Անգլ. թարգմ. Հ.Ծ.
Mirror-Spectator-ի բացառիկ հարցազրույցը Արցախի նախագահի հետ
Մեկշաբաթյա քաղաքական քննարկումների եւ հանդիպումների համար Արցախի Հանրապետության նախագահ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով առաջին անգամ գտնվում էր Մ. Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում: Առիթից օգտվելով «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակից ԱՐԱՄ ԱՐՔՈՒՆԸ հետեւյալ հարցազրույցն է ունեցել նախագահի հետ:
Այն հարցին, թե որոնք էին դրդապատճառներն այդ այցելության, Բակո Սահակյանը պատասխանել է, որ Արցախը բարեկամական հարաբերություններ է պահպանում Մ. Նահանգների հետ արդեն երկար տարիներ, եւ ինքը տարբեր առիթներով մի քանի անգամ գտնվել է Ամերիկայում, բայց դրանք հիմնականում կապված են եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության հետ: «Այս անգամ մեզ առիթ ընձեռվեց, եւ մենք օգտվեցինք դրանից, հանդիպելու քաղաքական շրջանակների հետ, եւ ես շատ ուրախ եմ դրա համար», ասել է նա:
Պատմության մեջ առաջին անգամ Արցախի Հանրապետության պատվիրակությունը գտնվեց Ներկայացուցիչների պալատում է՛լ ավելի խորացնելու համար գոյություն ունեցող հարաբերությունները Մ. Նահանգների հետ: Ճիշտ է, ԱՄՆ պետքարտուղարության հետ հանդիպումներ չկայացան, բայց նախապատրաստական աշխատանքներ տարվեցին հետագայում նման հադիպումներ կազմակերպելու նպատակով:
Սահակյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի, որի համանախագահներից է Մ. Նահանգները, կատարած շարունակական աշխատանքները: «Մենք հասկանում ենք, որ միջազգային հանրությունը մտահոգված է այս բարդ խնդրին լուծում գտնելու առնչությամբ, բայց միայն Մինսկի խմբի աշխատանքները բավարար չեն: Կողմերից մեկիՙ Ադրբեջանի ռազմատենչ, ծայրահեղական, ոչ-կառուցողական դիրքորշոումը, մեր խորին համոզմամբ, գլխավոր խոչընդոտն է ավելի լուրջ համաձայնություններ ձեռք բերելու համար», ասել է նա, եւ ավելացրել, որ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որ Արցախը եւս դառնա բանակցությունների մասնակիցը, ինչպես նախապես համաձայնեցված էր 1994-ի ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի ընթացքում: Արցախն ամեն ինչ անում է վերականգնելու համար այդ ձեւաչափը:
Միջազգային շրջանակներում շատ հաճախ է հնչում փախստականների հարցը: Բ. Սահակյանն այդ առնչությամբ ասել է. «Առայժմ խոսվում է գլխավորապես ադրբեջանցի փախստականների մասին: Մենք, բնականաբար, կողմնակից ենք, որ դրանց հետ նշվի նաեւ հայ փախստականների հարցը: Ինչ վերաբերում է ժամանակին Արցախում ապրած ադրբեջանցիներին, մենք բազմիցս ասել ենք, որ նրանք բնականաբար կարող են վերադառնալ Արցախի Հանրապետություն, եթե ճանաչեն նրա իրավասությունը»:
Նա նշել է, որ չնայած նման դիմումներ չեն ներկայացվել ցարդ, բայց ներկայացվելու դեպքում «մենք համապատասխան օրենքների եւ սահմանված նորմերի համաձայն կտանք մեր եզրակացությունները»:
Ի պատասխան իր ձեռքբերած նվաճումների մասին անդրադառնալու հարցին, նախագահը համեստորեն նշել է. «Չեմ կարող ասել, որ բավարարված եմ կատարված աշխատանքով, քանի որ միշտ գոյություն ունի ավելին անելու անհրաժեշտությունը, եւ ժողովուրդն է, որ գնահատելու է կառավարության իր ընտրած ներկայացուցիչների աշխատանքները»:
Նախագահ Սահակյանը խոսել է կառավարության նպատակների մասին, որոնցից կարեւորագույնը նա համարել է ժողովուրդի անվտանգությունը, երկրորդըՙ հավելյալ ջանքերի գործադրումը վերականգնելու ադրբեջանական պատերազմի ավերածությունները: Իսկ դրանց զուգահեռ նաեւ սոցիալ-տնտեսական զարգացման նախադրյալներ ստեղծելը: Նա առանձնացրել է կրթությունը, որը շատ կարեւոր է այդ նախադրյալների համար եւ հպարտությամբ արձանագրել Արցախում բնակվող արվեստագետների եւ մարմնամարզիկների հաջողությունները, որոնք մեծապես ներշնչում են ժողովրդին:
Տնտեսության զարգացած ճյուղերից նա առանձնացրել է գյուղատնտեսությունը, էներգետիկան (հատկապես ՀԷԿ-երըՙ երկրում առատ ջրի պաշարների շնորհիվ), արդի տեխնոլոգիաները եւ զբոսաշրջությունը:
Խոսելով 2016 թվի ապրիլյան դեպքերի մասին, Սահակյանը նշել է, որ հակառակ տնտեսության վրա թողած ադրբեջանական նախահարձակման բացասական ազդեցությանը, կացությունն այժմ ուղղվել է եւ սահմանային միջադեպերը մի փոքր նվազել են: Նա շեշտել է, «Մայր Հայաստանի եւ Սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի համատեղ աշխատանքի շնորիհվ է, որ մենք կարող ենք առաջ տանել մեր ծրագրերը: Արտասահմանյան օժանդակությունն ու զորակցությունը նշանակալի դեր խաղացին Արցախի ազատագրական շարժման օրերին եւ շարունակում են կենսական լինել նաեւ այսօր»:
Նա հույս է հայտնել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները, որոնք լարված են ներկայիս, կբարելավվեն, քանի որ դրանք չափազանց կարեւոր են համայն աշխարհի քաղաքական եւ տնտեսական առաջընթացի համար: Նախագահ Սահակյանը խորհրդային ժամանակաշրջանում (1983-87 թթ.), երբ դեռ գտնվում էր իր ծննդյան երրորդ տասնամյակի շեմին, աշխատել է որպես վարպետ-ռեստավրատոր պատմական եւ մշակութային հնությունների վերականգնման գիտական վարչության Ստեփանակերտի մասնաճյուղում, որն այդ ժամանակ ամբողջովին վերահսկվում էր Բաքվի իշխանությունների կողմից, ինչը «որոշ դժվարություններ էր ստեղծում մեզ համար»: Այդուհանդերձ որոշ վերականգնողական աշխատանքներ հաջողությամբ կատարվել են, այդ թվում Գանձասարի վանքային համալիրում եւ Շուշիում: Դադիվանքն այդ ժամանակ հասանելի չէր, քանի որ գտնվում էր ադրբեջանցիների խստագույն հսկողության ներքո: Ներկայիս, ըստ Բ. Սահակյանի, նման խոչընդոտներ այլեւս չկան եւ մեծ թվով մասնագետներ աշխատում են ամենատարբեր (ներառյալ 2005-ին հայտնաբերված հելլենիստական Տիգրանակերտ քաղաքի պեղումների) ծրագրերի վրա:
Բակո Սահակյանը 1988-ից Արցախյան շարժման առաջամարտիկներից է եղել եւ Արցախի ինքնապաշտպանական ուժերին է միացել 1990-ին: Շատ շուտովՙ 1992-ին աստիճանի բարձրացում ստանալով դարձել է նախ ինքնապաշտպանության կոմիտեի պետի տեղակալ, իսկ այնուհետեւ (1993-ին) պաշտպանության բանակի թիկունքի շտաբի պետ:
Արցախի անկախության պայքարի ժամանակաշրջանում, նա ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Տարիներ անց, զինադադարի հաստատումից հետո, 1999-2001 թվերին դարձել է ԼՂՀ-ի ներքին գործերի նախարար եւ 2001-2007 թվերինՙ ԼՂՀ-ի ազգային անվտանգության պետվարչության պետ, ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում: 2007-ին ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: