ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր
1965 թվականին Բաքվում լույս է տեսել տխրահռչակ պատմաբան Զիա Բունիաթովի «Ադրբեջանը 7-9-րդ դարերում» ռուսերեն գիրքը, որը պատմության կեղծարարության դասական օրինակներից է:
Չափից ավելի «զարգացնելով» իր գրքի խմբագիր «աղվանագետ» Զելիկ Յամպոլսկու «տեսությունները»ՙ վայ-պատմաբան Զ. Բունիաթովը եկել է այն համոզման, որ դարեր ի վեր գոյություն է ունեցել աղվանների երկիրըՙ Մեծ Աղվանքը (Ալբանիա), որը տարածվել է Կովկասյան լեռներից մինչեւ Արաքս եւ բուն Աղվանքից զատ ընդգրկել է նաեւ Սյունիքը, Ուտիքը, Արցախը եւ այլ տարածքներ: Այդ լայնածավալ երկրում ապրած աղվանները մինչեւ 8-րդ դարն ունեցել են իրենց եկեղեցին եւ մշակույթը, սակայն «ագրեսոր» հայերը արաբ զավթիչների միջոցով նվաճել են Աղվանքը, բռնի «հայացրել» են աղվան ժողովրդին, պարտադրել նրան լուսավորչական դավանանքը, յուրացրել նրա երկիրն ու մշակույթը: 11-13-րդ դարերում արդեն աղվանները, որպես ժողովուրդ, գոյություն չեն ունեցել, սակայն նրա անմիջական արյունակից ժառանգորդն են ադրբեջանցիները, որոնք ինչ-ինչ պատճառներով ընդունել են մուսուլմանություն: Եվ քանի որ ադրբեջանցիները թյուրքական ժողովուրդ են, ապա աղվանները եւ Աղվանքի մյուս ժողովուրդները եւս ունեն թյուրքական ծագում: Եվ քանի որ աղվանները նույն ադրբեջանցիներն են, ուրեմն Մեծ Աղվանքը, իր նշված տարածքներով հանդերձ, Ադրբեջան է:
Այսպիսի զառանցաբանությամբ, ահա, ընդամենը 11-րդ դարում Այսրկովկաս թափանցած օղուզ-թյուրքական քոչվոր ցեղերից մեկի այս ներկայացուցիչը, իր ցեղին բնորոշ ձեւով «զավթել է» պատմական Աղվանքն ու Մեծ Հայքի մի շարք նահանգներ ու գավառներՙ հայտարարելով դրանք աղվանական-ադրբեջանական: Նույն զառանցաբանությամբ ու թալանչիական մոլուցքով նա աղվանական-ադրբեջանական է համարել նաեւ այդ տարածքներում ստեղծված հայ մշակույթն ու մատենագրությունը: Առաջին հարվածը, բնականաբար, ստացել է Աղվանքի մեծ պատմիչ, Ուտիքում ծնված Մովսես Կաղանկատվացին. հայտարարվել է, թե նրա «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկը նախապես գրված է եղել աղվաներեն, ապա հայերն այն թարգմանելով գրաբարՙ ոչնչացրել են բնագիրը: Աղվան են համարվել նաեւ նույնՙ Ուտիք նահանգի Պարտավ քաղաքում գործած բանաստեղծ Դավթակ Քերթողը, նույն նահանգի Տավուշ գավառում ծնված խոշոր մատենագիր Վանական Վարդապետը, նույն նահանգի Գանձակ քաղաքում ծնված նշանավոր մատենագիրներ ու կրթական-մշակութային գործիչներ Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արեւելցին, Դավիթ Ալավկա որդին, ինչպես նաեւ Արցախի Փառիսոս գավառում ծնված մեծանուն Հովհաննես Սարկավագ Իմաստասերը եւ ուրիշներ: Նրանք համարվել են ծագումով աղվաններ (իմաՙ ադրբեջանցիներ), իսկ նրանց երկերըՙ աղվանական-ադրբեջանական գրականության «հայագիր» հուշարձաններ:
Այսքանով, սակայն, Զ. Բունիաթովը չի բավարարվել (ինչպես ասում ենՙ ախորժակն ուտելիս է բացվում): Նա Ադրբեջան է համարել ոչ միայն Մեծ Աղվանքը, այլեւ պատմական Ատրպատականը, այլեւ Խորհրդային Հայաստանի գրեթե բոլոր տարածքները, որտեղ եւս «բուն հայկական» ոչինչ չի տեսել…
Բնականաբար, պատմական փաստերի եւ իրողությունների նման վայրենի խեղաթյուրումն ու ցնորական եզրահանգումները, անգամ խորհրդային ժողովուրդների կեղծ-եղբայրական քարոզչության պայմաններում, չէին կարող անարձագանք մնալ, ուստիեւ գիտական լուրջ փաստարկումներով հերքվել-ջախջախվել են: Նկատի ունենք բազմարդյուն բանասեր Ասատուր Մնացականյանի եւ մեծանուն Պարույր Սեւակի, այլեւ անվանի պատմաբան Կարո Մելիք-Օհանջանյանի ռուսերեն ծավալուն գրախոսական-հոդվածները (տե՛ս «Պատմա-բանասիրական հանդես», 1967, թիվ 1, էջ 177-190, «Բանբեր Հայաստանի արխիվների», 1968, թիվ 2, էջ 169-190): Այս ժամանակ, ահա, ծագեց բունիաթովականություն եզրույթը, որպես հոմանիշ պատմության կեղծարարության:
Բունիաթովականությունը ծագել է դեռեւս Բունիաթովից առաջ, հատկապես թյուրքական այն մակաբույծ ցեղերի մեջ, որոնք այլոց (հիմնականումՙ հայության) պատմության ու մշակույթի կողոպուտով ձգտում են ինքնահաստատվելՙ որպես հնագույն եւ մշակութային ժողովուրդներ: Այդ երեւույթը տարածվել է առավելաբար սելջուկ թուրքերի հետ (նաեւ հետագայում) ասպատակությունների եկած, նույնպես օղուզական ծագմամբ օսման-թուրքերի «պատմագիտության» մեջ: Այստեղ հանդես են եկել բազմաթիվ «բունիաթովներ» (Զ. Գյոքալբ, Շ. Գյունալթայ, Ք. Գյուրյուն, Է. Ուրաս, Ա. Էնգին, Ա. Յալչըն, Է. Հալիդե, Մ. Հոջաօղլու, Ա. Քեմալ, Չ. Քյուրշատ. այս անհաճո անունների շարքը կարելի է երկար շարունակել): Անխնա խեղաթյուրելով հայոց հին ու նոր պատմությունըՙ նրանք հանգել են անգամ պատմական Հայաստանի գոյության հերքմանը, Արեւմտյան Հայաստանի բնիկներ համարելով թյուրքական ցեղերին եւ Թուրքիայի պատմության սկզբնավորումը հասցնելով մինչեւ… Շումերի վաղնջական ժամանակները…
Վերադառնանք, սակայն, բուն Բունիաթովին: Հայ մասնագետների կողմից ջախջախիչ հարված ստանալուց հետո էլ նա շարունակել է իր հակահայ գործունեությունըՙ փայլուն կերպով հաստատելով, որ պատմության զեղծարարությունը կատարվում էՙ այն ծառայեցնելու համար տվյալ երկրի վարած նենգ քաղաքականությանը: Հատկապես հիշատակելի է Բունիաթովիՙ սումգայիթյան ջարդերի պատճառները «քննող» «Ինչո՞ւ Սումգայիթ» հոդվածը, որն արժանացել է Արկադի Ղուկասյանի սարկաստիկ քննադատությանը (տե՛ս նրա «Բաց նամակ քեռի Զիային կամ Իմամի կոչման ճանապարհին» հոդվածը, «Советский Карабах», 1989, մայիսի 28):
Այստեղ տեղին ենք համարում հիշել նաեւ, որ Զիա Բունիաթովը 1997 թվակականին, Բաքվի իր տան առաջ, սպանվել է իր իսկ հայրենակից «աղվան»-ադրբեջանցիների ձեռքով: Ի դեպ, պաշտոնական վարկածի համաձայն, սպանությունը կազմակերպել էին «Հըզբոլլահի» Բաքվի մասնաճյուղի անդամները, որոնք Բունիաթովին համարել են իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայության անդամ, որն Ադրբեջանում սիոնիզմ է տարածել: Ահա, Բունիաթով «գիտնականի» եւ գործչի կերպարը: «Գիտնական», որ դարձել է ադրբեջանական «պատմագիտության» հայրը, ուղեցույց-մենտորը, որին շարունակել եւ որի «տեսությունները» առավել զարգացրել են նրա սաները, նորագույն «բունիաթովները»:
Ագրեսիվ են հատկապես «բունիաթովուհիները», որոնց մեջ առավել առանձնանում է Ֆարիդա Ջաֆար կըզը Մամեդովան: Վերջինս ինքը խոստովանել է, որ Հեյդար Ալիեւը ադրբեջանցի պատմաբաններից պահանջել է գիտական քննադատության ենթարկել Աղվանքի վերաբերյալ Հայաստանում լույս տեսած բոլոր ուսումնասիրությունները, ուստիեւ ինքը սկսել է զբաղվել աղվանագիտությամբ եւ «հայկական հանգույցը» քանդելու, այն էՙ հայոց պատմությունն առավել լավ խեղաթյուրելու համար, նույնիսկ գրաբար է սովորել:
Մամեդովայի «աղվանագիտական»-հակահայկական աշխատությունները (որոնք, ի դեպ, լույս են տեսել նաեւ ռուսերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն) ջերմորեն է ընդունել ինքըՙ Բունիաթովը, գնահատելով դրանց մեջ իր առաջադրած «գաղափարների» հաստատումն ու զարգացումը: Իսկ Հեյդարի որդի Իլհամը Մամեդովային կոչել է «ճշմարտության ասպետ», որն անդուլ պայքարում է «պատմության հայկական կեղծարարության դեմ»:
Ժամանակին Մամեդովայի հակագիտական աշխատությունները եւս արժանացել են հայ մասնագետների արժանի հակահարվածին (տե՛ս «Պատմա-բանասիրական հանդես», 1987, թիվ 3, էջ 166-189): Քննադատել են նաեւ օտարազգի մասնագետները. հիշատակելի է հատկապես ռուսաստանցի պատմաբան, ազգագրագետ Վիկտոր Շնիրելմանի «Հիշողության պատերազմներ» նշանավոր գրքում (Մոսկվա, 2003 թ.) կատարված հիմնավոր առարկությունը, որտեղ հեղինակը, որպես եզրահանգում, պատմությունը միտումնավոր խեղաթյուրող Մամեդովային համարել է Ադրբեջանում պետական աջակցությամբ ծավալվող, այսպես կոչված, «աղվանական առասպելի» գլխավոր քարոզիչը:
Այս ամենով հանդերձ, շարունակելով իր զեղծարարությունները, Ջաֆար կըզը խանումը 2005 թվականին հրատարակել է «Կովկասյան Աղվանքը եւ աղվանները» («Кавказская Албания и албаны») մենագրությունը: Իր սպասածին հակառակ, սակայն, այդ գիրքը Ադրբեջանի «գիտական» շրջանակներում սվիններով է ընդունվել, եւ հեղինակը համարվել է «հայրենիքի դավաճան», «հայկական լրտես»: Հիմնական պատճառն այն էր, որ Մամեդովան գրքում բերել է մի քարտեզ, որտեղ նշված է «Մեծ Հայքը» (Великая Армения):
Մամեդովան, իր իսկ խոստովանությամբ, նոր սերնդի «բունիաթովների» ու «բունիաթովուհիների» կողմից ոչ միայն ենթարկվել է հալածանքների ու վիրավորանքների, այլեւ հետապնդվել է ու գտնվել ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի տակ: Նա ամեն կերպ փորձել է ապացուցել, որ ինքը ոչ միայն «չի ծախվել հայերին», այլեւ լիովին հակահայկական մենագրություն է գրել:
Իր կորսված «պատիվը» վերականգնելու համար վայ-պատմաբանուհին հետագայում, մամուլում եւ հեռուստատեսությամբ, հանդես է եկել առավել կոշտ հայամերժ ելույթներով (վերջինըՙ այս տարի): Համացանցում ողողված այդ ելույթներում նա հայտնել է այն համոզմունքը, թե «աղվանական ողջ մշակույթի» ժառանգորդ ադրբեջանցի ժողովուրդը ոչ թե ուղղակիորեն սերվել է աղվաններից, այլ բաղադրված է երեք հզոր էթնոմշակութային շերտերիցՙ կովկասալեզու, թյուրքալեզու ու իրանալեզու, եւ թե «աղվանական»-ադրբեջանական մշակութային ակունքները սկսվում են ե՛ւ զրադաշտական, ե՛ւ հուդայական, ե՛ւ մուսուլմանական միջավայրից: Սա արդեն մի նոր ցնցող «դոկտրին» էՙ հատկապես իր հուդայական կողմով (արի ու մի՛ հավատա, որ Մամեդովայի հոգեւոր հայր Բունիաթովը իսկապես սիոնիստ է եղել):
Հասկանալի պատճառով, Ջաֆար կըզը խանումը (ինչպես առհասարակ արդի ադրբեջանցի «պատմաբանները») առավելապես անդրադառնում է ադրբեջանական բռնատիրությունից վերջապես (հուսով ենքՙ վերջնականապես) ազատագրված Արցախին: Նա նորանոր հորինումներով ձգտում է հաստատել բունիաթովյան «գաղափարները», թե Արցախը եղել է Աղվանքի մի մասը, թե այն Հայաստանի հետ ոչ մի կապ չունի, թե Արցախի հայերը աղվաններ են, որոնք իրենց համարում են հայեր, թե Գանձասարը հայերի կողմից բռնազավթված աղվանական Եկեղեցու առաջնորդարանն է եւ այլն, եւ այլն… (Մամեդովայի վերջին ելույթում առկա զեղծարարություններին հակադարձել է արդյունավոր միջնադարագետ Վանո Եղիազարյանը «Գրական թերթի» մարտի 14-ի համարում տպագրած իր հոդվածում. համացանցում տեղադրված են նաեւ այդ հոդվածի ռուսերեն եւ անգլերեն թարգմանությունները):
Ադրբեջանցի առավել նոր սերնդի «ուսումնասիրողները», Իլհամ Ալիեւի անմիջական հրահանգով, շատ ավելի առաջ են անցելՙ հասնելով անհեթեթության այն գագաթնակետին, թե հայերը ոչ միայն Արցախում, այլեւ Արեւելյան Հայաստանում եւ առհասարակ Այսրկովկասում բնիկներ չեն, այլ ուշ շրջանի եկվորներ, եւ թե բոլոր այդ տարածքներն ադրբեջանական են: Դե իսկ Արեւմտյան Հայաստանը եւ Փոքր Ասիան առհասարակ, մշտապես պատկանել է թուրքերին (այն, ինչ վաղուց շրջանառվում է թուրքական «պատմագիտության» մեջ): Իսկ «Մեծ Հայքը» հնարովի, հակագիտական հասկացություն է, եւ այն երբեք գոյություն չի ունեցել: Այս ամենը, ադրբեջանական նավթադոլարների շռայլ օգտագործմամբ, աշխարհին հրամցվում է ամենատարբեր ձեւերովՙ համացանցով, մենագրություններով, հոդվածներով, ֆիլմերով, միջոցառումներով: Հիշատակելի են մասնավորապես «Հայերը չեն եղել Կովկասում» աշխարհով մեկ սփռված ֆիլմը, Աղվանք-Ադրբեջան պետության հիմնադրման 2500-ամյակի եւ «ադրբեջանական մշակույթի հարուստ կենտրոն» Երեւանի (Էրիվանի) հիմնադրման 500-ամյակի տոնակատարությունները եւ, մանավանդ, Հայաստանի Հանրապետության տարածքը Ադրբեջան համարելու նախագահ Ալիեւի զառանցագին հայտարարությունները:
Ինչպես տեսնում ենք, բունիաթովականությունն արդեն վերաճել է ալիեւականության, ինչը ուղեկցվում է Հայաստանի եւ Արցախի սահմանների դեմ ամենօրյա ռազմական ոտնձգություններովՙ շատ ավելի լուրջ սպառնալիքի տակ դնելով մեր ազգային անվտանգությունը…
Նշեցինք, որ պատմության ադրբեջանական զեղծարարություններն արժանացել են հայ մասնագետների հակահարվածներին: Այստեղ ցանկանում ենք հիշել նաեւ հայերեն, անգլերեն, ռուսերեն եւ պարսկերեն աշխատություններով հանդես եկող վաստակաշատ աշխարհագրագետ եւ քարտեզագետ Ռուբեն Գալիչյանին (մասնավորապես անցյալ տարի տպագրված նրա «Ադրբեջանական պատմա-աշխարհագրական զեղծարարությունները» հատորը), հմուտ պատմաբաններ Վալերի Թունյանին, Արտակ Մովսիսյանին. վերջինս այս ասպարեզում բավական աչքի է ընկել հատկապես իր սցենարներով նկարահանված «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» եւ «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» ֆիլմերով: Այս ամենը, սակայն, չհամակարգված, առավել տարերային բնույթ կրող անձնական ազնիվ նախաձեռնություններ են, եւ իսկապես, ինչպես Ա. Մովսիսյանն է ասել իր հարցազրույցներից մեկում, ցավոք սրտի, նման զեղծարարությունների դեմ «պետական մոտեցում չկա»:
Մենք ունենք Պաշտպանության նախարարություն, որ կազմակերպում է մեր երկրի սահմանների պաշտպանությունը. անհրաժեշտաբար պիտի ունենանք նաեւ մեր դարավոր պատմության ու մշակույթի սահմանները պաշպանող զորեղ պետական կառույց:
Վերջացնելովՙ ասենք, որ իր հակահայ ելույթներից մեկում Իլհամ Ալիեւը (ներողություն ենք խնդրում այս անհաճո անունը քանիցս հիշատակելու համար) հայտարարել է. «Մենք պետք է ավելի ուժեղանանք, ունենանք ավելի զորեղ բանակ եւ ապահովենք տնտեսական զարգացումը»: Սա ավելի շատ մեզՙ հայերիս է վերաբերում: Միայն հզոր պետություն ստեղծելով է, որ կկարողանանք հուսալիորեն պաշտպանել մեզ մեր ազգային ինքնությունը վտանգող բունիաթովականությունից եւ ալիեւականությունից: