Զրույցը վարեց ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԸ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից
Ռուսաստանում շատ հայտնի եւ մեծ ճանաչման արժանացած բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկական ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ գլխավոր սրտաբան Բագրատ Գեղամի Ալեքյան: Ծնվել է Երեւանում, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Գեղամ Ալեքյանի որդին է: 1974-ին ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտը, 1975-ից Մոսկվայում է: Փայլուն տիրապետում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժման մեթոդաբանությանն ու գաղտնիքներին, հարյուրավոր վիրահատությունների, այդ թվում` աշխարհում առաջին անգամ սրտի փոխպատվաստման վիրահատությունների հեղինակներից է: 2007-ից անվանական կրթաթոշակներ է հովանավորում Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում:
– Պարոն Ալեքյան, Դուք աշխատել եք նաեւ խորհրդային ժամանակաշրջանում. բժշկագիտությունը էականորեն փոխվե՞լ է, տարբերությունները մե՞ծ են:
– Բժշկագիտությունը ոչ թե փոխվել է, այլ շատ է փոխվել, հիմա լրիվ ուրիշ բժշկություն է: Խորհրդային տարիներին տեխնոլոգիաները շատ ուշ էին մեզ հասնում, թեեւ ունեինք լավ մասնագետներ: Մենք լուրջ ներդրումներ չունեինք, իսկ վերջին քսան տարվա ընթացքում բժշկությունը դարձել է միանգամայն այլ: Հիմա հիվանդին միայն դեղերով չեն բուժում: Որ ուղղությունում լինիՙ վիրաբուժություն, գինեկոլոգիա, ուրոլոգիա, նյարդավիրաբուժություն, սրտաբանությունՙ նոր տեխնոլոգիաներ են կիրառվում, առաջ չկար նման բան: Նորագույն սարքերը հնարավորություն են տալիս շատ արագՙ 2-3 օրվա ընթացքում հիվանդին բուժել: Առաջ մարդն ինֆարկտ էր ստանումՙ երեք ամիս անկողնում պառկած էր մնում, թույլ չէին տալիս քայլել, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է, վիրահատությունից երկու օր հետո հիվանդը տուն է գնում:
– Այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանում փոփոխությունները կատարվել են թռիչքաձեւՙ վերջին տասնամյակում:
– Իսկապես, Ռուսաստանում մինչեւ վերջին տարիները վիճակը լավ չէր, ղեկավարությունն այս յոթ-ութ տարում մեծ գումարներ ներդրեց բժշկության մեջ, մեծաքանակ տեխնոլոգիաներ ստացանք, միանգամից ամեն ինչ փոխվեց: Հայաստանում նման մակարդակ դեռ չկա, բայց ես հույս ունեմ, որ ստեղծված նոր կենտրոնները, տնտեսական նոր իրադրությունը վիճակը կփոխեն: Միայն անհրաժեշտ է, որ պետությունն ունենա որոշակի գումար եւ դա ճիշտ օգտագործի: Մենք փոքր հանրապետություն ենքՙ երեք միլիոն բնակչությամբ, կարող ենք շատ շուտ ոտքի կանգնել: Ռուսաստանում 147 միլիոն բնակչություն կա, եւ վիճակը շատ ծանր էր: Ես պաշտոնի բերումով հաճախ եմ երկրի տարբեր տարածաշրջաններում լինում, տեսնում եմ, որ ամենուր մեծ ներդրումներ են արվել: Իմ մասնագիտության գծով 340 կենտրոն ենք բացել, որտեղ աշխատում է 2000 մասնագետ, իսկ տասը տարի առաջ նրանց թիվը 240 էր, այսինքն մենք տասը տարում մասնագետների թիվը համարյա 8 անգամ ավելացրինք, եւ հիմա մոտավորապես մեկ միլիոն հիվանդ ենք բուժում: Մեկ միլիոնը լուրջ թիվ է: Սա չի նշանակում, թե բոլոր կենտրոնների աշխատանքից գոհ ենք, ոչ, բայց միտումն այն է, որ բոլորն սկսել են աշխատել: ՌԴ 85 տարածաշրջաններում բավարար սարքավորումներ կան, մասնագետները տարեցտարի մեծ փորձ են ձեռք բերում, եւ դա արդյունք տալիս է:
– Հայաստանում եւս բաձրակարգ կենտրոններ կան, սակայն դրանք կենտրոնացված են մայրաքաղաքում:
– Այո, Երեւանում լավ կենտրոններ ունենք, նորերում չեմ եղել, բայց գիտեմ, որ Էրեբունի բժշկական կենտրոնը, Նորք-Մարաշը արդյունավետ աշխատում են, եւ առիթից օգտվելով նշեմ, որ ինձ հաճախակի են հրավիրում բարդ վիրահատություններ կատարելու Էրեբունի բժշկական կենտրոնում, ինչը սիրով անում եմ (Էրեբունի ԲԿ-ի վերականգնողական բաժինը կրում է ակադեմիկոս Ալեքյանի անունը-հեղ.):
Սակայն մայրաքաղաքից դուրս ես գալիսՙ արդեն խնդիրներ են սկսվում: Կարճ ժամանակահատվածում կարելի է այդ հարցը լուծել, սա կարգախոս չէ, ընդամենը պետք են գումարներ եւ ցանկություն: Ռուսաստանում նախագահը հարց է դրել, որ 2027 թվականին բնակչության միջին տարիքը բարձրանա, տղամարդիկ ապրեն 80, կանայքՙ 88 տարի: Սա ծրագիր է, որը, հույս ունենք, կիրականանա: Ամենակարեւորն այն է, որ մարդիկ առողջ լինեն, իսկ դա նշանակում էՙ ուրախ լինել, որովհետեւ եթե մարդն ուրախ է, ուրեմն ամեն ինչ լավ է: Երբ ես հեղափոխությունից հետո տեսա, թե մեր ժողովրդի դեմքին ինչ ուրախություն կա, հասկացա, որ վերազարթոնք եւ ազգային ինքնագիտակցության ցնծություն ապրող այս ժողովրդին այլեւս հաղթել չի լինի: Որովհետեւ իր կամքն ու վճռականությունը նախկին ռեժիմին արտահայտելու եւ ոչ ասելու համար փողոց էր դուրս եկել ժողովուրդը, այլ ոչ թե փոքրաթիվ զանգված կամ ինչ-որ խուլիգաններ: Եվ եղավ այն, ինչն այսօր ունենք: Իհարկե, կարեւոր է, որ չորս տարի հետո ժողովուրդը դուրս գա հրապարակ եւ ղեկավարությանն ընդունի այնպես, ինչպես ընդունեց այսօր, նույն ղեկավարությունն էլ ասիՙ մենք դա արեցինք, քանի որ մեր թիկունքին զգում էինք ձեր շունչը, սիրելի ժողովուրդ: Այդ ժամանակ մենք կրկին շատ ուրախ կլինենք, եւ ժպիտըՙ մեր դեմքից անպակաս:
– Բարի ցանկություն է, պարոն Ալեքյան, տա Աստված, որ ի կատար ածվեն Ձեր նվիրական երազանքները Հայրենիքում, իսկ մարդիկ հոգով ու սրտով լծվեն երկրի շենացման գործին: Իսկ այդ ամենի համար, եթե Ձեր մասնագիտական տեսանկյունից նայենք, ոչ պակաս կարեւոր է նաեւ մարդկանց առողջությունը եւ հարկ է ցավով արձանագրել, որ այս դարում հատկապես սիրտ-անոթային հիվանդություններն են գլուխ բարձրացրել: Ինչ կարող եք ասել այս առնչությամբ, Ձեր փորձն ի՞նչ է վկայում:
– Հիվանդությունը 35-40 տարեկանից է սկսվում, բայց հիմա այն ավելի է երիտասարդացել, մենք ունենք նաեւ երիտասարդ հիվանդներ: Ամենաերիտասարդ հիվանդը, որ ինֆարկտ ունեցավ եւ բուժում էինք, 19 տարեկան էր:
– Ժառանգական գործոնը դեր խաղո՞ւմ է:
– Ժառանգական գործոնը կա, բայց հիվանդության հիմնական պատճառը աթերոսկլերոզն էՙ անոթների խցանումը:
– Անոթներն ինչի՞ց են խցանվում:
– Երբ օրգանիզմում խոլեստերինի տոկոսը բարձրանում էՙ դա հանգեցնում է անոթների խցանման, անոթը փակվում էՙ սկսվում է ինֆարկտ, փակվում էՙ ոտքերի սնուցումը վատանում է, սկսվում է գանգրենաՙ փտախտ:
– Այդ հետեւանքներից խուսափելու համար ի՞նչ խորհուրդ կտաք Հայաստանի բնակիչներին:
– Հայաստանում հիմա լավ ժամանակներ են, ուրախալի է հատկապես, որ առողջապահության նախարարությունն աշխատում է բնակչությանն օգնել, Ռուսաստանում դա կոչվում է քվոտա: Երեք տարի առաջ մենք Ռուսաստանում ստեղծեցինք հայ բժիշկների ընկերակցություն, ես էլ ընտրվեցի նախագահ: Մենք որոշակի աշխատանքներ ենք կատարում, երկու հիմնական ծրագիր ունենք: Առաջինՙ այնպիսի պայմաններ ստեղծենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի բժշկական կազմակերպությունները կապի մեջ լինեն, մանավանդ որ կան շատ անվանի մասնագետներ: Դա այն ժամանակ նախաձեռնեցինք, երբ Երեւանում տեղի ունեցավ հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսը, որին մենք մասնակցեցինք մեծ պատվիրակությամբՙ 100 բժիշկ: Մեզ հետ տարել էինք նաեւ տասը հայ ուսանողների, ովքեր սովորում էին Մոսկվայի բժշկական բուհերում:
– Կոնգրեսին միայն հա՞յ բժիշկներն էին մասնակցում:
– 95 տոկոսը հայ էին, բայց եկել էին նաեւ ռուս գործընկերներ: Դա շատ կարեւոր կոնգրես էր, ամբողջ աշխարհից հայ բժիշկներ էին մասնակցում, եւ այնտեղ հաստատված կապերը մինչեւ օրս շարունակվում են: Սա կարեւոր հարց էր, որ կարողացանք լուծել: Հաջորդը դեռ չենք լուծել, բայց փորձում ենք անել, այն էՙ ամեն հայ կարողանա դիմել Ռուսաստանում աշխատող հայ բժիշկներին: Դա ի՞նչ է նշանակումՙ ՌԴ-ում տարբեր մասնագիտությամբ փորձագիտական 7-8 խմբեր ունենք, որոնք համակարգիչներով եւ հեռախոսներով կօգնեն մարդկանց, որպեսզի տեղեկանան, թե ում դիմեն: Այս մասին բոլոր հայերը պետք է իմանան ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Դա հեշտ գործ չէ, բայց յոթ խումբ արդեն ստեղծել ենքՙ ուռուցքաբանության, սրտային վիրաբուժության, ուրոլոգիայի եւ այլնՙ ամեն խմբում 7-8 մասնագետ: Հիվանդը զանգում է, եւ մենք նրան կապում ենք համապատասխան մասնագետի հետ, որոնց հետ նախնական համաձայնություն ունենք: Մասնագետը հսկողության տակ է պահում հիվանդին, իր կենտրոնում հետեւում է նրա բուժմանը: Դա մեծ դեր է խաղում, որովհետեւ Ռուսաստանում ամեն ինչ փողով է, մարդը պետք է մեծ գումարներ ծախսի, միայն ախտորոշումը կազմում է 100 հազար ռուբլի: Մենք որպես մասնագետներ հիվանդին ասում ենք, որ ոչ թե բոլոր հետազոտությունները պետք է կատարի, այլ այն, ինչն իր հիվանդությանն է վերաբերում, ապա ճիշտ ախտորոշում ենք: Դրանով նա առնվազն կիսով չափ քիչ փող կվճարի ախտորոշման համար: Բացի դրանիցՙ ամեն տեղ մեր ընկերներն են աշխատում, մենք կարող ենք բուժման ընթացքի մասին իմանալ: Սա շատ կարեւոր է մեր ազգի համար: Այս գործը մենք դեռ չենք վերջացրել, բայց հույս ունենք, որ մեկ տարում կանենք: Փորձագետները, որոնց մասին խոսեցի, Ռուսաստանի լավագույն բժիշկներն են, նրանց թվում կան ակադեմիկոսներ, պրոֆեսորներ: Գիտեք, լավ բժիշկներ շատ կան, բայց բոլորը չէ, որ արձագանքում են, մարդուն չես կարող ստիպել: Բարեբախտաբար շատերը սիրում են մեր ժողովրդին եւ սիրով համագործակցում են մեզ հետ: Երբ աշխատանքներն սկսենքՙ կարծում եմ, որ ավելի շատ մասնագետներ կմասնակցեն այս ծրագրին: Մենք դեռեւս տարածք չունենք, չունենք հովանավորներ: Ի դեպ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեր հանդիպման ժամանակ շատ բարձր է գնահատել իմ մտահղացումըՙ այն համարելով հայրենասիրական եւ մարդասիրական մեծ քայլ եւ անգամ փոխհամագործակցության եզրեր գտնելու հույս եւ ցանկություն հայտնել:
– Հայաստանից աջակցության ակնկալիք ունե՞ք:
– Պատրաստ ենք ընդունել յուրաքանչյուր աջակցություն, միայն թե այս ծրագիրը կատարվի: Մի անգամ ՌԴ-ում Հայաստանի դեսպանն ինձ հրավիրել էր ճաշկերույթի, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի վարչապետը: Ես ծանոթացա վարչապետի հետ, շատ լավ տպավորություն ստացա: Երկու ժամվա ընթացքում բազում հարցեր տվեցինք, մարդն ազատ պատասխանում էր, պաշտոնական ոչինչ չկար: Իմ կարծիքով Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար, ուրիշ ճանապարհ չկար:
– Կարծում եք բժշկության մեջ ե՞ւս ինչ-որ բան կփոխվի:
– Իհարկե, եթե ընդհանուր միտումը կաՙ կփոխվի: Վերջին տարիներին հիվանդները չէին գնում հիվանդանոցներ, որովհետեւ գումար չունեին, եւ ի՞նչ իմաստ ուներ գնալ այնտեղ պառկել, եթե ոչ դեղ կար, ոչ մասնագետներ կային: Հիմա շատ բան փոխվել է, իհարկե ղեկավարությունն առաջին հերթին պետք է լուծի սոցիալական հարցերը, հնարավոր չէ 70 դոլար թոշակով ապրել, բժշկության մեջ դա գլխավոր հարցերից մեկն է: Եթե ղեկավարությունն այդ հարցը լուծի, երիտասարդները մնան Հայաստանում, արտագաղթը կանխվիՙ դա մեծ բան կլինի Հայաստանի համար: Ուսանողները եւս ֆինանսապես շատ վատ վիճակում են, իսկ մեզՙ գիտնականներիս առաջարկում են օգնել այն ուսանողներին, որոնք գերազանցիկ են: Հապա մյուսնե՞րը…
– Այժմ դուք հովանավորում եք երեք հայ ուսանողի, դա ինչո՞վ է արտահայտվում:
– Դա անվանական թոշակ է, որը ես տրամադրում եմ երեք գերազանցիկ ուսանողի, ոչ մեծ գումար է: Ոչ թե ես եմ որոշում, թե ում պետք է կրթաթոշակը տալ, այլ Երեւանի բժշկական համալսարանի երիտասարդական խորհուրդն է որոշում: Մեզ ուղարկում են գերազանցիկների տվյալները, եւ մենք գումարը տրամադրում ենք: Մեր միջեւ գործնական կապեր կան:
– Գուցե հարցս տրամաբանական չէ, բայց ուզում եմ տալՙ Ձեզ նման բազմազբաղ մարդը հանգստանալու ժամանակ գտնո՞ւմ է:
– Շատ քիչ ազատ ժամանակ եմ ունենում, աշխատանքային հինգ օրերին վեր եմ կենում առավոտյան ժամը վեցին, ժամը յոթին արդեն աշխատավայրում եմ լինում, վերադառնում եմ երեկոյան ժամը ութին, իննին: Շփումների համար ժամանակ չկա, շաբաթ եւ կիրակի օրերին է, որ կարողանում եմ հանգստանալ, զբաղվել ուրիշ գործերով:
– Եվ իհարկեՙ հետեւում եք հայրենիքում կատարվող իրադարձություններին: Երկու երկրների ապագան ինչպե՞ս եք պատկերացնում:
– Հանդիպումները, որոնք տեղի են ունենում, լրատվությունը եւ այն ամենը, ինչը լսում եմ հայաստանցի ընկերներիցս, պարզ խոսում են Ռուսաստանի ու Հայաստանի բարիդրացիական առնչությունների մասին: Երկու ղեկավարները հավաստիացնում են, որ փոխհարաբերություններն առաջիկայում ավելի լավ են լինելու, քան նույնիսկ նախկինում են եղել, որովհետեւ Ռուսաստանի համար եւս կարեւոր է, որ Հայաստանը կայուն վիճակում գտնվի, եւ իհարկե, այսօր Ռուսաստանը պետք է բոլոր հարցերում Հայաստանին աջակցի, այդ թվումՙ բժշկության զարգացման գործում: Մենքՙ ռուսաստանցի հայ գիտնականներս, պատրաստ ենք ամեն կերպ սատարել այդ նվիրական գործի իրականացմանը, իսկ ռուսաստանաբնակ հայ բժիշկներսՙ ոգեշնչված Հայրենիքում տեղի ունեցած բեկումնային իրադարձություններից, պատրաստ ենք առավելագույնը մատուցելու նոր Հայաստանին եւ բժշկելու մեր հայրենակիցներին: Այնպես որՙ սպասվում են նոր անակնկալներ:
Նկար 1. Ալլա Պուգաչովան իր սիրտը վստահում է միայն հայ անվանի բժշկին: