Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնին հավակնող 60 թեկնածուներից եզրափակիչ փուլ էին հասել 4-ը, որոնցից վերջերս դոկտ. Կարին Մարկիդեսը նշանակվել է նախագահ: Նա փոխարինելու է վերջին հինգ տարում այդ պաշտոնը վարած դոկտ. Արմեն Տեր-Կյուրեղյանին, որ շարունակելով մնալ ՀԱՀ կորպորացիայի Հոգաբարձուների խորհուրդի անդամ, այսուհետ մտադիր է հեղինակել ճարտարագիտական երկու դասագիրք եւ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Կալիֆոռնիայի (Բերկլի) համալսարանից պրոֆ. Տեր-Կյուրեղյանն, ի դեպ, ամերիկյան համալսարան հիմնադրելու մտահղացողն է, որ Հարավային Կալիֆոռնիա համալսարանից դոկտ. Միհրան Աղբաբյանի, Երեւանի ճարտարագիտական ինստիտուտի ռեկտոր Յուրի Սարգսյանի եւ այլ համախոհների հետ 1991 թվին իրականություն դարձրեց երազանքը, այն է Գյումրիի երկրաշարժից հիմնահատակ ավերված ճարտարագիտական ինստիտուտի փոխարեն կառուցել նոր, ամերիկյան նախատիպով մի կրթական օջախ:
Սակայն անուրանալի ճշմարտություն է, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանի բուն հիմնադիրը երջանկահիշատակ Լուիզ Մանուկյան-Սիմոնն է, որի հիմնադիր նվիրատվությամբ է, որ ամերիկյան պետական համապատասխան մարմինները ակնածանքով մոտեցան այդ ծրագրին եւ, ի հավելումն, տիկ. Լուիզի հանգամանքն էր, որ որոշիչ դեր կատարեց, որպեսզի նորանկախ Հայաստանի իշխանությունները նախկին համագումարի շենքը տրամադրեցին նորաստեղծ համալսարանին:
Տպավորիչ կենսագրությամբ նորանշանակ նախագահը դոկտորականի գիտական աստիճան է ստացել 1984-ին Ստոկհոլմի համալսարանից, որից հետո աշխատել է Յուտայի «Բրիգհեմ Յանգ» եւ Ստենֆորդ համալսարաններում (ԱՄՆ): Շվեդիա վերադառնալուց հետո նշանակվել է դեկան Ուփսալա համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի: 2004-ին դարձել է Վիննովայիՙ Շվեդական նորարարական գործակալության ընդհանուր տնօրենի տեղակալ: Այնուհետեւ ընտրվել է Չալմերս տեխնոլոգիական համալսարանի նախագահ եւ 2015-ից զբաղեցնում է Շվեդական կառավարությանն առընթեր հարաճուն զարգացման գիտական խորհրդի ամբիոնի վարիչի պաշտոնը: Հայաստանը նրան հրապուրել է առաջին հերթին իր աշխարհագրական դիրքով, որտեղ արեւելքն ու արեւմուտքը միաձուլվում են: Նա մտադիր է իր նորարարական մտահղացումներն ու առաջավոր տեխնոլոգիաները ի սպաս դնել Հայաստանի ամերիկյան համալսարանում: