ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Սեռական տարբեր կողմնորոշումների եւ գենդերային ինքնությունների ընդունման հարցը քննարկվում ու վիճարկվում է ամբողջ աշխարհում, մասնավորապես արեւմտյան աշխարհում: Այժմ այն մուտք է գործել նաեւ Հայաստան, պայթյուն առաջացնելով այնտեղ: Այո, պայթյուն, քանի որ այլ կերպ չի կարելի բնութագրել կատարվածը:Պետք է ընդունել, որ սեռականությանը եւ գենդերային հարցերին անդրադառնալը հավասարազոր է ականապատված դաշտ մտնելուն: Վերջին մի քանի տասնամյակում ԼԳՏԲ համայնքն Արեւմուտքում աստիճանաբար ձգտում է ավելի բացահայտ եւ ընդունելի դառնալ: Հարցն այնքան է առաջ գնացել, որ մարդիկ համասեռականությունը դիտարկում են որպես համընդհանուր մարդու իրավունքների բաղկացուցիչ մասը:Միայն Հայաստանը չէ, որ զբաղվում է այս խճճված հարցով: Արեւմուտքը դեռեւս փորձում է հաղթահարել այս եւ արդի ֆեմինիզմի խնդիրները: Ընդամենը վերջերս Հարվարդ համալսարանի դասախոսներից պրոֆ. Հարվի Մանսֆիլդին հրաժարվեցին հրավիրել ելույթ ունենալու Մոնրեալի Կոնկորդիա համալսարանի ամավերջի հանդեսին այն պատճառով, որ հայտնի էին դարձել նրա առանձնապես սուր ակնարկները ընդհանրապես կանանց եւ մասնավորապես նրանց մտավոր նեղ կարողությունների մասին:Սեռական նախընտրությունների կամ ինքնությունների տարբեր դրսեւորումները բնական երեւույթներ են, որոնք վաղ ժամանակներից խարանվել են աշխարհի կողմից եւ շարունակում են նման վերաբերմունքի արժանանալ մի շարք հասարակությունների կողմից, որոնք համասեռականներին համարում են չար եւ զզվելի, հոգեկան խանգարման լուրջ հիվանդությամբ տառապող մարդիկ: Արվեստի աշխարհում մեծ է նման մարդկանց թիվը: Կանխակալ կարծիքը նրանց դեմ շարունակվում է նույնիսկ արեւմտյան հասարակություններում, որտեղ, ի դեպ, ԼԳԲՏ-ի անդամները բավականին ամրացրել են իրենց դիրքերը:Շառլ Ազնավուրն իր երգերից մեկում (Comme Ils Disent) խոսում է միայնակ համասեռականի մասին, իսկ վերջերս Օսկար մրցանակին արժանացած «Բոհեմական Ռապսոդիա» ֆիլմն անդրադառնում է մարդկային այդ (հոգե)վիճակի լիրիկական կողմի առանձնահատկություններին:Այժմ տրանսգենդերներ կոչված մի խումբ, որն ստվերում էր գործում երկար ժամանակ, իրեն ավելի զգալի է դարձնում եւ հարցը փոխադրում է քաղաքական դաշտ: Սրանք այն մարդիկն են, որոնք անհարմար վիճակում են զգում իրենց բնական սեռական պատկանելության բնագավառում եւ ցանկանում են ձեռք բերել հակառակ սեռի հատկանիշները, երբեմն, բայց ոչ միշտ, վիրահատական միջամտության շնորհիվ: Այս խմբում ինքնասպանությունների փորձերը բավական հաճախակի են, քանի որ հասարակության մեծ մասը շուտ է արձագանքում եւ պարսավանքի ենթարկում նրանց: Հայտնի օրինակներից է Քայթլնի Չեները, նախկին օլիմպիական ատլետ. Բրուս Չեները, որը բավական մեծ հռչակ վայելեց եւ հեռուստատեսայիան շոուի ժամանակ նրա հայտնվելը հարցը առավել սովորական դարձրեց: Այդուհանդերձ լուռ հակադարձությունը նման շեղումների հանդեպ շարունակվում է:Նախագահ Քլինթոնը ժամանակավոր լուծում էր գտել Մ. Նահանգների բանակում ծառայող համասեռականների եւ տրանսգենդերների հարցի վերաբերյալ, կիրառելով իր այսպես կոչված «մի՛ հարցրու, մի՛ ասա» քաղաքականությունը: Նախագահ Թրամփն այժմ փորձում է քանդել թնջուկը: Սա էլ մեզ իրավունք է տալիս հարցնելու, որ եթե սեռական եւ գենդերային նախասիրությունների հարցերը դեռ չեն գտել իրենց ըմբռնողության մակարդակը առաջավոր մտածողության տեր հասարակություններում, ապա ի՞նչ կարելի է ակնկալել առավել պահպանողական հասարակություններից:Վիճահարույց այս հարցը Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմինՙ խորհրդարան էր ներթափանցել վերջերս: Հայաստանը նահապետական, պահպանողական հասարակության երկիր է դեռեւս: Նույինսկ խորհրդային ժամանակաշրջանում, երբ հավասարությունն էր գերիշխում եւ խրախուսվում, գեյերն ու լեզբիաններն ի սկզբանե խարանավորված էին եւ համարվում էին չարության մարմնավորում:Այդ վերաբերմունքը շարունակվում է եւ բավական մեծ թվով հանցագործություններ են կատարվում «պատժելու» կամ ոչնչացնելու համար նման այլընտրանքային կենսակերպ նախընտրած մարդկանց:Հայաստանի խորհրդարանի ապրիլի 5-ի նիստում, երբ մարդու իրավունքների հարցեր էին քննարկվում, տրանսգենդերային դասին պատկանող մի կին Լիլիթ Մարտիրոսյան անունով, ելույթ ունենալով բարձրաձայնել էր Հայաստանում տրանսգենդեր համայնքի անդամների դժգոհությունները: Նա թվարկել էր անհատ տրանսգենդերների դեմ գործված հանցագործությունները: Նման ակտիվիստի տեսքն ու հայտնվելը խորհրդարանում քաղաքական շփոթ ու ցնցում առաջացրեց Հայաստանում, որին հետեւեց մեղադրանքների տարափը:Զայրույթը սաստկացավ եւ դարձավ համազգային խնդիր, երբ երկիրը գոյատեւման վտանգի առաջ է կանգնած:Ապրիլի 8-ին զանգվածային բողոքի ակցիա կազմակերպվեց ԱԺ-ի շենքի առաջ: Մասնակիցները առաջարկեցին «վերստին օրհնել խորհրդարանըՙ ազատվելու, մաքրվելու համար տրանսգենդերների ներկայությունից»: Սկանդալային դիպվածը իր մեջ ներառավ նաեւ կառավարությանըՙ բարձրագույն մակարդակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության հանձնախմբի լսումների շրջանակներում հարց տվեց ներկաներին, թե Լիլիթ Մարտիրոսյանն ի վերջո մա՞րդ է, թե՞ ոչ: Հարցը բնականաբար ենթադրում էր դրական պատասխան, իսկ այդ դեպքում այդ մարդը ուներ նաեւ իրավունքներ: Բայց այստեղ էլ խնդիը քաղաքականացնելու ծուղակն ընկավ ասելով, որ Մարտիրոսյանի ելույթը նախկին Հանրապետական կուսակցության կողմից ջանասիրաբար մշակված քաղաքական սադրանք էր նոր իշխանության ոտքի տակ ական դնելու նպատակով: Ապա խոսքը նախկին ղեկավարներին հասցեագրելով շարունակեց. «Ասում էի, որ դուք գեյ եք, բայց դուք չէիք հավատում ինձ»: Նա նաեւ եզրակացրեց, որ նախկին իշխանությունների անդամները, որոնք նոր անձնագիր էին տվել Մարտիրոսյանին, որտեղ նրա սեռը նշված էր «արական», հստակորեն ունեին հեռահար այլ նպատակներ:Գեյ համայնքի անդամների դեմ իրագործված Մարտիրոսյանի նշած հանցագործություններից եւ ոչ մեկը պաշտոնական ուշադրության չարժանացավ: Ոչ մեկը պատասխանատվություն չվերցրեց հետաքննելու այդ հանցագործությունները եւ պատժելու հանցագործներին: Բայց իշխանավորները ժամանակ եւ միջոցներ գտան «Սպայկայի» նման խոշոր ձեռնարկությունը կազմալուծելու:Քաղաքական վեճը ներթափանցեց փողոց, պատճառ դառնալով նոր հանցագործությունների: 15-ամյա մի պատանի սպանվեց 35-ամյա մի տղամարդու կողմից, որը կասկածում էր, որ պատանին գեյ էր: Երկու ամիս առաջ տրանսգենդեր մի կին հարձակման ենթարկվեց իր բնակարանում: Մեկ այլ գեյ փողոցում քայլելիս խմբակային ծեծի ենթարկվեց մի քանի տղամարդկանց կողմից:«Հյումն Ռայթս Ուոչ» կազմակերպությունը անարդարացիորեն Հայաստանին դասել է «ԼԳՏԲ մարդկանց թշնամաբար վերաբերվող» երկրների շարքում: Ըստ «Փինք Արմինիա» խմբի զեկուցագրի, հայերի 90 տոկոսը գտնում է, որ գեյերի իրավունքները պետք է վերահսկվեն օրինական միջոցներով: Հայաստանն այժմ եվրոպական գեյերի ILGA EUROPE խմբավորման տարեկան զեկույցում 49 եվրոպական երկրների թվում զբաղեցնում է 48-րդ տեղը:Հարցի քննարկման ձեւը սադրիչ ռումբի դերը կատարեց, որը բարձրագույն օրենսդիր մարմնի ներսում նետվելով առաջացրեց զայրույթ եւ քաղաքական իրարանցում: Ավելին, հարցը միջազգային արձագանք ստացավ: ՄԱԿ-ի եւ Եվրոմիության պաշտոնատար անձինք հարցականի տակ դրեցին եւ դատապարտեցին մարդու իրավունքների եւ գենդերային հարցերի գծով Հայաստանի տվյալները: Հայաստանի արտգործնախարարությունը ստիպված եղավ պատասխանել, նշելով, որ միջազգային մեր գործընկերները հարգանք եւ զգայնություն պետք է ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ եւ ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումներից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ: «Ցանկանում ենք հիշեցնել, որ հասարակության բարոյականությունը մարդու իրավունքների մեր միջազգային պարտավորվածությունների մաս է կազմում, եւ մենք չենք կարող անտեսել այն», գրված է ԱԳՆ-ի պատասխանում:Հայաստանի հասարակությունը պահպանողական է իր էությամբ եւ սոցիալական հարցերի որեւէ փոփոխություն կարիք ունի երկար ժամանակի: Բայց նույնիսկ այդ ժամանակից հետո էլ տեղի հասարակությունը չի կարող նմանվել արեւմտաեվրոպական երկրների հասարակություններին, որովհետեւ մեր ներաշխարհը տարբեր է: Մեր երկրում գործող արտասահմանյան ոչ-կառավարական կազմակերպություններն (NGO-ները) ու մյուս քաղաքացիական ընկերակցությունները չպետք է միջամտեն նման հարցերին: Խնդիրներ կա՞ն: Այո: Բայց օտարների միջամտությունը օգնելո՞ւ է մեզ լուծելու այդ խնդիրները: Ոչ, չեմ կարծում: Իրականում այդ միջամտությունը կարող է հակընդդեմ ռեակցիա առաջացնել:Ցուցադրելու համար Հայաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ եղած տարակարծությունը, կարելի է մեջբերել մի հատված «Ազգ» շաբաթաթերթում երիտասարդ լրագրող Գեւորգ Գյուլումյանի հոդվածից, որտեղ նա գրում է. «Անբարոյականության դեմ պայքարը շարունակվելու էՙ հոգեպես ու ֆիզիկապես: Ազգային արժանապատվությունը վեր է ամեն ինչից, թող ով, ինչ ուզում է խոսի, եւ եթե պետք է առաջադեմ պետություն դառնանք անբարոյականությունը հանդուրժելով, ներեցեք, բայց գերադասում ենք հետամնաց մնալ»:Ազատամտությունը Հայաստան է մուտք գործելու կրթության միջոցով եւ արեւմտյան արժեքներին հաղորդակցվելու միջոցով: Բայց նույնիսկ այդ ժամանակ Արեւմուտքին հավասարազոր չի լնելու:Եթե թողնեն, Հայաստանի երիտասարդ եւ առաջադիմական ղեկավարները կարողանալու են երկիրը առաջնորդել դեպի առավել թափանցիկություն եւ հանդուրժողականություն առանց օտարերկրացիների դժվարամարս միջամտության:Ինչպես ներկայիս այս միջադեպն ու հետագա զարգացումները ցույց տվեցին, սեռական կողմնորոշման հարցի քաղաքականացումը մնում է թունոտ ու պայթյունավտանգ մի բնագավառ:Թարգմ.ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator) |