Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԵՍ Ո՛Չ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ, Ո՛Չ ԷԼ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԻՆՁ, ԱՅԼՙ ՈՒՂՂԱԿԻ ՀԱՅ». ԲԺԻՇԿ-ՈՒՐՈԼՈԳ ՌԱՖՖԻ ՋԱՆԵՑՅԱՆ

27/07/2018
- 27 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարցազրույցը` ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ

Բժիշկ Ջանեցյանի այս ձեւակերպումից հետո ինձ մնում էր միանգամից բուն հարցազրույցին անցնել:

– Պարո՛ն Ջանեցյան, տարիներ առաջ երբ զրուցեցինք, Դուք իմ հարցին պատասխանեցիք Սիամանթոյի բանաստեղծության բառերովՙ ասելով, որ հավատում եք Հայաստանի «վարդահեղեղ ապագային»: Ըստ Ձեզՙ այդ վարդահեղեղ ապագան արդեն ներկա՞ է դարձել:

– Իհարկե, ես այն ժամանակ ասել եմ, որ գալու են վարդահեղեղ օրեր. շատ դժվար է ասել, որ հիմա այդպիսի օրեր են, սակայն, հաստատ, հուսահատ, մռայլ, ցուրտ օրեր չեն, լավագույն ապագայի ուղղությամբ ենք շարժվում բոլորսՙ կառավարությունից մինչեւ ամենահասարակ քաղաքացին: Եկել են նոր օրեր, եւ կարծես թե կերտվում է նոր Հայաստան:

– Ի՞նչ եք ակնկալում քաղաքական այս փոփոխությունիցՙ առողջապահության ոլորտում:

– Բնականաբար, մեր կյանքի տարբեր ոլորտներում բոլորն էլ ունեն դրական փոփոխությունների ակնկալիք. այդպես նաեւՙ բժիշկները: Որպես բժիշկՙ միանգամից մեծ փոփոխությունների չէի սպասում, սակայն, ընդհանուր առմամբ, առողջապահության ոլորտում անպայմանորեն ակնկալում եմ անհրաժեշտ, երբեմն նաեւՙ կտրուկ փոփոխություններՙ ոլորտում տեղ գտած որոշակի անարդարությունների, ապահովագրական համակարգի, ինչպես նաեւՙ բնակչության անվճարունակության խնդիրների հետ կապված: Ինչպես հիվանդները, այնպես էլՙ բժիշկները, որոշակի դժգոհություններ ունեն:

– Բացի պրոֆեսիոնալիզմիցՙ բժշկի համար որո՞նք են համարվում մյուս կարեւոր բաղադրիչներն իր աշխատանքում:

– Բնականաբար, շատ կարեւոր է մասնագիտական հմտությունը, արհեստավարժությունը, սակայն պակաս կարեւոր չէ հոգեբանությունը, քանի որ գործ ունենք մարդու հետ: Բժիշկն ինչ-որ չափով պետք է լինի հոգեբանՙ մանավանդ որ մեր ազգը չի սիրում չոր ու խիստ բժիշկներին: Մենք պարտավոր ենք հոգեպես աջակից լինել հիվանդներին, զրուցել, լսել նրանցՙ անգամ անձնական ինչ-ինչ խնդիրներից եկող հուզումները, որոնք որոշակի ձեւով ազդում են նրանց հիվանդության, հոգեկան ապրումների վրա: Հիվանդները սիրում են այն բժիշկներին, ովքեր իրենց ժամանակ են տրամադրում: Նրանք սիրում են մի քանի անգամ կապվել բժիշկների հետՙ էլեկտրոնային փոստով, հեռախոսով: Կարծես թե այս ձեւով մի փոքր հանգստություն ու խաղաղություն են ձեռք բերում:

– Քանի՞ տարի էՙ ինչ Հայաստանում եք:

– Հայաստան եմ եկել Անկախության հռչակումից հետոՙ շուրջ 28 տարի. այդ ընթացքում մի քանի տարի բացակայել եմ, երբ արտերկիր եմ մեկնելՙ մասնագիտական կրթությունս շարունակելու: Չեմ սիրում, երբ ինձ անվանում են սփյուռքահայ կամ հայրենադարձ. ես հա՛յ եմ եւ հայաստանցի՛: Որոշ մարդիկ զարմանում են, երբ ես ասում եմ, որ բնիկ երեւանցի եմ ու երբ հարցնում են ինչպե՞ս… ես ասում եմ, որ շատ տեղացիներից ինձ ավելի շատ եմ համարում այս երկրի, այս քաղաքի տերը: Առաջին իսկ օրվանից, երբ ոտք դրեցի հայրենիք, ես ինձ համարում եմ այս հասարակության լիիրավ անդամը:

– Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ուռուցքածին հիվանդություններից առաջնային տեղերում են հայտնվել կանանց կրծքագեղձի, իսկ տղամարդկանց մոտՙ շագանակագեղձի քաղցկեղը: Ասացեք, խնդրեմ, այս երեւույթը միայն Հայաստանո՞ւմ, կովկասյան ժողովուրդների մո՞տ է, թե՞ համաշխարհային մակարդակով է պատկերն այսպիսին:

– Այո՛, ցավալիորեն այդպես է. գնալով շատանում է շագանակագեղձի քաղցկեղ ունեցողների թիվը. այն ամենատարածված հիվանդություններից մեկն է: Միայն Հայաստանում չէ նման վիճակագրությունը, այլեւՙ ամբողջ աշխարհի մակարդակով: Այս դեպքում շատ կարեւոր է հիվանդության վաղ հայտնաբերումն ու դրա դեմ պայքարը, բուժումը: Ցավոք, շատ են լինում ուշացած դեպքեր, որոնց պատճառներից են եւ՛ անվճարունակությունը, եւ՛ անտարբերությունը, եւ՛ բժշկին այցելելու չհիմնավորված վախը: Վաղ ախտորոշման դեպքում մենք կարողանում ենք հիվանդի կյանքը երկարացնել եւ լավացնել կյանքի որակը: Անհրաժեշտ է, որ 45-ն անց բոլոր տղամարդիկ տարին մեկ անգամ ստուգվեն, հատկապես նրանք, ում մոտ հարազատներն ունեցել են այդ հիվանդությունը, այսինքնՙ կա նաեւ այդ հիվանդության ժառանգական նախատրամադրվածությունը:

– Բշի՛շկ, իսկ միզապարկի քաղցկեղը նույնպե՞ս այդչափ տարածված է:

– Այո՛, ցավոք սրտի, շատ է տարածված եւ դրա հիմնական պատճառներից մեկը ծխելու վնասակար սովորությունն է: Փաստված է, որ ծխախոտը կարող է առաջացնել միզապարկի քաղցկեղ: Այս իմաստով ես կողմնակից եմ այն խիստ միջոցներին, որոնք մոտ ժամանակներում կձեռնարկի կամ կարող է ձեռնարկել Առողջապահության նախարարությունը, այն էՙ պայքարը ծխելու դեմ: Պետք է արգելել ծխել հասարակական վայրերում, հիմնարկներում, կանգառներում, պետք է նաեւ արգելել ծխախոտի վաճառքը, ինչպես նաեւ իրականացնել քարոզչությունՙ ծխախոտի դեմ պայքարում: Սակայն, այնուամենայնիվ, ամենից կարեւորը մարդու կամային ուժն է, գիտակցության բարձր մակարդակի դրսեւորումը: Ես արտերկրից բերել եմ ծխախոտի տուփեր, որոնց վրա նկարված է, թե ծխախոտը կոնկրետ որ օրգանի վրա է ազդում, եւ դրանք ցույց եմ տալիս իմ հիվանդներին, շրջապատում ծխող մարդկանց:

– Պարո՛ն Ջանեցյան, կա վիճակագրություն, ըստ որի, շագանակագեղձի քաղցկեղն ավելի շատ արտահայտվում է 60-ն անց տարիքի տղամարդկանց մոտ, բայց կա նաեւ տարածված կարծիք, որի համաձայն այդ հիվանդությունն ավելի է երիտասարդացել. այդպե՞ս է…

– Շագանակագեղձի քաղցկեղն իրականում առաջանում է տարիքային բոլոր խմբերում, բայց ավելի բնորոշ է 45-ից, 50-ից հետո: Վիճակագրության տեսանկյունից շատ կարեւոր է, որ բժշկի հսկողության ներքո գտնվեն այն տղամարդիկ, ովքեր գտնվում են ռիսկային խմբում, այսինքնՙ ում հարազատներն ունեցել են նման հիվանդություններ:

– Առհասարակ, ուրոլոգիական խնդիրներ ավելի շատ կանա՞յք, թե՞ տղամարդիկ են ունենում:

– Ավելի շատ այդպիսի խնդիրներ ունենում են տղամարդիկ, սակայն միզասեռական մյուս հիվանդությունների առումով, ասենքՙ միզապարկ, երկու սեռերի թիվն էլ շատ չի տարբերվում:

– Բացի ժառանգական գործոնիցՙ էլ ի՞նչը կարող է նպաստել շագանակագեղձի քաղցկեղի առաջացմանը:

– Այս հիվանդությունը բոլոր ժամանակներում եղել է, սակայն մարդիկ ուղղակի չեն հասկացել պատճառը, նրանց ինֆորմացիան թերի է եղել: Ասեմ, որ գեր մարդկանց մոտ հնարավոր էՙ շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունն ավելի մեծ լինի, քանՙ նիհարների: Գիտնականները դեռեւս չեն պարզել այդ հիվանդության առաջացման կոնկրետ պատճառը, սակայն նշածս մնացած գործոնները օժանդակ դեր են կատարում:

– Ուրոլոգիական նեղ մասնագիտական սիմպոզիումներ լինո՞ւմ են Հայաստանում, թե՞ դրսում եք մասնակցում այդպիսի գիտաժողովների:

– Հայաստանում տարին մեկ կամ երկու անգամ լինում են նեղ մասնագիտական գիտաժողովներ, որոնց ես, բնականաբար, մասնակցում եմ: Մասնակցել եմ նաեւ արտերկրում կազմակերպված համաժողովների, տարին մի քանի անգամ արտերկրում ես մասնակցում եմ նեղ մասնագիտական կոնգրեսների. օրինակՙ այս տարի նման կոնգրեսների մասնակցել եմ Բարսելոնայում եւ Իտալիայում: Դրանք հնարավորություն են ընձեռում լայն շփումների, ծանոթանալու նորարարական տեխնոլոգիաներին, այդ ընթացքում նաեւ մեծ փորձ ես ձեռք բերում, ծանոթանում ես հիվանդությունների բուժման նոր մեթոդների եւ նոր գործիքների: Երբեմն դու քեզ շատ թույլ եւ ետ ես զգում ուրիշներից, սակայն ամբողջ աշխարհում հիմա բժշկությունը ցանցի պես կապված է մեկը մյուսին, եւ մենք չենք կարող կտրված լինել, ինչ-որ առումով, փորձում ենք կապ պահելովՙ համընթաց քայլել բոլորին, երբեմն նաեւ առաջ ենք լինում շատերից:

– Ունեցե՞լ եք վիրահատական անհաջող ելք, որը Ձեզ երկար ժամանակ հանգիստ չի տվել, եւ ո՞ւմն է եղել սխալըՙ հիվանդի՞նը, թե՞ Ձերը…

– Շատ լավ հարց է, սիրով կպատասխանեմ… Անշուշտ, եղել են նման դեպքեր, բժիշկն էլ մարդ է եւ կարող է սխալվել, սակայն բժշկի սխալն աններելի է, ճակատագրական: Միշտ փորձել եմ այնպես անել, որ սխալը չկրկնվի. իհարկե, ուշացած դեպքերի մեղքը հիվանդինն է: Ի վերջո, բժիշկը չի կարող կատարյալ լինել, բժիշկն այդ կատարյալի մեջ ընդամենը գործիք է, իսկ կատարյալն այն ուժն է, որն առաջնորդում է բժշկին. ես հավատում եմ այդ ուժին:

– Ձեր բժշկական գործունեության ընթացքում որտե՞ղ եք Ձեզ առավել կայացած զգացելՙ թերապեւտի՞կ գործունեության մեջ, թե՞ վիրաբուժության:

– Ինձ շատ սրտամոտ հարց է. ես ընտրել եմ ուրոլոգի մասնագիտությունը, որն առնչվում է երկու սեռերի տարիքային բոլոր խմբերի հետ: Մեր մասնագիտությունը, կարելի է ասել, որ բաժանվում է երկու մասերիՙ թերապեւտիկ եւ վիրաբուժական, երկուսն էլ ինձ հոգեհարազատ են, երկուսում էլ կարողացել եմ ինձ գտնել, տեսնել իմ դերի կարեւորությունը: Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը. վիրաբուժությունն ինձ անջատվելու, միայն մեկ կետի վրա կենտրոնանալու հնարավորություն է տալիս, իսկ թերապեւտիկ գործունեությունն ինձ հնարավորություն է ընձեռում խորհուրդներ տալ, զրուցել, պրպտել, ավելի հանգիստ աշխատել:

– Գո՞հ եք բժշկի Ձեր կարգավիճակից, ապրելակերպից:

– Դժգոհ չեմ, սակայն, այո՛, բժիշկը, վիրաբույժը կարիք ունի արժանավայել թոշակ եւ աշխատավարձ ստանալու: Խոսքն իմ մասին չէ, որովհետեւ ես վիրահատող բժիշկ եմ: Մենք մի երկրում ենք ապրում, ուր կա մինիմալ աշխատավարձ եւ ավելին ակնկալել դժվար է: Պետք է գտնել, ստեղծել այն համակարգը, որը բժշկին կապահովի նորմալ աշխատավարձով: Ես գիտեմՙ կան 70 հազար դրամ ստացող բժիշկներ, ովքեր մեծ նվիրումով աշխատում են, սակայն այդպես չի կարելի. պետք է վերանայել բժշկի աշխատավարձը: Ինչո՞ւ բանկի աշխատողի, դատավորի աշխատավարձը բարձրացնում են, բայց բժշկինըՙ ոչ…

– Բժի՛շկ Ջանեցյան, գուցե Դո՞ւք դառնաք այդ գործի առաջամարտիկը:

– Իմ զբաղվածությունը թույլ չի տալիս, սակայն ես առիթների դեպքում, որոշակի շրջանակներում արտահայտում եմ իմ կարծիքը: Հուսանք, որ այդ առումով կգան ավելի լավ օրեր:

– Ունեցե՞լ եք արտերկրում աշխատելու հրավեր:

– Այո՛, սակայն ինձ տեսնում եմ հայրենիքում:

– Եթե բժիշկ չդառնայիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

– Դժվար հարց է. մի ժամանակ զարմանում էի, որ մարդիկ ուզում են բժիշկ դառնալ եւ չի ստացվում, իսկ ես, որ չէի որոշել դառնալ բժիշկ, սակայն դարձա եւ այն էլՙ հաջողակ: Եթե բժիշկ չդառնայի, կցանկանայի դառնալ բժշկության հետ կապ ունեցող նորարարական տեխնոլոգիաների եւ բիզնեսի մասնագետ:

– Հասարակության հետ զրուցելու, առնչվելու ուրիշ հարթակ ունե՞ք:

– Այո՛, մենք ունենք urolog.am կայքը, որը հայկական ուրոլոգիական առաջին կայքն է, ուր ես պատասխանում եմ հիվանդների հարցերին: Կայքը տեղեկատվություն է տալիս կանանց եւ տղամարդկանց միզասեռական օրգանների հիվանդությունների եւ կանխարգելման մասին, ուր պարբերաբար ես հանդես եմ գալիս, եւ ասեմ, որ բավականին շատ են այցելությունները: Առայժմ միայն հոդվածներ են տեղադրվում, կլինեն նաեւ տեսաձայնագրություններ: Դեղորայքի կիրառման խորհուրդներ կայքում չեմ տալիս: Խորհուրդ կտամ այցելել կայք եւ լինել տեղեկացված: Կայքը ղեկավարում եմ ես, սակայն ունենք աշխատանքային թիմ:

– Շնորհակալություն, բժի՛շկ Ջանեցյան, հուսանք, որ առողջապահության ոլորտում արծարծված բոլոր մտահոգիչ հարցերը կարճ ժամանակում լուծում կստանան, իսկ մեր հասարակությունը կսկսի ավելի ուշադիր եւ հետեւողական լինել ամենաթանկ կապիտալիՙ սեփական առողջության հանդեպ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՎ ՉԷ ԳԵՎԱՐԱՅԻ ԲԵՐԵՏՈՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՎԸԺԻԿԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՎԸԺԻԿԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական