ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Մայնի Ֆրանկֆուրտ
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառի մասին «Ազգի» հոտեմբերի 19- ի համարում խոստացել էինք թեման շարունակել։ Այս անգամ մասնավորապես անդրադառնում ենք Հայաստանի տաղավարին։ Ծանուցենք, որ 2018- ին Հայաստանն այս հարթակում ընդլայնել էր իր սահմաններըՙ ներկայանում էր երկու առանձին տաղավարներով. Երեւանի պետական համալսարանի հրատարակչության հաջողությունների եւ ակնկալածի մասին կպատմենք մեր թերթի առաջիկա համարումՙ ստորեւ ներկայացնելով Հայաստանի հիմնական տաղավարում տոնավաճառի վերջին օրը ծավալած մեր զրույցըՙ դրա պատասխանատվությունը ստանձնած մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող, բանաստեղծ Արմեն Սարգսյանի հետ։
– Բախտ եւ պատիվ ունեմ հայկական տաղավարում ներկա լինել մի տեսարանի, որ գրքերը երկու դիմահայաց դարակներում թեեւ կան, բայց հիմնականում սպառվել են, հրատարակիչները գնացել են, կարելի՞ է ենթադրել, թե հետաքրքրությունը մեծ էր։
– Հետաքրքրությունն անշուշտ մեծ էր, որովհետեւ միշտ պատրաստվում ենք աշխարհում ամենահեղինակավոր գրքի միջազգային այս ցուցահանդեսին։ Այս տարի էլ ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակության հետ Ֆրանկֆուրտ էին մեկնել «Զանգակ», «Անտարես» հրատարակչությունները, «Ջի Էս Էմ» ստուդիան, «ԱՐԻ» եւ «Առաջին» գրական գործակալությունները, որ ներկայացնում էին հայ ժամանակակից գրողներին։ Նախարարությունն իր տաղավարում ներկայացնում է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն ունեն իրենց երկրներում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն։ Նախարարությունն աջակցում է ծրագրինՙ տալով գումարըՙ թարգմանված 1 էջի համար տրամադրելով 15 եվրո։ Սա իհարկե ռիսկը նվազեցնող շանս է հրատարակչությունների համար, թողնում է իրենց ներդնել միայն տպագրության գումարը, վաճառել, շահույթ ստանալ։ Բոլոր երկրներն այսօր այդ փորձն ունեն, գրանտային ծրագրեր ունեն գրականության հանրահռչակման համար։ Գրականությամբ աշխարհը նվաճելը, կարծում եմ ամենալավ, ամենաորակյալ, ամենաէժան ճանապարհն է, քիչ գումար ներդնելով գրականությունը դարձնել համաշխարհային, դրա միջոցով ճանաչելի դարձնելով նաեւ Հայաստանը։ Մոտ 300- ից ավելի գրքեր ենք ներկայացնումՙ գեղարվեստական գրականություն, պատմական, ալբոմային, մանկական, հանրամատչելի, որոնք հիմնականում գերմաներեն են, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, չեխերեն, շատուշատ լեզուներով։ Իմ նշած ծրագրով վերջին 2 տարում աշխարհում արդեն մոտ 30 գիրք ենք հրատարակելՙ 7, 8- ից ավելի լեզուներով։
– Նախորդի համեմատությամբ 2018- ին ներկա հրատարակչությունների թիվը նվազե՞լ է։
– Նախորդ տարի մեկ- երկու հրատարակչություն էլ կային, բայց դրանք մանկական ուղղվածություն ունեին, ուստի իրենց համար ավելի հետաքրքրական հարթակ է Բոլոնիայիՙ աշխարհում մանկական գրականության ամենամեծ ցուցահանդեսը։
– Օտարազգի ընթերցողը հայկական տաղավարում առաջին հերթին ի՞նչ է փնտրում։
– Արդեն նկատվում է հետաքրքրություն հայ ժամանակակից գրականության հանդեպ։ Եթե նախկինում փնտրում էին քարտեզներ, պատմական, ցեղասպանության թեմայով գրքեր, ապա վերջերս մեր գրականությունն ամուսնալուծվել է պատմությունից, ի վերջո ինքնուրույն թեմաներ է գտել։ ժամանակակից գրականությունը արտասահմանցի ընթերցողին շատ հետաքրքիր էՙ այդ էկզոտիկ, քարտեզի հեռու, ինչ- որ մի փոքր կետում ինչպիսի ժամանակակից գրականություն է ստեղծվում, ինչպես է մտածում ժամանակակից երիտասարդ գրողը։
– Հայ ժամանակակից գրողը գերմաներեն շա՞տ է ներկայացվում։
– Ոչ, հիմնականում ավելի շատ անգլերեն։ Բազմաթիվ անթոլոգիաներ ունենք։ Գերմանական հրատարակչություններին առաջարկում ենք տպագրել մեր երիտասարդ գրողներին, արդեն կան պայմանավորվածություններ։ Գերմանիայում ապրող 7- 10 թարգմանիչ կա, Ագապի Մկրտչյանի հետ հանդիպեցինք, հայ գրողների անթոլոգիա էր տպագրել գերմաներեն, այժմ բանակցում է գերմանական հրատարակչությունների հետ, որ 2019 թվականին Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն տպագրեն, երեխաների նկարազարդումներով։ 150- ամյակի առիթով կարծում եմ հետաքրքրական նախագիծ կլինի։ Նախարարությունը կփորձի անպայման համագործակցել։
– Մեր հարեւան Վրաստանը տոնավաճառի հյուր երկիրն է։ Այս փաստը ինչպիսի՞ զգացում է արթնացնում։
– Երբ մեզ ասում են Վրաստանը հյուր երկիր է, իսկ դուք ի՞նչ եք մտածում, ես էլ ասում եմ, որ Հայաստանը նույն օրերին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն է հյուրընկալել, եւ 40 նախագահ հիմա Հայաստանում են, դա շատ կարեւոր իրադարձություն է, Նյու Յորքի Մետրոպոլիտենում հայկական ցուցադրություն է։ Երկկողմ նախանձելի են։ Ապագայում մենք էլ պատվո հյուր կլինենք։ Ուղղակի դրա համար պետք է շատ լավ պատրաստվել, գրահրատարակչության պետական բյուջեն մեծացնել, «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը մի քանի տարի իրականացնել, որպեսզի դրսում մենք գոնե 100 օտարալեզու գիրք ունենանք, եւ դրանք ներկայացնենք, մեր տաղավարը չլինի դատարկ։ Բայց եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ վրացական տաղավարում ճիշտ է, շատ ակտիվ են, բայց ավելի շատ վրացերեն գրքեր են, դրանք ներկայացնելն այդքան էլ ճիշտ չէ, գերմանախոս ընթերցողը չի հասկանում։
– Թույլ տվեք չհամաձայնվել. իրենց ամենաճանաչված արդի գրողիՙ Մոչիլաձեի «Ճամփորդություն դեպի Ղարաբաղ» գիրքը թարգմանվել է տարբեր լեզուներով, նաեւ գերմաներեն, բայց չկա հայերենը։ Գիրքը նույնիսկ վերահրատարակվել է թե՛ գերմաներեն, թե՛ անգլերեն։ Նրա, այլոց գրքերն էլ շատ շատ են թարգմանվել, նաեւՙ գերմաներեն։
– Վրաստանում գրահրատարակչությանը ահռելի գումար էր հատկացնում պետությունը, միայն գրականության հանրահռչակեցմանը հատկացնում են գրեթե այնքան գումար, որքան Հայաստանի մշակույթի նախարարությանըՙ իր բոլոր ոլորտներում։ Եթե կա գումար, բոլոր հարցերը լուծելի են։ Եթե 10 տարի առաջ խոսեինք թուրք գրականության մասին, որեւէ անուն չէինք կարող նշել, թուրքերն աշխարհին գրականությամբ առհասարակ հայտնի չէին։ Գումար դրեցին, Օրհան Փամուկին, Էլիֆ Շաֆաքին դարձրեցին համաշխարհային գրողներ, եւ այսօր մյուսները գնում են նրանց հետեւից։ Ցանկացած ազգային գրականություն, որ ունի հայրենիք, մի օր կարող է դառնալ համաշխարհային, եթե հռչակման համար համապատասխան գումար ներդրվի։ Հույս ունենք, որ պետության քաղաքական եւ տնտեսական վիճակը կկայունանա, մշակույթի ոլորտի բյուջեն գոնե մի քանի անգամ կավելանա։ Վստահ եմ, որ մեր գրականությունը քայլում է շատ ու շատ երկրների գրականությունների հետ։ Եվրոպական, ամերիկյան գրականության հետ շփման սահմաններն այնքան ազատ են։ Նաեւ համացանցի շնորհիվՙ գիրքը հրատարակվում է, կարող ես հաջորդ օրը Երեւանում պատվիրել ու կարդալ։ Մեր թեմաները շատ արդի են եւ շատ հետաքրքրական։
– Ձեր կարծիքով, ո՞վ, ովքե՞ր են հայ ժամանակակից գրականության այն դեմքերը, որոնց թարգմանել- ներկայացնելը մեծ դրամ է բերելու։ Ո՞րն է օտարազգի ընթերցողին հայ գրականություն «բերելու» խայծը։
– Հայաստանոմ երբեմն վարում ենք գրողներին, մտավորականներին չնեղացնելու քաղաքականություն. ամեն գրողի մեկ լեզվով թարգմանում ենք ու ասումՙ դու այս լեզվով թարգմանվեցիր, դուՙ այն… Պետք է ընտրել լավ հեղինակներՙ առավել կոմերցիոն, որոնց հնարավոր է դարձնել համաշխարհային դեմքեր։ 5-10- ը թարգմանվեն 10, 20 լեզուներով, մնացածը կգնան նրանց հետեւից։ Անուննե՞ր եք ուզում։ Արձակագիրներից շատ տաղանդավոր են Նորայր Սարգսյանը, Անրի Գրիգորյանը, Քրիստիան Բատիկյանը, Արամ Պաչյանը…բանաստեղծների մեջ շատ տաղանդավոր են Հասմիկ Սիմոնյանը, Անահիտ Հայրապետյանը, Կարեն Անտաշյանը…շատ կան։
– Գտե՞լ են իրենց թարգմանիչներին։
– Պաչյանն արդեն բուլղարերեն, ուկրաիներեն, անգլերեն թարգմանվել է, հիմա «Ար» գործակալությունը բանակցում է այլ լեզուներով թարգմանելու համար։ Տարբեր շարքեր են թարգմանվել։
– Տեղի մամուլն անդրադառնու՞մ է այդ թարգմանություններին։
– Այո, օրինակ Արամ Պաչյանի գրքի մասին ուկրաինական մամուլում մի քանի գրախոսականներ են գրվել։ Երբ խոսում ենք գրահրատարակիչների հետ, ասում են, որ շատ լավ արձագանք գտավ։ Տեսնում ենք, որ գիրքն ասենք հրատարակվել է 1000 օրինակով, ասում ենքՙ դա քիչ է, բայց իրենք նշում են, թե հայտնի դառնալ ու քննարկվելՙ չի նշանակում շատ վաճառվել։ Գուցե գիրքը քիչ վաճառվի, բայց շատ որակյալ գրախոսականներ գրվեն այդ գրքի մասին, որ կնպաստեն գրքի առաջխաղացմանը։ Գրքի հանրահռչակումը մեծ պլան է, որ ներառում է թարգմանությունը, հրատարակումը, վաճառքը, գովազդի վրա հսկայական գումարներ են ներդնում, բայց հրատարակչությունը միայն իր ֆինանսավորմամբ չի կարող։ Այսօր ամերիկյան շատ ու շատ հրատարակչություններ, եթե փոքր ազգերի գրականություն են տպագրում, ասում ենՙ վճարեք նաեւ գովազդի համար։ Դեռ գովազդի համար չենք կարողանում օժանդակել, դրա համար վաճառքի ծավալները մեծ չեն։ Բայց գրականություն մեծ ծավալներով չի վաճառվում այսօր աշխարհում, հատուկենտ հեղինակներ կան, եւ այդ հեղինակների շարքը համալրելու համար տարիների քրտնաջան աշխատանք է պետք։ Միանգամից արդյունքի չենք կարող հասնել։ Միայն պիտի հիշենք, որ 2012 թվականից առաջ եւ հետո ՀՀ- ում գրականության, գրահրատարակչության ոլորտը մի քանի անգամ զարգացել է. Երեւանը երբ դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ- ի գրքի համաշխարհային մայրաքաղաքՙ ողջ աշխարհի ուշադրությունը բեւեռելով իր վրաՙ որպես գրական մայրաքաղաքի, Հայաստանում վաճառքի տեմպերն աճեցին։ Գրախանութների, հրատարակչությունների հետ եմ շփվում, տեսնում եմՙ ըստ իրենց վիճակագրության, 2017 թվականին կրկնակի շատ գիրք է վաճառվել հայ ժամանակակից հեղինակներից, քան 2016 թվականին։ Կարծում եմ կրկնակի առաջ ենք գնացել, որովհետեւ նոր ղեկավարությունը շատ գրական եւ մշակութային է, գիրքը քարոզում է։ Վարչապետի գրող լինելու հանգամանքը եւս նպաստում է դրան, մարդիկ կկարդան «Երկրի հակառակ կողմը», հետո կգնան ժամանակակից այլ հեղինակի գիրք ընտրելու, ի վերջո Նիկոլ Փաշինյանը եւս ժամանակակից հեղինակ է, գիրքը բավականին խոստումնալից է։
– Այստեղ փնտրու՞մ էին վարչապետի գիրքը։ Այն ներկայացրեցի՞ք, վաճառեցի՞ք։
– Շատ էին հարցնում, գիտեմՙ շատ պայմանավորվածություններ կան այն թարգմանելու, մի մասն ընթացքի մեջ է։ Ֆրանկֆուրտի տոնավաճառն առհասարակ գիրք վաճառելու վայր չէ, ցուցադրելու համար է, գրանտային ծրագրերը ներկայացնելու, հեղինակային իրավունքները ձեռք բերելու, վաճառելու տեղ է։ «Անտարես» հրատարակչությունը բերել էր գիրքը, ներկայացրել են, եւ մեծ հետաքրքրություն կա։
– Այժմ քննադատությունս հնչեցնեմՙ մեր տաղավարը, ներող եղեք անկեղծ լինելուս համար, մեր ստեղծագործ մտքին հավասար չէ։
– Կարծում եմ մեր տաղավարը շատ գեղեցիկ է այս տարի, որովհետեւ հյուրընկալ է, լուսավոր եւ գեղեցիկ ձեւավորում ունի։ Եվրոպական շատ հարուստ երկրների տաղավարների հետ պետք չէ համեմատել։
– Հարուստների հետ չէ համեմատությունս, գաղափարի, ճաշակի սով կա. Սլովենիան օրինակ իր տաղավարում բնափայտն է ընդգծել, դրա համար շատ դրամ պետք չէ։
– Դրա համար շատ դրամ է պետք։ Ձեր տեսած տաղավարների ձեւավորումն ու կառուցումը գերազանցում է 50- 100 հազար եվրոյի սահմանը։
– Իսկ մենք փող չունենք միշտ։
– Չէ կա, բայց տեսեքՙ մեր տաղավարը վերջին 2 տարին է, որ պատրաստվում է, նախկինում հատակը վարձում էինք, հասարակ ձեւով գրքերը ներկայացնում։ Եթե համեմատենք 3 տարի առաջվա մեր տաղավարի հետ, հիմա 1000 քայլ ավելի առաջ ենք։
– Ինչո՞ւ Ղարաբաղի մասին գրականություն չկա։ Դժբախտաբար կամ ի զարմանս ինձ, միայն Ադրբեջանի տաղավարում տեսա, հասկանալի էՙ ինչպիսի բովանդակությամբ։ ( Ադրբեջանի տաղավարում մեր զրույցի մասին կպատմենք առաջիկայում- Ան. Հ.)
– Մեր տաղավարում ներկայացվել են այն գրքերը, որոնք հրատարակվել են մշակույթի նախարարության պատվերով եւ աջակցությամբ, նախարարությունը չի տպագրել գիտական, պատմագիտական գրքեր, մեր թիրախում ալբոմային եւ գեղարվեստական գրականությունն է, արվեստի քննադատություն, մշակութաբանություն, դրա համար Ղարաբաղի թեմայով պատմագիտական գրքեր, քարտեզներ չունենք, ցավոք։ Դրանք հրատարակվել են հրատարակչությունների մասնավոր նախաձեռնությամբ, որոնցից օրինակ նախորդ տարի ցուցադրել ենք «Նահապետ» հրատարակչության քարտեզները։ Եթե կհիշեք, Ադրբեջանի տաղավարի հետ կոնֆլիկտ ունեցանք։
– Միգուցե դա՞ է ստիպել Ձեզ այս տարի «վերանայել», չբերել որեւէ բանՙ խուսափելով կոնֆլիկտային իրավիճակից։
– Մենք Արցախի հարցում հաղթած պետություն ենք, շահեկան դիրքում ենք, քարոզ անելու որեւէ բան չունենք։ Եվ Ադրբեջանի տաղավարի հետ համեմատվելու ոչինչ չունենք։
– Քարոզ չէՙ գիրք եք ներկայացնում։ Մենք կարող ենք եւ պետք է մեր տեսակետը ներկայացնենք, ի վերջո բոլոր մարդիկ չգիտեն Ղարաբաղյան հարցի մասին։
– Ես հասկանում եմ, բայց սա քաղաքական հարթակ չէ, եւ Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսն անընդհատ դա ասում է։ Անցյալ տարի, երբ մենք ոստիկաններին եւ անվտանգության մարմիններին դիմեցինք, չպատմեցինք մեր եւ Ադրբեջանի կոնֆլիկտի մասին, ուղղակի ասացինք, որ Ադրբեջանը ցերեկով քարտեզներ է գողացել հայկական տաղավարից։ Եվ նրանց պատժեցին, այս տարի Հայաստանին ավելի լավ տեղ հատկացրեցին, Ադրբեջանին թողեցին ինչ- որ անկյունում։
– Տարիներ ի վեր ասում ենքՙ հաղթած պետություն ենք, բայց գոնե տեղեկատվական պատերազմում հաղթած պետություն չենք։
– Քարոզչական մեխանիզմներն այսօր առցանց հարթակներում այնքան տարածելի եւ հասանելի են, որ 1000 օրինակ բուկլետ տպագրելով եւ այստեղ բաժանելով…
– Դա էլ շատ կարեւոր է, վրացիները բուկլետ բաժանելով, լրագրողների համար տեղեկատվական ողջ նյութը պայուսակների մեջ զետեղելով քանի քանիսին են իրազեկում։
– Ես էլ դրա հակառակն ասեմՙ մարդիկ թող գնան Մետրոպոլիտեն թանգարան ու տեսնեն հայկական ցուցադրությունը։ Եթե վրացիները տոպրակ են բաժանում, մենք էլ Մետրոպոլիտենում ցուցադրություն ենք անում։ Եթե վրացիները տոպրակ են բաժանում, չի նշանակում ճիշտ է։ Դա ագիտացիա է։ Քարոզ է դա։ Մեր հարթակը գեղարվեստական գրականության տարածման համար է։ Չենք եկել այստեղ Արցախի թեման բարձրացնելու։ Պատմական գրքեր բերել, քարտեզներ բերել…Դա փոքր պետության սինդրոմ է, բայց մենք ազատվել ենք այդ կարծրատիպերից, սա հարթակ է գեղարվեստական գրականության հանրահռչակման համար։
– Արդյոք Դուքՙ մշակույթի նախարարության աշխատակիցդ մշակույթը սահմանափակում եւ ընկալում եք միայն գեղարվեստակա՞ն գրականությամբ։
– Ոչ, մշակույթը լայն հասկացություն է, մշակութային ժառանգությունն է, ժամանակակից արվեստն է, ոչ նյութական մշակութային ժառանգությունն է, պատմամշակութային ժառանգությունը։ Գրականության ոլորտն է այստեղ ներկայանում, նախարարությունը ներկայացնում է դասական եւ ժամանակակից գրականություն, փորձում է գտնել հրատակչություններ, տարածել եւ այլն։ Դրա համար եմ ասում, որ այստեղ քաղաքական հարցեր լուծելու հարթակ չէ։
– Շատ բարի։ Սա նախարարության աշխատակցի կարծիքն է։ Իսկ եթե Դուք լրագրող լինեիք, կփնտրեի՞ք, կնկատեի՞ք, որ Հայաստանի տաղավարի դարակներին այդ պակասը կա։
– Ոչ, կարծում եմ չէի փնտրի։ Ոնց որ հիմա գնաք Մետրոպոլիտենի թանգարան մտնեք ու դուրս գալիս Ձեզ հայկական տոպրակներ տան, որտեղ Արցախի թեմայով բաներ կան գրված, դա այդքան էլ լուրջ չէ…
Լուսանկարները` Անահիտ Հայրապետյանի