Մինչ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է ակնկալված հաղթանակը տոնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում, ՀՀ Սփյուռքի նախարարության ճակատագիրը մնում է անորոշ, որովհետեւ Փաշինյանի առաջնահերթություններից մեկը կառավարության «օպտիմալացման», կամ նախարարությունների թվաքանակի նվազեցման հարցն է:
Քսանութամյա սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը որոշ նկատառումներ նշում է իր նախարարության ճակատագրի վերաբերյալ ասելով, որ հավանաբար այն կմիացվի մեկ այլ նախարարության կամ աշխատակազմի թվաքանակի նվազեցման հետեւանքում կփոփոխվի նրա կարգավիճակը:
Հույս հայտնենք, որ փոփոխությունը կկատարվի լուրջ քննարկումների, եւ ոչ թե հապճեպ որոշման արդունքում: Անկախությունից հետո, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ստեղծած Սփյուռքի նախարարությունը, դժբախտաբար, չունեցավ որեւէ հստակ նպատակ կամ ծրագիր: Փոխարենը դարձավ մեդալներ թողարկող եւ բաշխող ձեռնարկություն եւ դեպի արդեն կայացած համայնքներ շռնդալից ճաապարհորդություններ իրականացնող կազմակերպություն, իսկ ճիշտ կլիներ սրտացավ հոգատարություն ցուցաբերել Ուկրաինայի, Հյուսիսային Եվրոպայի եւ Պիրենեյան թերակղզու նորաստեղծ կամ օրեցօր ընդարձակվող համայնքներին:
Շարունակելով իր նկատառումները, երիտասարդ նախարարը հանգում է հետեւյալ եզրակացության. «Իմ կարծիքը հետեւյալն է. եթե նախարարությունը պիտի լինի բացառապես խորհրդանշական բնույթի, սփյուռքի աչքերին թոզ փչելու համար, ապա պարտադիր չէ, որ այդ ձեւաչափը լինի առանձին նախարարության, գերատեսչության տեսքով»:
Որոշ ճշմարտություն կա իր խոսքերում եւ սփյուռքի առնչությամբ խորհրդային ժամանակաշրջանի փորձառությունը հուսալի ուղեցույց կարող է ծառայել հայրենիք-սփյուռք հարաբերությունների հետագա ուղին գծելու գործում: Խորհրդային Հայաստանում ստեղծվել էր Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտե անվանումով ոչ-կառավարական մի կազմակերպություն, որն օտար երկրներում գործում էր հասարակական կազմակերպության դրոշի ներքո, որպես պայմանականորեն ընդունված իրավաբանական անձ: Հայաստանի կոմունիստական ղեկավարությունը բարձրորակ մշակութային, կրթական, գիտական եւ գեղարվեստական ծրագրերով սնուցում էր սփյուռքահայությանը: Երկիրը շատ բան ուներ ներկայացնելու, քանի որ խորհրդային ժամանակների հատկապես վերջին տարիներին հայկական մշակույթը հասցրել էր իր գագաթնակետինՙ ոսկյա դարաշրջանին:
Հայաստանի ղեկավարների մոտ ձեւավորվել էր չգրված մի յուրահատուկ վերաբերմունք սփյուռքի նկատմամբ, այն էՙ նշանակալից օժանդակություն ցուցաբերել օտար երկրներում ապրող իրենց հայրենակիցներին: Ինչ խոսք, խորհրդային իշխանությունների վերնախավերում սփյուռքահայության գոյատեւումը բոլորովին էլ առաջնահերթություն պահանջող հարցերից մեկը չէր: Գլխավոր նպատակը, անշուշտ, խորհրդային գաղափարախոսության տարածումն էր: Բայց Հայաստանի իրապես հայրենասեր ղեկավարները սրտացավ նվիրվածությամբ հոգում էին սփյուռքի կարիքները Մոսկվայի իշխանություններին զեկուցելով, որ գաղափարախոսության տարածումը արդյունավետ կերպով առաջ է մղվում սփյուռքում:
Այժմ, երբ գաղափարախոսության հարցը օրակարգից դուրս է եկել, Հայաստանն ու սփյուռքը կարող են նոր ձեւի համագործակցություն մշակել:
Երկաթե վարագույրի անկումով երկրագունդն այնքան է փոքրացել շնորհիվ հաղորդակցման եւ ճանապարհորդական միջոցների առատության, որ թվում է, թե Հայաստանն ու հայկական սփյուռքը շատ ավելի մոտիկացել են իրար: Բայց իրականում դեռ իրարից անջատ աշխարհներ են:
Սփյուռքը հսկայական ռեսուրս է Հայաստանի համար, սակայն դեռեւս մնում է որպես չբացահայտված գանձ: Իրարահաջորդ վարչակարգերը ի վիճակի չեն եղել բացահայտել այդ գանձը, կամ ճիշտ օգտագործել ընձեռված ռեսուրսներըՙ մի շարք պատճառներով, որոնցից մեկը եղել է խորրհդային ժամանակներից մնացած կասկածն ու բացասական պատկերացումները, իսկ մյուսըՙ սփյուռքի իրականության թուրըմբռնումը:
Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը բարգավաճել էր շատ բնագավառներում, առանց սակայն քաղաքական համակարգ ստեղծելու: Հասկանալի պատճառներով, անշուշտ: Մյուս կողմից սփյուռքը մի ամբողջ դար ձգվող քաղաքական կուսակցությունների համակարգ էր ստեղծել, բայց չուներ այն միջավայրը եւ հասարակությունը, որտեղ կարողանար փորձարկել իր գաղափարախոսությունները եւ իմաստավորել դրանց գոյությունը:
Հայաստանում այնպիսի թշնամական վերաբերմունքի արժանացան նրանք, կուսակցությունները, որ մինչ օրս չեն կարողանում հաղթահարել ցնցումները: Հայաստանն ինքն էլ, դժբախտաբար, չկարողացավ ինքնուրույն զարգացնել արեւմտյան ոճի ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, որոնք կգործեին որոշակի գաղափարախոսությամբ օժտված քաղաքական կուսակցությունների միջոցով: Մինչ օրս Հայաստանում քաղաքական կուսակցությունները կազմվում են ուժեղ կամ իշխանավոր անձնավորությունների եւ նրանց դրամական կարողությունների շուրջ, եւ քանդվումՙ ժամանակի ընթացքում: Դա կառավարման մի համակարգ է, որն այլ կերպ չի կարելի բնութագրել, քան քաղաքական նախնական համակարգ:
Տողերիս հեղինակը վերջերս առիթ ունեցավ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ նա իր աշխատասենյակում ընդունեց ՌԱԿ պատվիրակությանը: Քննարկման հիմնական թեման Հայաստան-Սփյուռք հարաբերություններն էին, եւ այն միջոցները, որոնցով կարելի է այդ հարաբերությունները արդյունավետ դարձնել Հայաստանում: Պատվիրակության հայտնած հիմնական միտքը փոխադարձ ճանաչման անհրաժեշտությունն էր, Հայաստանի կառավարության կողմից գիտական վերլուծությունների հիման վրա ձեւավորված առարկայական, անաչառ գնահատումը սփյուռքահայ իրականության: Նաեւ սփյուռքյան «ով ով է» շտեմարանի ստեղծումը, որի միջոցով հնարավոր կլիներ հայտնաբերել ու ճանաչել օտարերկրյա կառավարություններում եւ լրատվամիջոցներում զբաղված ականավոր հայերին, գիտնականներին, արվեստագետներին, գրողներին եւ վերջապեսՙ իրական ներդնողներին: Շտեմարանը անհրաժեշտ է թարմացնել կանոնավոր պարբերականությամբ: Նման լուրջ վերաբերմունքի դեպքում հայրենի կառավարությունը կկարողանա կազմել իր առաջնահերթությունների օրակարգը եւ ուշադրությունը բեւեռել այն մարդկանց ու կազմակերպությունների վրա, որոնք իրոք պատրաստ են օգնել Հայաստանին, եւ ոչ թե որդեգրել պասսիվ, անտարբեր կամ պարագայական վերաբերմունք, ինչը բնական է համարվել մինչ օրս:
Նման վճռական որոշում պետք է կայացնի Հայաստանը լուրջ ուսումնասիրությունների արդյունքում: Անցյալում նախարարը հիմնվում էր սփյուռքահայ առանձին անհատների ներկայացրած հայտերի վրա, եւ համարում էր նրանց ամենահայրենասեր հայերը, որոնց շռայլորեն հետագայում մեդալներ էր շնորհում:
Անկախությունից հետո մեծ թվով արտագաղթողների հետեւանքում սփյուռքը նոր տեսք ստացավ եւ նոր առաջնահերթություններ առաջ եկան: Մարդաբանական լուրջ ուսումնասիրություններ են անհրաժեշտ կատարել որոշելու համար, թե ինչ ձեւով կարող են միաձուլվել հին ու նոր սփյուռքը, ինչ մոտեցումներ պետք է կատարվեն յուրաքանչյուր խմբի ակնկալիքներն ու պահանջները կարողանալ բավարարելու համար:
Փորձառական լավ ստուգատես էր վերջերս Լոս Անջելեսում կայացած Հայաստան հիմնադրամի դրամահավաքը, որի արդյունքում անցյալ տարվա համեմատությամբ մոտ մեկ միլիոն դոլար պակաս գումար հանգանակվեց: Ահազանգող տատանումներ չարձանագրվեցին, չարդարացան դրամահավաքի թերահավատների հույսերը: Բայց չարդարացան նաեւ «հեղափոխականների» հույսերը, որոնք թավշյա իշխանափոխության արդյունքում ակնկալում էին մինչեւ 40 միլիոն դոլար նվիրատվություն: Հատկանշական է, որ Գլենդեյլում եւ Մարսելում երթի դուրս եկած դրոշակակիրները մեծ գումարներով դրամահավաքի մասնակիցների ցուցակում չէին ընդգրկված:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը կարեւոր եւ անհրաժեշտ միջոց է, որն օրգանապես Հայաստանն ու սփյուռքը իրար է միացնում: Բայց այն ամբողջական բարեփոխման կարիքն ունի, քանի որ շատ են դրանում թերությունները, որոնք շփոթմունքից բացի ուրիշ բան չեն առաջացնում նվիրատուի մտքում:
Բակո Սահակյանի ներկայությունը հեռուստամարաթոնինՙ հուշում էր, որ մենք դեռ ունենք ղարաբաղյան չլուծված հարց, որը կարիք ունի բոլոր հայերի պաշտպանությանն ու ներգրավմանը:
Ավանդական սփյուռքը ձեւավորվել է պապենական հայրենիքից տասնամյակների կամ նույնիսկ հարյուրամյակների ընթացքում տեղահանվածների հաշվին: Օտարացման այդ հանգամանքը, իր փորձություններով հանդերձ, նպաստել է, որ սփյուռքահայերի շրջանում զարգանա ինքնապահպանության բնազդը, ինքնությունը պահպանելու նրբազգացողությունը: Սակայն, ավանդական սփյուռքը դատապարտված է մահվան, քանի որ ոչ մի կուսակցություն կամ կազմակերպություն տեր չի կանգնում նրա հարուստ մշակույթին, լեզվին ու գրականությանը:
Նոր սփյուռքը, որը կազմավորման գործընթացում է եւ դեռեւս պահպանում է կապը մայր հայրենիքի հետ, շատ ավելի վտանգավոր իրավիճակում է, որովհետեւ ի տարբերություն ավանդականի, փորձության չի ենթարկվել այլ մշակույթների հորձանուտում, եւ հետեւաբար երբեք չի զգացել վերոնշյալ ինքնապահպանության կարիքը: Այնպես որ շատ ավելի խոցելի է նոր հասարակությունների միջավայրում եւ շատ ավելի հեշտությամբ է ձուլվելու:
Վերանայելով եւ վելրուծելով խորհրդային ժամանակաշրջանի Սփյուռքի կոմիտեի եւ անկախության տարիների տասնամյա Սփյուռքի նախարարության փորձըՙ ներկա կառավարության քաղաքականությունը մշակողները պարտավոր են գործնական մոտեցում ցուցաբերել եւ արտաքին գործերի նախարարությունում կամ դրա հովանու ներքո ձեւավորել հատուկ բաժանմունք կամ գերատեսչություն, որպեսզի հնարավոր լինի խուսափել հակասություններից ու չարաշահումներից, որոնք առկա էին Սփյուռքի նախարարությունում եւ խոչընդոտում էին նրա ազգօգուտ գործունեությունը:
Երբ Փաշինյանը ստանձնի իշխանության ղեկը, նա բախվելու է բազում աշխատանքներ կատարելու հրամայականին: Մի կողմից շարունակվող պատերազմը սահմանում, մյուս կողմից միջազգային հարաբերությունների ճնշումները եւ այդ ամենին գումարածՙ ավելի արդար եւ ավելի բարգավաճ Հայաստան ունենալու նրա խոստումը կլանելու են նրա ողջ ժամանակը, բայց Սփյուռքի հետ հարաբերությունների հարցը չպետք է հետին պլան մղվի, որովհետեւ դա նշանակելու է կորուստը հսկայական մի գանձի, որի ճիշտ օգտագործումը Հայաստանին առաջնորդելու է դեպի այն նպատակների իրագործումը, որ թավշյա հեղափոխությունը դրել է իր առաջ:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)