Հայաստանյան հանրությունը, նաեւՙ համայն հայությունը, շուրջ մեկ տարի է ինչ-որ սպասումների է տրվել. հայոցս երազանքի Հայաստան ենք կառուցելու: Թե ինչու այն քառորդ դար չէր հաջողվում եւ նորօրյա իշխանությունը պետք է հաջողի, վարչապետական հիմնական մոտեցումը հետեւյալն էՙ մեզ հաջողվեց իրականացնել մի բան, որն այլոց առայժմ չի հաջողվում: ՀՀ վարչապետի ակնարկն անշուշտ խաղաղ ու անցնցում իշխանափոխությանն է վերաբերվում, քրեա-օլիգարխիկ հայտարարված համակարգի կազմաքանդումից հետո ազնիվ ընտրությունների շնորհիվ կոռուպցազերծ թիմի ձեւավորմանը, որի ընտրյալ կառավարիչները կիրականացնեն երազային Հայաստանի տեսլականը: Վեհ նպատակ, որը միայն ողջունել է պետք:
Սակայն հանրահայտ «ցանկանում ենք լավ բան անել, սակայն ստացվում է ինչպես միշտ» վիճակում չհայտնվելու մտահոգությունը պարտադրում է խոշորացույցի տակ պահել դեպի նպատակ տանող քայլերի ու միջոցների հնարավորինս բոլոր տարբերակները, անգամ անհաղթահարելի հայտարարվող իրավիճաները: Արդեն իսկ հանրահայտ է, որ երազանքի Հայաստանի կերտման գլխավոր պատասխանատու է դիտարկվում հանրապետության յուրաքանչյուր բնակիչ, հասկանալի էՙ աշխատունակ հատվածը, ասենքՙ իմ ծանոթ տաքսիստ Երվանդը: Նրա գործը հիմնականում առավոտյան եւ երեկոյան խճողված ժամերին համեմատաբար վճարունակ երեւանցիներին ուղեւորափոխադրման ծառայություն մատուցելն է, ոմանցից լսածն այլոց իր մեկնաբանությամբ փոխանցելը, մի 10 հազար դրամ աշխատելուց հետո տուն մեկնելը: Հեռուստացույցի առջեւ նիրհի ընթացքում պարզվում է, որ իշխանությունը երկիրը բարեփոխելու ցանկությունը թե պահանջն իր նմանների դրա է դրել. լավ, ասացին գործդ ներկայանալի տեսքով սկսիրՙ սափրվում, հագուկապս տեղն եմ պահում, ՀԴՄ կտրոնը պահանջիրՙ պահանջում եմ, կոմունալ վարձերը ժամանակին տուրՙ տալիս եմ, հիմա ի՞նչ են ուզում: Երբ հոր հոգեհանգստի ու հոգեհացի արարողություններն էր կատարում, ծերունու ապրած կյանքն ու թողած ժառանգությունն էր պարտադրում, ծախսերից չխուսափեց, բայցեւ նեղսրտեց. միայն հանքային ջրերին 50 հազար դրամ գնաց, ինչո՞ւ:
Նկարագրվածը մեր առօրյայի սովորական պատումներից մեկն է, երբ ՀՀ շարքային հարյուր հազարավոր քաղաքացիներ այսօր մտահոգված են իրենց յուրաքանչյուր պահի ներկայացվող պահանջներից: Կարծես ստացվում է, որի ապացույցը վերջին աննախադեպ ընտրություններն էին, քաղաքի ավագանու եւ ազգային ժողովի: Այնպես որՙ հարկ է մեր պահանջը ներկայացնել. ձեզ տեսնենք, տղաներ, մեր աջակցությունն ու վստահությունն ունեք, գործի անցեք, մեր հերթական օրը բարեփոխեք:
Ինչ-որ բան կարծես արվում է, հանրության ինչ-ինչ հատվածներ իրենց առօրյայում փոփոխություններ զգում են, թերեւս այլ ոլորտների բացասական դրսեւորումները երբեմն իչիք են դարձնում արված դրականը, մարդկանց զրկում, ինչպես ընդունված է ասել, դրանք իրենց մաշկի վրա զգալ: Ասենք, վերջին օրերին թեեւ աննշան ու աննկատ, բարձրացավ հացի գինը. Տողերիս հեղինակի կողմից գնվող 500 գրամ կշռող 260 դրամանոց տարեկանի հացի նոր գինը 265 դրամ է, կիլոգրամի հաշվով թանկացումը 10 դրամ կամ 2 տոկոս, թեեւ լրատվամիջոցները հաղորդեցին ալյուրի 4 տոկոս եւ հացի 0,15 տոկոս թանկացումից: Թե ինչով է պայմանավորված այս ամենը, դրա ստույգ պատասխանը կարող են տալ իշխանության տնտեսագիտական թիմի վերլուծաբանները: Լրագրողական մակարդակով արված ուսումնասիրությանս արդյունքում պարզվեց հետեւյալը: Ընթերցողը թերեւս հիշում է ԱԺ պատգամավորի բարձր ամբիոնից արած այն հայտարարությունը, ըստ որի իրենց թաղամասի հացի թխման փուռ-խանութի երեք կանայք տպավորված են ՀՀ-ում սոցիալ-քաղաքական միջավայրի փոփոխություններով: Արդյունքում մի վիճակ է ստեղծվել, երբ սույն բիզնեսի անմիջական տերը ստիպված է իրավիճակից ելնելով օրինականացնել աշխատողների ձեւակերպումը եւ որոշակի ճշգրտում մտցնել օրվա ընթացքում օգտագործվող ալյուրի ու օժանդակ նյութերի քանակի ու ծախսի հարցերում: Տվյալ պարագայում ընդունված է, որ բիզնեսի անմիջական տերն իր շահաբաժինը նվազեցնելու մասին չի մտածում, այդկերպ միջավայրի փոփոխության ողջ բեռը կրում են աշխատողներն ու նրանց արտադրանքը սպառողները, ՀՀ հարյուր հազարավոր շարքային քաղաքացիները, գործազուրկ թե նպաստառու, միջին աշխատավարձ ստացող թե համեստ պաշտոնյա: Հիշյալ հացթուխներից մեկն օրեր անց պատմել էր գործընկերներին, թե բանակից վերադարձած տղայի համար խոստացված մատաղի ընթացքում ինչ ծախսեր է արել. միայն մի քանի շիշ գինիների համար 35 հազար դրամ ծախսեցի, նշել էր նա, անշուշտ ընդգծելով զավակի առողջության կարեւորությունը:
Թե ո՞րն է այսօրինակ գործընթացից բարեհաջող ելքը, պարզվում է գիտեն ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կազմ ընդգրկվող դեռեւս ինքնուրույն ՀՀ գյուղնախարարության աշխատակազմում: Նորօրյա ծրագիր են կազմել «Հացահատիկային, հատիկաընդեղեն եւ կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացման առաջնահերթությունները» խնդրի շուրջ, թիվ 1 կետում արձանագրելովՙ գյուղատնտեսությունը ՀՀ պարենային ապահովության եւ անվտանգության գլխավոր ոլորտն է, որն ընդհանուր ռազմավարության մեջ ունի առանցքային դեր: Թե ինչո՞ւ սույն կառույցը երեք տասնամյակ չի կատարել իր հիմնական գործառույթը, անհասկանալի է մնում:
Տեսեք ինչ է ասվում արդեն հիշատակված ծրագրում. 2011 թ-ին իրականացվել են գարնանացան գարու սերմարտադրության եւ եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագրերը, 2013-ին գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի ու կորնգանի արտադրության զարգացման եւ 2014-2018 թթ. նույն մշակաբույսերի արտադրության զարգացման ծրագրերը: Ընթերցեք խնդրեմ թե ինչքան խոստումնալից են դրանք իրականացնելու նպատակներըՙ բարձրացնել տեղական արտադրության սերմացուով ինքնաբավության մակարդակը, հարստացնել մշակաբույսերի սորտային կազմը, այդկերպ ավելացնել բերքատվության մակարդակը:
Հիմա ծանոթանանք պետության հարյուր միլիոնավոր դրամների հատկացումների արդյունքի իրական պատկերին: Սերմարտադրության թարմացման շնորհիվ ՀՀ-ում հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքը 2015-ին պետք է կազմեր 530 հազար տոննա, բնականաբար հաջորդ տարիներին ավելի բարձրանար եւ երաշխավորեր մինչեւ 80-90 տոկոս հաց-հացամթերքների հումքի ապահովություն: Իրական արտադրությունն անգամ 200 հազար տոննա չի կազմում, ինքնաբավությունըՙ հազիվ 25-30 տոկոս, որն էլ գնային անկայունության է հանգեցնում: Այս վիճակին հավելենք ծրագրերով ձեռքբերված եւ հողօգտագործողներին տրամադրված անորակ սերմերի ցանքսի արդյունքում տնտեսությունների կրած վնասները, պատկերը մասամբ կամբողջանա: Այն առիթ ու պատճառ է դառնում, որ ոլորտի որոշ ներկայացուցիչներ հայտարարեն, թե Հայաստանի Հանրապետությունը պարենային առումով երբեք ինքնաբավ լինել չի կարող, 4-5 մլն ՀՀ բնակչության մասին կանխատեսումները պարզապես լավագույն ցանկությունների ոլորտից են:
Այս պատկերը մեկ հիմնական բացատրություն ունի. իշխանության բարձրագույն օղակներում քննարկվող եւ հետագա կատարման որոշում հռչարկվող խնդիրները պահանջվող մանրամասնությամբ, եթե ուզեքՙ բծախնդրությամբ չեն ծավալվում: Կոնկրետ արդեն նշված փաստաթղթում որեւէ խոսք չկա բազմաստիճան գործընթացում հնարավոր ռիսկերի եւ կոնկրետ պատասխանատուների վերաբերյալ, կարծես խնդիրը մեր մարդկանց վճարած հարկերից ու տուրքերից իրականացվող ֆինանսական միջոցների հանդեպ պատասխանատվությանը չի վերաբերում:
Համանման մոտեցում դրսեւորվեց օրեր առաջ ընդունված խելացի անասնագոմեր ծրագիրը քննարկելիս: Ոլորտով մտահոգ ՀՀ քաղաքացիս արձանագրում է, որ ոչ մի խոսք չհնչեց, թե անասնապահության ո՞ր ճյուղինՙ կաթի թե՞ մսի արտադրության խթանմանն է ծառայելու սույն ծրագիրը: Եթե առաջինին, ապա նշվում է կաթի 92 տոկոս ինքնաբավությունից, որն էապես բարձր ցուցանիշ է, թեեւ հանրային կարծիքն այլ է, իսկ մամուլը հաճախ է բացահայտում երկրում արտադրվող կաթնամթերքում կաթի փոշու եւ բուսայուղերի առկայությունը: Եթե մսատու անասնապահությանն է ուղղված, ո՞ւր է դրա գլխավոր միջոց համարվող լիարժեք անասնակերով ապահովվածությունը: Հայտնի է, որ երկիր մոլորակի հիմնական մասում անասնատեսակները արոտավայրերից օգտվում են տարվա զգալի շրջանը, երբ մեզանում այն մի քանի ամիս է տեւում, անասնագոմում որոճած կերն էլ ընդամենը չոր խոտն է: Սրանք հարցեր են, պետական պաշտոնյաների համար մտահոգություններ, որոնք տարօրինակորեն թե ցավալիորեն չեն նպաստում գյուղաբնակների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, նրանց կողմից պահվող անասնագլխաքանակների մթերատվության աճին:
Առայժմ իշխանությունն այս վիճակից դուրս գալու մեկ հիմնական միջոց է առանձնացնում. ինչ-ինչ ասոցիացիաների կազմում, միացյալ ուժերով խնդիրների հաղթահարում: Իսկ ահա գյուղոլորտում մարդիկ տարակուսում են, քանզի իրենք տարբեր մշակաբույսերի աճեցման ավանդույթ ունեն, ոմանք հողը գոմաղբով են պարարտացնում եւ իրենց աճեցրածն օրգանիկ համարում, երբ հարեւանները քիմիական պարարտանյութերն են նախընտրելի համարում, մեղվապահներն իրենց գործընկերների կողմից մեղուներին շաքարով կերակրելուց են խոսում… Խաղող վերամշակողները հայկական սորտերի բերքից թանկ գինիների արտահանման ուղին են ընտրել, մյուսները հարյուր հազարներով տեքստիլ արտադրանքն են գերնպատակ հռչակել, երրորդները նոր որակի կոնյակով են փորձում աշխարհը զարմացնել: Յուրօրինակ թե տարօրինակ այս գործընթացների արդյունքում ՀՀ-ում կազմավորվում է ինքնատիպ տնտեսության մի տարբերակ, ուր երկրի քաղաքացին հիմնական տեղ չունի, անելիքն էլՙ անորոշ:
Բարյացակամորեն սպասենք ոլորտի պատասխանատուների արձագանքին:
09.04.2019 թ. Երեւան
Հ.Գ.- Հոդվածում նշված խմիչքների կապակցությամբ հայտնում եմ հետեւյալը. տպագրվող լուսանկարները վերցրել եմ ավստրիական սուպերմարկետների գովազդային թերթիկներից, ուր ներկայացվում են դրանց գներըՙ ֆրանսիական գինինՙ մոտ 1000 դրամ, հանքային 1,5 լիտր ջուրըՙ 160 դրամ, որոնց մոտ 50 տոկոսը հարկերն են, որոնք ինչ-ինչ բյուջետային ծախսերով վերադարձվում են հանրությանը: