ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա
Ի թիվս հայաստանյան այլ հրատարակչությունների, Մայնի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տաղավարին անցած տարի մասնակցում էր նաեւ ԵՊՀ-նՙ ներկայանալով իր փոքրիկ առանձին տաղավարով: Երեւանի պետական համալսարանի հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ մեր զրույցըՙ ստորեւ:
– Կարեն, գո՞հ եք այս տարվա Ձեր մասնակցությունից:
– Իհարկե: Շատ հետաքրքրական էր այս միջավայրում ներկայացնել քո արածը: Լուրջ գործնական սեմինարներ անցկացրեցինՙ գրքի ձեւավորման, հեղինակային իրավունքի վերաբերյալ, որը մեզ շատ անհրաժեշտ էր: Ֆրանկֆուրտի տոնավաճառի տարբեր հարթակներում մեր մասին տեղեկատվություն տարածվեց, նաեւ իրենց կայքում կատալոգ էր ստեղծված: Սա հարթակ է, որտեղ ներկայացվում է նաեւ համալսարանը: 90- ական թվականներից սկսած ԵՊՀ հրատարակչությունը մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի ամենամյա տոնավաճառին 1- 2 անգամ, իսկ համակարգվածՙ 2014 թվականից: Սա այն հարթակն է, որտեղ ներկայանում են տպագրիչից մինչեւ հրատարակիչ, գրքի հետ կապ ունեցող մարդիկ. առիթ է ստեղծվում շփվելու աշխարհի հրատարակիչների, ընթերցողների հետ: Շատ է խոսվում, թե գրքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, վերաբերմունքը փոխվել է, էլեկտրոնային գրականություն են ընթերցում: Աշխարհի ամենամեծ գրքի տոնավաճառ գալով հասկանում ես, որ ոչ միայն չի նվազել, այլեւ ընդհակառակըՙ զարգացման նոր միտումներ են ի հայտ եկել, ժամանակակից բոլոր տեխնոլոգիաները, բոլոր գործիքները կիրառելով: Ամեն տարի ներկայացնում ենք մեր հրատարակած գրականությունը, դրանք հիմնականում հասարակագիտական կամ հումանիտար ոլորտի են լինում:
Ներկայացրել ենք վերջին 2 տարիների հրատարակած գրականության մի մասը, տարեկան մոտ 100 անուն գիրք է հրատարակվում, եւ ցավոք սրտի, այդքանը բերել չէինք կարող, բայց այն գրքերը, որ օտար լեզվով են կամ հայերեն են եւ կարեւոր նշանակություն ունեն, դրանք ենք ընտրել, հիմնականումՙ Ցեղասպանության վերաբերյալ հրատարակությունները, թե՛ գեղարվեստական, թե՛ փաստագրական, նաեւ Ցեղասպանության ատլասը, որ բացառիկ է իր տեսակով, ներկայացված են նաեւ օտարազգի գրողների աշխատանքները Ցեղասպանության մասին, հայոց պատմության վերաբերյալ գրքեր ունենք, հայ գրականության վերաբերյալ գրականություն:
– Դիմե՞լ եք որեւէ ավիափոխադրողի, որ գրքերը տոնավաճառ հասցնելու համար զեղչեր սահմանեն: Փորձ արե՞լ եք դիմել Բեռլինում ՀՀ կամ Երեւանում ԳԴՀ դեսպանություններինՙ միջնորդելու ավիաընկերություններին:
– Որքան տեղյակ եմ, նման բան երբեք չի եղել: Միշտ հրատարակիչները սեփական միջոցներով են բերել: Եթե ավել է եղել, ապա վճարվել է: Չեմ կարծում, թե ավիափոխադրողների համար տարբերություն կլինիՙ գիրք ես տեղափոխում, թե՞ այլ ապրանք, բայց կարծում եմ հնարավոր է այնպես անել, որ գոնե ԱԳՆ միջամտի: Նախորդ տարիներին միջոցառման կազմակերպիչ մշակույթի նախարարությունը միշտ ներկայացրել է, թե կարող է փոխհատուցել միայն տաղավարի վարձակալության ծախսերըՙ հարթակ տրամադրելով հրատարակիչներին: Ի տարբերություն մեր հարեւան Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի (վերջին 2 երկրների պարագայում հազարավոր հրատարակիչներ են գալիս), Հայաստանից ներկայանում է 2- 3 հրատարակիչ, հիմնականումՙ նույն մարդիկ, գոնե որոշ աջակցություն պիտի լինի նրանց հանդեպՙ սկսած պրիմիտիվ կենցաղային հարցերիցՙ օդանավակայանում դիմավորելու, ուղեբեռը տեղափոխելու… դեսպանությունն իր ներկայությունը պիտի ցույց տաՙ թեկուզ հայ համայնքին կազմակերպելու, տոնավաճառ բերելու հարցում: Համայնքի կողմից հետաքրքրության պասիվություն կա, որ շատ զարմանալի է: Երբ զրուցում ես մեր հայրենակիցների հետ, նկատում ես, որ կան օբյեկտիվ պատճառներ էլՙ մի մասը հնարավորություն չունի, բայց… ճշտեցի, որ Մայնի Ֆրանկֆուրտում կամ Հեսսեն երկրամասում մինչեւ 10 հազար հայ կա, իսկ տոնավաճառ գալիս է 10- 15 հոգի: Ամեն տարի նույն մարդիկ, որոնց դեմքով, անունով ճանաչում ենք, նրանց գիրք ենք նվիրում: Կարծում եմ կազմակերպչական լուրջ աշխատանք պիտի տարվի, մանավանդ երբ տեսնում ենք այլ երկրների համայնքներն ինչպես են այստեղ միջոցառումներ կազմակերպում:
– Մտավորական լինելու հանգամանքով է պայմանավորված նաեւ, ինձ երբեմն թվում է, թե հայ ժողովուրդը մոռացել է գիրք կարդալու ավանդույթը, այն կարեւորելը, շատերը չեն կարդում, եւ դա նկատելի է:
– Կարծում եմ սա այն բացառիկ միջոցառումներից է, երբ հայկական ներկայությունը Գերմանիայի կարեւորագույն կենտրոնում, աշխարհի կարեւորագույն միջոցառումներից մեկի ժամանակ ամեն տարի ապահովվում է: Դեսպանատունը լուրջ անելիք ունի այստեղ, աջակցություն ցույց տալու առիթ կա: Վերջին 5 տարվա ընթացքում դեսպանը 2015- ին է այցելելՙ ցեղասպանության 100- ամյակի կապակցությամբ միջոցառումների ժամանակ: Նրա ներկայությունը որոշակի բան կնշանակի թե՛ մեզ համար, թե՛ հարեւան տաղավարների ներկայացուցիչների համար: Հայաստանից նույնպես պաշտոնական ներկայացվածություն կարող է լինել: Մշակույթի նախարարությունը հանդիսանում է կազմակերպիչը այս միջոցառման, սա շարքային միջոցառում չէ ՀՀ սահմաններից դուրս, լուրջ միջոցառում է, եւ կարելի է գոնե ապահովել նախարարի, փոխնախարարի կամ մեր գրողների մասնակցությունը:
– Ձեր ղեկավարած հրատարակչությունը ակադեմիական լինելով կարողանու՞մ է շահույթ ապահովել:
– Գումարային առումով իհարկեՙ ոչ: Այստեղ տեսնում ես, թե աշխարհում ակադեմիական կամ բուհական դասագրքերի առումով ինչ է հրատարակվում: Շատ ծրագրեր կան, որ առաջարկում են օտար լեզվով թարգմանել հայկական ոչ միայն գեղարվեստական, այլեւ գիտական գրականությունը, բայց դրա համար անհրաժեշտ են թարգմանիչներ եւ հիմնադրամներ: Սովորաբար բոլոր երկրներում պետության հովանավորության տիրույթում նման հիմնադրամներ կան: Օրինակ, եթե խոսքը ակադեմիական գրականությանն է վերաբերում, ապա կրթության նախարարության տիրույթում է, եթեՙ գեղարվեստական գրականության, ապաՙ մշակույթի, նայած որ երկրում ինչպես է կոչվում նախարարությունը: Հայաստանի պարագայում նման բան գոյություն չունի: Անցյալ տարի մշակույթի նախարարության շրջանակներում թարգմանական գրականությունը խրախուսող մի հիմնադրամ ստեղծվեց, որ վերաբերում է միայն ժամանակակից գրականությանը: Ակադեմիական գրականության համար նման հիմնադրամներ չկան, բայց պետք է լինեն, քանի որ համալսարանները միշտ չէ, որ միջոցներ են ունենում իրենց գրքերը գոնե անգլերեն թարգմանելու: Պետք է այնպես անենք, որ նման հիմնադրամներ ստեղծվեն:
– Համալսարանն ունի տարբեր լեզուների ֆակուլտետներ, արդյոք ճիշտ չէ՞ լավ առաջադիմություն ունեցող ուսանողներին հենց սկզբից ներգրավել, գիտական նյութ թարգմանելու կարեւորությամբ ոգեւորել, արտոնություններ սահմանելՙ օրինակ կրթաթոշակ տրամադրելով կամՙ օտար լեզվի մեջ հմտանալու համար տվյալ երկրում նրան մի քանի ամսով ուսումնառության ուղարկելով:
– Դա է ճիշտ ճանապարհը: Ուսանողին նախ պիտի բացատրել, որ սովորելով իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն, արաբերեն, գործ կունենա, ոչ միայն տուրիզմի ոլորտումՙ գիդ աշխատելով, այլ տարբեր գիտական ծրագրեր կյանքի կոչելով: Հրատարակչությունն իրավասու չէ Ձեր ակնարկած գործառույթներն իրականացնելու, կարող ենք մեր կարծիքն ու առաջարկը ներկայացնել համալսարանի ղեկավարությանը, որ կարծում եմ ականջալուր պիտի լինի, քանի որ այլ տարբերակ չունենք: Բոլորս գիտենքՙ աշխատող թարգմանչին չենք կարող համարժեք վճարել, իսկ երբ ուսանող է, հնարավոր է նրան կցել որեւէ գիտական ղեկավար կամ խմբագիր եւ ինչ- ինչ խրախուսանքներով նրան մղել մասնագիտանալու տվյալ բնագավառում:
– Կա՞ համագործակցություն գիտական գրականություն հրատարակող այլ հաստատությունների միջեւՙ ասենք ԳԱ հրատարակչության, Մխիթարյան միաբանության, Գյուլբեկյան հիմնադրամի:
– Երեւանում գործող հրատարակիչների միջեւ չկա, որովհետեւ մի մասն ընդհանրապես չի աշխատում, մյուս մասի գործունեությունը հայտնի չէ նույնիսկ Երեւանում: Բայց համագործակցություն կա Մայր աթոռի հրատարակչատան հետ, նույնիսկ մտածում ենք որոշ հրատարակություններ համատեղ իրականացնել: Համագործակցության կա Վիեննայի Մխիթարյան, ծանոթությունՙ Վենետիկի միաբանության հետ, բայց գործնական համագործակցություն չկա: Եթե Մխիթարյանների մասին ենք խոսում, լեզվի խնդիր կա, նրանք արեւելահայերենի, ուղղագրության հետ կապված խնդիրներ ունեն: Գյուլբենկյան հիմնադրամն աջակցում էր, հիմա էլ, բայց մի փոքր փոխվեց նրանց ուղղությունը: Առաջ ավելի խրախուսում էին հայագիտական, գիտական գրականությանը, մատենագիտականին, հիմաՙ ավելի ժամանակակից թեմայով, այսօրվա երիտասարդ ընթերցողին հետաքրքրող թեմայով հրատարակություններին:
– Ղարաբաղյան թեմային անդրադառնանք: Մեր երկու տաղավարներում էլ չտեսա այդ թեմայով որեւէ գիրք: Անգլերեն, գերմաներեն էի փնտրում, չգտա նաեւ հայերենը: Տեղեկատվական թերթիկ էլ չկա: Մի անգամ Ղարաբաղը թեեւ փոքր, բայց առանձին տաղավարով է ներկայացել այս հարթակում: Հիմա ոչինչ չկա: Ադրբեջանի տաղավարում մի գրադարակ Ղարաբաղին է նվիրված: Ինչո՞ւ հայկական տաղավարում Ղարաբաղի մասին որեւէ գիրք չկա, այդ թեմայով օտար լեզուներով գրականություն տպագրո՞ւմ եք:
– Ձեր հարցը երկու մասի պիտի բաժանել: Ցավոք սրտի, օտար լեզվով Ղարաբաղի մասին գրականության պակաս այսօր շատ կա, դա ակնհայտ է: Գրականության մեծ մասը ստեղծվում է համալսարանի հրատարակչությունում կամ համալսարանականների միջոցով, գրեթե ամբողջ գրականությանը մենք ծանոթ ենք լինում, բայց հիմնականում, ցավոք, հրատարակվում է հայերեն, այլ լեզուներով չկա: Ամեն տարի Ղարաբաղի մասին գիրք ներկայացնում էիՙ թե՛ հայերեն, թե՛ անգլերեն, թե՛ ռուսերեն, այս տարի չբերեցինք, քանի որ գիրք էինք բերել, որ ներկայացնում էր Ղարաբաղի ողջ պատմությունը: Մյուս հարցն այն է, որ միգուցե մեր պաշտոնական մարմինները մի փոքր խուսափում են տեղեկատվական գրոհից այստեղ: Ամեն տարի միջադեպեր են լինում. ադրբեջանական տաղավարից գալիս են գրքեր են վերցնում, քարտեզ են պատռում: Կա՛մ պետք է տեղեկատվական պատերազմ մղել հստակ ու համակարգված, կա՛մ պետք է խուսափել: Եթե այս տարի որեւէ գիրք ներկայացված չէ, նշանակում է խուսափել են: Թուրքիայի տաղավարում տեսնում ենք բազմաթիվ հրատարակություններ, որ ներկայացնում են Արեւմտյան Հայաստանի պատմամշակութային մեր ժառանգությունըՙ որեւէ կերպ այն չկապելով հայկականության հետ: Ադրբեջանի տաղավարում ոչ միայն բազմաթիվ գրքեր, այլեւ ամսագրեր կան, նաեւՙ գիտական, որ ներկայացնում են Ղարաբաղի թեման, Արցախը, բնականաբարՙ որպես ադրբեջանական տարածք: Հակամարտությունը ներկայացնում են իրենց տեսանկյունիցՙ անգլերենով, գերմաներենով: Իսկ մենք այդ մասին, ցավոք, շատ քիչ գրականություն ունենք: Շատ անելիք կա: Ամեն ինչ թողնել հրատարակիչների վրա, կարծում եմ սխալ է:
– Ո՞րն է Ձեր առաջնահերթ պահանջը, ակնկալիքը, որ պիտի բավարարվի, մինչեւ հաջորդ տարվա տոնավաճառին մասնակցելը:
– Ակնկալիքն այն է, որ այստեղ ձեռք բերված համագործակցության պայմանավորվածությունները, թե՛ գերմանացի, թե՛ Լատինական Ամերիկայի համալսարանական հրատարակիչների ասոցիացիայի հետ, իրականություն դառնան: Վերջին հաստատությունը մեծ ցանկություն ունի իսպաներեն թարգմանել հայ գրականություն, միայն գեղարվեստական չէ, նաեւՙ գիտական: Հրատարակիչների իտալական ասոցիացիան նույնպես մեծ ցանկություն հայտնեց համագործակցելուՙ հայերենից իտալերեն, իտալերենից հայերեն, նաեւՙ լատիներենից հայերեն գրականության ստեղծման համար: Նրանց ծրագրերի մեջ է մտնում լատիներենից տարբեր լեզուներով թարգմանություններ խրախուսելը, որ լեզուն չսահմանափակվի միայն բժշկագիտական եզրաբանության կրող լինելով, այլ գիտության կենդանի լեզու լինի: Կցանկանայի, որ Հայաստանում կարողանայինք իրագործել այդ ծրագրերը, գտնել հիմնադրամներ, աջակիցներ, որ կհասկանան գործի կարեւորությունը, եւ հաջորդ տարի հնարավորություն ունենանք ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ արդյունքները ներկայացնել:
Նկար 1. Լուսանկարը` Կարեն Գրիգորյանի ՖԲ էջից