ՄԱԿ-ը կկարողանա Սիրիայի վերականգնման աշխատանքներին մասնակցել միայն այն բանից հետո, երբ երկրում տեղի կունենա իշխանափոխություն: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի քարտուղարության գաղտնի կարգադրագրում: Այդ փաստաթղթի գոյության մասին հայտնի է դարձել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից: Նախարարը ՄԱԿ-ից պահանջել է բացատրություն տալ, թե ինչու նման հարցերը ներքին գաղտնի կարգադրությունների առարկա են դառնում ի շրջանցումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, եւ արեւմուտքցի գործընկերներին մեղադրել է համաշխարհային կազմակերպությունը իրենց նպատակներին ծառայեցնելու մեջ: ՄԱԿ-ը ժխտում էր նման կարգադրագրի գոյությունը:
«Սիրիայում ՄԱԿ-ի աջակցության պարամետրերն ու սկզբունքները» վերնագրված երկու էջանոց փաստաթուղթը կազմվել է 2017 թ. հոկտեմբերին: Ռուսական «Կոմերսանտ» թերթի տվյալներով, տվյալ փաստաթղթի հեղինակը ամերիկացի դիվանագետ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի գծով նախկին օգնական Ջեֆրի Ֆելդմանն է, որն իր պաշտոնը թողել է այս տարվա գարնանը: Կարգադրագրի էությունը կարելի է հանգեցնել երեք կետի:
ՄԱԿ-ը առաջ չի քաշի գաղթական փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձման գաղափար, բայց կօժանդակի վերադարձողներին:
Համապարփակ եւ իսկական քաղաքական իշխանափոխությունից հետո միայն ՄԱԿ-ը պատրաստ կլինի օժանդակել վերակառուցմանը:
ՄԱԿ-ի օգնությունը չպետք է հատկացվի այն կողմերին, որոնք մեղավոր են պատերազմական հանցագործությունների կամ մարդկության դեմ ուղղված ոճիրների մեջ:
Փաստաթղթի գոյության մասին Սերգեյ Լավրովը առաջին անգամ պատմեց օգոստոսի 20-ին Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի հետ համատեղ բանակցությունների ժամանակ: Նրա խոսքերով, ռուսաստանցի դիվանագետները ՄԱԿ-ի քարտուղարության այդ կարգադրագրի գոյության մասին իմացել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, երբ հետաքրքրվել էին, թե ինչպես է նախատեսվում համակարգել Պալմիրայի վերականգնման գործողությունները:
«Այն բացատրությունից, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող զբաղվել, մենք հասկացանք, որ կարգադրություն է ստացվել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանից», լրագրողներին պատմեց Սերգեյ Լավրովը գաղտնի կարգադրագիրը հիշատակելիս: Նրա խոսքերով, Մոսկվան պարզաբանումների համար դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Մի քանի օր անց գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ՏԱՍՍ գործակալությանը հայտարարեց, թե գաղտնի կարգադրագիր չի եղել: ՅՈՒՆԵՍԿՕ-ում եւս ՀԼԸ գործակալության թղթակցին հայտարարեցին, թե որեւէ բան չգիտեն նման փաստաթղթի գոյության մասին: Սակայն ուշադրություն է գրավում այն փաստը, որ Սիրիայի վերաբերյալ տվյալ կազմակերպության վերջին նորությունը թվագրված է 2017 թ. հոկտեմբերի 5-ով: Այն ժամանակ խոսվում էր Պալմիրայում առյուծի քանդակի վերականգնման մասին:
Ինչպես նշեց Սերգեյ Լավրովը, կարգադրագիրը տարածված է եղել ՄԱԿ-ի ամբողջ համակարգում: Դա հաստատել է նաեւ Դամասկոսում ՄԱԿ-ի կառույցներից մեկին մոտիկ կանգնած մի աղբյուր: «Այդ փաստաթուղթը հայտնի է ՄԱԿ-ի կառույցներում, եւ հենց դրա վրա ենք մենք հիմնվում մեր աշխատանքում», ասել է աղբյուրը: Նրա խոսքերովՙ փաստաթուղթը մի քանի անգամ փոփոխվել է, եւ նեկայումս մի շարք երկրներ խոսում են Սիրիայում ՄԱԿ-ի կառույցների շրջանակների վերանայման անհրաժեշտության մասին:
Լավրովի խոսքերով, Սիրիայում վերակառուցմանը նպաստելու պատրաստ նվիրատուների կազմը շարունակ փոփոխվում է: Զարգացման ծրագրի հիմնական նվիրատուներն են Ճապոնիան, Նորվեգիան, Գերմանիան: Մասնակցում են նաեւ Ռուսաստանը, Շվեդիան, Դանիան եւ Շվեյցարիան: Ամեն տարի Սիրիայում ծախսվում է մոտ 60 մլն դոլար: Երկրի վերականգնման ընդհանուր ծախսերը գնահատվում են 200-400 մլրդ դոլար: Ոչ մի երկիր միայնակ գլուխ չի հանի դրանից:
Հատկանշական է, որ Սիրիայի վերականգնման վերաբերյալ ՄԱԿ-ի, Եվրոմիության եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները միանման են: Սերգեյ Լավրովի ելույթից բառացիորեն մի քանի օր առաջ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի վաշինգտոնյան այցի կապակցությամբ Պետդեպարտամենտը հրապարակեց հետեւյալ հայտարարությունը. «Քաղաքական լուծման բացակայության պայմաններում վերականգնմանն առնչվող ամեն տեսակ որոշումները վաղաժամ են»:
Երկու շաբաթ անցՙ օգոստոսի 31-ին, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության գծով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Վիեննայում կազմակերպված մամլո ասուլիսում հայտարարեց. «ՄԱԿ-ի փողերը Սիրիա կգան միայն այդ երկրում վստահ քաղաքական գործընթացի ձեռնարկման դեպքում»:
Մինչդեռ Մոսկվայում գտնում են, որ այդ փողերը Սիրիային հարկավոր են արդեն հիմա: Ընթացիկ տարվա ամռանը Ռուսաստանը արդեն նախաձեռնեց սիրիացի գաղթականների հայրենադարձությունը: Ռուսաստանցի դիվանագետներին վրդովմունք է պատճառում այն, որ Արեւմուտքը եւ արաբական երկրները հրաժարվում են փող հատկացնել պաշտոնական Դամասկոսի վերահսկողությանը ենթակա տարածքների վերականգնմանը: Միեւնույն ժամանակ նրանք փողեր են ներդնում սիրիական ընդդիմության գրաված տարածքներում: Սերգեյ Լավրովի կարծիք