Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սերխիո Նահապետյանի հայցն ընդդեմ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության: Հիշեցնենք, որ հայցվոր կողմի պահանջն է եղել պարտավորեցնել կուսակցությանն իր կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք վերաբերում են կուսակցության անվանմանը, դրոշին ու զինանշանին, այսինքն կուսակցությանը անհատականացնող միջոցներին:
«ՀԱՅ ՁԱՅՆ» լրատվականի հետ զրույցում Ռամկավար Ազատական կուսակցության շահերը ներկայացնող «ՀԱՊ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Հայկ Պողոսյանը հայտնեց, որ դատարանը մերժել է նշված հայցադիմումը:
«Նշեմ, թե ինչից է սկսվել ընդհանուր վեճը: Որոշ անձինք, ովքեր հանդես են գալիս Ռամկավար Ազատական կուսակցության անվան ներքո, Հայաստանում օգտագործում են զինանշանը եւ դրոշը, սակայն չեն հանդիսանում կուսակցության անդամներ, այսինքն Հայաստանի Հանրապետությունում գրանցված Ռամկավար ազատական կուսակցության անդամներ չեն: Սակայն, քանի որ նրանք հանդես էին գալիս կուսակցության անվան տակ, դա որոշակի խնդիրներ էր առաջացնում կուսակցության համար: Օրինակ, նրանք մամուլի ասուլիսներ էին կազմակերպում, հարցազրույցներ էին տալիս, նշում էին, թե իրենք Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրություններին չեն մասնակցելու, մասնավորապես, դա վերաբերել է ԱԺ նախորդ ընտրություններին: Դրանից հետո ՌԱԿ-ը ձեռնամուխ եղավ արգելելու նշված անձանց իր անվանան ներքո ներկայանալ եւ օգտագործել անհատականցաման միջոցները: Հայցադիմումները ներկայացվել են եւ այդ գործերը ընթացքում են տարբեր դատարաններում»,- ասաց մեր զրուցակիցը:
Հայկ Պողոսյանը տեղեկացրեց, որ արգենտինահայ Սերխիո Նահապետյանը նաեւ հայցադիմում է ներկայացրել, որում նշված է, թե իրենք հանդիսանում են Ռամկավար Ազատական միավորում, այսինքն հասարակական բնույթի կառույց են, իսկ Հայաստանում գրանցված Ռամկավար Ազատական կուսակցությունը խոչընդոտում է իրենց միավորում ստեղծելու եւ միավորմանն անդամակցելու իրավունքին, որը սահմանված է ՀՀ սահմանադրությամբ ու եվրոպական կոնվենցիայով: «Նրանք դա բացատրում էին նրանով, իբրեւ Ռամկավար Ազատական կուսակցությունն իրենց անդամների դեմ հայցեր է ներկայացնում, եւ նրանք չեն կարողանում լիարժեք իրացնել իրենց իրավունքը: Սակայն դատարանը մերժեց հայցը»,- ասաց Պողոսյանը:
Նա բացատրեց, որ իրավաբանական անձինք ձեռք են բերում իրավունակություն գրանցման պահից, եւ կան որոշակի իրավունքներ, որոնք ծագում են միայն իրավունակություն ձեռք բերելուց հետո: Այսինքն, պետք է գրանցվել, որ այդ իրավունքները հնարավոր լինի իրացնել: «Քանի որ վերջիններս գրանցում չունեն, նաեւ իրավունակություն չունեն եւ չեն կարող նման հայցով հանդես գալ: Ստացվում է, Ռամկավար Ազատական կուսակցությունն ընդհանրապես ոչ մեկի իրավունքը չի խախտել»,- ասաց նա:
Փաստաբանի ներկայացմամբՙ հայցվոր կողմը հայցի հիմքում դրել էր նաեւ այն, որ գրանցման պահին գործող «Կուսակցությունների մասին» օրենքով կուսակցության գրանցումը պետք է մերժվեր, եթե անվանումը հանընկնում էր արդեն գործող հասարակական միավորի անվանման հետ. «Իրենք նշում էին, որ Ռամկավար Ազատական կուսակցության անվանումը համընկել է իրենց անվանման հետ, հետեւաբար պետք է պարտավորեցնել, որ կուսակցությունն անվանումը փոխի: Սակայն արդեն նշեցի, որ չի կարող այդպես լինել, որովհետեւ, որպեսզի անվանումը պաշտպանություն ստանա, այսինքն իրավունակություն ձեռք բերվի միավորման համար, այն պետք է գրանցում ստանա: Սակայն այդ միավորումը գրանցված չէ որեւէ տեղ»:
Հայկ Պողոսյանը նաեւ հայտնեց, որ դատական պրոցեսի ընթացքում իրենք ներկայացրել են հակընդդեմ հայցադիմում, որը դատարանը քննության չէր ընդունել: Սակայն վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, եւ, ըստ այդմ, հակընդդեմ հայցն ամեն դեպքում քննվելու է: «Մեր պահանջն է արգելել հայցվորին, տվյալ դեպքումՙ Սերխիո Նահապետյանին, օգտագորել կուսակցության անվանումը, դրոշը, զինանշանը: Ի՞նչն է դրա իրավական հիմքը: Քանի որ կա գրանցված կուսակցություն եւ որոշակի անձինք այն օգտագործում են, մարդկանց մոտ շփոթ է առաջանում եւ կարծիք է ստեղծվում, որ վերջիններս կապ ունեն կամ հանդիսանում են ՀՀ-ում գրանցված Ռամկավար Ազատական կուսակցության անդամ: Հետեւաբար Ռամկավար Ազատական կուսակցությունը գտնում է, որ իր իրավունքը դրանով խախտվում է: Մասնավորապես, դա հիմնավորվում է նրանով, որ այդ անունը հանդիսանում է պաշտանության առարկա: Քանի որ կուսակցության գրանցումը բարդ գործընթաց է, վերջինիս անվանումը չպետք է համընկնի գրանցված կուսակցությունների, հասարակական միավորումների անվանումների հետ: Ըստ մեզՙ դրանք հանդիսանում են նաեւ մտավոր սեփականության օբյեկտներ, ուստի ենթակա են պաշտպանության: Այն անձինք, ում Ռամկավար Ազատական կուսակցությունը թույլ չի տալիս օգտագործել իր անունը, չպետք է այդ անվան ներքո հանդես գան»,- բացատրեց մեր զրուցակիցը: