Ապրիլի 9-ին դադարեց գործել «Շիրակի հանրային հեռուստառադիո» ընկերությունը: Վերջինիս լուծարման որոշում, ինչպես ժամանակին հաղորդել ենք, ՀՀ կառավարությունը կայացրել էր այս տարվա հունվարի 31-ին, հիմնականում դա պատճառաբանելով հեռարձակման անալոգայնության եւ սփռման ոչ մեծ տարածքիՙ ըստ էության վիճահարույց հանգամանքով: Իբրեւ էլի մի «փաստարկ» նշվում էր Հայաստանի հանրային հեռուստատեսությունից բացի հանրապետությունում եւս մեկ հանրային հեռուստաալիքի առկայության աննպատակահարմարությունը, մանավանդ երբ այդպիսիք չկան մյուս մարզերում եւ դա անհավասարություն է ստեղծում:
Հիշեցնենք, Շիրակի այս հեռուստատեսության հիմքը Գյումրիում մեծ գուրգուրանքով դրվել էր 1990-ական թվականների սկզբների դժվարին օրերինՙ մասետրո Լորիս Ճգնավորյանի հայտնի ուխտագնացության շնորհիվ ու հավաքված միջոցներով , լինելով այստեղ տասնամյակների երազանքի իրականացում: Նույն դժվարին տարիներին էլ «Շիրակը» դարձել է պետական ու հանրային, ներառելով նաեւ 1930-ական թվականներից գործող տեղական պետական ռադիոն:
Ցավով պետք է նկատենք, որ պրոֆեսիոնալ աշխատակազմ ունեցող տեղական որակյալ հեռուստառադիոընկերության փակումը նոր կառավարության երեւի առաջին առարկայական «նվերն» էր այնքան խնդրաշատ Գյումրուն ու Շիրակի մարզին: Բանը միայն 50-60 մասնագետների ու աշխատակիցների գործազրկումը չէ, ինչն ինքնին այսօրվա պայմաններում լուրջ խնդիր է, այլ նաեւ քաղաքի, մարզի որոշակի հեռուստալսարանի կարծիքի ու շահերի անտեսումը: Հեռուստատեսության վերջին օրվա եթերի «Դիմագիծ» հաղորդաշարի հյուր Շիրակի մարզպետը հույս հայտնեց, որ որոշակի իրավական հարցերի կարգավորումից հետո լրատվամիջոցը կարող է մասնավորեցվել եւ վերսկսել գործել որպես այդպիսին, ինչի վերաբերյալ խոսակցություններ այս ընթացքում եղել են: Բայց դա բոլորովին այլ բան է…