ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔ
Ստորեւ անգլիական The Independent համացանցայինից թարգմանաբար ներկայացնում ենք ճանաչված անգլիացի լրագրող Ռոբերտ Ֆիսքի «Լիբանանի լեռներն անհետանում են քարտեզի վրայից, բայց ո՞վ է դրանով մտահոգվում» հոդվածի հակիրճ տարբերակը:
Լրագրողները սովորաբար բառերի պակաս չեն զգում, բայց ինչպե՞ս կարելի է նկարագրել հսկայական լեռների քանդումը, տասնյակ հազարավոր սոճիների հատումը եւ տեղանքի բնապատկերի ամբողջական փոփոխությունըՙ ավելի քան երեք հազար քարհանքերի շահագործման արդյունքում, որը հիմնովին փոխել է այս հինավուրց ու օրհնված երկրի աշխարհագրական քարտեզը: Լեռների կոտորա՞ծը:
Եթե դա Եվրոպայում կամ Ամերիկայում տեղի ունենար, ցնցող պատմության վերնագիրը կդառնար: Ես կառաջարկեիՙ Լիբանանի ամորձատումը: Լեռնագագաթներից միլիոնավոր տոննաների հասնող ավազ ու ժայռ ու քար, էքսկավատորներով ու բուլդոզերներով քանդվում է, որպեսզի հետագայում բետոն պատրաստվի Բեյրութի բարձրահարկ շենքերի եւ միջերկրականյան շքեղ հյուրանոցների համար:
Նոր կառավարությունում աթոռներ զբաղեցնելու կուսակցությունների միջեւ ծավալված ամոթալի պայքարին զուգընթաց երկիրը ֆիզիկապես քայքայվում է: Ընդամենը մեկ օրենք է պետք ընդունել վերջ տալու համար այս անօրինական երեւույթին, բայց ո՞վ է դրանով մտահոգվում:
Մոտ հարյուր տարի առաջ բնության գեղեցկության եւ սիրո գովքը հյուսող լիբանանցի ամենահայտնի բանաստեղծ Ջուբրան Խալիլ Ջուբրանը գրում էր հուսահատ. «Ձեր Լիբանանը քաղաքական թնջուկ է, ազգային խառնաշփոթ, խաբեության եւ հակամարտության վայր: Իմ Լիբանանը գեղեցկության եւ երազանքների երկիր է, հմայիչ հովիտներով եւ փառահեղ լեռներով»:
Եկեք ինձ հետ Մայրուբա, Բիկֆայայից (*) վերեւ, որտեղ հովիտները, լեռնաշղթաներն ու գետակներն այլեւս չկան: Փոխարենը հսկա կռունկներն են եւ քար կտրող սարքերը:
«Նոր Բեյրութում ոչ մի շինություն չկա, որ Մայրուբայից իր բաժին քարը ստացած չլինի: Այս վայրը անվանում են «ոսկյա ավազների տարածք»: Այն հայթայթում է լավագույն ցեմենտն ու շաղախը եւ դրա համար էլ շատ թանկ է», ասում է Էլիաս Սաադեն : «Ավելի քան 120 հազար սոճի է հատվել: Երեսուն ջրհորներ ունեինք այստեղ, այսօր ընդամենը երկուսն են մնացել, որոնցում ջուրը աղտոտված է: Մարդիկ դոլարների հետեւից են ընկել: Նրանք երբեք չեն սովորել սիրել այս երկիրը: Նրանք չեն մտածում բնության պահպանման, շրջակա միջավայրի մասին: Մենք դեպի ամայացում ենք գնում»:
Սաադեն մեր օրերի Ջուբրանն է, որի մարմինը հանգչում է մոտ հարյուր մղոն դեպի հյուսիս տարածքում: Սաադեյի պատմությունը խիզախության եւ քաղաքական հաղթանակի պատմություն է, առնվազն ներկայի դրությամբ: Քեսրուանի լեռների իր ինը համախոհների հետ նա համառ ու հետեւողական պայքար մղեց դադարեցնելու համար 500 բեռնատարների ամենօրյա հոսքը այստեղից դեպի քաղաք:
Իմ աչքերի առաջ տեսա, թե ինչպես են լեռները գետնին հավասարվում Թարշիշ կոչված փոքրիկ գյուղաքաղաքից այն կողմ: Ինձ ասացին, որ ավազն ու քարերը օգտագործվելու են «կառավարական ծրագրեր» իրագործելու նպատակով: Բայց ես դեդեկտիվի համառությամբ զինվածՙ հետեւեցի եւ տեսա, թե ինչպես են այդ բեռնատարները իրենց բեռը թափում ավազ վաճառող շինարարական մի մասնավոր ընկերության տարածքում:
«Փրկենք Մայրուբան» կարգախոսի ներքո համախմբված տասը կամավորներ 16 նմանատիպ ընկերությունների են հայտնաբերել, որոնք թալանում են իրենց գյուղաքաղաքի «գեղեցկությունը»ՙ թույլտվություն ստացած լինելով նախորդ կառավարություններից:
Սաադին դատարանների միջոցով է կարողացել դադարեցնել գործընթացը, բայց նրան ուղղված սպառնալիքների հեղեղը չի դադարում:
Թարշիշում նույնն է իրավիճակը: Ավազով ու քարերով բեռնված ավտոմեքենաները այստեղ էլ բանում են օր ու գիշեր: Մենք մի մեծ «Մերսեդես» մակնիշի բեռնատարի հետեւեցինք, որի վարորդը սիրիացի մի փախստական էր: Նա մեքենան դեպի հյուսիս առաջնորդեց եւ ի վերջո կանգ առավ 55 տարվա վաղեմության մի մասնավոր շինարարական ընկերության տարածքի առջեւ: Ես սողոսկեցի դարպասներից ներս եւ տեսա, թե ինչպես կառավարիչ Ռամեզ Էստեֆանը քաղաքավարությամբ ձեւակերպում էր ավազի գնման փաստաթղթերը, որը նրան թույլ էր տալու հետագայում այդ ավազը վերավաճառել բետոն պատրաստողներին: «Ես վաճառող եմ, գնորդ չեմ», արդարանում էր նա ինձ առաջնորդելով դեպի իր առանձնասենյակը, որի մուտքին ցուցանակ կար «Ծառեր մի կտրեք» վերտառությամբ: Նրա եւ այլ մարդկանց հետ իմ հանդիպումներում ափսոսանքը լեռների անհետացման հարցում ակնհայտ էր: «Աղետալի» էին բնորոշում կատարվածը, բայց «ի՞նչ կարող ենք անել», ասում էին:
Թարշիշի հարցով ես մինչեւ Անթիլիաս հասա եւ հանդիպեցի հայր Մարուն Աուդիին: Պարզվեց, սակայն, որ Մարունը միայն ցածրադիր հարթավայրերի կառավարիչն է, իսկ լեռնային բարձունքների կառավարիչը մեկ այլ վանական է միեւնույն Մարուն անունով: Մարուն Շիդյակի խոսքերը խիստ մտահոգիչ էին, անհավատալի: «Իմ կարծիքով, ասաց նա, 10-15 տարի անց մենք ծովից 1800 մետրից ավելի բարձր լեռներ այլեւս չենք տեսնի Լիբանանում: Բայց ես վանական եմ եւ իշխանություն չունեմ որեւէ բան ձեռնարկելու»: Նա հայտնեց, որ իր կառավարած շրջանից (մոտ 500 մ2 տարածք) ավազի վաճառքը կարողացել էր ժամանակավորապես կանգնեցնել մինչեւ լիբանանյան մարոնիթների միաբանությունը որոշում կայացներ, բայց խոստովանեց, որ միաբանության ներսում կային անձնավորություններ, որոնք դեմ չէին ավազի ու քարերի վաճառքին:
«Ես ընդամենը ցանկանում եմ իմ հսկողության տակ եղած տարածքից ոչ թե ավազ, այլ հանքային ջուր դուրս բերել: Իմ վերադասը նույնպես դեմ է ավազի ու քարերի վաճառքին: Բայց եթե վերադասը փոխվի, ոչինչ չեմ կարող երաշխավորել»:
Մարոնիթների քրիստոնեական եկեղեցին ամենամեծ հողատերն է Լիբանանում: Երկրում գործում է մի մեծ մաֆիա:
Դժբախտաբար, Լիբանանի լեռների քանդումը դրսում ոչ ոքի չի մտահոգում, իսկ տեղական մամուլում շատ քիչ է արծարծվում: Միայն ֆրանսերեն լեզվով հրատարակվող «L՛Orient- le Jour»ը խիզախեց մարտյան իր հավելվածում կատարվածը բացահայտել մանրամասնորեն եւ լուսանկարներով: Լրագրող Սյուզան Բաակլինին գրում էր, թե ինչպես են իշխանությունները աչք փակում կատարվածի առաջ, ավելացնելով, որ 2007-ին հանքարդյունաբերության վերաբերյալ մի օրինագիծ այդպես էլ երբեք չէր քննարկվել խորհրդարանում: Նա համոզված էր, որ ստվերային ճնշումներ են բանեցվել, որպեսզի այդ հարցը ընդհանրապես չքննարկվի:
Գյուղացիները, վանականները, լեռների քանդման աշխատանքներում ներգրավվածները միակարծիք են մեկ հարցում. նրանք բոլորը մեղադրում են կառավարությանը: Նրանց կարծիքով միայն նոր վարչապետ Սաադ Հարիրին (որդին 2005-ին սպանված նախկին վարչապետ Ռաֆիք Հարիրիի, որը սուննի մահմեդական էր) կարող է լուծել խնդիրը, եթե երկրի քրիստոնեական հատվածը խոչընդոտներ չառաջացնի:
Սա է իրավիճակը կրոնական-համայնքային կարգի աղանդավորական, բազմազգ եւ բազմակրոն Լիբանանում: Բայց եթե Սաադին կարողանա իրոք կարգավորել հարցը եւ փրկել երկիրը ֆիզիկական կործանումից, ապա նա կդառնա Լիբանանի ամենանշանավոր վարչապետներից մեկը… եթե անշուշտ մինչ այդ շատ ուշ չլինի:
Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
*) Մայրուբա, Բիկֆայա. Լեռնալիբանանի նշանավոր գյուղերից, ավելի ճիշտՙ ամառանոցներից` Մայրուբան հայտնի էր իր անմահական խնձորներով, իսկ Բիկֆայանՙ իր թուզով եւ սեւաթույր խաղողով: