ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու
19-րդ դարի 20-ական թվականների վերջին Ռուսական կայսրության Հայկական մարզում գոյություն ունեին 1456 ջրաղաց, 138 դինգ, իսկ Երեւան քաղաքում` 47 ջրաղաց, 6 դինգ: Ջրաղացներն ունեին շատ պարզ կառուցվածք:
Հայաստանում ջրաղացները տարածված են եղել դեռեւս Ուրարտական ժամանակներից, որի մասին վկայում է Վարագա լեռան (Վան քաղաքից հարավ-արեւելք) վրա գտնված, 92 սանտիմետր տրամագծով ջրաղացքարը: Ջրաղացները կառուցվում էին գետակների եւ առուների վրա, այնպիսի տեղերում, որ հնարավոր լիներ փայտե, քարե, հետագայում նաեւ մետաղյա խողովակով թեքությամբ գահավիժող ջրի ուժով պտտեցնել թափանիվը, դրա միջոցով էլՙ վերին կամ շարժական ջրաղացքարը: Հաճախ միեւնույն առվի կամ գետակի վրա կառուցվել են տասնյակ ջրաղացներ, որոնք սպասարկել են շրջակա բնակավայրերին: Դրանք բաղկացած էին ջրաղացքարից, որը տեղադրված էր նույն մեծությամբ, բայց ավելի բարակ, մի այլ անշարժ քարի վրա , ուղղաձիգ ուղղությամբ մի առանցքից,որը վերեւում հատուկ հարմարանքով մտնում էր ջրաղացքարի վրա փորված փոսիկի մեջ, իսկ ներքեւի ծայրում իր վրա կրում էր թեւավոր անիվ: Ջուրը մի քանի մետր բարձրությունից հարվածելով թեւավոր անիվին, այն դնում էր շարժման մեջ: Թեւավոր անիվի շարժումը ուղղահայաց առանցքի միջոցով հաղորդվում էր ջրաղացքարին, եւ վերջինս էլ սկսվում էր պտտվել: Ջրաղացքարի շարժումը կանոնավորում էին փայտյա հատուկ լծակով, որը կապված էր պտտվող մեխանիզմին. այդ նույն արդյունքին կարելի էր հասնել նաեւ ջրի ավելացման ու պակասեցման միջոցով: Ջրաղացն իր կառուցվածքով մի խղճուկ հյուղակ էր:
Ջրի անկման ուժին համեմատ , ջրաղացքարերը լինում են մեծ կամ փոքր: Մեծ ջրաղացքար ունեցող ջրաղացները 24 ժամում կարող էին աղալ ավելի քան 30 փութ հացահատիկ: Ջրաղացներից 32-ը պատկանում էին քաղաքի բնակիչներին, իսկ մնացածները` սարդարին, մյուս խաներին եւ վանքերին: Սարդարական եւ խանապատկան ջրաղացները Հայկական մարզի կազմակերպումից հետո համարվեցին պետական: Երեւանում խանական շրջանում հայտնի էր Զանգվի գետի վրա, կամուրջից վերեւ գտնվող ինը աչքանի «Դոխկուզ- Դայիրման» ջրաղացը, որը հետագայում էլ մնաց իբրեւ գործող ջրաղաց:
1892թ. Երեւանում շարք է մտել Ավետովի դինգը` բրինձ մաքրող ջրաղացը: 1910թ. Երեւանում շահագործվել է Կիրիլ Սիլչենկոյի ալրաղացը, որն աշխատել է էլեկտրական էներգիայով: Երեւան քաղաքում 1829/1832թթ. եղել են 23 ջրաղացպան, 1851թ.` 15, 1865թ`. 72, 1879թ` 14: Ինչպես երեւում է բերված թվերից, ջրաղացպան վարպետների թիվը գնալով պակասում են: 1950-ական թվականներին էլեկտրական աղացների երեւան գալու հետ ջրաղացներն աստիճանաբար կորցրեցին իրենց նշանակությունը: Չնայած դրան , այսօր էլ Հայաստանում աշխատում է Աշտարակ քաղաքի Քասախի կամրջի մոտ գտնվող ջրաղացը,որը կառուցվել է մոտ 400 տարի առաջ:
20-րդ դարի սկզբին Երեւանի մեծահարուստ Հաջի Իրզան Զանգվի ափին ունեցել է ջրաղացներ եւ ցանկություն է ունեցել իր ջրաղացների տեղում կառուցելու հիդրոէլեկտրակայան: Էջմիածնի սինոդի տվյալներով 1901թ. Զանգու գետի վրա իրենց պատկանող ջրաղացը բերել է 1000 ռուբլի շահույթ: Այն կապալով մեկ տարի ժամկետով տրվել է Երեւանի բնակիչ Իվան Պապաջանյանին:
Լեռնային Ղարաբաղի համարյա թե բոլոր գյուղերում ջրաղաց կար: Իսկ 20-րդ դարի սկզբներին որոշ գյուղերում ալրաղացները մեքենայացվել էին:
Ջրաղացի աշխատելու համար կառուցել են նաեւ արհեստական ջրամբարներ: 1808թ. Երեւանում Հրազդան գետի վրա եղել է ինը ջրաղաց: 1956թ. Կոշ գյուղում եղել է 5 ջրաղաց, Արթիկում` 7, Թալինում եւ Օշականում` 8- ական:
Ջրաղացի կառուցումը եւ շահագործումը թանկ արժեր: Այդ իսկ պատճառով այն ունեին հարուստ մարդիկ: Քանի որ ջրաղացները եկամտաբեր էին, միջնադարում նրանք անցնում են խոշոր ֆեոդալական կամ վանքապատկան տնտեսություններին: 1736թ. Էջմիածնի վանքին է պատկանել 10-ը ջրաղաց: Որոշ դեպքերում, վանքերին տրվել է ջրաղացի օգուտի մի մասը:
Ջրաղացքարի պտույտի արագությունը կազմում է րոպեում 100-ից մինչեւ 200 պտույտ: Նրանք ունեցել են մի քանի սենյակներ: Մեծ սենյակում տեղադրվել են ջրաղացաքարերը, իսկ մյուս սենյակները ծառայել են որպես ջրաղացպանի հացահատիկը պահելու համար: Եղել է նաեւ բեռնակիր անասունների համար գոմ: Ջրաղացի լայնությունը 3-ից 5 մետր է, իսկ բարձրությունը ամենաշատը 3.2 մ: Ջրաղացաքարերը տեղադրում էին իրարից 1.5 մ, իսկ պատիցՙ մոտ 1 մ հեռավորության վրա: Հնում ջրաղացները լուսավորվել են երդիկից: Պատուհաններ սկսեցին օգտագործվել 19-րդ դարից սկսած : Ջրաղացի շենքը չի տաքացվել:
Ներկայումս աշխարհում գոյություն ունեցող ջրաղացների քանակը նվազում է: Սակայն դեռ շատ վայրերում կարելի է հանդիպել ջրաղացների: Օրինակՙ Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզում: Նոր ջրաղաց է կառուցվել Մարի Հանրապետությունում:
Գործող ջրաղացներ կան նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեցիայում: Իսկ Հոլանդիայում պահպանվել են տասնյակ հողմային աղացներ, հիմնականում տուրիստական նպատակների համար: Օրինակՙ Կիրխբերգ գյուղում:Այստեղ ոչ միայն կարելի է տեսնել ,թե ինչպես էին հին դարերում ալյուր ստանում, այլեւ ջրաղացի երկրորդ հարկում գոյություն ունի հնամենի գյուղատնտեսական իրերի թանգարան: Ընդ որում, այստեղից կարելի է տանել իր հետ ինչ-որ բան: