ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից
Պետերբուրգաբնակ մեր հայրենակից, ճանաչված հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանն արդեն երկար տարիներ լայն հանրությանն է ներկայանում իր սրաթռիչ մտքի եւ արտասովոր երեւակայության ամենավառ դրսեւորումներով եւ նրա գործունեությանն ուշի ուշով հետեւողների մոտ արդեն կարծիք է կազմվում, որ այս զարմանալի հայը իր դրվատելի նախաձեռնություններով Երկիրը «նվաճելուց» հետո հիմա էլ սկսել է Տիեզերքի նվաճման գործընթացը:
Մեր ընթերցողներին ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ ի նշանավորումն 2018-ի մեր հոբելյանական տարեդարձներիՙ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100 եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակներիՙ Հայաստանի եւ Երեւանի դրոշները Հրաչյա Պողոսյանի սրաթռիչ մտքի արդյունքում այժմ ծածանվում են տիեզերքում` Միջազգային տիեզերական կայանում: Ի դեպ, դրոշները տիեզերք էին ուղարկվել մինչեւ Հայաստանի թավշյա հեղափոխությունըՙ մարտի 21-ին, տիեզերագնացներ Օլեգ Արտեմեւի, Էնդրյու Ֆոյթելի եւ Ռիչարդ Արնոլդի հետ, եւ արդեն հոկտեմբերինՙ Էրեբունի-Երեւան տոնակատարության 2800-ամյակի նախօրյակին, տիեզերքում «շրջագայած» դրոշները հանդիսավոր պայմաններում կհանձնվեն Հայաստանի նոր ղեկավարությանը: Այդ օրերի մասին Հրաչյա Պողոսյանը հիշում է.
– Մարտի 2-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի խնդրանքով մեզ ընդունեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Ինձ հետ էր նաեւ ՌԴ հերոս, տիեզերագնաց-փորձարկող Օլեգ Արտեմեւը, ում այդ օրը ես եւ Վարդան Տողանյանը հանդիսավոր պայմաններում հանձնեցինք դրոշները եւ հենց Արտեմեւին էլ պատիվ էր վիճակված մեր խորհրդանիշերը հասցնել Միջազգային տիեզերական կայան:
Իսկ մինչ այդ, ընդամենը երկու օր հետո, հոկտեմբերի 7-ին, Հրաչյա Պողոսյանի հայրենի եզերքումՙ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում, մեծ հանդիսավորությամբ կնշվի գյուղի վերածննդի 10-ամյա հոբելյանը եւ «Արարատ 73»-ի հաղթանակի 45-ամյակը:
Ինչպես մեր զրույցի ընթացքում նշեց ճանաչված բարեգործըՙ սպասվում են շքեղ եւ ուրախ միջոցառումներ, տոնական բարձր տրամադրություն, բազմաթիվ հրավիրյալներ, ողջույնի խոսքեր եւ շնորհավորանքներ: Կներկայացվի համերգային ուրույն ծրագիրՙ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ, տոնակատարությանը ներկա կլինեն աշխարհի տարբեր ծայրերից Ագարակ հրավիրված «Արարատ 73»-ի լեգենդները…
– Սպասվում են նաեւ «տիեզերական անակնկալներ»,-անկեղծ եւ բարի ժպիտը դեմքին խոսքը շարունակում է Հրաչյա Պողոսյանը: Ագարակ կայցելեն նաեւ տիեզերագնացներ: Այնպես որ, Ագարակցիների ուրախությանը մասնակցելու համար հրավիրվում են բոլոր ցանկացողները:
Հրաչյա Պողոսյանը նաեւ հոբելյանական միջոցառումների շարքի որոշ մանրամասներ է ներկայացնում:
Առավոտյան, պատվավոր հյուրերի դիմավորումից հետո, Հայրենական Մեծ պատերազմում զոհված ագարակցի զինվորների հուշահամալիրի մոտ տեղի կունենա ծաղիկների եւ պսակների խոնարհման արարողություն: Հուշարձանը բացվել է 2007-ին, բանակի գեներալ Վ. Ֆ. Երմակովի, Մեծ Հայրենականի վետերանների եւ շրջափակված Լենինգրադի բնակիչների կողմից: Այն խորհրդանշում է Հայոց Ցեղասպանության, Հայրենական Մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի տարիներին զոհված հայրենակիցների մասին ժողովրդական հիշողությունը: Թանկ հիշողություններ, որոնք սերնդեսերունդ իրար են փոխանցում 1915 թվականին թուրքական յաթաղանից մազապուրծ եւ Վանից ու Մուշից Ագարակ գյուղում հաստատված մեր տարաբախտ հայրենակիցների, Հայրենական Մեծ պատերազմում եւ Արցախյան գոյամարտում զոհված ու նաեւ իրենց խիզախությամբ եւ անկոտրում կամքով աչքի ընկած ագարակցիների շառավիղները:
Այնուհետեւ տեղի կունենա Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկերի օծում Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Օծման արարողությանը մասնակցելու համար հրավեր է ուղարկվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Ի դեպ, Հրաչյա Պողոսյանի մեծ երազանքն է մոտ առաջիկայում Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկեր պատրաստել եւ օծման արարողություն կազմակերպել նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Սուրբ Աստվածածինը Ագարակում կառուցվել է 2008-ին, օծվել նույն թվականի հոկտեմբերինՙ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, իսկ 2010 թ.-ին եկեղեցու կողքին կառուցվել է զանգակատունՙ նվիրված Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին:
Օծման արարողությանը կհաջորդի «տիեզերական առաջին անակնկալը». տեղի կունենա ԽՍՀՄ հերոս, առաջին տիեզերագնաց-օդաչու Յուրի Գագարինի անվան ռոբոտաշինության դասարանի բացումը: Ի դեպ, դասարանի անվանումը համաձայնեցված է Յու. Գագարինի դստերՙ «Մոսկովյան Կրեմլ» թանգարան-արգելավայրի գլխավոր տնօրեն Ելենա Գագարինայի հետ: Դասարանում տեղի կունենա նաեւ Յու. Գագարինի կիսանդրու բացումը:
Բայց սա դեռ ամենը չէ: Այդ օրը Ագարակի կենտրոնում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով հիմնված կարի արտադրամասի բացման արարողությունըՙ տեղի բակչությանն աշխատատեղերով ապահովելու նպատակով, ինչպես նաեւ հիշողության պատիճի զետեղում կառուցվող կցաշենքի հիմքում, որը թույլ կտա հետագայում ավելացնել աշխատատեղերը:
Պատիճը կզետեղեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հրաչյա Պողոսյանը:
Հոբելյանական միջոցառումների շարքը կշարունակվի Ագարակի կենտրոնում «Արարատ-73» նոր հրապարակի հանդիսավոր բացման արարողությամբ, որին կհաջորդի ծառատունկՙ «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակի 40-ամյակի եւ Ագարակ գյուղի վերածննդի պատվին 2013 թ.-ին բացված «Արարատ-73» հուշարձանի մոտ:
Ծառատունկի արարողությանը կհաջորդի «տիեզերական երկրորդ անակնկալը». Ներկաների ելույթներից, ողջույնի խոսքերից եւ շնորհավորանքներից հետո կկայանա Հրաչյա Պողոսյանի սրաթռիչ մտքի շնորհիվ տիեզերք տարվածՙ Հայաստանի եւ Երեւանի դրոշների հանդիսավոր հանձնման արարողությունը: Դրոշները ՌԴ օդաչու-տիեզերագնացները կհանձնեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին:
Մեր հայրենակիցներն ու Հայաստան ժամանած հյուրերը հոբելյանական միջոցառումների ամբողջական ծրագրին եւ տոնական օրվա գունագեղ ներկապնակին առավել մանրամասն ականատես կլինեն հոկտեմբերի 7-ին, Ագարակ գյուղում: Իսկ մինչ այդՙ շնորհավոր հոբելյանդ, Ագարակ, եւ առանձնահատուկ շնորհավորանք ու շնորհակալություն քեզՙ Աստվածահաճո գործերով ամենուրեք սեր, բարություն եւ բարեկամություն սերմանող մեր նշանավոր հայրենակից Հրաչյա Պողոսյան:
Եվ վերջում, որպես այս հրապարակման ամփոփում, ավելորդ չեմ համարում ներկայացնելու համառոտ տեղեկանքՙ Հրաչյա Պողոսյանի գործունեության վերաբերյալ:
ԱՊՀ Միջկառավարական ասամբելայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական, բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանն արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է, նրա հասարակական ու բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Հրաչյան առանձնակի վերաբերմունք ունի հոգեւոր արժեքների եւ հոգեւոր խորհրդանիշների հանդեպ: Նրա բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, նաեւ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը: Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 100-ից ավելի մշակույթի, հոգեւոր եւ պատմական նշանակության կառույցներ ու հուշակոթողներ: Դրանցից 29 հուշարձան նվիրված է Հայրենական մեծ պատերազմին, 7-ը` հայոց ցեղասպանությանը, որոնք տեղադրված են տարբեր քաղաքներում: Նրա մեկենասությամբ տպագրվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, ինչպես նաեւ տարբեր թեմաներով վավերագրական ֆիլմեր: Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն մեկ տասնյակից ավելի երկիր:
Տիեզերագնացության հետ Հրաչյան վաղուց է առնչվել, դեռեւս 2014-ին նրա նախաձեռնությամբ եւ միջոցներով ՌԴ Ամուրի երկրամասում հանդիսավորությամբ տեղադրվել է տիեզերագնացության տեսության հիմնադիր Կոնստանտին Ցիալկովսկու կիսանդրին եւ միաժամանակՙ ֆինանսավորել է Ուգլեգորսկի տիեզերագնացության թանգարանինՙ ցուցանմուշներ ձեռք բերելու գործում եւ նրա միջոցներով նկարահանվել է «Այսօրվա անհնարինը վաղը դառնում է հնարավոր» ֆիլմըՙ նվիրված Ցիալկովսկու կյանքին եւ գործունեությանը: Ֆիլմը ցուցադրվել է Ամուրի մարզի հեռուստատեսային ալիքներով եւ արժանացել տարբեր մրցանակների:
Հրաչյա Պողոսյանը, ով, ի դեպ, Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի անդամ է, բարեգործական էլի բազմաթիվ նշանակալի ներդրումներ է կատարել տիեզերագնացության ոլորտին աջակցելու գործում: Եվ հավանաբար նաեւ այդ էր պատճառը, որ այս անգամ որոշեց Հայաստանի անունը կապել տիեզերագնացության եւ տիեզերքի հետ: