Հայաստանյան իշխանությունները հետպատերազմյան 25-ամյակում հանրության մոտ փորձում են կարծիք կազմավորել, թե ՀՀ տնտեսական կայացումը զուտ քաղաքական խնդիր է. այ, կփոխվի վերնախավը, նոր որակների մարդիկ կգան, թարմ մոտեցումներ ու դիրքորոշումներ կհաստատվեն եւ երկրի տնտեսությունը բարեփոխումների ուղում կհայտնվի: Ավաղ, 2016-ի վարչապետական 14-րդ փորձից հետո էլ ոչինչ չփոխվեց. տնտեսության կայացման հանդեպ անփույթ ու անպատասխանատու վերաբերմունքի պայմաններում շարունակվեց հայաստանաբնակներին տնտեսական աճի վերաբերյալ թվային աճպարարություններով հուսադրելու եւ կերակրելու տհաճ շքահանդեսը: Եվ այս ամենը զուտ այն պատճառով, որ մեզանում էլ է գործում կարծես ռուսական «ես ղեկավար եմ, դու հիմար, դու ղեկավար ես, ես հիմար» մտածողությունը:
Թե ինչու է պետք այսօրինակ խաղերով զբաղեցնել հայաստանյան հանրությանը, առեղծված է, քանզի այն չի բխում ոչ մեկի շահերից, եթե որոշակի առումով աղքատիկ բյուջեի ռիսկայնության արդյունքում ոմանց հարստանալը չնկատենք: Հարստանալ ենք ասում, երբ մեր պաշտոնյա մեծահարուստներից որեւէ մեկն իր ունեցվածքի մասին երբեւէ չի հիշատակում, եթե մի բան էլ հանրությանը մատնանշում է, պարզվում է այն կա՛մ անվարձահատույց նվիրատվություն է, կա՛մ մեր պատմության համայնավար շրջանի ավարտի կոոպերատիվների միջոցով կուտակված գումար: Իսկ թե ինչու է պետք անհարմար զգալ, առավել եւս ամաչել հարուստ լինելու համար, պարզապես անհասկանալի է, երբ հայաստանաբնակ իշխանավորն անգամ առանց որեւէ առիթի ժամերով կարող է խոսել աշխատանքի ու աշխատելու հանդեպ հայի, ասել է թե նաեւ իրՙ նվիրվածությունից: Եվ սա ասում են մեր կողմից մուծվող հարկերի ու տուրքերի միջոցով կազմավորվող պետական բյուջեից վարձատրվող մարդիկ, որոնց արածն ու չարածն այդպես էլ չի գոհացնում հայաստանաբնակների բացարձակ մեծամասնությանը, որն ըստ պաշտոնական իսկ վիճակագրության, աղքատ ու ծայր աստիճան աղքատ է, անօգնական ու հուսալքված, պատրաստակամ անգամ մեր դարավոր թշնամու տան կեղտոտ լվացքն անելՙ հոգալու համար Հայաստանում մնացած ընտանիքի տարրական նվազագույն ու առօրյա հոգսըՙ պարզ սննդակարգը:
Եվ հարցըՙ ինչո՞ւ չի ստացվում կանոնավորել ՀՀ տնտեսությունը, հնչում է ինքնաբերաբար, Աստծո յուրաքանչյուր օր: Թե ինչու են ոմանք այս ընթացքում անմեղսունակի տեսք ստանում, երբ պատասխանը մարդկությունը վաղուց պարզել է, տարօրինակ է, քանզի ՀՀ տնտեսության կայացման պատասխանատուները գործիքակազմերի պակաս չունեն. տեխնիկայի վերջին միջոցներով կահավորված աշխատասենյակներ ունեն, օգնականներ ու խորհրդականներ ինչքան հարկն է կան, տրանսպորտային միջոցներ ու արտերկրներ գործուղումներ ինչքան ասեք, միջազգային ամենատարբեր հանդիպումներՙ երբ եւ որտեղ ուզեն… իսկ սպասվող արդյունքը գրեթե զերո, հերթական թանկացումներ ու ներկրումներ, վտանգավոր թե պակաս մտահոգող վիճակ հայի հանդեպ, անգամ պետականություն ունենալու մեր իրավունքի քննարկում: Շղարշը, թե պետություն ու պետականություն ստեղծելն ինչ-որ բարդից բարդագույն մի գործընթաց է, համաշխարհային տնտեսվարական միտքը վաղուց է մերժել, մեզ հատուկ աղքատությունը հաղթահարել շատ ավելի կարճ ժամանակահատվածում, լինի հնդկաչինյան թե մերձավոր-արեւելյան տարածաշրջաններում, Աֆրիկա թե Հարավային Ամերիկա մայրցամաքներում, անգամ հետխորհրդային երկրներում:
Թե ինչ քայլերով են առաջնորդվել մեր երբեմնի բախտակիցՙ ասենք էստոնացիները, փորձենք ներկայացնել փաստերով, կոնկրետ թվերով, որպիսիք տողերիս հեղինակը մեկ անգամ չէ որ ներկայացրել է ՀՀ վարչա-կառավարչական ապարատին եւ հանրությանըՙ լրագրային տպագիր վերլուծությունների տեսքով: Տարօրինակորեն թե ցավալիորեն այստեղ առաջնորդվում են «մերն ուրիշ է» անհեթեթությամբ, հաշվի չառնելով համաշխարհային գործընթացներն ու դրանց միջոցով արձանագրվող դրական արդյունքները: Արդեն հիշատակված Էստոնիայի պարագայում, մերոնց կողմից գլոբալ խնդիրներ համարվող պատճառաբանությունները պարզունակ արդարացում դիտարկելով, ներկայացնենք այն քայլերը, որոնք այս երկրում անհրաժեշտ ու առաջնահերթ են համարել, սկսելով սեփական բնակչության պարենային ապահովության ու երկրի պարենային անվտանգության խնդրի կարգավորումից, այս ճանապարհով հանրության ու իշխանության հարաբերությունների բարելավումը, միջավայրի բարեփոխումը:
Ինչքան էլ տարօրինակ հնչի ՀՀ տնտեսագիտական մտքի համար, որքանով որ այն կա, սկսել են մերոնց համար առաջնահերթ չդիտարկվող գյուղոլորտը կարգավորելուց, սեփական պարենով բնակչության սննդակարգը կազմակերպելուց, որը մեզանում փոխարինվում է հայ գյուղաբնակին իր աշխատանքից օտարելով եւ նրան ներկրվող պարեն առաջարկելով: Այսօրվա Էստոնիայում մեծից փոքր առավոտյան նախաճաշի 1 բաժակ կաթը, 2 հավկիթը, 1-ական պատառ պանիրն ու երշիկը, վերջում էլ կարագն ու մեղրը սեղանին ունենալը խնդիր չէ, որը մեզանում բացակայում է, անհաղթահարելի հարց համարվում, քանզի հայտարարվում է, որ փոքր երկիր ենք: Նշեմ, որ Էստոնիայի վերաբերյալ թվարկվածը հիմնականում վերաբերում է անասնապահական ոլորտին, մսի ու կաթի բավարար արտադրության պայմաններում դրանց վերամշակումներով ապահովվածությանը: Բնակչության անհրաժեշտ առաջնահերթություն համարվող այս ոլորտում հիմնական դերը պատկանում է լիարժեք անասնակերին, ցորենի, գարու եւ եթե աճում էՙ եգիպտացորենի տեսքով, որի մշակման համար այս երկրի բնակլիմայական պայմանները նպաստավոր չեն: Մյուսների հանդեպ Էստոնիայում, ինչպես կայացող ու կայացած երկրների բացարձակ մեծամասնությունում, երկրների կառավարություններն առանձնահատուկ վերաբերմունք ունեն, քանզի միմիայն, կրկնում ենք, միմիայնՙ անասնագլխաքանակների լիարժեք կերակրման արդյունքում է հնարավոր այդ անասուններից առավելագույն մթերատվություն ապահովել, մարդկանց առաջնահերթ կարիքները բավարարող սննդակարգ երաշխավորել, հանրություն-իշխանություն հարաբերություններում այսկերպ բարերար միջավայր հաստատել: Էստոնիայի գյուղոլորտում այս նպատակով յուրաքանչյուր տարի 1 մլն տոննա ցորեն ու գարի են աճեցնում հիմնականում անասնակերի նպատակով, որի արդյունքում խոշոր կենդանիների օրական քաշաճն անցնում է 1 կգ-ից, կովերի տարեկան կաթնատվությունը 10 հազար լիտրից: Այսօրինակ ցուցանիշների արդյունքում է, որ երկիրը հիմնական սննդատեսակ համարվող կենդանական ծագման սննդահումքով գրեթե ինքնաբավ է, միջավայրը մրցակցային, որակի ու գնային առումով բոլորին հասանելի: Գյուղոլորտի աշխատանքի արդյունավետության էական բարձրացման արդյունքում ԽՍՀՄ վերջին տարիներին Էստոնիայում պահվող 800 հազար խոշոր եղջերավորի գլխաքանակը իջեցվել է մինչեւ 250 հազարի, 1,1 մլն խոզերի դիմաց հիմա պահվում է 350 հազարը, 7 մլն թռչնի փոխարեն 2 մլն-ը, 130 հազար ոչխարների քանակից մնացել է 80 հազարը: Առավելագույն արդյունավետ աշխատանքՙ ահա այն միջոցը, որով առաջնորդվում է շահառուների հանդեպ պատասխանատվություն ունեցող որեւէ իշխանություն, այդկերպ անհրաժեշտ եւ նպաստավոր հարթակ ստեղծելով այլ ոլորտների կայացման համար:
Հիմա ներկայացնենք այն վիճակը, որն ըստ ՀՀ ԱՎԾ-ի հրապարակումների տիրում է մերօրյա Հայաստանում: Հացահատիկային մշակաբույսերի խորհրդային տարիների 300 հազար տոննա ցուցանիշը ոչ մի կերպ գերազանցել չի հաջողվում, այն բացառապես օգտագործվում է հացի, մակարոնեղենի ու հրուշակեղենի արտադրությունում, որը լրացվում է զգալի ներկրումներով: Իսկ ահա անասնատեսակներին բաժին է հասնում նպաստավոր շրջանի կանաչն ու հիմնականում չոր ծղոտը, որի արդյունքում խոշորի օրական քաշաճը կազմում է հազիվ 100-150 գրամ, կովերի տարեկան միջին կաթնատվությունըՙ 2000 լիտր, հետեւանքըՙ իրացման բարձր գներ, գյուղաբնակի հուսալքություն, գյուղերի դատարկում, երկրի պարենապահովության էլՙ ներկրված ոչ որակյալ հումքից, անհասկանալի պայմաններում պատրաստված կաթ ու միս, դրանց վերամշակումներ: Պատկեր է ստեղծվում, որ ՀՀ բարձրագույն իշխանության պետքն էլ չէ իրար հաջորդող գյուղատնտեսության նախարարներից գեթ մեկին հարց ուղղել, թե ինչու է Հայաստան երկիր հեռավոր Բրազիլիայից հավի ու խոզի միս հասցվում, Նոր Զելանդիայից ու Ֆինլանդիայից կարագ, Եվրոպայից ու Ռուսաստանից բուսական յուղ, չխոսելով հատիկաընդեղեններից մինչեւ սոխ-սխտորի ու ստեպղին-ճակնդեղի մասին: 100 հազարավոր հեկտար հողերն անմշակ են, մշակվողներում ցանված սերմի ու ստացվող բերքի տարբերությունն աննշան, իսկ ահա ծիրանով ու խաղողով, դրանց վերամշակումներով աշխարհի շուկաները գրավելու խոստումներն անպակաս: Ինչ-որ թվերից խոսելով մեզանում տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ գյուղատնտեսությունում շարժ կա, նույնիսկ աճ, երբ գյուղերը մասսայաբար դատարկվում են, որը հեռուստալրագրողներից մեկը չգիտես ինչու դասալքություն է որակում: Մասնագիտության հանդեպ այսօրինակ պահվածքը նվազագույնը տարօրինակ է, քանզի երեւույթի պատճառները բացահայտելու փոխարեն հետեւանքը նշելն ընդամենը անճարակություն է, եթե այլ գնահատական չտանք:
Անշուշտ դժվար է ընդունել, որ հարյուր հազարավոր հայաստանաբնակների առօրյա սննդակարգը կազմակերպելու փոխարեն մի քանի վերամշակող օլիգարխների հետ գործ ունենալն առավել նախընտրելի աշխատաոճ է: Շարքայիններին ընկճելու գործը նախորդներն իրականացրել են, հերթական իշխանություններին էլ ընդամենը մնում է գործընթացը նորովի ներկայացնելու ձեւ ու բովանդակություն հաղորդել, Հայաստան երկիրը փոքր հռչակելով իրենց անգործությունն արդարացնել, երբ մեր երկիրը 1 բնակչի հաշվով 2000 քմ վարելահող ունի, չհաշված գյուղնշանակության հողերը: Մեր մարդիկ չգիտեն, չէ՞, որ ՀՀ ստեպղին արտահանող Իսրայել երկրում 1 բնակչի հաշվով արդյունավետ գյուղգործունեություն ծավալելու համար նպաստավոր վարելահողը հազիվ 350 քառակուսի մետր է, շատ այլ երկրներումՙ 500-600 քմ, Չինաստանում 800 քմ, երբ այս երկիրն արտադրում է խոզի մսի համաշխարհային 100-110 մլն տոննա ցուցանիշի մոտ կեսը: Այսկերպ, նաեւ թռչնի մսի հսկայական ծավալներ ապահովելու շնորհիվ, որը հիմնականում ձեռք է բերվում 120 մլն տոննա ցորենի, 200 մլն տոննա բրնձի կողքին նաեւ 220 մլն տոննա եգիպտացորենի հատիկի մշակման արդյունքում: Վերջինս լիարժեք անասնակերի հիմնական բաղադրիչ օգտագործելով, ոչ վաղ անցյալում պարենային խնդիրներ ունեցող այս երկիրը հիմնականում դարձել է ինքնաբավ: Արդյունքում, անգամ միակուսակցականության պայմաններում արդեն 30 տարի այստեղ առճակատում չի արձանագրվում, իսկ չինացի միլիարդատերերը նվաճում են երկիր մոլորակը, անգամ գերհզոր ԱՄՆ-ը նրանց տրիլիոն դոլարներով պարտք ունի:
Անշուշտ լրագրային էջն այն տարածքը չէ, որտեղ հարկ է տնտեսության զարգացման մանրամասներից խոսել: Սակայն ՀՀ տնտեսության վիճակից ելնելով անհրաժեշտ եմ համարում նշել. դեռ ուշ չէ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների այս շրջանում, ՀՀ կառավարության ակտիվ գործողություններով պահանջել գյուղատնտեսության նախարարությունից եւ մարզպետարաններից իրողություն դարձնել տարիներով խոստացվող նվազագույնը 30 հազար հեկտար եգիպտացորենի մշակումը հատիկի նպատակով: Մոտ 300 հազար տոննա բերքը, գումարած կաթնամոմային կանաչ սիլոսի տեսքով զանգվածը ուղղելով անասնակերի ոլորտՙ կապահովվի մսի ու կաթի զգալի ծավալների աճ, կստեղծվի մրցակցային միջավայր, կհաստատվի գնային կայունացում: Ներմուծվող մսի ու կաթի փոխարեն տեղական արտադրության այսօրինակ աճը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծման, կխթանի վերամշակող արտադրությունը, կբարեփոխի մեր մարդկանց սննդակարգը, նաեւ երկրի հանդեպ վերաբերմունքը: Հաջորդիվ կգա բուսական յուղ արտադրելու, կաշեհումք վերամշակելու, ներմուծվողի փոխարեն դրանք տեղական արտադրության ոլորտում օգտագործելու ժամանակը: Չերկարացնեմ. աշխարհն այսկերպ է սկսում, հետագան թողնում մարդկանց ընտրությանը, ընդհուպ արհեստական արեւի ստեղծումը:
ՀՀ բարձրագույն իշխանությունը օրեր առաջ նշեց, որ ՀՀ տնտեսական կայացման նշաձող է դիտարկում 1 բնակչի հաշվով 10.000 դոլար համախառն ներքին արդյունքի ձեռքբերումը: Ավելորդ չհամարեցի ներկայիս 3.500 դոլար ցուցանիշի 7 տոկոս տնտեսական աճի պարագայում հաշվարկել կանխատեսվող գումարը. պահանջվեց… 17 տարի, որը վստահ եմ շարքային հայաստանաբնակին չի գոհացնի: Արդեն հիշատակված 1,3 մլն բնակչությամբ Էստոնիան եւ 1,3 մլրդ բնակչությամբ Չինաստանը 3.500-10.000 դոլար սահմանը հատել են համապատասխանաբար 2003 եւ 2013 թվականներին: Ստացվում է, որ Էստոնիան 10 հազար դոլար ցուցանիշին հասել է նորանկախ շրջանի 13-րդ տարում, իսկ մեզ դա կհաջողվի 2035 թվականին, 45-րդ տարում: Գաղտնիք չէ, որ մարդիկ տեսանելի ժամանակում են հուսապնդվում, որոշումներ կայացնում, նախաձեռնություններ իրականացնում: Թերեւս այսօրինակ ճանապարհով է պետք շարժվել, մտքում պահելով 13 մլն բնակչությամբ Հայաստան ունենալու գաղափարը: Թե ինչքանով է այն համապատասխանում նորանալու խոստումներ տվող մեր իշխանությանը, ցույց կտա ժամանակը, որը կարող է եւ անողոք լինել: 18.04.2018 թ.