների բարձրացման տեսքով: Քանի՞ մեղվաընտանիք կա ՀՀ-ումՙ 200, 300, 400 հազար, անգամ փեթակից առավելագույն 15 կգ բարիք հաշվարկելու պարագայում հազիվ 3-ից 6 հազար տոննա մեղր է ստացվում, 1 բնակչի հաշվովՙ 1-2 կգ: Տնտեսագիտական թե տնտեսվարական ի՞նչ մոտեցումների թե գնահատականների արդյունքում է հնարավոր գրեթե զերոյական այս ցուցանիշների պայմաններում արտահանման հնարավորություն տեսնել: Իսկ խոստացվեց որ մեղրը կհայտնվի նաեւ հայ զինվորի ճաշացանկում:
Լավ. ընդունենք որ Հայցարիա պետության տեսլականը չստացվեց, աշխարհի վերջը չէ, այլ տարբերակ փնտրենք. կան չէ՞ հայաստանցիներիս կողմից նախընտրելի այլ պետություններ, ասենք Հայլանդիա տարբերակով: Հասկանալի է, որ խոսքը Հոլանդիա, Զելանդիա, Իռլանդիա, Ֆինլանդիա երկրների ակնարկ է պարունակում: Նշվածներից թերեւս ամենասերտը Ֆինլանդիան է, ՀՀ շուկայում ներկայացված օղիներով ու կարագով: Ինչ-որ առումով տարօրինակ վիճակ է պատկերվում, քանզի երկիրը 60-70-րդ ցրտաշունչ հորիզոնականների մեջ է, 60 տոկոսով անտառածածկ, հուլիսի միջին ջերմաստիճանը 14-17 աստիճան, մի խոսքովՙ ՀՀ-ի համեմատ էապես անբարենպաստ բնակլիմայական պայմաններ: Բայց արի ու տես, որ Ֆինլանդիան յուրաքանչյուր աշուն մինչեւ 4 մլն տոննա հացահատիկ է ստանում, 1 բնակչի հաշվով մոտ 800 կգ, երբ ՀՀ ցուցանիշն անգամ 100 կգ չի կազմում: Վստահ եմ գիտեք, որ ֆինները ցորենի այդ ահռելի քանակներն իրենց հաց-հանապազօրյայի ապահովման նպատակով չեն մշակում, քանզի յուրաքանչյուր տարի նաեւ 400 հազար տոննա տավարի, 200 հազար տոննա խոզի ու 100 հազար տոննա հավի միս են արտադրում 1 բնակչի հաշվով 140 կգ, երբ ՀՀ-ն այս պարենտեսակներով հիմնականում ներկրող է, այդ թվում ֆիննական հացահատիկից ստացվող թանկ գնահատվող օղի ու ֆինների կովերի անարատ կաթից պատրաստվող ոչ մատչելի կարագ: Եվ հարցըՙ սրանցից ո՞րն է մարդ-արարածի մեր տեսակին անհասանելի, հնչում է բնականաբար: Տասնամյակներ շարունակ տեսնում ու զգում ենք, որ ՀՀ հողա-ջրա-ջերմային կարողունակությունն այլոց բանջարա-բոստանա-այգեգործական պահանջներին ու վայելքներին ծառայեցնելը չի նպաստում ՀՀ տնտեսության կայացմանը, բաց դաշտավարության անհարկի խրախուսումը խոչընդոտներ է ստեղծում հայ հողագործի համար, որն անգամ մեծ ցանկության դեպքում պետությունը փոխհատուցել իզորու չէ, մի խոսքով իսկական տնտեսաշիլաշփոթ, որը տարին տարու վրա շարունակվում է:
ՀՀ նորոգ կառավարությունը ծրագրում է այս վիճակն ուղղել տարեկան 5 տոկոս տնտեսական աճի շնորհիվ: Տողերիս հեղինակն աճը հաշվարկել է 7 տոկոսի պարագայում, որի արդյունքում 2028-ին ՀՀ-ում ստացվում է 25 մլրդ դոլար ՀՆԱ, 1 բնակչի հաշվով 7-8 հազար դոլար, որպիսի ցուցանիշ այսօր արդեն ունեն Գվատեմալան, Լաոսը, Բոլիվիան, որոնց հետ համեմատվելը մեր ծրագրերի մեջ չի մտնում: Անգամ տաղանդավոր մարդկանց երկիր դառնալու հռչակագրային ցանկությունների պայմաններում հնարավոր չէ պատկերացնել, որ ակնկալվող 4 մլն հայաստանաբնակների շարքում չեն լինի համեստ մասնագիտության հարյուր հազարավոր ներկայացուցիչներ, ամենատարբեր ծառայություններ մատուցողներ, որոնց վարձատրությունները հազիվ բավարարեն արտերկրներից ներմուծված առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերմանը, որոնք իր քաղաքացիների սերն ու հարգանքը վայելող պետություններում արտադրվում է սեփական ուժերով, նպաստում աշխատատեղերի ստեղծմանը, երկրի իրական հեղինակության բարձրացմանը:
Վերջին տասնամյակներին Հոլանդիայում, նաեւ այլ երկրներում, ապաստանած ծանոթ-բարեկամներս «Այաքս»-ի խաղերը դիտելու, օպերա ունկնդրելու կամ ցուցահանդեսներ այցելելու նպատակով չէ որ արտերկրներն են բնակավայր ընտրել: Նրանց առաջնահերթերից մեկը մտահոգում է հայրենիքում մնացածների առօրյա հոգսերի թեթեւացումը, համեստ սննդակարգը, որը մասամբ լուծվում է ուղարկված ռուբլիների, եվրոների ու դոլարների միջոցով: Այլապեսՙ իրենց կերածը կուլ չի գնա:
Այնպես որՙ գուցե իրո՞ք առաջնորդվենք Հայլանդիա տեսլականի գաղափարով: Ի՞նչ ենք հիշում այս երկրի անունը հնչեցնելիսՙ պանիր, կարտոֆիլ, ծաղիկ, կով, միայն այլ որակի ու քանակների, որոնք անհասանելի են Հայաստանի Հանրապետության պայմաններում: Ինչո՞ւ հարցը պատասխանի է կարոտ, միայն ոչՙ շարքային քաղաքացու կողմից, որից շատ բան կարելի է ակնկալել, բայց ոչՙ ՀՀ տնտեսության կառավարում:
03.06.2019