Հայաստանում մեկ շաբաթն այլեւս մեկ շաբաթ չէ, այլ ռետինի նման անվերջ ձգվող, բազմաթիվ իրադարձություններ ներառող ժամանակ, ու անգամ 42 աստիճան ուղեղ հալեցնող շոգը պատճառ չէ արագացող ժամանակի դեպքերը մի փոքր դանդաղեցնելու: Գլխավոր դերակատարը շարունակում է մնալ ԱԱԾ-ն, ում խուզարկությունները արդեն սովորական են ու դարձել են մեր առօրյայի մասը, որ նոր բացահայտում չեն անում`անհանգստանում ենք: ԱԱԾ-ն անգամ արդեն եկել-հասել է զինկոմներին (ԱԱԾ է բերման ենթարկվել Մարտունու զինկոմը` կոռուպցիայի կասկածանքով): Հրաժարականներ են ներկայացրել Երեւանի քաղաքապետն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը, այլ` մանր-մունր պաշտոնյաներ, կալանքի են վերցվել մի շարք հնչեղ անունների հետ կապված անձինք: Բազմաթիվ նոր, երբեմն` անսպասելի, երբեմն հաջող, երբեմն` անտրամաբանական նշանակումներ են արվել այս ու այն` հանրության համար հետաքրքրություն ներկայացնող պաշտոններում: Հուլիսյան այս շաբաթվա մամուլը մեկ դար հետո բացողը դեմ է առնելու աննախադեպ շոգին ու աննախադեպ բացահայտումներին միաժամանակ: Ու գուցե կարդա նաեւ անեկդոտանման ասույթը` մի շարք մարդիկ իրենց կյանքի այս ժամանակի մասին կպատմեն, թե իրենք «նստել են Նիկոլի օրոք»:
Ամեն ինչի հնարավոր չէ անդրադարձ անել` կառանձացենք երեք իրադարձություն, այլապես կխճողվենք բազմազան իրադարձությունների շղթայում: Քաղաքապետի հրաժարականը եւ դրանից հետո սպասվող գործընթացները, Նիկոլ Փաշինյանի` բավական կարեւոր բելգիական այցի ենթատեքստը, խորհրդարանական անցուդարձ:
Փաշինյանը` Բելգիայում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Բելգիական թագավորություն աշխատանքային այցն ու մասնակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում տեղի ունեցող միջոցառումներին հանրության մեջ սպասումներ էին ծնել այն առումով, որ միգուցե նոր հստակություն էր անհրաժեշտ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում, բացի այդ` մեր տարածաշրջանում ամենեւին էլ երկրորդական դեր չխաղացող ՆԱՏՕ-ում Հայաստանի տեսակետների նորովի հնչեցումը առանցքային պաշտոնյայի մակարդակով եւս անհրաժեշտություն էր: Միաժամանակ` Հայաստանի նոր վարչապետի ու աշխարհի գլխավոր դերակատար պետությունների ղեկավարների հանդիպումները կդառնային այն ցուցիչը, որով կարելի կլիներ դիտաարկել աշխարհի վերաբերմունքը Հայաստանում կատարվածի հանդեպ: Սպասման վերջին մասից սկսելով` նշենք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԵՄ հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի,Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի (կարճ ձեռքսեղմում) եւ մի շարք այլ առանցքային անձանց հետ տեւական հանդիպումները կամ կարճատեւ շփումները ցույց տվեցին, որ աշխարհը բարձր է գնահատում Հայաստանում կատարվածը, նրանց վերաբերմունքը Հայաստանի հանդեպ էապես փոխվել է դեպի լավը, իսկ երկրի վարչապետը դեռ պահում է հեղափոխության առաջնորդի` աշխարհում ընդունելի կերպարի բարձր վարկանիշը, որը կոնկրետ դեպքում տարածվեց նաեւ ԵՄ գործընկեր Հայաստանի ընկալման ցուցիչի վրա: Հատկապես որոշ դեպքերում դիվանագիտական կաղապարից առավել քան ջերմության ցուցադրումը վարչապետ Փաշինյանի հանդեպ փաստորեն այն քարտ-բլանշը դարձավ, որ թույլ էր տալիս անկաշկանդ շփվել աշխարհի հզորների հետ եւ մեր երկրի, Արցախի մոտեցումները ազատ ներկայացնել: Ասենք` Մակրոնի հետ հանդիպմանն ասել, թե հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին` վրադիր անելով, թե Ադրբեջանի կողմից հիմնախնդրի կարգավորման յուրաքանչյուր ռազմական փորձ պետք է դիտարկել որպես առհասարակ ոտնձգություն տարածաշրջանային ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դեմ: Այսինքն` Եվրոպայի ու եվրոպական պետությունների դեմ: Կամ` ասել, թե Հայաստանը հանագործակցության եզրեր փնտրելիս հայցվոր չէ: Կամ էլ` Euronews-ի հարցազրույցում ՆԱՏՕ-ից վճռական ուղերձի հղում պահանջել Ադրբեջանի ագրեսիայի դեպքում:
Համենայնդեպս` Փաշինյանի շփումների կադրերը բացառապես աչք շոյող են, իսկ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում չկան անհանգստացնող ձեւակերպումներ, եւ այստեղ, կարելի է ասել, միգուցե նոր որակի ղեկավարին չխրտնեցնելու պարագան եւս իր դերն էր խաղացել. «Մենք շարունակում ենք աջակցել մեր բոլոր գործընկերներին արտաքին ու անվտանգային քաղաքականությունում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու հարցումՙ զերծ արտաքին ճնշումներից ու հարկադրանքից: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը: Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ջանքերինՙ ուղղված Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանըՙ հիմնվելով այս սկզբունքների եւ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի խարտիայի եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին կառուցողական լինել եւ ավելի մեծ քաղաքական կամք դրսեւորել առկա բանակցային ձեւաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար» , ասվում է հռչակագրում:
Այն, ինչ երեւում էր կադրերում` Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը բառերով է փոխանցել Փաշինյանին` ոգեւորված են Հայաստանում կատարվածով, կաջակցեն:
Խորհրդարանն` արձակուրդից առաջ
Խորհրդարանն այս օրերին զբաղված էր կառավարության ժողովրդահաճո օրինագծերը քննարկելով եւ քվեարկությամբ ընդունելով, որից հետո միայն մեկնեց երեսնօրյա արձակուրդ: Արտահերթ ռեժիմով եւ երկու ընթերցմամբ ընդունվեց, օրինակ, կառավարության այն նախաձեռնությունը, որով մինչեւ անցած տարեվերջ ժամանակաշրջանի համար ներվելու են ճանապարհային երթեւեկության տուգանքները` չտարածելով դրանք մի շարք խախտումների վրա: Կներվի 13,7 մլն դրամի տուգանք, օրենքից կօգտվի 150 հազար քաղաքացի:
Սակայն մեզ համար առավել հետաքրքրական են Ընտրական օրենսգրքի շուրջ ստեղծված ԱԺ աշխատանքային խմբի քնննարկումները, որոնք եկող շաբաթ կշարունակվեն, չնայած այս եւ կառավարության` նույն նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցչի շփումները վերջին անգամ կարծես չստացվեցին: Կառավարության խմբի քարտուղար Դանիել Իոաննիսյանի եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումն ավելի շատ հակադրություններ ի ցույց դրեց, քան կոնսենսուսի գնալու մղում: ՀՀԿ-ն ընդհանրապես չի ըմբռնում, թե ինչ պատվերի շրջանակում է կառավարության խումբը կառուցում փոփոխությունները, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը եւս չհասկացան Իոաննիսյանին, վերջինս միայնակ անցած երեքշաբթի խմբակցությունների թիրախում էր: Ընդհանրապես մի պահ թվաց, թե ներկաները նույն լեզվով չեն խոսում միմյանց հետ: Իսկ դա ամենայն հավանականությամբ սկզբունքորեն տարբեր ելակետերում գտնվելու հանգամանքով էր պայմանավորված. հավանաբար կառավարության աշխատանքային խումբը ելնում է նրանից, որ հեղափոխության գեներատորը եղել են Փաշինյանի աջակիցները եւ ժողովուրդը, իսկ նրանց պատվերն ակնհայտորեն հակասության մեջ է խորհրդարանական խմբակցություններից առնվազն երեքի շարժառիթների հետ, վերջիններիցս ամեն մեկն ունի իր համար հարմարավետություն ապահովող պահանջներ: Թե ինչպես պիտի միասնական նախագիծ ներկայացնեն տրամագծորեն տարբեր շարժառիթներ ունենցող խմբերը` դեռեւս անհասկանալի է, իսկ Ընտրական օրենսգիրքն, այսպիսով, կարող է հերթական անգամ ոչ թե լավը դառնալ, այլ` հարմար այն ուժերին, որոնք քաղաքական մկաններով են օժտված: Չնայած, նկատենք, որ արդեն ուրբաթ օրը շարունակվող քննարկումներին ներկա էր փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ու նա իր ելույթով մեղմեց մթնոլորտը, խոսեց միասնական նախագիծ ունենալու մասին` ողջամիտ ժամկետներում տեղավորվելու պահանջով:
Նոր քաղաքապետ` հիմա՞, թե՞ սեպտեմբերին
Հուլիսի 16-ին ժամը 11-ին Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ են լինելու, սա Երեւանի ավագանու երեկվա նիստում ՀՀԿ-ական խմբակցության առաջարկն էր` ի դեմս փոխքաղաքապետ Կամո Արեյանի, որին ՀՀԿ-ական մեծամասնությունը փաստորեն ձայն տվեց ու անկացրեց (34 կողմ, 11 դեմ, 1ձեռնպահ): Իսկ «Ելք» խմբակցության ներկայացուցչի` օգոստոսի 8-ին արտահերթ ընտրություն նշանակելու առաջարկը հարկավոր ձայները չհավաքեց: Հուլիսի 9-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ վերընտրվել էր անցած տարվա մայիսին, հրաժարական ներկայացրեց: Սակայն եթե նույն ավագանու խմբակցությունները պետք է առաջադրեն թեկնածու, ՀՀԿ-ն էլ մեծամասնություն է ավագանիում, ապա անիմաստ է դառնում Մարգարյանի հրաժարականը, քանի որ ՀՀԿ-ն տեսականորեն ունի շանս իր թեկնածուին անցկանելու: Երկու տարբերակ կա` հին ավանդույթով ու հին որակներով քաղաքապետ ընտրել, կամ, խմբակցությունների կողմից թեկնածու չառաջադրելու կամ առաջադրված թեկնածուին անհրաժեշտ քվեները չապահովելու պարագայում ավագանին կինքնալուծարվի, այդ դեպքում սեպտեմբերի վերջին ավագանու համաքաղաքային ընտրություններ կլինեն: Որ տարբերակը կընտրվի՞, մանավանդ` երկրորդ տարբերակը շատ ավելի ծախսատար է ու կտրելու է խորհրդարանական արտահերթ ընտրությունները, շուտով հայտնի կլինի: Միգուցե տեղի ունեն խորհրդարանի ու քաղաքային ավագանու զուգահե՞ռ ընտրություններ: Համենայնդեպս` «Երկիր ծիրանի» խմբակցությունն արդեն քաղաքապետի թեկնածու է առաջադրել Զարուհի Փոստանջյանին: