Այն հանգամանքը, որ գերմանական լրատվամիջոցներըՙ ոչ միայն առցանցն ու տպագիր մամուլը, այլեւՙ ռադիոն եւ հեռուստատեսության առաջինՙ ARD եւ երկրորդՙ ZDF ալիքները Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները պահել էին հանրության ուշադրության սեւեռակետում, կարելի է մեկնաբանել միայն որպես շարունակություն այն հետեւողականության, որ ապրիլից ի վեր ներկայացրեցինՙ տեղում հետեւելով մեր երկրում կատարվող փոփոխություններին: Նախկինում որեւէ ընտրություն, նույնիսկ նախագահականը, պայման չէր, որ տեղ գտներ հեռուստատեսության լուրերի թողարկման համառոտ հոսքի մեջ, սահմաններով փոքրՙ ԳԴՀ մի երկրամասիՙ Բրանդենբուրգի չափ մեր երկիրը հետաքրքրական չէր այնքան, որ «ԵՄ տնտեսական շարժիչ» երկրից ուշադրություն սեւեռեին: Ապրիլին փոխվել է Կենտրոն- Ծայրամաս ընկալումը, դեկտեմբերի 9- ին վերահաստատվեց, որ Հայաստանում իշխանափոխությունը խաղաղ է, ժողովրդավարությունից հետքայլ չկա, ուստի ուշադրությունը նրա հանդեպ շարունակվելու է: Դրա վկայությունն է նաեւ կանցլեր Մերկելիՙ դեկտեմբերի 10- ին Մարաքեշից Երեւան իր պաշտոնակցին ուղղված ջերմ շնորհավորանքը, այնինչ ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ակնկալելի նույնակարգ գրության բացակայությունն ավելի քան սովորական չէ: ՀՀ- ում ընտրությունը չավարտվածՙ գերմանալեզու եթերից ազդարարեցին այն կանխատեսումը, թե Փաշինյանի ղեկավարած ուժը հավակնում է քվեների 70 տոկոսին, ընտրություններին ցածրՙ 49 տոկոս մասնակցության պարագայում: Հանրությունը Փաշինյանին վստահում, նրա հետ հույս է կապում, թե կոռուպցիան արմատախիլ կանի, թե օլիգարխների կուտակածի մեջ «ներհյուսված» չէ, ինչպես շվեյցարական ռադիոն էր նկատել տվել:
Գերմանական լրատվադաշտի բառարանը Փաշինյանի պարագայում ամենահաճախը կիրառում է հույսըՙ հույսերի կրող, արդարացնող, վստահություն ներշնչող, ավելի սակավՙ հերոս բառն է կիրառում:
Առցանց «Շպիգել»- ը նրա մասին հոդվածի վերնագրում «մեսիա» բառն էր գործածել, ինչպես հայաստանցիներից շատերն են ընկալում Փաշինյանինՙ որպես փրկիչ: ARD- ի մեկնաբանը նկատել է տալիս, թե «ընտրություններով խաղաղ իշխանափոխությունը լրիվ ավարտին հասցրած Հայաստանի» մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հաղթանակը չեն տոնում, նախածննդյան հանդարտ տրամադրություն կա: Ընտրություններում հաղթանակած Փաշինյանի համար սա ապրիլին սկսված հեղափոխության նոր փուլ է: Նա ավելի շուտ հոգնած, քան ոգեւորված ներկայացավ մամուլինՙ խոստանալով սահմանադրական փոփոխություններ, կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումներ, արտաքին քաղաքականության նոր մարտավարություն, գրում է ARD- իՙ Մոսկվայի հատուկ թղթակից- մեկնաբանը: Նա ուշադրություն է հատկացնում ընտրություններին 48 տոկոս մասնակցությանըՙ նկատել տալով, թե ընտրական գործող օրենքը հնացել է, կարիք ունի բարեփոխման, քանի որ հարցական է, թե ներկայացված 2, 5 միլիոն ընտրողը փաստացի բնակվո՞ւմ է Հայաստանում:
Նույն աղբյուրը նշում է նաեւ, թե բնակչության մեկ երրորդը պաշտոնապես աղքատ է, ինչը նաեւ նախորդ տարիներին քվեն վաճառելու զանգվածային արտահայտությունն ունեցավ, որի մասին նաեւ բարձրաձայնում ենՙ 2017 թվականի ընտրություններին ձայնը 10 հազար դրամ էրՙ մոտ 18 եվրո: Կհաջողի՞ Փաշինյանը «նոր Հայաստան» կերտել, հարցնում է մեկնաբանն ու թվարկում վարչապետության ժամանակ, մենաշնորհի սահմանափակմանն ուղղված նրա ջանքերի մասինՙ մայրաքաղաքի սուպերմարքեթներում շաքարը մի քանի սենթ էժանացել է, իսկ օլիգարխների ազդեցությունից դուրս մնացածՙ այժմ աշխուժացած զբոսաշրջության, ՏՏ ոլորտներն ազդարարում են Հայաստանի ներուժի մասին:
«Զյուդոյչե ցայթունգի» թղթակցի երեւանյան հայացքով, ընտրություններում Փաշինյանի օգտին «հագեցած» մեծամասնության իրողությունը հաստատում է կովկասյան երկրում ծանրակշիռ քաղաքական փոփոխության մասին: Նախկին ԽՍՀՄ երկրներում խիստ հազվադեպ էՙ խաղաղ իշխանափոխությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարող նախագահը: Սա կհաջողվիՙ միայն ԵՄ սատարմամբ, որքան Ռուսաստանն արտոնի, գրում է «ԶՑ»- ը: Ժողովրդական տրիբուն Փաշինյանի ղեկավարած դաշինքը 70 տոկոս ձայն հավաքելով, ուժեղ ընդդիմություն չի ունենա ԱԺ- ում, ինչը յուրաքանչյուր երկրի անհրաժեշտությունն է, բայց սրանով նոր իշխանությանը պարզ հանձնարարական կաՙ պատասխանատվություն ստանձնիր, դուՙ ավելի լավ արա: Հայերը պիտի համբերատար լինեն, մինչեւ զբոսաշրջությամբ, ՏՏ- ի վրա հենված տնտեսությունն արթնանա: Սրան կօգնի ԵՄ- ին մերձեցումը, անշուշտ Ռուսաստանի արտոնած սահմաններում: Հեղափոխությանը սատարելու համար Հայաստանը կարիք ունի արտաքին քաղաքականության խելացի հավասարակշռության: Շղթա ու հնարավորությունՙ միաժամանակ, այլ ընտրություն չկա, գրում է «Զյուդդոյչե ցայթունգը»:
«Իմ քայլը» դաշինքին հաջողվեց այն, ինչի վրա դեռ ջանք են թափում Ֆրանսիայում դեղին բաճկոնավորներըՙ իշխանափոխություն, գրում է «Թելեպոլիս» ցանցային հանդեսի հոդվածագիր Փեթր Մյուհլբաուերըՙ անդրադառնալով Հայաստանում ապրիլյան իրադարձություններին հաջորդած ընտրություններին, որում Փաշինյանի ղեկավարած ուժը ձայների «շատ հարմարավետՙ երկու երրորդն է ստանում»: Հանդեսը, որը գերմանական մեդիա դաշտում ոմանց տեսակետով շատ լուրջ համարում չունի եւ որից առաջին անգամ ենք մեջբերում անում, մեր ուշադրությունը գրավեց տարբեր աղբյուրներին իր հղումներով եւ ԼՂ հարցի հանդեպ անաչառ դիրքորոշմամբ: Հանդեսը նկատել է տալիս, թե «Սերժ Սարգսյանիՙ մինչ այդ կառավարող ՀՀԿ, որ եվրոպական հարթակում Մերկելի ՔԴՄ- ի եւ քրիստոնյա դեմոկրատական ԵԺԿ – ի հետ է առնչվում, ներկա խորհրդարանից իսպառ բացակայում է, նրանց հետՙ սոցիալ դեմոկրատական դաշնակցությունը նաեւ: Հոդվածագիրն անդրադառնում է նաեւ Փաշինյանի ձգտումներինՙ լավ հարաբերություններ պահպանել թե՛ ԵՄ- ի, թե՛ Ռուսաստանի հանդեպ:
Հղում անելով ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դեկտեմբերի 26- ին իրանական պետական հեռուստաընկերության լրատվականին տված անգլերեն հարցազրույցին, թե Հայաստանում քաղաքական անհանգիստ վիճակը պայմանավորված է Սորոսի ֆինանսավորմամբ, հանդեսը նախ հիշատակում է, թե Փաշինյանը դեմ է արտահայտվել մայդանի հետ որեւէ համեմատության: Հոդվածի ենթավերնագիր դարձած «Հայաստանում մայդան չի եղել» եզրահանգումն հավաստում է նաեւ մեկ այլ հղում. գերմանական հեռուստատեսության առաջին ալիքիՙ ARD-ի 2015-իՙ «Էլեկտրիկ Երեւանի» մասին ռեպորտաժը, որից մեջբերելով հանդեսն ընդգծում էՙ «Հակառուսական այնպիսի տրամադրություն, ինչպիսին Արեւմտյան Ուկրաինայում կա, Հայաստանում բացակայում է, քանի որ Ռուսաստանն իր զինուժով Ադրբեջանի դեմ Հայաստանի անվտանգության երաշխավորն է», սխալ եզրահանգում, երբ Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանների դիմաց ոչ մի ռուս չկա: «Հայաստանի արեւելյան հարեւան Ադրբեջանը պահանջում է հայերով բնակեցված եւ Արցախ անունը կրող դե ֆակտո ինքնավար Լեռնային Ղարաբաղը, որ 1929-ին Ստալինը շիա թուրքական խորհրդային հանրապետությանն է փոխանցել», գրում է հանդեսի մեկնաբանը ու Հայաստանիՙ Ռուսաստանին ապավինելը բացատրում նավթի դիմաց սպառազինվող, ԵՄ կառույցներում խավիարասեր լոբբիստներ ունեցող Ադրբեջանին դիմակայելու անհրաժեշտությամբ:
Արեւմտյան հարեւանիՙ Թուրքիայի հետ էլ հարաբերությունները լարված են, գրում է հեղինակըՙ նշելով, թե պատճառը միայն հայոց զանգվածային կոտորածները չեն, այլեւ այն, որ սուննի թուրքական պետությունը Ադրբեջանում շիա եղբայրների պաշտպան է լինում ավանդաբար: Հարավային հարեւանիՙ Իրանի հետ հարաբերությունները թեեւ այդքան էլ լարված չեն, բայց խնդրազուրկ էլ չեն, եթե ի թիվս այլ հարցերի նկատի առնենք տեղի հայկական փոքրամասնությանն առնչվողները, գրում է «Թելեպոլիս» հանդեսը: