Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm.Mirror-Spectator)
Մի շարք գրքերի եւ մասնավորապես թուրքերենի ստուգաբանական բառարանի հեղինակ, լեզվաբան Սեւան Նշանյանը, որ 2017-ի հուլիսից ապրում է հունական Սամոս կղզում որպես աքսորյալ, լույս է ընծայել իր թուրքերեն նոր գիրքը «Հալիմն ու Սելիմը» վերնագրով: Թուրքիայի նախագահ Էրդողանի երբեմնի կողմնակից Նշանյանը 2014-ին 17 տարվա բանտարկության էր ենթարկվել 9 տարբեր հանցագործությունների կետերով, որոնցից մեկը Մոհամմեդ մարգարեին վիրավորելու համար էր: Երեք տարի անց թվիթերյան իր էջում նա հայտարարել էր, որ բանտից փախչելով հանգրվանել է Հունաստանում, որտեղ նրան քաղաքական ապաստան են տվել: Թուրքիայում նա վիճահարույց անձնավորություն էր դարձել «The Wrong Republic» (Սխալ հանրապետությունը) հատորը հրատարակելուց հետո, որտեղ նա քննարկում է Թուրքիայի հանրապետության եւ նրա հիմնադիր Աթաթուրքի հետ կապված խնդիրներն ու տաբուները: Նա խիստ քննադատության ենթարկվեց աշխարհիկների կողմից: Նոր գիրքը կարծես շարունակում է իր կեցվածքը Թուրքիայի նկատմամբ, բայց ավելի շատ քննարկում է հավատի եւ դատողության խնդիրներն ու կրոնի բարոյական հիմքերը, եւ դրանով կարող է վրդովմունքն առաջացնել այս անգամ մոլեռանդ թուրքերի եւ ոչ թե աշխարհիկների:
Գրքի հրատարակման առթիվ Սեւան Նշանյանի հետ հարցազրույց է անցկացրել Կիպրոսում մեկ տարի առաջ գրանցված «Ահվալ» անկախ լրատվամիջոցի լրագրողուհի Էյլեմ Յըլմազը: Թարգմանաբար ներկայացնում ենք հատվածներ այդ հարցազրույցից:
– Թուրքերեն լեզվի Ձեր ստուգաբանական բառարանը վերահրատարակվել է: Սոցցանցերում այն որոշ մարդկանց կողմից քննադատության է ենթարկվել այն պատճառաբանությամբ, թե հայ է այդ բառարանը գրողը: Դուք զարմացա՞ծ եք նման բացասական վերաբերմունքի արժանանալու համար:
– Տարիներ շարունակ շատեր են օգտվել Նշանյան բառարանից եւ գնահատել այն: Նրանք նաեւ գնահատում են բառարանի նոր, վերամշակված տարբերակը: Դժբախտաբար կան նաեւ տգետ եւ կողմնապահ մարդիկ, որոնց դուր չի գալիս այս ամենը:
– Թուրքերենի առաջին ստուգաբանական բառարանը գրել է հայազգի Պետրոս Քերեսթեճյանը, նրան հետեւել է մեկ ուրիշ հայՙ Հակոբ Դիլաչարը, որ հրատարակել է թուրքերենի բառարան, եւ հիմա Դուք: Ինչո՞վ է պայմանավորված հայերի այս հետաքրքրասիրությունը թուրքերենի նկատմամբ:
– Տասնիներորդ դարի սկզբից շատ հայեր են զբաղվել թուրքերենի բառարանագրությամբ, եւ դա հասկանալի է, որովհետեւ Անատոլիայում հայերն օգտագործել են հիմնականում թուրքերեն լեզուն: Հայկական գրական գործեր կան, որոնք գրվել են թուրքերենով: Այնպես որ, բնական է, որ հայերը հետաքրքրություն են ցուցաբերել թուրքերենի նկատմամբ: Կա նաեւ մեկ այլ հանգամանք: Հայերը շատ ավելի օբյեկտիվ, անաչառ կարող են լինել իրենց ուսումանասիրությունների մեջ, զերծ նեղ, ազգային նախապաշարումներից:
– Իսկ դա ի՞նչ է ասում հայ եւ թուրք մտավորականության մասին:
– Դժբախտաբար, մշակութային կյանքը Թուրքիայում քաղաքական եւ գաղափարական նախապաշարմունքների պատանդն է դարձել: Անշուշտ կան անկողմնակալ մտածողության տեր մարդիկ, բայց նրանք շատ քիչ են: Ես ինձ երբեք միայն հայ չեմ համարել: Կյանքիս մեծ մասը Թուրքիայում եմ անցկացրել, հաղորդակցվել եմ թուրքերի հետ, թուրքական միջավայրում եմ մեծացել:
– Ձեր նոր գիրքը քննարկում է տաբու թեմաներ Թուրքիայում, ինչպես կրոնը, աստվածները, հավատը: Ի՞նչ է Ձեր կարծիքը Թուրքիայում կրոնի եւ աշխարհիկության մասին:
– Գրքումս փորձել եմ խաղաղ եւ բանական հարթակ ստեղծել այդ թեմաների շուրջ քննարկումներ ծավալելու համար, հաշվի առնելով նրա տրամաբանական, մշակութային, սոցիալական եւ մետաֆիզիկական բաղադրիչները: Երկու կողմերն էլ, աշխարհիկներն ու կրոնապաշտները, հակված են գոռալով ձայնազրկել մյուս կողմին: Ես աշխարհիկ չեմ, թուրքական ավանդական հասկացությամբ: Ոչ էլ կրոնապաշտ: Այդ պատճառով էլ փորձել եմ հեռու մնալ ծայրահեղ բեւեռայնացումից եւ անաչառ լինել: Դրանով ցանկացել եմ նպաստել երկրին, որովհետեւ ուրիշ ոչ մեկն այդ քայլին չի դիմում: Թուրքիայում շատ քչերը կարող են անաչառ, օբյեկտիվ լինել: Ես գտնում եմ, որ պայքարը կրոնապաշտների եւ աշխարհիկների միջեւ աբսուրդ է, վհատեցնող եւ խանգարող: Մտահոգիչ եմ համարում նման բեւեռականացումը:
– Կրոնական հարցում ի՞նչ տարբերություն եք տեսնում Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի հանրապետության միջեւ:
– Թուրքիան կրոնական մոլեռանդության մեծագույն ստուգարքը հանձնեց 1840-ից 1870 ընկած ժամանակամիջոցին: Օսմանյան կայսրությունը խիստ արմատական փոփոխություններ իրականացրեց իր վերջին 60-70 տարիներին, փորձելով իր քաղաքացիներին համախմբել թուրքական ոչ-կրոնական ինքնության շուրջը, բայց չարաչար սխալվեց: Այդ ջանքերը պատճառ դարձան կոտորածների եւ հետապնդումների: Օսմանյան կայսրության մնացորդների վրա հիմնված Թուրքիայի հանրապետությունը բնականաբար դեմ էր ավանդական իսլամին: Փորձ արվեց ճնշել, քանդել կամ արգելել կրոնական մոլեռանդությունը, առաջ քաշելով աշխարհիկությունը, որը նույնքան նվիրվածություն էր պահանջում: Արդյունքում առաջացավ բեւեռականացումը: Իսլամական հավատքի քաղաքական արտահայտությունները արգելված եւ դատապարտված էին մոտ 70 տարի: Արդյունքը տեսնում ենք այսօրՙ զանգվածային հակադարձություն: Ներկայիս մենք գտնվում ենք աղետալի վիճակում: Ներկա կառավարության օրոք Թուրքիան ետ է գնում դեպի միջնադարյան տգիտության ժամանակները: Ցավալի է տեսնել այդ ամենը:
– Ինչո՞ւմն է խնդիրը:
– Տգիտության: Փոխադարձ տգիտության մեջ է խնդիրը: Ոչ միայն կրոնական խմբավորումներն են տգետ, այլեւ իրենց «սպիտակ թուրքեր» անվանողները, որոնք վերադաս են համարում իրենց: Արդյունքում աղմկալի խոսքակռիվ է առաջանում, որն անիմաստ է: Թուրքիան հեշտ կառավարելի երկիր չէ: Այդ պատճառով էլ, ղեկավարները նախընտրում են ուժային միջոցներով վերահսկել իրավիճակը, որը բարդ է չափազանց:
Ինչ վերաբերում է ուսանողների շաբաթական հավատարմության երդումներին, կարծում եմ դրանք բռնատիրական վարչակարգը աստվածացնելուն են նպաստում: Կարծում եմ համակարգը երկու բեւեռներ է ընդգրկում իր մեջ: Կան հնի, քեմալիստների կողմնակիցներ, եւ կան իսլամիստների քողի տակ պոպուլիստներ:
Թվում էր, թե երկու կողմերը խաղաղ են գոյատեւում 2016-ի հուլիսից սկսած, բայց, ինչքան հասկանում եմ, այժմ նրանք ատամ են ցույց տալիս միմյանց: Դա հավանաբար իշխանության պայքար է, կախված տնտեսական ակնկալվող ճգնաժամից, որը կթուլացնի Էրդողանի իշխանությունը:
– Ինչո՞ւ եք կարծում, որ կթուլանա Էրդողանի իշխանությունը:
– Որեւէ ժողովրդավարական իշխանություն կդժվարանար իշխանության ղեկին մնալ 2013-ի «Գեզի պարկի» բողոքի ցույցերից կամ կոռուպցիայի մեղադրանքներից հետո: Էրդողանի կառավարությունը կարծես հաղթահարեց այդ դժվարությունը, հավանաբար որոշ զիջումների գնալով, մասնավորապես դադարեցնելով քուրդերի հետ խաղաղության բանակցությունները եւ ազատ արձակելով կառավարության դեմ դավադրության մեջ մեղադրվող բանտարկված աշխարհիկներին: Գուցե նաեւ զանգվածային զտումների քաղաքականությունը, որը կարող է զինվորականության պահանջը լինել: Այս բոլորը ստիպեցին Էրդողանին ետ կանգնել իր նախկին քաղաքական դիրքերից: Դա նրա ձախողումն էր: Բայց Էրդողանը ուժեղ քաղաքական գործիչ է, բացառիկ ղեկավար, որը կարողացավ ձախողումը քաղաքական հաղթանակի վերածել. հետաքրքրական է:
– Աթաթուրքի ժամանակ միակուսակցական համակարգ էր: Կարծում եք հիմա՞ էլ է նույնը: Ինչպե՞ս կհամեմատեիք երկու ժամանակաշրջանները:
– Դրանք շատ նման են իրար, ե՛ւ կառուցվածքով, ե՛ւ անձնավորություններով: Նրանց ընտրած ճանապարհներն ու կառավարման էվոլյուցիան համարյա նույնական են: Առհասարակ, վերջին 120 տարիների թուրք ղեկավարներըՙ Սուլթան Աբդուլ Համիդը, Մուսթաֆա Քեմալը եւ Ռեջեփ Էրդողանը կառավարման որակի տեսակետից շատ նմանություններ ունեն: Եղել են հանդարտ ժամանակներ Թուրքիայի պատմության ընթացքում, որտեղ ժողովրդավարության, ազատության եւ բազմակարծության նշույլներ կարճ ժամանակով փայլատակել են, բայց հայտնվել են ուժեղ առաջնորդներ, որոնք վերջ են տվել այդ պոռթկումներին: Երեք ղեկավարների դեպքում մենք տեսնում ենք այդ երեւույթը: Կարծես դա այս երկիրը կառավարելու միակ ելքը լինի: Ի դեպ, նրանցից ոչ մեկի մոտ չի նշմարվում քաղաքական հավատքի կամ գաղափարական հետեւողականության հետքեր: Երեքն էլ զուտ պրագմատիկ, գործնական մտածողության քաղաքագետներ են:
– Էրդողանը շատ լրագրողների, օրենսդիրների, մտավորականների է բանտարկել: Նա նույնիսկ Սահմանադրական դատարանին է ձեռնոց նետում: Ի՞նչ է Ձեր մեկնաբանությունը:
– Անկասկած, Թուրքիայում ներկա իրավիճակը ողբալի է: Շատ նման է բռնատիրության: Չկա իրավական պետություն: Չկան խոսքի եւ մամուլի ազատություններ: Ցավալի է այն ինչ նա անում է երկրում: Մինչեւ 2013 թիվը, մտածում էի, որ նա ճիշտ ուղու վրա է, բայց դրանից այս կողմ իրադրությունը փոխվեց: Նա հմուտ քաղաքագետ է, բայց ես չեմ արդարացնում նրա քաղաքականությունը:
Ինչ վերաբերում է բանտարկված մտավորականներին եւ լրագրողներին, ասեմ, որ նրանցից Ահմետ Ալթանն, օրինակ, շատ հարգված անձնավորություն է: Շատ արդարամիտ, բանիմաց: Մյուսը Օսման Կավալան է, իմ մոտիկ ընկերը: Նույնպես շատ հարգարժան եւ արդարամիտ: Նրանց բանտարկել են կեղծ մեղադրանքների հիման վրա: Այնպես որ երկիրը չի կարող քաղաքակիրթ պետություն համարվել, քանի որ իրավականությունը խախտվել է: Չգիտեմ ո՞ւմ է ձեռնտու այդ մարդկանց բանտարկությունը, բայց կարող է եւ այն առաջին անունը չլինել, ինչ մտածում եք:
– Ուզո՞ւմ եք ասել, կարող է Էրդողանը չլինել:
– Իմ ասածն այն է, որ մեր տեսածը կարող է ամբողջական պատկերը չլինել: Տարիներ շարունակ պայքարեցինք բռնատիրության դեմ, կաշառակերության դեմ եւ պահանջեցինք, որ ազատվենք «հիվանդագին ուռուցքից»: Պաշտպանեցինք էրդողանին, բայց ժամանակը ցույց տվեց, որ սխալվեցինք: Նրա ձեռնարկած քայլերը չեն համապատասխանում ժողովրդի պահանջներին: Կարծիք կա, որ նախկին ուժերը վերադարձել են եւ շատ ավելի հզոր են, քան առաջ:
– Դուք պաշտպանեցիք Սահմանադրության փոփոխությունները 2010 թվին: Նույնը կանե՞ք հիմա:
– Անկասկած: Չգիտեինք, որ ինչ արդյունք կամ հետեւանք կունենա: Թուրքիան կարիք ուներ այդ փոփոխություններին, եւ մենք աջակցեցինք, որովհետեւ դա ուղղված էր կոռումպացված պետության դեմ: Հիմա էլ գտնում եմ, որ ճիշտ էր այդ ժամանակ քվեարկել հօգուտ փոփոխությունների:
– Կարծո՞ւմ եք, որ փոքրամասնությունների կողմնակից HDP կուսակցությունը, կամ որեւէ քաղաքացիական կազմակերպություն ի վիճակի է նոր շարժում ձեւավորել Թուրքիայում:
– Չեմ կարծում, որ պայմանները նպաստավոր են ներկայիս նման լուրջ ժողորդավարական շարժման համար: Համոզված եմ, որ պետք է որոշ ժամանակ սպասենք դրա համար: