Երկխոսության բացակայության պայմաններում
Իրանի հարավումՙ Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքում սեպտեմբերի 22-ին, զորահանդեսի ժամանակ, տեղի ունեցավ ահաբեկչություն: Իրանի տարբեր քաղաքներում անցկացվող համանման զորահանդեսները նվիրված են Սրբազան պաշտպանության շաբաթվանՙ կապված 1980-1988 թթ. իրանա-իրաքյան պատերազմի հետ:
Ահվազում ազգային զինվորական համազգեստով մի խումբ գրոհայիններ կազմակերպել էին հրաձգություն: Սպանվեց 29 մարդ: Տասնյակ մարդիկ վիրավորվեցին: Իրանական աղբյուրների տվյալներով, բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են: Ինչպես հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Ահվազում գործող «Արաբակական հայրենասիրական դեմոկրատական շարժումը», որը կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ: Ռոյթեր գործակալության տվյալներով, ահաբեկչությանը մեղսակից է «Իսլամական պետություն» խմբավորումը: Ներկայացնենք իրադարձությունների որոշակի տրամաբանական շարադրում:
Առաջին: Անկասկած, Ահվազի ահաբեկչությունը միտված է Իրանում որոշակի անկայունության ստեղծմանը: Այն հաջորդեց Սիրիայում ռուսական Լս-20-ի խոցմանը: Դեռ մնում է պարզել, թե գոյություն ունի՞ արդյոք կապ այդ երկու ողբերգական իրադարձությունների միջեւ: Եթե ծանոթանանք 2005 թվականից ի վեր Իրանում իրականացված ահաբեկչությունների պատմությանը, ապա աչքի է զարնում դրանց էթնիկական եւ աշխարհագրական կապակցվածության ուժեղացումը: Հիշեցնենք, որ 2005 թ. հունիսի 12-ինՙ նախագահական ընտրություններից 2 օր առաջ, Ահվազում տեղի ունեցավ պայթյուն նահանգապետի նստավայրի առջեւ: Զոհվեց 11, վիրավորվեց 87 մարդ: Հետագա տասն ամիսներին քաղաքում իրականացվեց չորս ահաբեկչություն, զոհերի ընդհանուր թիվը հասավ 28-ի:
Իրանի իշխանությունները ահաբեկչությունների կազմակերպման համար մեղադրեցին արաբական կազմակերպություններին, որոնք պահանջում են Խուզեստանի անկախացում, որտեղ ապրում է երկրի արաբ բնակչության հիմնական մասը: Պայթյունները դադարեցին ահաբեկչությունների կազմակերպիչների ձերբակալություններից եւ մահապատիժներից հետո: Հարձակումներ տեղի ունեցան նաեւ Բելուջիստանում, որտեղ ականված ավտոմեքենաների պայթյուններից զոհվեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 11 զինծառայողներ, եւս 31-ը վիրավորվեցին: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց «Ջունդալա» խմբավորումը: Ահաբեկչության կազմակերպման եւ իրականացման մեղադրանքով մահապատժի ենթարկվեց 6 մարդ: Գոյություն ունեն նաեւ զանազան սուննի խմբավորումների հարձակումների օրինակներ: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Իրանում գոյություն ունի վարչակարգի դեմ պայքարող ընդհատակ: Իհարկե պայքարի նպատակները տարբեր են:
Երկրորդ: Ահվազի ահաբեկչությունը տեղի ունեցավ ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Նյու Յորք մեկնելու նախօրեին: Դրանից մեկ օր առաջ ԱՄՆ-ից տեղեկություն էր ստացվել նախագահ Թրամփի հետ Ռոհանիի հնարավոր հանդիպման մասին: Փաստերի ամբողջությունը խորհել է տալիս, որ տարածաշրջանում որոշ ուժեր շահագրգռված չեն իրադարձությունների նման ընթացքով, թեեւ Թեհրանը պաշտոնապես ամեն կերպ ժխտում էր այդօրինակ ընթացքը: Ահվազի ահաբեկչությունից հետո Թրամփի եւ Ռոհանիի հանդիպումը անհնար դարձավ քաղաքական եւ բարոյական նկատառումներով:
Երրորդ: Կարող է սկիզբ առնել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի փոխհարաբերությունների բարդացման հերթական փուլը, ինչը է՛լ ավելի կբարդացնի Մերձավոր Արեւելքի իրադրությունը:
Չորրորդ: Տեսական մակարդակով կարելի է ենթադրել Իսրայելի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գործունեություն, որոնք լավ տիրապետում են հիբրիդային պատերազմի տեխնոլոգիային, ինչը ենթադրում է զանազան ահաբեկչական խմբերի ստեղծում:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ահվազի ահաբեկչության համար պատասխանատու է համարել ահաբեկչության տարածաշրջանային հովանավորներին եւ նրանց ամերիկացի հրահանգիչներին:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ իր երկիրը չի ձգտում վարչակարգեր փոխել որեւէ պետությունում եւ որ Վաշինգտոնը միայն պաշտպանում է ամերիկացիներին եւ նրանց դաշնակիցներին: Նա մեջբերել է նախագահ Թրամփի այն խոսքերը, թե Իրանը վատ խաղացող է միջազգային ասպարեզում: Այսինքն Վաշինգտոնը ուրիշներից պահանջելով դիրքորոշումների փոփոխություն, իրեն եւ իր տարածաշրջանային դաշնակիցներին համարում է արդարամիտներ, թեեւ վերջերս Թրամփը իր երկրի պատմության մեջ վատթարագույն սխալ անվանեց նախագահ Բուշ կրտսերի նախաձեռնած ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում:
Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլտոնը Իրանին սպառնացել է նոր պատժամիջոցներով: Նրա խոսքերով, Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ կգտնի պատժամիջոցների նորացված տարբերակներ, եթե նախորդները չհանգեցնեն փոփոխությունների: Վերջապես, Թրամփի փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին պնդում է, որ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի ձեռնարկած պատժամիջոցները գործում են եւ կհանգեցնեն հեղափոխության, որի արդյունքը կդառնա Իրանի ներկայիս իշխանությունների տապալումը: «Ես չգիտեմ դա երբ տեղի կունենա. գուցե մի քանի ամիս կամ մի քանի տարի հետ», ավելացրել է Ջուլիանին:
Ընդ որում, Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ գործում է առավելագույն կոշտ ձեւով: Օգոստոսի լույս 7-ի գիշերը ուժի մեջ մտան պատժիչ բնույթի միջոցառումներ, որոնք ներառում են մասնավորապես իրանցիների ավտոմոբիլաշինությունը, ոսկու եւ մի շարք այլ մետաղների առք ու վաճառքը: Նոյեմբերի 5-ին ուժի մեջ կմտնեն նավթի արտահանման սահմանափակումները: Իսկ հետո՞: Ներկայացնենք իրադարձությունների հնարավոր զարգացման մի քանի տարբերակ:
Առաջին սցենարը «կորեականն» է: Ամերիկացիներին հաջողվում է փոխել Իրանի քաղաքականությունը, բայց դա հնարավոր է լոկ այն դեպքում, եթե միջազգային եւ տարածաշրջանային խաղացողները համագործակցեն Վաշինգտոնի հետ: Իսկ առայժմ Եվրոմիությունը, Ռուսաստանը եւ Չինաստանը հավանություն չեն տալիս իրանական միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ-ի որոշմանը եւ կձգտեն Թեհրանի հետ պահպանել առեւտրատնտեսական եւ մյուս հարաբերությունները: Դա հատկապես դժվար է Եվրոմիության համար, որը պետք է որոշի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում զոհաբերել սեփական ազգային ու տնտեական շահերը հանուն Իրանի: Ըստ որում, Թեհրանը պետք է շարունակի կատարել միջուկային գործարքի համաձայն իր ստանձնած պարտավորությունները, որպեսզի Եվրոմիության, Ռուսաստանի եւ Չինաստանի համար պահպանի այդ դիրքերից ԱՄՆ-ի վրա գրոհելու հնարավորությունը:
Տվյալ սցենարի ձեւաչափում հնարավոր է գործողությունների յուրահատուկ տարբերակ: Առաջին փուլում ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելովՙ Իրանը կփորձի երկարաձգել ժամանակը: Թրամփը մեկ անգամ եւս հաստատել է նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպելու իր պատրաստակամությունըՙ ակնարկելով, որ կարող է ի հայտ գալ քաղաքական գործընթացին ուղեկցող որոշակի դրական միտում: Ինչպես գտնում է իսրայելցի արեւելագետ Մորդեխայ Կեյդարը , Իրանի հետ բանակցություն սկսելու փաստը ինքնին կդառնա Թեհրանի հաղթանակը: Իհարկե իրանցիներին ԱՄՆ-ի ներկայացնելիք պահանջների ցանկը ենթադրում է երկարատեւ ու բարդ բանակցային շրջափուլ: Այդ պահանջներն ենՙ միջուկային օբյեկտների կազմաքանդումը, ցենտրիֆուգների եւ արդեն հարստացված ուրանի դուրսբերումը երկրից, հրթիռաշինական գործարանների եւ բուն հրթիռների ապամոնտաժումը, ամբողջ Մերձավոր Արեւելքի մասշտաբներով իրանական զորքերի հետքաշումը, «Համասին» եւ «Հըզբոլլահին» հատկացվող ռազմական եւ ֆինանսական օգնության դադարեցումը:
Երկրորդ սցենար: ԱՄՆ-ը Իրանի շուրջը օղակը կսեղմի տարատեսակ պատժամիջոցներով եւ Մերձավոր Արեւելքում իրականացվող ձեռնարկումներովՙ այդ ուղղությամբ խթանելով իր դաշնակիցների քաղաքականությունը: Խնդիր է դրվում հասնել երկրի տնտեսության եւ քաղաքական համակարգի փլուզմանըՙ հընթացս իրականացնելով վարչակարգի քաղաքական վարկաբեկման միջոցառումներ: Ըստ որում, առավելագույն չափով կօգտագործվեն էթնիկական փոքրամասնությունների բողոքի տրամադրությունները. բելուջներինըՙ հարավ-արեւելքում, արաբներինըՙ Ահվազում, քրդերինըՙ հյուսիս-արեւմուտքում եւ իրանական ադրբեջանցիներինըՙ հյուսիսում: Իրադարձությունների նման ընթացքը ենթադրում է քաոսի հրահրման եւ «ամենքի դեմ ամենքի միջոցով» Իրանի վերածումը Սիրիայի, ինչը, անկասկած, կազդի Մերձավոր Արեւելքի եւ Անդրկովկասի բոլոր երկրների վրա:
Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, ներկա փուլում Իրանի դեմ ռազմական գործողության ձեռնարկումը երկրորդ կամ երրորդ պլանում է: Առաջին հերթին մշակվում է «դիվանագիտական հրետանային նախապատրաստությունը»: Պատահական չէ, որ ՄԱԿ-ի միջանցքներում ուռճացվում է Իրանի հետ ԱՄՆ-ի երկխոսության հնարավորության գաղափարը: Այստեղից հարց է ծագում, թե որոնք են վերոնշյալ Ահվազի ահաբեկչության իրական նպատակները եւ ովքեր են դրա կազմակերպիչները, ինչը խափանում է Վաշինգտոնի հետ Թեհրանի երկխոսության գործընթացը:
Նույնպիսի հարց է ծագում նաեւ Սիրիայում ռուսական Լս-20 օդանավի խոցման կապակցությամբ, ինչը ոչ միայն լարվածություն առաջացրեց Ռուսաստան-Իսրայել հարաբերություններում, այլեւ ուրվագծեց Մերձավոր Արեւելքում Իրանի եւ Սիրիայի հետ կապված նոր վտանգներ (Սիրիայի տարածքում Իսրայելը առանց այդ էլ քողարկված պատերազմ է մղում Իրանի դեմ):
Ուստի կարելի է ենթադրել, որ սիրիական ռազմաճակատը կտեղափոխվի, ավելի ստույգՙ կհամալրվի Յեմենով եւ Իրաքով: Այսպիսով, Մերձավոր Արեւելքում սկսվում են վերախմբավորում եւ ուժերի նոր դասավորություն: