Շատ բուռն եղավ հասարակության հակազդեցությունը պետական սեկտորի որոշ խմբերի աշխատակիցներին եւ հատկապես միջին ու բարձրաստիճան չինովնիկներին տրվածՙ այսպես կոչված ինքնաբուխ պարգեւավճարներին: Եվ դա անբնական չէր: Ողջ աշխարհում եւ հատկապես զարգացած երկրներում պետական ու հանրային սեկտորներում աշխատողների վարձատրությունն ու եկամուտները հասարակության սեւեռուն ուշադրության առարկա են, իսկ որոշ պետություններում, ինչպես Մեծ Բրիտանիան, պետական պաշտոնյաների աշխատավարձի չափը, նույնիսկ վարչապետինը, խնամքով հեռու է պահվում լրագրողների բուռն հետապնդումներից: Թերեւս բացառություն է նախորդ վարչապետ Դեյվիդ Կամերոնի աշխատավարձի չափըՙ 142500 ֆունտ ստերլինգ, որից ընդամենը 81350-ն էր նա, ինչպես ասում են, տուն տանումՙ հարկերն ու տուրքերը վճարելուց հետո: Մյուս կողմից, մինչեւ օրս եվրոպացի լրագրողներին չի հաջողվել պարզել, օրինակ, թե վարձատրության ինչ սանդղակ է գործում Եվրոմիության 47 հազար աշխատակիցների համար:
Վերադառնալով մեր իրականությանը, դժվար չէ մեր բարձրաստիճան չինովնիկների, անգամ նախագահի կամ վարչապետի աշխատավարձի չափն իմանալը: Դրանք որոշվում են նվազագույն աշխատավարձի սանդղակային համեմատությամբՙ 10 կամ 20 անգամ ավելի: Բոլոր պարագաներումՙ խղճալի գումար, հատկապես եթե նկատի ունենանք մեր երկրում սննդի, ծառայությունների, կոմունալ ծախսերի ահռելի թանկությունը: Առավելՙ հայաստանյան արմատացած սովորություններն ու մտայնությունը, որոնք ստիպում են, ասենքՙ 550 հազար «մաքուր» աշխատավարձ ստացող նախարարին վարել համապատասխան ապրելակերպ, կարգին հագնվել, հյուրասիրություններ սարքել եւ… վարորդ պահել: (Գիտեմ գերատեսչություններից մեկի վարչության պետի, որ կամովին հրաժարվեց իրեն հասանելի հաստիքային վարորդից, ասելով, որ ինքը չի ցանկանում մի երկրորդ ընտանիք եւս պահել):
Ի՞նչպես են մեր երկրի նախորդ իշխանությունները, ներառյալ սովետական շրջանում, այնուհետեւՙ իրարահաջորդ երեք նախագահների օրոք «լուծել» պետական աշխատողների վարձատրության խնդիրը: Այս մասին, դեռեւս արտահերթ ընտրություններից եւ նոր կառավարության կազմումից առաջ, գրել, ավելի շուտՙ հիշեցրել եմ «Ինչպես են ապրելու մեր չինովնիկները» վերնագրով հոդվածում (տեսՙ «Ազգ», 30.11.18 թ.): Շռայլ արտոնություններ, սպեցխանութներ, հանգստյան տներ, արտասահմանյան ուղեւորություններ, իսկ անկախությունից հետոՙ սեփականաշնորհման անվան տակ պետական գույքի անխնա կողոպուտ, բիզնես անելու արտոնյալ, բայց ոչ օրինական պայմանների տրամադրում, «ծրարային» վարձատրություններ, եւլն: Ահա այսպես էին Հայաստանում անկախությունից հետո լուծվում չինովնիկների բարեկեցությանՙ այսինքն փաստորեն կոռումպացման խնդիրը:
Իսկ նոր իշխանությունները, Հայաստանը հայտարարելով կաշառազերծ երկիր, դեռեւս շոշափելի եւ հասարակության համար զգալի արդյունքների չհասածՙ ստիպված եղան յուրովի լուծել պաշտոնյաների վարձատրության խնդիրըՙ պարգեւավճարների միջոցով, որը, ինչպես ասվեց վերեւում, նույն հասարակության դժգոհությանը արժանացավ իրավացիորեն: Մարդիկ սկսեցին հարց տալՙ ազգաբնակչությունը համբերատար սպասում է դրական արդյունքների, մինչդեռ դուք նույն համբերատարությունը չեք ցուցաբերում եւ առաջին իսկ առիթով ինքնավարձատրվում եք: Որոշ չափով զսպելու համար դժգոհության ալիքը, վարչապետը ստիպված եղավ 30 տոկոսով կրճատել հավելավճարների գումարը, ինչը, խոստովանենք, չի լուծում խնդիրը: Խնդիրՙ որը Հայաստանի որեւէ իշխանություն ստիպված է լուծել առաջին հերթին, հիմնավորապես: Դրա համար միջազգային փորձը կարող է մեզ տարբերակներ առաջարկել
Առաջինՙ պետական սեկտորի աշխատողների վարձատրությունը, վերեւից ներքեւ ու ներքեւից վերեւ, պետք է համարժեք լինեն մեկ կողմից երկրի ՀՆԱ-ին, իսկ մյուս կողմիցՙ գործազրկության ցուցանիշներին: Եվ սա հիմնականն է արդար երկիր կառուցելու տեսլականի իմաստով նաեւ:
Երկրորդՙ եվրոպական որոշ երկրներում պետական եւ հանրային ծառայողների համար հաջողությամբ կիրառվում է հարկային պարտավորությունների առավել փափուկ սանդղակ, ինչպես նաեւ առողջության, բուժման, հանգստի, աշխատողների երեխաներին տրվող նպաստի, կրթաթոշակի, նաեւՙ բնակարան գնելու համար արտոնյալ վարկերի համալիր դրություն, որը, ի դեպ, արդեն իսկ հաջողությամբ կիրառվում է ՀՀ կենտրոնական բանկում, ելնելով այն մտահոգությունից, որ մասնագետների հոսունություն տեղի չունենա դեպի մասնավոր սեկտորի անհամեմատ բարձր վարձատրվող հիմնարկներ:
Երրորդՙ դոնոր երկրների հավանությամբ ու մասնակցությամբ կարելի է ստեղծել միջազգային ֆոնդ, որը բացառապես պետք է ծառայի մեր պետական ու հանրային պաշտոնեության գոհացուցիչ աշխատավարձը հայթայթելու նպատակին, հնարավորինս սեղմ ժամկետներում վարչական բարեփոխումներն ու տնտեսական առաջխաղացումը ապահովելու պայմանով:
Այլ խոսքովՙ նոր իշխանությունները կիսատ-պռատ եւ ոչ տեւական լուծումների փոխարեն պետք է ի գործ դնեն համալիր ծրագիր, գործիքակազմ ու մեխանիզմՙ մեր երկրի հետագա զարգացման համար: Այլապեսՙ վարչապետի ոչ մի հոխորտանք կամ սպառնալիք չի փրկի մեզ կոռուպցիայից: