ԱՄՆ-ը «կօգնի բողոքավոր ցուցարարներին, երբ ժամանակը գա»
2017թ. դեկտեմբերի 28-ին Իրանի մի շարք քաղաքներում սկսվեցին թանկացումների դեմ ուղղված բողոքի ցույցեր: Հունվարի 5-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ալի Ջաֆարին հայտարարեց Իրանում խռովության ավարտի մասին:Նա հայտնեց, որ ցուցարարների թիվը շատ փոքր է եղել եւ ամբողջ երկրում չի անցել 15 հազարից, ինչպես նաեւ ԱՄՆ-ին, Իսրայելին եւ Սաուդյան Արաբիային մեղադրեց հանրապետությունում քայքայիչ գործունեություն ծավալելու մեջ:
Ճիշտ է, դժվար է հասկանալ, թե ինչ է նկատի առնվում «քայքայիչ գործունեություն» ասելով, եթե բացառենք խռովարարների բացահայտ պաշտպանությունը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի եւ որոշ այլ երկրների ղեկավարությունների կողմից: Իր հերթին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին գտնում է, որ բողոքի ելույթները տեղի են ունենում միջնորդավորված պատերազմի (proxy war) շրջանակներում, որն Իրանի դեմ մղում են Վաշինգտոնը, Լոնդոնը եւ Էր-Ռիադը: Մատնանշվում է նաեւ սոցիալական ցանցերում Իրանի դեմ այդ երկրների ծավալած արշավը: Եվ այս ամենը տեղի է ունենում 2017թ, հոկտեմբերին ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա եռանկյունու ձեռնարկած հակաիրանական արշավի շրջանակներում:
Թեհրանը պատրա՞ստ էր արդյոք իրադարձությունների նման զարգացմանը. հարցը մնում է անպատասխան: Իհարկե, տարիներ շարունակ Իրանում սոցիալ-տնտեսական իրավիճակը մնում էր բարդ, բայց վարչակարգը կարողանում էր վերահսկել այն: Դա հատկապես զգալի դարձավ միջուկային գործարքի կնքումից հետո, երբ Արեւմուտքը Իրանն առավ աքցանի մեջ, իսկ իրանցիները սկսեցին ուժեղացնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում եւ սեփական հրթիռային կարողությունները: Այնպես որ, եթե ցուցարարները բողոքեին միայն թանկացումների, գործազրկության եւ կաշառակերության դեմ, ապա այդ ամենը շատ պարզ բացատրություն կունենար: Բայց երբ ի հայտ եկան «Մոռանալ Սիրիան», «Ոչ Գազային, ոչ Լիբանանին, մենք պատկանում ենք Իրանին» կարգախոսներ, ակնհայտ դարձավ Արեւմուտքի որոշակի ուժերի միջամտությունը:
Դա Արեւմուտքի կողմից Իրանի ներքին անվտանգության մշակումը նախաձեռնելու, մեղմ ուժի միջոցով վարչակարգի սասանման ճանապարհային քարտեզ ստեղծելու հայտանիշն էր: Ըստ ԱՄՆ-ի տրամաբանության, դա Իրանը պետք է դարձներ տարածաշրջանի կայուն թեժ կետըՙ երկրի իշխանություններին ստիպելով ուշադրությունը բեւեռել ներքին խնդիրների վրա: Դա խոստովանում է նաեւ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին , որը հայտարարեց, թե Իրանի հակառակորդները միավորվել են երկրի համար խնդիրներ ստեղծելու նպատակով: Քաղաքական ուժերը փորձում են միմյանց մեղադրել սոցիալ-տնտեսական դժվարությունների համար եւ շահաբաժիններ ստանալ դրանից: Որոշ գործիչներ նշում են, որ խորհրդարանը խոչընդոտներ է հարուցում կառավարության քաղաքականության իրականացման ճանապարհին: Թրամփի համար դա երկրորդ քայլն է, եթե առաջինը համարենք Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք: ԱՄՆ-ի նախագահը բազմիմաստ կերպով հայտարարեց, որ իր երկիրը կօգնի բողոքավոր ցուցարարներին, երբ ժամանակը գա:
Ռուս պատմաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով իրադարձությունները կարող են զարգանալ հետեւյալ սցենարով: Նախ եւ առաջ փորձ կարվի փլուզել Իրանից մինչեւ Միջերկրական ծով ձգվող շիա գոտին: Այդ նպատակով հարկ կլինի ամեն գնով վարկաբեկել Թեհրանին, իսկ շիա մահմեդականության կենտրոնը տեղափոխել Իրաք, որը շիաների պատմական հայրենիքն է: Իրանում կընդգծվի նրա բազմազգ եւ բազմադավանանք էությունը, ինչպես դա արվեց Թուրքիայում, որին պարտադրվեցին արեւմտյան տիպի բարեփոխումներ: Ինչպես նշում է ռուսաստանցի արեւելագետ Գաբիդուլինը , Իրանում օրերս ծավալված խռովությունների ժամանակ դրսեւորվեցին առանձին էթնիկական խմբեր. բելուջներըՙ Սիստանում եւ Բելուջիստանում, ադբեջանցիներըՙ Հարավային Ադրբեջանում (Ատրպատականում), քրդերըՙ Իրանական Քրդստանում: Լարվածության այդ կետերից բացի, ավելի փոքր չափերով, գոյություն ունի իրանցի արաբների եւ այլ խմբերի անջատականություն: Ուստի մեծ է Արեւմուտքի կողմից այդ շարժումների աջակցման հավանականությունը:
Ռուսաստանցի փորձագետ Ժարկովսկին հավանական է համարում հակաիրանական կոալիցիայի ստեղծումը, որի մասին իրենց վերջին հանդիպման ժամանակ խոսեցին Արաբական պետությունների լիգայի ղեկավարները: Նրա կարծիքով հակաիրանական կոալիցիայի կայացման դեպքում կտրուկ կբարդանա իրավիճակը ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ Կենտրոնական Ասիայում: Դա նաեւ կբարդացնի Սիրիայում քաղաքական հաշտեցման գործընթացը: Ըստ որում, Ռուսաստանի համար բավական դժվար կլինի միջամտել, եթե Սիրիայում եւ Իրաքում երկրորդ անգամ, իսկ Իրանում առաջին անգամ ծավալվեն քաղաքացիական կռիվներ:
ԱՄՆ-ը առաջարկեց Իրանի հարցով անցկացնել ՄԱԿ-ի ԱԽ հատուկ նիստ: Ի սկզբանե կարելի էր ենթադրել, որ հակաիրանական բանաձեւի առաջադրումը կշրջափակվի Ռուսաստանի, նաեւ Չինաստանի կողմից: Այդպես էլ եղավ: ԱՄՆ-ը դա լավ էր հասկանում, բայց այդ քայլին դիմում էր Իրանի դեպքերին միջազային նշանակալիություն հաղորդելու նպատակով:
Պաշտոնական Վաշինգտոնը ավելի վաղ փորձել էր դուրս գալ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող վեցակողմ պայմանագրից, իսկ հիմա փորձում է Իրանի ղեկավարությանը մեղադրել ժողովրդավարության եւ այլախոհության ճնշման մեջ, որպեսզի այդ դիրքերից ճնշում գործադրի իր դաշնակիցների վրա: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է Իրանում սիրիական սցենարի զարգացման հնարավորության մասին եւ կոչ է արել դա թույլ չտալ:
Դամասկոսին տարիներ շարունակ ենթարկում էին քաղաքական եւ տնտեսական մեկուսացմանՙ սիրիական ճգնաժամը վերածելով տեւական քաղաքացիական պատերազմի: Հնարավո՞ր է արդյոք նույնն անել Իրանում, հարց է տալիս «Ռեգնում» գործակալությունը: Սկզբունքորեն դա հնարավոր է: Արեւմուտքում գործում է խայտաբղետ հակաիրանական ընդդիմություն, որից կարելի է ստեղծել ինչ-որ ներկայացուցչական մարմին: Կարող են ի հայտ գալ նաեւ զինված խմբեր, որոնք կհամագործակցեն ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի գլխավորած հակաիրանական կոալիցիայի հետ: Սակայն Իրանը Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ դաշինք է կնքել Սիրիայի հարցում, իսկ Թուրքիայի հետ մեկտեղ ակտիվորեն աջակցում է Քաթարին: Ուստի ԱՄՆ-ը եւ Իսրայելը առայժմ ստիպված են բավարարվել խռովարարների աջակցություն ցուցաբերելով եւ հայտարարություններ անելովՙ չհամարձակվելով անմիջական ներխուժման փորձ ձեռնարկել: Նրանք կարող են նաեւ աշխուժացնել անջատական էթնիկական խմբավորումների գործունեությունն Իրանում:
«Ռեգնում» գործակալությունը քննության է առնում իրադարձությունների զարգացման մի քանի սցենար: Ռուսաստանն ու Թուրքիան, որպես Իրանի գործընկերներ, շահագրգռված չեն Իրաքի իրադրության ապակայունացմամբ: Դրա հետ մեկտեղ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ եթե Իրանում եւ դրա շուրջը ներկայիս միտումները պահպանվեն, ապա Իրանը Մոսկվային կարող է խնդրել իր տարածքում տեղաբաշխել Ռուսական օդատիեզերական ուժեր: Այդ գործելաոճը հնարավոր է միայն ռազմական խնդիրների ծագման դեպքում: Այդուհանդերձ, դա խիստ անցանկալի հեռանկար է: Նման հեռանկար նկատի ունի նաեւ ԱՄՆ-ը, որը, ինչպես գրում է Stratfor ամերիկյան հետազոտական կենտրոնը, Իրանի հետ մշտապես գաղտնի կապ է պահպանել մասնավորապես Իրաքի առնչությամբ: Բացառված չէ, որ Վաշինգտոնը կփորձի Իրանում քաղաքական դաշտ ազատել որոշակի ուժերի առաջխաղացման համար:
Թուրքիայի նախագահ Էրդողանը իրանցի պաշտոնակից Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս հորդորել է անսալ ժողովրդի ձայնինՙ միաժամանակ նշելով, որ այդ ամենը Իրանի ներքին գործն է եւ որ արտաքին միջամտությունն անթույլատրելի է: Էրդողանը ընդգծել է Սիրիայի, ինչպես նաեւ ներքին խռովության պատճառով Արեւմուտքի ճնշումներին ենթարկված Թուրքիայի ընդհանրությունն Իրանի հետ: Նա խոստացել է Անկարայի լիակատար աջակցությունը Թեհրանին: