Համաշխարհային երկու պատերազմների ժամանակներում Թուրքիան դաշնակցում էր Գերմանիայի հետ: Առաջինում Օսմանյան Թուրքիան Գերմանիայի ռազմավարական դաշնակիցն էր, երկրորդումՙ լուռ գործակիցը, որ մետաղ էր հայթայթում գերմանական ռազմարդյունաբերությանը: Երկու պատերազմներում էլ Գերմանիան պարտվեց, բայց նրա դաշնակից Թուրքիան գոյատեւեց եւ խուսանավելով կարողացավ դառնալ գլխավոր դերակատարներից մեկը տարածաշրջանային քաղաքականության բնագավառում:
Սառը պատերազմը համաբույժ միջոց դարձավ Թուրքիայի համար, որը ՆԱՏՕ-ին անդամակցելով ստանձնեց մի կողմից ի կատար ածել այդ դաշնակցային կառույցի բոլոր կեղտոտ արարքները Մերձավոր Արեւելքում, մինչ մյուս կողմից կարգավորեց իր սեփական առաջխաղացումըՙ վերազինվելով, վերականգնելով իր տնտեսությունը եւ հարթելով պատմական հաշիվները իր հարեւանների հետ: Այսօր Թուրքիան իր զավթողական բանակներն ունի Կիպրոսում, շնորհիվ նախկին ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերի, ռազմաբազաներՙ Քաթարում եւ Ջիբութիում, ինչպես նաեւ ռազմական անցանկալի ներկայություն Իրաքում եւ Սիրիայում: Նա ակտիվ դերակատարություն ունի լիբիական հակամարտությունում, պաշտպանում է մահմեդական ծայրահեղականներին եւ անհանգստացնում այդ երկրի հարեւաններինՙ Եգիպտոսին եւ Ալժիրին, որոնք ի գին մեծ ջանքերի կարողանում են իրենց սահմաններից հեռու պահել այդ ծայրահեղականներին:
Որպես ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան նաեւ խորապես ներգրավված է Բալկանյան իրադարձությունների մեջ, որտեղ Արեւմուտքը մասնատեց նախկին Հարավսլավիանՙ ի պատասխան Սերբիայի ցեղասպանական գործողությունների եւ ստեղծեց իրեն հավատարիմ երկրների մի համաստեղություն Եվրոպայի կենտրոնում:
Թուրքիան կարողացավ հասնել այս ամենինՙ մնալով անպատիժ: Հունվարի վերջերին եվրոպական մի շարք երկրներում Հոլոքոսթի հիշատակման արարողություններ անցկացվեցին, որոնք լայնորեն հեռարձակվեցին լրատվամիջոցներով: Հետաքրքրական էր նկատել, որ հրեականի կողքին, համարյա բոլոր մյուս ցեղասպանությունները հիշատակվեցին, բացի Հայոց ցեղասպանությունից, իհարկե որպես հարգալի՜ց վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ, որը միջազգայնորեն հսկայական քաղաքական ուժ է ձեռք բերել:
Թուրքիայի արեւմտյան հակվածությունը անշուշտ պետք է մտահոգի Հայաստանին եւ հայերին, սակայն ոչ ավելի քան Թուրքիայի ներկայիս դեպի արեւելք շրջադարձը: Սառը պատերազմը գաղափարախոսական շերտավորում էր պարունակում իր մեջ եւ երկրների որոշակի խմբեր իրար դեմ էին դուրս եկել: Ներկայի հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում քաղաքականությունը այլ ուղղությամբ է զարգանում: Երկրներն այլեւս գաղափարախոսական պատճառներ չունեն իրար դեմ գնալու: Նրանք հակադրվում են, երբեմն նույնիսկ թուլացնում միմյանց դիրքերը, բայց շարունակում են համագործակցել ընդհանուր շահագրգռությունների պարագաներում:
Արդի պատմության ամբողջ ընթացքում, Թուրքիան Ռուսաստանի եւ Իրանի գլխավոր թշնամին է եղել: Բայց, այսօր նրանք համագործակցում են Սիրիական մարտադաշտում չխուսափելով ժամանակ առ ժամանակ ընդհարվելուց միմյանց հետՙ երբ շահերի բախում է տեղի ունենում: Սա անշուշտ դիվանագիտական ճանապարհով լուծելու հարց է, մի բան, որ Հայաստանը դեռ պետք է սովորի ու կիրառի:
Հայաստանը Արցախի հարցով խրված է Ադրբեջանի հետ մի հակամարտության մեջ, որը ղեկավարվում է Թուրքիայի կողմից: Պատմական բախտավորություն էր, որ Հայաստանը հաղթեց պատերազմում, բայց մենք դեռեւս ամբողջական առումով չենք կարողացել տոնել այդ հաղթանակը, որովհետեւ հակամարտությունը դարձել է Կովկասի շուրջ հյուսված քաղաքական սարդոստայնի բաղկացուցիչ մասը:
Չենք կարող բացառել, որ Թուրքիան անմիջականորեն կներգրավվի հակամարտությանը, եթե այն դարձյալ թեժանա, հաշվի առնելով հատկապես վերջին շրջանում ընթացող «մեղրամիսը» Մոսկվայի եւ Թուրքիայի միջեւ: Ներկայի իրադարձությունները ապացույց են այն բանի, թե որքան մոտիկ է թշնամին տեղակայվել: Խախտելով 1921 թվին ստորագրված Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հիմնական դրույթները, որոնք ոչ միայն ճշգրտում էին սահմանները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, այլեւ բազմաբնույթ պարտավորություններ դնում ստորագրողների վրա, Թուրքիան սկսել է իր ռազմաբազան կառուցել Նախիջեւանում:
Չնայած պայմանագրերի ստորագրման ժամանակ Մուսթաֆա Քեմալի Ազգային մեծ ժողովը դեռեւս միջազգայնորեն չէր ճանաչված որպես կառավարություն, թուրքերին հաջողվեց այնպիսի դրույթներ ներմուծել, որոնք քաղաքական եւ իրավական առումներով նպաստավոր չէին Հայաստանի համար: Թուրքիայի պնդումներով Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածը արգելում է Ադրբեջանին Նախիջեւանի մարզը զիջել մի երրորդ պետության (այսինքնՙ Հայաստանին) առանց պայմանագրի մյուս ստորագրողներիՙ Ռուսաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի համաձայնության:
Պայմանագիրը միաժամանակ ճանաչում է Աջարիան որպես Աջարական ինքնավար հանրապետություն Վրաստանի խնամակալության ներքո, հաշվի առնելով այնտեղ ապրող մահմեդական բնակչության շահերը: Նույն պատճառաբանությամբ Նախիջեւանի մարզը, որի բնակչության մեծամասնությունը հայեր էին, ինքնավար հանրապետություն էր հռչակված Ադրբեջանի խնամակալության ներքո, եւ երբ Ադրբեջանը 1991-ին անկախացավ, իրեն հայտարարեց հետնորդը նախկինում (Կարսի պայմանագրից առաջ) գոյություն ունեցող Ադրբեջանի հանրապետության (1918-20 թվերի), դրանով իսկ միակողմանիորեն իր սահմաններում ընդգրկելով նաեւ, ի խախտումն Կարսի պայմանագրի, Նախիջեւանի տարածքը:
Այժմ էլ Թուրքիան է իր հերթին խախտում այդ պայմանագիրը տիրանալով Նախիջեւանին եւ ռազմակայան տեղակայելով այնտեղ: Մեծ ջանքեր չեն պահանջվում կռահելու համար, թե հատկապես ո՞ւմ դեմ է գործելու այդ ռազմակայանը: Իհարկե Հայաստանի եւ Իրանի:
Ի դեպ, միայն Հայաստանն է հավատարիմ մնացել պայմանագրի սկզբունքներին, որոնք մատնանշում են Թուրքիայի հետ իր սահմանները: Ցյուրիխի 2009-ի չստորագրված Արձանագրությունները նպատակ էին հետապնդում վերականգնել կամ ամրագրել Կարսի պայմանագրի Թուրքիա-Հայաստան սահմանային հարցերին վերաբերող դրույթները:
Անշուշտ, քաղաքական տեսակետից ճիշտ քայլ է համարվելու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների համար, եթե Անկարան պնդի, որ Նախիջեւանի իր ռազմակայանը նպատակ ունի հակակշռելու Գյումրիում (Հայաստանում) տեղակայված ռուսական ռազմակայանին: ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշում է. «Իմ կարծիքով, վերջին տարիներին Նախիջեւանում դիտվող Թուրքիայի ռազմաքաղաքական աշխուժությունը հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդում: Այդ ամենը Թուրքիայի ազդեցության էական մեծացմանը նպատակաուղղված ընդհանուր ռազմավարության մաս է: …Նախիջեւանում ռազմակայանը կոչված է ժամանակի ընթացքում համալրելու արդեն ստեղծված Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմաքաղաքական առանցքը»:
Շարունակելով իր մեկնաբանությունը այդ զարգացումների հետեւանքում Հայաստանին սպառնացող վտանգների վերաբերյալՙ նա եզրակացնում է. «Վերը թվարկված հանգամանքների հետ միասին, դա սկզբունքորեն նոր իրավիճակի եւ համապատասխանաբար Հայաստանի անվտանգության համար նոր մարտահրավերների եւ սպառնալիքների առաջացման նախադրյալներ է ստեղծում: Նման հեռանկարն անտեսելը պարզապես անհնար է: Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը պետք է դրան պատրաստ լինեն, առաջին հերթին հետեւողականորեն բարձրացնելով զինված ուժերի մարտունակության մակարդակը»:
Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Ռուսաստանի արտգործնախարարը հակամարտության կողմերի կառավարություններին կոչ են անում իրենց հասարակություններին նախապատրաստել խաղաղությանը, մենք ականատես ենք լինում տագնապալի մի իրադրության առաջացմանը: Կա՛մ կարգավորման վերահսկողությունը ստանձնած խումբը կեղծ հույսեր է ներշնչում, կա՛մ էլ խաղաղությունը պարտադրվելու է չափազանց բարձր գնով: Կարո՞ղ է Հայաստանը իր սեփական զինված ուժերով դիմակայել այս մարտահրավերը, թե՞ ստիպված է լինելու ռուսական ռազմակայանի օգնությանը դիմել գոյապահպանական այս սպառնալիքի առաջքն առնելու համար:
Համենայնդեպս, ներկայիս բավական ակնհայտ հակառուսական զգացմունքների դրսեւորումներ են նկատվում Հայաստանում: Դժբախտաբար, կան նաեւ ռուս զինվորների կողմից գործված հանցագործություններ, որոնք պատճառ են դառնում նման վատաբանությունների: Դեկտեմբերին մի կին էր սպանվել ռուս զինվորի կողմից Գյումրիում: Մի երկու տարի առաջ մի ամբողջ ընտանիք (ներառյալ մի երեխա) էր կոտորվել մեկ այլ ռուս զինվորի կողմից: Այս ցավալի միջադեպերը քաղաքականացվում են եւ օգտագործվում որպես կոչ չեղյալ համարելու ռազմակայանի վերաբերյալ ռուս-հայկական պայմանագիրը: Նման միջադեպեր կատարվում են նաեւ Գերմանիայում, Թուրքիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Ֆիլիպիններում եւ այլուր տեղակայված ամերիկյան ռազմակայանների շուրջը կամ մոտակայքում: Բայց կողմերից ոչ մեկ հարցականի տակ չի դնում այդ ռազմակայանների գոյությունը կամ նշանակությունը տվյալ երկրի անվտանգությունն ապահովելու գործում:
Զանգվածային լրատվամիջոցների այս արշավը, զուգակցվելով նոր կառավարության որոշ գործողությունների հետ, անվստահություն են առաջացնում Կրեմլի մարտավարությունը մշակողների շրջանում:
Ռուսական «Նեզավիսիմայա գազետայում» մեկնաբան Յուրի Սիմոնյանն , օրինակ, գրում է, որ Կրեմլը նոր իշխանություններից պահանջում է հավատարմության ապացույցներ, որպեսզի շարունակի զարգացնել իր ռազմավարական դաշնակցությունը Հայաստանի հետ: Մեջբերելով «լավատեղյակ աղբյուրներ», Սիմոնյանը նշում է, որ Հայաստանի նոր կառավարության նկատմամբ Ռուսաստանի վստահությունը դեռեւս գտնվում է «խախուտ վիճակում», ըստ Հայաստանում գործող ռուսական ընկերություններից ստացված տվյալների: Անշուշտ, Կրեմլի համար ընդունելի չէին Չինաստանի եւ Շվեդիայի հետ առեւտրական եւ ռազմական կապեր հաստատելու Հայաստանի փորձերը: Ընդունելի չէր նաեւ վարչապետ Փաշինյանի պատասխանը Ջոն Բոլտոնին, որ Հայաստանը կմտածի Ամերիկայից զինամթերք գնելու տարբերակի մասին:
Փաշինյանը վերջերս դարձյալ Մոսկվայում էրՙ ստանձնելու ԵԱՏՄ-ի նախագահությունը: Իր բացման խոսքում նա խոստովանեց, որ ժամանակին ինքն էլ էր դեմ Հայաստանում ռուսական ռազմակայանի գոյությանը, բայց այժմ հավատացած է, որ այն վճռորոշ դեր ունի երկրի անվտանգությունը ապահովելու գործում: Այս հավաստիացումը բավարար չհամարվեց Կրեմլի դռները Փաշինյանի առաջ բացելու համար: Նախագահ Պուտինի գրասենյակից հաղորդեցին, որ զբաղված լինելու պատճառով նախագահը չի ընդունելու Հայաստանի վարչապետին: Փաշինյանին ընդունեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Տարածաշրջանում աշխարհաքաղաքական կացությունը հասկանալու պակասը զգացվում է ոչ միայն լրատվամիջոցների մեկնաբանների, այլեւ Հայաստանի խորհրդարանի որոշ երիտասարդ պատգամավորների շրջանում, որոնք պնդում են, որ ռուսական ռազմակայանը վարկաբեկում է Հայաստանի ինքնիշխանությունը:
Քաղաքական պարզամտությունը, կամ տհասությունը նորություն չէ Հայաստանում: 1921-ին երբ փետրվարյան ապստամբությունը սկսվեց բոլշեւիկյան (խորհրդային) իշխանության դեմ, անկախ Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը Թուրքիայի կառավարությանը դիմեց, որ իր կուսակցությունը մնա իշխանության ղեկին: Եվ դա տեղի ունեցավ, երբ թուրքական կառավարությունը դեռ նոր էր ավարտել Հայոց ցեղասպանությունը:
Հունվարի 22-ին «Stratfor-ում» հրատարակված «Ի՞նչ է նշանակում սառնությունը ռուս-հայկական հարաբերություններում» վերնագրով վերլուծական հոդվածում արտահայտված գլխավոր միտքը հետեւյալն է. «Եթե ռուս-հայկական հարաբերությունները շարունակեն մնալ վիճահարույց, այլ ուժեր, ներառյալ Մ. Նահանգները, Իրանը եւ Թուրքիան, կարող են մուտք գործել կովկասյան այդ երկիրը եւ թուլացնել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում: Սա էլ իր հերթին կստիպի Ռուսաստանին է՛լ ավելի սերտացնել իր հարաբերությունները Հայաստանի խոշորագույն «պատիժներից» մեկը հանդիսացող Ադրբեջանի հետ, որով եւ ավելի կմեծացնի անկայունությունը տարածաշրջանում»:
Թավշյա հեղափոխության առաջնորդ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ իր շարժման միակ եւ գլխավոր նպատակը նախկին կոռումպացված իշխանությունների տապալումն էր, եւ որ արտաքին քաղաքականության հարցեր չեն եղել օրակարգում: Այժմ, կարծես դեպի մի այլ կողմ որոշակի թեքվածություն է նկատվում այդ շարժման գործունեության մեջ, որը կարող է վտանգի ենթարկել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը:
Քաղաքական վերլուծաբանները զարմացած էին, երբ Ռուսաստանը Վրաստանի կառավարության խնդրանքով երկրի տարածքից դուրս բերեց իր ռազմակայանը, նախքան պայմանագրի ժամկետի ավարտը: Նույնը կատարվեց Ադրբեջանում Ռուսաստանի գաղտնալսման կետերի հետ: Տեղացի քաղաքագետները հավատացած էին, որ ռազմական այդ սարքերը անհրաժեշտ էին ռուսական զորքերին նախանշելու համար իրենց դիրքերը Մերձավոր Արեւելքում, բայց հետագայում պարզվեց, որ Ռուսաստանը դրանք տեղակայել էր, որպեսզի անհրաժեշտության դեպքում Կասպից ծովից որոշակի թիրախներ կարողանար խփել Սիրիայում:
Այնպես որ, անխոհեմություն կլինի հայաստանցի վերլուծաբանների եւ քաղաքագետների կողմից համարել, որ ռուսական ռազմակայանը միայն Ռուսաստանի շահերն է պաշտպանում: Այն նաեւ Հայաստանի՛ շահերն է պաշտպանում:
Պարզ է, որ որոշակի փոթորկալի ամպեր են կուտակվում Կովկասի երկնակամարում: Ռուս-թուրքական հարաբերությունները համարյա թե վերադարձել են Լենինի եւ Մուսթաֆա Քեմալի (Աթաթուրքի) ժամանակները: Հայաստանը կարող է գործել միայն իր տարածքում տեղի ունեցող առկա փաստերի հիման վրա: Ինքնիշխանության վերաբերյալ հարցերը սոսկ արհեստական, հորինված փաստարկներ են: Նույնը կարելի է ասել նաեւ ռուսական հսկայի դեմ գնալու Հայաստանի կարողության մասին:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (Arm. Mirror-Spectator)