Դոկտ. ՀՐԱՉ ԳՈՒՅՈՒՄՃՅԱՆ (*), Լոնդոն
Ավարտվում է Նիկոլ Փաշինյանի կառավարման եւ թավշյա հեղափոխության կայացման առաջին 100 օրը, եւ ժամանակն է հաշվետվության, քանի որ բազմաթիվ են հարցերը:
Այն ինչ սկսվեց որպես ողջունելի եւ ուշացած քայլ եւ պաշտպանության արժանացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, կարծես կորցնում է կիզակետում լինելու իր հատկությունը, եւ կառավարման ու քաղաքականության ոլորտներում փորձառության պակասը զգացնել է տալիս: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ հարուցված մեղադրանքներն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մտահոգիչ հայտարարությունը ստիպում են մեզ հարց տալ, թե ո՞րն է այս կառավարության երկարաժամկետ մարտավարությունը, եթե անշուշտ կա նման բան, հատկապես որովհետեւ մինչ օրս չկա քաղաքական որոշակի գաղափարախոսություն ձեռնարկված գործողությունների ետեւում: Ոչ էլ գործողությունների փոխկապակցված ծրագիր:
Իրավական պետությունը պետք է տեսանելի լինի որպեսզի հնարավոր լինի իրագործել: Բայց այլ նկատառումներ, ինչպես օրինակ ժամանակի ընտրությունը, առաջնահերթությունն ու շրջահայեցությունը չպետք է մոռացության տրվեն:
Ընթացիկ կացությունը բարդանում է նաեւ Եկեղեցու հետ կապված հարցերով, որոնք իրենց հեռագնա ազդեցություններն ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ հատկապես Սփյուռքում, քանի որ Եկեղեցու հիմքերը ցնցելով Հայաստանը Սփյուռքի հետ միացնող կարեւորագույն կամուրջն է քանդվում:
Հարյուր օրը իրականությունը ստուգելու, խորհելու եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ուղղումներ մտցնելու ժամանակը պետք է լինի: Մի բան է փոխզիջումների եւ բարեփոխումների ոգով կենտրոնանալ ներքին հարցերի լուծման վրա, մի այլ բան է արտաքին քաղաքական ոլորտներում դիմել ռիսկերիՙ առանց հաշվի առնելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրականությունը: Արեւելամետ կամ արեւմտամետ քաղաքականություն վարելու գործընթացը, եթե անհամաչափ է իրականացվում, ապա լավ բան չի խոստանում Հայաստանին, հատկապես որովհետեւ պատերազմանման մթնոլորտ է տիրում Ադրբեջանի հետ սահմանի երկարությամբ, որտեղ արդեն երկար տարիներ ոչ պատերազմ- ոչ խաղաղություն դրությունն է գերիշխում: Սա էլ հենց պետք է լուրջ ազդանշան դառնա եւ զգուշացնի իշխանություններին, որ բոլորովին ժամանակը չէ փոխելու ստատուս քվոն կամ այլ ցնցող գործողություններ կատարելու:
Արցախը դարձյալ լուրերի կիզակետում է հայտնվել եւ նախկին առաջնորդների անուններն են շոշափվում: Եթե որեւէ մեկը ժամանակ տրամադրի կամ հակված լինի հետեւելու բլոգներում կամ սոցցանցերում հայտնված գրություններին, ապա կարող է անկասկած զգալ ժողովրդի զարկերակը: Ընդհանուր կարծիքս այն է, որ ժողովուրդը սովորաբար ներող չէ: Ավելին, վրեժխնդիր է: Կարիք չկա անպատասխանատու հայտարարությունների կամ քաղաքական մեկնաբանությունների: Սառը մտածող գլուխներ են անհրաժեշտ: Նման իրավիճակներում մարդիկ իրենց հայացքն են ուղղում վարչապետին, կամ իշխանության մյուս անդամներին, ինչպես օրինակ նախագահին, որի լռությունը զգալի է ներկայիս ընթացող բանավեճերում:
Իմ նախորդ գրություններից մեկում ես ողջունեցի թավշյա հեղափոխությունը եւ նոր ղեկավարներին, բայց եզրակացությանս մեջ նշեցի, որ դեռեւս դուրս չենք եկել ճահճուտից: Հավատացած եմ, որ Հայաստանի փրկությունը կայանում է ժողովրդավարության ամրապնդման եւ առաջին հերթին ճիշտ կառավարման մեջ: Հայաստանի բոլոր դժվարություններն ու խնդիրները, սկսած կոռուպցիայի դեմ պայքարից մինչեւ դատական, իրավական, ընտրական կեղծիքների բացահայտումը, առաջ են գալիս ճիշտ կառավարման բացակայությունից: Դատավորները կարծես շարունակում են ենթարկվել իշխանություններին, հանդուրժողականությունն իր տեղը զիջել է վրեժխնդրությանը, վտանգելով երկրի կայունությունն ու ապագան, մի անգամ եւս հնարավորություն տալով արտաքին ուժերին միջամտելու մեր ներքին խնդիրներին: Ավելին, առիթ տալով մի նոր պատերազմի մեր հարեւանների հետ: Բարեբախտաբար, նման մտածողությունը գլխավոր մտահոգությունն է մնում գոնե մի ավանդական կուսակցության, որ ռամկավար եւ ազատական արժեքներն է դավանում եւ կողմնակից է ճիշտ ու հավասարակշռված կառավարման: Նման արժեքներն ու ձգտումները ամրագրված են այդ կուսակցության նոր մարտավարության մեջ: Դժբախտաբար, ներկա պայմաններում այդ ձգտումները դատապարտված են մնալու թղթի վրա, եթե որեւէ փոփոխություն չկատարվի Հայաստանի եւ Սփյուռքի ղեկավար շրջանների գործելաոճերում:
Տխրությամբ կարելի է նկատել, որ Սփյուռքն էլ, ինչպես հարյուրամյա պատմություն ունեցող ավանդական կուսակցությունները, գտնվում է շփոթության մեջ, կիսակաթվածահար վիճակում: 2017-ին կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովը դեռ թարմ է մարդկանց գիտակցության մեջ, բայց Հայաստանում կատարվող ներկա իրադարձությունները ստվերում են դրա միասնականության համընդհանուր կոչը: Հայաստանն ու Սփյուռքըՙ միասին: Այստեղ է, որ թերությունները դեռեւս առկա են: Հորիզոնում նկատելի չէ ոչ մի գործողություն, արարք կամ շարժում, որը միտված է ծնունդ տալու մի նոր մտածողության կամ մի նոր մարտավարության այդ ոլորտում:
Պատճառները բազմաթիվ են, մի մասըՙ Հայաստանում, մյուսըՙ Սփյուռքում: Դրանցից մեկն այն է, որ Հայաստանի սահմանադրության եւ օրենսդրության դրույթները չեն քաջալերում սփյուռքահայերի միջամտությունը հայաստանյան խնդիրներին, բացի, անշուշտ, ներդրումների եւ բիզնեսի ոլորտներում, չնայած դրանց վերաբերող դրույթներն էլ թերի են: Ինչ վերաբերում է Սփյուռքին եւ սփյուռքահայերին, հատկապես նրանց, ովքեր երկքաղաքացիություն ունեն, նշենք որ նրանց մոտ էլ նկատելի է անկարողությունը մի նոր մոտեցումով կամ մտահղացումով զարկ տալու իրենց ձեռք բերած առավելությանը:
Հրատապ պահանջ կա կազմակերպելու Սփյուռքը, որպեսզի հնարավոր լինի առաջարկել եւ նույնիսկ պահանջել, որ փոփոխության ենթարկվի Հայաստանի սահմանադրությունը: Դժբախտաբար Սփյուռքի տարաբնույթ ռեսուրսները արդյունավետ կերպով չեն օգտագործվում հայրենիքի կողմից:
Սփյուռքը շարունակում է մնալ մասնատված, հատվածական, կլանական մտածողությամբ:
Բացի ցեղասպանության հարցից, ոչ մի այլ հարցում միասնականություն փնտրելն անիմաստ է: Իսկ վերջին տարիների Հայաստանից կատարվող արտագաղթի պայմաններում նույնիսկ լեզուն է դադարել միասնական օղակ դառնալուց: Ժամանակն է, որ մարդիկ իրենց համապատասխան կազմակերպություններից պահանջեն առաջ քաշել համասփյուռքյան օրակարգային հարցեր եւ հետեւողականորեն պայքարեն, որ իրենց մասնակցությունը հայաստանյան սոցիալական, մշակութային եւ նույնիսկ քաղաքական ոլորտներին շոշափելի լինի, արդյունավետ եւ օրինական:
Այս կոնտեքստում կրկին անդրադառնալու ենք Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին: Եկեղեցու պատասխանատուները չպետք է ձեռքները ծալած նստեն, այլ ակտիվ երկխոսության մեջ մտնեն հավատացյալների եւ լայն զանգվածների հետ, որպեսզի հնարավոր լինի կարգավորել խնդիրները եւ իրագործել անհրաժեշտ բարեփոխումներ:
Միեւնույն ժամանակ, պետք է ընդունել, որ նման իրավիճակներում մարդ միշտ պետք է լավատես լինի, աջակցի թավշյա հեղափոխությանը, ներշնչվի դրանով եւ շարունակի ակնկալել, որ նոր ղեկավարությունը պատշաճ կերպով կիրականացնի իր խոստացած բարեփոխումները:
Քաղաքական մեկնաբանները միահամուռ կերպով համաձայն են, որ այս «հետհեղափոխական» կառավարությունը լինելու է այսպես կոչված «խնամատար» կառավարություն մինչեւ նոր կառավարության ընտրությունը վերամշակված ընտրական համակարգով: Մինչ ադ, մենք բոլորս, ներառյալ տողերիս հեղինակը, պարտավոր ենք փայփայել այն եւ խնամել մեր կարողությունների սահմաններում:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
*) Հոդվածագիրը պետական կառավարման երկարամյա փորձ ունիՙ նախ Լիբանանի կառավարության կազմում, ապաՙ ՄԱԿ-ում, հատկապես շրջակա միջավայրի պահպանման եւ հարակից բնագավառներում: Նա վետերան անդամ է Ռամկավար Ազատական կուսակցության, քարտուղարը ՌԱԿ Գերագույն խորհրդի: