ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից
Մոսկվայում նշվեց 20-րդ դարի ամենագաղտնի մարդկանցից մեկիՙ Սամվել Քոչարյանցի ծննդյան 110-ամյակը
Ապրիլի 18-ին Մոսկովայի Կիեւյան փողոցում գտնվող «Vnukovo Village Park Hotel & Spa 4*» բարձրակարգ եւ շքեղ բանկետային համալիրի նույնքան շքեղ «Surikov hall» դահլիճում հանդիսավորությամբ նշվեց 20-րդ դարի ամենագաղտնի մարդկանցից մեկիՙ հայազգի ականավոր գիտնական, ԽՍՀՄ միջուկային կենտրոնի գլխավոր կոնստրուկտոր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան մրցանակի, երեք Ստալինյան մրցանակների, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, ՌԽՖՍՀ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործիչ, Լենինի 6 շքանշանների եւ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանի ասպետ, Ռուսաստանի Սարով եւ Հայաստանի Նոր Բայազետ (այժմՙ Գավառ) քաղաքների պատվավոր քաղաքացի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորի Քոչարյանցի ծննդյան 110-ամյակը:
Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը , ՌԴ հասարակական, քաղաքական եւ ռազմական գործիչներ, պատվիրակություններ ԽՍՀՄ տարիներին գերգաղտնի համարվող Արզամաս-16 գիտավանից (այժմ` Նիժնի Նովգորոդի մարզի Սարով քաղաք), հայրենի Գավառից, Սամվել Քոչարյանցի որդին, թոռնուհին, հյուրեր եւ լրագրողներՙ Հայաստանից ու Ռուսաստանից:
Հավուր պատշաճի եւ բարձր մակարդակով կազմակերպված մեծարանքի եւ գնահատանքի հուշ-երեկոն, ինչպես նաեւ միջոցառման ընթացքում ներկայացված Էմանուել Դոլբակյանի «Ամենագաղտնի Կ-նՙ Սամվել Քոչարյանց» գրքի տպագրությունը հովանավորել էր ծնունդով Գավառից, «ՌԴ վաստակավոր շինարար» կոչման դափնեկիր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանում հայտնի գործարար, բարերար եւ հասարակական գործիչ Սուրեն Ներսեսի Նաջարյանը , ով մեկ անգամ չէ, որ սիրահոժար հովանավորել է հայազգի նշանավոր մարդկանց մեծարանքի եւ հիշատակի միջոցառումները:
Միջոցառմանն իր ելույթում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, որն, ի դեպ, բաց չի թողնում Ռուսաստանում կազմակերպված ոչ մի «հայկական» միջոցառում եւ իր պարտաճանաչ աշխատանքով հասցրել է ձեռք բերել իր հազարավոր հայրենակիցների հարգանքն ու վստահությունը, հիացմունքի եւ հպարտության խոսքերով անդրադառնալով Սամվել Քոչարյանց մեծանուն հայի ու գիտնականի անցած ուղուն եւ գործունեությանըՙ բարձր գնահատեց նաեւ նման հիշատակի երեկոներ կազմակերպելու եւ լայն հանրությանը մեր մեծերին ճանաչելի դարձնելու փաստն ու այդ կապակցությամբ շնորհակալություն հայտնեց երեկոյի հովանավոր Սուրեն Նաջարյանին:
– Քյավառըՙ իմ հայրենի Գավառը, գիտնականներ շատ է տվել ոչ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ աշխարհին,-իր ելույթում նշեց Սուրեն Ներսեսի Նաջարյանը: Այդ աստղաբույլում կա վառ շողացող մի աստղՙ Սամվել Քոչարյանցը, հզոր մի մարդ, որի հեղինակած «աշխարհակործան» գյուտերը սթափեցրել են երկրագնդի գերտերություններին, եւ ես հպարտ եմ, որ ծնվել եմ այդ նշանավոր հայի ծննդավայրում, նույն քաղաքում, եւ խոնարհվում եմ նրա հիշատակի առաջ :
Սամվել Քոչարյանցը, ով վեցերորդ երեխան էր ընտանիքում, ծնվել է 1909 թ. Նոր Բայազետում (Գավառ): Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եւ ուսանել է Երեւանի պետական համալսարանում, սակայն նրան հեռացրել են զրպարտության հետեւանքով, եւ 1930 թ. Քոչարյանցը ստիպված է եղել մեկնել Մոսկվա: Երեք տարի աշխատել է գործարանում, որը չուներ անուն եւ միայն 24 համարն էր կրում, որից կարելի էր եզրակացնել, որ դրա արտադրությունն ամենեւին սպառողական չէր: Այդ տարիները, հավանաբար, դարձան նրա ապագա գաղտնի կյանքի սկիզբը:
Այնուհետեւ նա չորս տարի սովորել է Մոսկվայի էներգետիկ ինստիտուտում, ավարտել է ասպիրանտուրանՙ զուգահեռ դասավանդելով Տեսական էլեկտրատեխնիկայի ամբիոնում, եւ պատերազմի առաջին ամռանը պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը: Քոչարյանցը կարող էր դասախոս դառնալ եւ ոչ թե «պետական գաղտնիք», բայց նրա համար այլ ճակատագիր էր սահմանված: Երիտասարդ գիտնականի կտրուկ շրջադարձը կյանքում վրա հասավ 1947 թ. սեպտեմբերին, երբ երկրում ծայրաստիճան գաղտնիության պայմաններում սկսվեցին միջուկային ծրագրի շուրջ աշխատանքները: Խիտ անտառում գտնվող Սարով փոքրիկ գյուղում տեղակայվել էր ԽՍՀՄ ամենագաղտնի օբյեկտըՙ միջուկային կենտրոնը: Գյուղը բացակայում էր բոլոր քարտեզներում: Տարբեր տարիների փաստաթղթերում այն կոչվել է տարբեր կերպ: Ամենից շատ հայտնի է եղել որպես «Արզամաս-16»: Քոչարյանցը գրեթե կես դար ապրել եւ կառուցել է այս գիտական քաղաքը: Նա դարձել է Խորհրդային Միության ամենագաղտնի մարդկանցից մեկը: 1959 թ. Քոչարյանցի գլխավորությամբ ստեղծվել է Կոնստրուկտորական բյուրո, որը նա ղեկավարել է երեք տասնամյակ: Գիտնականի ղեկավարությամբ ստեղծվել են միջուկային ռումբեր, պայթուցիկներ, ռազմական հրթիռների գլխիկներ եւ այլն: Շնորհիվ իր եզակի գաղափարների եւ հսկայածավալ աշխատանքիՙ ստեղծվեցին միջուկային զենքի մի քանի սերունդներ, որոնք հիմք դարձան ԽՍՀՄ միջուկային ողջ զինանոցի համար: Քոչարյանցը մեկն է այն մարդկանցից, ովքեր Խորհրդային Միությունը մեծ ատոմային տերություն դարձրեցին: Նրա շնորհիվ հնարավոր դարձավ շատ արագ կիսել ԱՄՆ-ի միջուկային մենաշնորհը: Խորհրդային Միությունում ընդամենը 205 հոգու է շնորհվել Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսի տիտղոս: Նրանցից միայն 57 հոգի են ստացել այն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում, եւ նրանց մեջ են մեր երեք հայրենակիցներըՙ Արտեմ Միկոյանը, Վիկտոր Համբարձումյանն ու Սամվել Քոչարյանցը:
Քոչարյանցը կյանքի ընթացքում միայն մեկ անգամ է կրել իր բոլոր պարգեւները, երբ եկել է Հայաստանՙ հայրենի Գավառ: Եվ երբ նա հանել է վերարկուն, բոլորը ապշահար են եղել. Հայաստանում ոչ ոք չի էլ իմացել, որ իրենց հայրենակիցն այդքան արժանավոր մարդ է եղել: Քոչարյանցը երբեք չի մոռացել Հայաստանը: Առաջին իսկ հնարավորության դեպքում, թեկուզ կարճ ժամանակով, փորձել է գալ հայրենիք, թեեւ նրա յուրաքանչյուր քայլը մշտապես եղել է անվտանգության ծառայողների ուղեկցությամբ ու հսկողության ներքո: Նա շատ մտահոգված էր ղարաբաղյան հակամարտության հարցով. նախնիները Ղարաբաղի մելիքներ են եղել:
1985 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հրավերով Քոչարյանցը ժամանել է Ս. Էջմիածին, որտեղ տեղի է ունեցել ջերմ ընդունելություն: Վազգեն Առաջինը գիտնականին է նվիրել իր դիմանկարը, անվան առաջին տառերով թաշկինակը եւ հայոց այբուբենի փորագրությունը: Քոչարյանցը պահել է սրբազան նվերները, կաթողիկոսի դիմանկարը միշտ կախված է եղել գլխավերեւում, իսկ այբուբենի փորագրությունըՙ նրա գրասենյակի պատին:
Սամվել Քոչարյանցը կյանքից հեռացել է 1993 թ. օգոստոսի 4-ին, եւ թաղվել է Սարովում:
1993 թ. սեպտեմբերյան համարում «Օգոնյոկ» ամսագիրը «Մեծ կոնստրուկտորի գաղտնի մահը» մահախոսականում գուժում էր, որ մահացել է 20-րդ դարի ամենագաղտնի մարդկանից մեկըՙ Սամվել Գրիգորի Քոչարյանցը: Այս անունը լսել էին ֆիզիկոսներն ու հրթիռագետները, պետության բարձրագույն ղեկավարությունն ու ԿՀՎ աշխատակիցները, սակայն քչերը գիտեին, թե որտեղ է նա ապրում, ինչ է մտածում, որտեղ է լինում: Նրա անձնագրում նշված էր, որ բնակվում է Մոսկվայում, սակայն հասցեն կեղծ էրՙ ոչ փողոցը, ոչ տունն իրականում գոյություն չունեին: Սակայն, անձնագրում հատուկ նշան կար, ըստ որի ոստիկանության աշխատակիցներն անձնագրի սեփականատիրոջ հետ կարող էին համագործակցել եւ ամենաբարձր հարգանքը ցուցաբերել վերջինիս հանդեպ:
Իր անչափ բովանդակալից կյանքը լայն հանրության համար աննկատ ապրած մեր նշանավոր հայրենակցի մասին մեծագույն հարգանքով են խոսել ոչ միայն «անձամբ ընկեր Ստալինը», այլեւ տվյալ ժամանակաշրջանում աշխարհի շատ մեծեր եւ անգամ Խորհրդային Միություն-Ամերիկա սառը պատերազմի տարիներինՙ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության երեւելի դեմքեր:
Սամվել Քոչարյանցի մասին դեռ շատ ստեղծագործություններ կգրվեն, եւ ես հավատում եմ, որ կգա այն օրը, երբ ամբողջովին կգաղտնազերծվեն այդ առեղծվածային մարդու կյանքի բոլոր մութ, սակայն սերունդների համար լուսավոր եւ հերոսական էջերը: