ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Դյուցազնամարտՙ ողբերգական վերջնարդյունքով Լրագրային ընթացիկ մոտեցմամբՙ իմ այսօրվա սյունակը պետք է հատկացված լիներ առաջիկա մայրաքաղաքային ընտրություններին, ավելի շուտՙ այդ ընտրությունների շուրջ ստեղծված քաղաքական խճողակին, որի արդյունքը ճակատագրական է լինելու մեր նոր իշխանությունների, գուցե ողջ Երեւանի ու երկրի համար: Սակայն, այդ պարտականությունը թողնելով մեր ձեռնհաս աշխատակիցների ուսերինՙ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ հայկական ռազմական սխրագործություններից մեկին, որի 100-ամյակը լրացավ ընդամենը երկու օր առաջ, սեպտեմբերի 19-ին, եւ որին հազիվ թե անդրադառնան հայաստանյան մեր գործընկերները, որոնք այս օրերին գերզբաղված են իրենց սիրած գործովՙ «քլնգելով», այս եւ այն կողմից: Ասենքՙ նրանք այնքան էլ մեղք չունեն. մեր բուհական, էլ ո՜ւր մնաց դպրոցական դասագրքերում անգամ հայկական Կիլիկիան, նկատի չունեմ թագավորությունը, տեղ չունի, օրինակՙ նույնիսկ մի քանի տողանի անդրադարձ չկա 1920 թ. օգոստոսի 4-ի Ակտի մասին, երբ ռամկավար մեծանուն գործիչ Միհրան Տամատյանի գլխավորությամբ Կիլիկիայի բնիկ ազգաբնակչությունը – հայ, ասորի, ալեւի, քաղդեացի, հույն եւ զազա- հայտարարեցին Կիլիկիայի անկախությունը ֆրանսիական հոգատարության ներքո, Ատանա մայրաքաղաքով: Ճիշտ է, այդ անկախությունն ընդամենը կես օրվա կյանք ունեցավ եւ ֆրանսիական գրավման բանակի սվիններով ճնշվեց, բայց մնաց ու դեռ մնում է որպես այդ տարածաշրջանի բնիկ ժողովուրդներիՙ թուրքական գերիշխանությունից ազատ եւ անկախ ապրելու կամքի արտահայտություն: Կամքՙ որն այսօր, շուրջ 100 տարի հետո, իր տարատեսակ դրսեւորումներն է ունենում սիրիական հողում եւ հարակից շրջաններում, սակայն, ավա՜ղ, այս անգամ առանց հայերի: Մինչդեռ այդ ոգորումների մեջ հայերն ստանձնել էին առաջնորդողի դերը ոչ միայն իրենց թվաքանակով, չորս կուսակցությունների- ռամկավար, հնչակյան, վերակազմյալ հնչակյան եւ դաշնակցական- քաղաքական միացյալ ուժով ու տնտեսական ներկայությամբ, այլեւ ռազմական ուժով, որպես «փոքր դաշնակից» գերմանաթուրքական զորքերի դեմ մարտնչող անգլո-ֆրանսիական բանակների: Հայկական ուժերի կորիզը հանդիսանում էր Հայկական լեգեոնը, որն ստեղծվել էր 1917-ին Պողոս Նուբարի Հայ ազգային պատվիրակության եւ Ֆրանսիայի կառավարության միջեւ կնքված համաձայնագրով, այն իրարհասկացողությամբ, որ հայկական այդ զորագունդը Թուրքիային պարտության մատնելուց հետո դառնալու էր Կիլիկիայի պահակն ու հենարանը: Այդ հեռանկարը ոգեւորել էր ամբողջ արեւմտահայությանըՙ ցեղասպանված, բռնագաղթված, որբացած եւ աստանդական դարձած հայորդիներին, սրտառուչ մղումով, վրեժխնդիրՙ ընդդեմ Ցեղասպանի: Աշխարհի տարբեր վայրերից (միայն Մ. Նահանգներիցՙ 1200 երիտասարդ) կենտրոնացվեցին ֆրանսիական Բորդո, եգիպտական Պորտ Սաիդ նավահանգիստներում, երկարատեւ մարզումներ անցան Կիպրոսում, անգլիական բանակի մարզիչների եւ փոխգնդապետ` ռամկավար Ջիմ Չանգալյանի հսկողությամբ, ապա վերջապես փոխադրվեցին Պաղեստին, խրամատավորվեցին Արարա լեռան հակադիր փեշերից Ռաֆաթ տեղանքում, անհամբերՙ մարտի մեջ մտնելու: Սեպտ.19ի արեւածագին հայկական զորագունդը սկսեց գրոհը գերմանական թնդանոթների կատաղի հարվածների տակ եւ 12 ժամյա համառ մարտերից հետո գրավեց աննվաճելի համարվող լեռան բարձունքը, քշեց դեռեւս ողջ մնացած ասկյարներին, բացվեց թուրք-գերմանական ողջ ճակատը, մինչեւ Յաֆա: Հայկական կողմը տվեց 21 զոհ, վիրավորների թիվըՙ 70, որոնցից 2-ը ավելի ուշ մահացան ստացած վերքերից: Մարտից հետո տեղի է ունենում նահատակների հուղարկավորությունն ու թաղումը, որին մասնակցող ֆրանսիացի հրամանատարները գովում են հայկական դիմացկունությունը եւ նշում մի շատ հատկանշական պարագաՙ մեր զոհված մարտիկները, առանց բացառության, ընկել էին հրացանը ձեռքին, մահացու վերք ստացած գլխից կամ կրծքից: Ոչ ոք չէր ընկրկել, նրանքՙ խարբերդցի, չնքուշցի, արաբկիրցի, այնթապցի, մարաշցի, քեսապցի, գարահիսարցի, զեյթունցի, մուսադաղցի եւ այլ, վրիժառուներ էինՙ անպաշտպան մորթոտված իրենց հարազատների արյան դիմաց մարտնչող, եւ կռվում էին «Կիլիկյան օջախը» հիմնել-պաշտպանելու նշանաբանով: Ինչպես նշվեց, նրանց եւ Կիլիկիայում վերահաստատված ավելի քան 250 հազարանոց հայությանը ֆրանսիացիք թույլ չտվեցին իրականացնել այդ երազը, նույնիսկ զենք ու պարեն չտվեցին: Հայ ժողովրդի «մեծ դաշնակիցը»ՙ «Ասպետակա՜ն Ֆրանսիան», արդեն համաձայնվել էր օսմանցիների, ապա եւ քեմալականների հետՙ նրանց հանձնելու Ռուբինյաց Տունը: Համենայնդեպս, Հայկական լեգեոնը հետագա երկու տարիներին էլ լիուլի կատարեց իր պատմական դերը, երբ ներխուժող քեմալական զորքերի դեմ եւ ֆրանսիական դավաճանության պայմաններում նրա մարտիկները ստանձնեցին Հաճընի, Այնթապի, Մարաշի, Սիսի, Զեյթունի, Ամանոսի եւ Դյորթ-Յոլի ինքնապաշտպանական կռիվների ղեկավարությունըՙ փոխգնդապետ Ջան Շիշմանյանի վերին հրամանատարության տակ եւ փրկեցին տասնյակ ու տասնյակ հազարավոր հայերի կյանքը եւ ուղեկցեցին նրանց մինչեւ միջին-արեւելյան նոր հանգրվաններ: Փառք հայ լեգեոնականներին, իրենց հայրենի հողում ազատ, անկախ եւ ապահով ապրելու նրանց կամքին: Այդ կամքը միշտ կենդանի է, ապացույցՙ ներկա Հայաստանն իր Արցախով: |