Քաղաքամայր Երեւանի, կամ ինչպես ընդունված է ասելՙ համայն հայության մայրաքաղաքի ծննդյան 2800 ամյակի տոնակատարթյունները դժվար է ասել, թե ավելի հանդիսավոր ու պերճաշուք էին, քան նախորդ տարիներին: Տարբեր բեմահարթակներում մանկական, ռոք, ջազ համերգներ, տեղ-տեղՙ ինքնաբուխ դհոլ-զուռնա, շուրջպար ու քեֆային միջավայր, արվեստների ու արհեստների ցուցադրություն. Երեւանի տոնը միշտ էլ այդ ձեւաչափով է նշվել: Քաղաքային նախորդ իշխանությունները մտադիր էին 2800 ամյակը ճոխ նշել ու գումար չխնայել, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Նոր իշխանություններն ի դեմս քաղաքագլուխ Հայկ Մարությանիՙ շշմեցուցիչ լուր տարածեցինՙ 2800 ամյակի 1 միլիարդ 300 միլիոն դրամ բյուջեն նվազեցվել է 300 միլիոնի: «Առջեւում ձմեռ է, շատ խնդիրներ կան, բայց բյուջեի կրճատումից տոնը չի տուժի»,- հայտարարեց նորընտիր քաղաքապետը: Հայտնի չէ, թե նախորդ իշխանություններն ինչ ծրագրեր ունեինՙ Երեւանի տոնի հետ կապված, բայց 1 միլիարդ 300 միլիոնից պարզ է, որ նախկինները շատ սրված ախորժակ են ունեցել:
Երեւանի տոնին երեւանցիներն այս անգամ ձեւական, անտրամադիր, չարացած, նեղված ու նեղսրտած չէին: Այս անգամվա տոնը խիստ տարբերվում էր Երեւանի նախորդ տարեդարձերից: Ու առաջին հերթին տարբերվում էր հոգեբանական անկաշկանդվածությամբ, հանրության իրական տրամադրությունն արտահայտող անկեղծ մթնոլորտով: Ճիշտ հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ այս արժեքները մենք վաղուց էինք մոռացել, դրանք վաղուց էին օտարվել մեզնից: Մենք սովոր էինք տեսնել տոներ, որոնք մեզ հետ ոչ մի օրգանական կամ անօրգանական կապ չունեն: Մենք վարժվել էինք այն իրողությանը, որ դպրոցներից, մանկապարտեզներից, նախարարություններից, բուհերից պետք է ստիպողաբար ավտոբուսներով ժողովուրդ, ո՛չ, զանգված բերեն-լցեն հրապարակներն ու փողոցներըՙ իմիտացիա ստեղծելու, թե իբր ամեն ինչ հրաշալի է, բոլորի տրամադրությունըՙ բարձր, անհոգ եւ ուրախ: Մեր բոլոր տոները քաղաքականացված ու կուսակցականացված էին, ու մենք սովորել, վարժվել էինք դրան: Իսկ Երեւանի տոնն առավել քան քաղաքականացված ու կուսակցականացված էր: Քանի՞ գլուխ ուներ վարչական շրջանի ղեկավարը, որ համարձակվեր նախատեսվածից մի հոգի պակաս տանել տոնական երթերին ու հավաքներին: Աշխատանքից ազատելու սպառնալիքները, աշխատավարձից պահելը հաշվեհարդարի ամենատարածված ձեւերն էին:
Ձեւական, շինծու, տոնի խաբկանքով Երեւանը քանի՜-քանի տարեդարձ է անց կացրել պաշտոնյաների ձիգ ու հավակնոտ հայացքների, կուսակցական կոչ ու կարգախոսների տարափի տակ: Ոչ մի անկեղծ սեր ու նվիրում, ոչ մի լիաթոք, լիարժեք ուրախություն: Երկատված, զուգահեռ իրականություններից մեկը տանում էր դեպի պաշտոնական ձեւամոլություն, մյուսըՙ նսեմացված, օտարված, արհամարհված հասարակություն: Այս զուգահեռները երբեք չէին միանում. դրանք անկարող էր միացնել անգամ հինավուրց, բազմադարյա մեր Երեւանը: Երեւանն իր հնամենի կենսագրությամբ ընդամենը միջոց ու առիթ էրՙ աջուձախ մեդալներ, պարգեւներ, դիպլոմներ, նվերներ, Երեւանի պատվավոր քաղաքացու տիտղոսներ շռայլելու եւ երեւանցիների գրպանից Երեւանի բյուջե ուղղորդված գումարները մսխելու, վատնելու, փոշիացնելու, լվալու համար: Երեւանի ամեն տարեդարձ շահարկվել ու շահագործվել է անխնա: Ու եթե երեւանցին տանից դուրս է եկելՙ շրջելու «տոնական» Երեւանում, նրան ամեն րոպե ներշնչել են, որ այդ քաղաքն իրենը չէ, ինքն ընդամնեը բնակիչ է, բյուջե լցնող, ընտրազանգվածի մի մասնիկ, կարմիր գծերի, արագաչափերի, աղետալի տրանսպորտի գերին ու ստրուկը: Ու այսպեսՙ մի քանի տասնամյակ:
Մեծերը պատմում են, որ Էրեբունի-Երեւանի տարեդարձն առաջին անգամ նշվել է 1968 թվականին: Երեւանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանն է առաջինը համարձակվել Կրեմլին ներկայացնել Երեւանի տարեդարձը նշելու պլանը: Մոսկվան զարմացել ու կասկածի տակ է առել. ինչպե՞ս թե, Երեւանը 2750 տարեկա՞ն է, երբ Մոսկվան ընդամենը 800, Թբիլիսինՙ 1500 տարեկան է, եղբայրական մյուս հանրապետությունների մայրաքաղաքների պատանեկան տարիքի մասին էլ չխոսենք: Փաստորեն, Երեւանը 15 մայրաքաղաքներից ամենահինն է ու դա պետք է հրապարակվի, Եր-անի տոնը միութենական մասշտաբով նշվի՞: Մոսկվան դիմում է Բորիս Պիոտրովսկուն, որը Կարմիր բլուրում պեղումներ էր կատարել ու քաջատեղյակ էր Երեւանի պատմությանը: Հնագետը հավաստում էՙ այո՛, Էրեբունի -Երեւանը 2750 տարեկան է, եւ փաստող սեպագիր արձանագրություն կա դրա մասին: Ի՞նչ աներ Կրեմլը: Ստիպված համաձայնում է ու «դոբրոն» տալիս: Ասում ենՙ պետավտոտեսչությունը Գրիգոր Հասրաթյանին նվեր է արել. նրա ծառայողական ավտոմեքանայի համարները դարձրել 27 50: Եվ ուրեմն 50 տարի առաջ Գրիգոր Հասրաթյանը հիմնադրել է Երեւանի տարեդարձը տոնելու ավանդույթը: Պատմում են, որ միջազգային լրատվամիջոցների համար սենսացիա է եղել նախՙ Երեւանի տարիքը, ապա եւՙ համաժողովրդական տոնը, որին քաղաքային իշխանությունները պատրաստվել են ամենայն պատասխանատվությամբ ու նվիրումով: Հարյուրավոր հյուրեր են եկել Երեւան, մասնակցել տոնակատարությանը, ապշել հայկական հյուրասիրությունից ու սրտաբացությունից: Երեւանցիները հոգով-սրտով ուրախացել, մի լավ քեֆ են արել, բայց քաղաքային վերնախավը քաջ գիտակցել էՙ Երեւանի 2750 ամյակի տոնը մաքուր քաղաքական քայլ է: Գրիգոր Հասրաթյանն այդ քայլով բռունցքն ուղղակի Կրեմլի ամենապինդ սեղանին է զարկել, դիվանագիտորեն հասկացրել, որ իրենց հետ պետք է հաշվի նստել, որ եթե մենք բացենք պատմության հիշատակարանները, ապա մեր հարեւան առնվազն երկու հանրապետությունները, մանավանդ մեկը, թաքնվելու բազմաթիվ պատճառներ կունենան:
Դե արի ու համեմատիր Գրիգոր Հասրաթյանի կազմակերպած քաղաքական տոնը մեր ժամանակների քաղաքական տոների հետ: Դե արի ու համեմատիր 50 տարի առաջվա ու մինչեւ բոլորովին վերջերս պաշտոնավարող քաղաքային իշխանությունների նպատակները:
Այս անգամ վերջապես, փառք Բարձրյալին, երեւանցիները թոթափել էին Երեւանի տոնի կուսակցական ու քաղաքական փոշին: Այդքան բազմամարդ տոն Երեւանը դեռ չէր տեսել: Մարդիկ դուրս էին եկել տներիցՙ վայելելու իրենց ազատությունը, ցույց տալու, որ իրենք իրենց կամքով եւ ոչ թե որեւէ մեկի պարտադրանքով են եկել հրապարակ ու փողոց: Նախկինում ով երգեր կամ պարեր, մարդիկ անցնում էին անտարբեր: Իսկ այս անգամ բեմերը շրջապատված էին հոծ բազմությամբ, երգողի հետ երգում էին, պարողի հետՙ պարում: Ակնհայտ էրՙ շատերը տոնն օգտագործում էին ինչ-որ բան վաճառելու, քիչ ավելի եկամուտ ունենալու համար: Քաղաքի կենտրոնը տոնավաճառի էր վերածվել, բայց անգամ դա էր ինքնաբուխ ու անկեղծ: Թող 21-րդ դարում 20-րդ դարի շաքարաքլոր ու քաղցր բամբակ, գունավոր ադիբուդի, պզպզան խաղալիքներ վաճառեն, բայց թող մարդիկ իրենց օրվա տերը զգան ու լինեն: Այդ օրը Երեւանին ու երեւանցուն ոչ մի պաշտոնյա ու քաղաքապետ պետք չէր, երեւանցին այդ օրը ոչ ոքի չէր սպասում, չէր սպասում, թե ով է իրեն ուղղորդելուՙ որ փողոցով քայլի, դրոշակն ու փուչիկն ա՞ջ, թե ձախ ձեռքով բռնի, կրունկո՞վ, թե անկրունկ կոշիկ հագնի: Զավեշտալի է հնչում, բայց, իսկապես, նախկին շեֆերն իրենց ենթականերին Երեւանի տոնին ներկայանալու համար անգամ դրեսկոդ են պարտադրել: Ամենուր աքցան, սեղմօղակ, շղթա. այս անգամ Երեւանն ու երեւանցին ձերբազատված էին հոգեկան կտտանքների ու ստորացման այլ միջոցներից: Երեւանցին 2800 ամյակի տոնը երկար է հիշելու, որովհետեւ այն, թերեւս, միակը լինի իր ինքնաբուխ, ժողովրդական, անկեղծ ու չքաղաքականացված դրսեւորումներով:
Երեւանի քաղաքապետերից ամենազգացմունքայինը Հայկ Մարությանը դուրս եկավ, որն ամբիոնից մի ամբողջ էջ կրնկնեց ու կրկնեցՙ ես սիրում եմ քեզ, Երեւան: Ու զարմանալի չէ, որ Հանրապետության հրապարակում հանրությունն օվացիաներով չարձագանքեց նոր քաղաքապետի սիրո խոստովանությանը: Ինչպես ամբողջ օրվա ընթացքում, օրվա ավարտին էլ նույն տրամադրվածությունն էրՙ երեւանցին ոչ մի պաշտոնյայի կարիքը չուներՙ իր քաղաքի տոնը սրտանց նշելու համար: Նրան չեն ոգեւորում ոչ սիրո խոստովանությունները, ոչ այլ խոստումները: Երեւանցին ձերբազատվել է տասնամյակների հոգեկան կապանքներից, բայց այլեւս հրաշքների չի սպասում: Ամբիոնային խոստում-խոստովանանքների առարկայան իրականացման ժամանակը մոտենում է:
Մեկ տարի հետո Երեւանի 2801-րդ տարեդարձը լակմուսի թղթի պես ցույց կտաՙ շարունակելո՞ւ է Երեւանը աթոռակռվի, բյուջեի մսխման առիթ հանդիսանալ, Երեւանը շարունակելո՞ւ է մնալ խաղասեղանին, շարունակելվելո՞ւ է այս կամ այն տարածքն էժան գներով սեփականացնելու մրցավազքը: Ժամանակը ցույց կտաՙ խաղի կանոննե՞րը կփոխվեն, թե՞ կփոխվեն միայն պաշտոնյաների դեմքերն ու անուն-ազգանունները: Ինչեւէ, քաղաքական փոփոխությունները նպաստեցին, որ Երեւանն իր 2800 ամյակի ամենաթանկ նվերը ստանաՙ չքաղաքականացված ու չկուսակցականացված տոն: