Հայաստանը երկու քարի արանքում է հայտնվել: Բոլոր տարածաշրջանային զարգացումները շրջանցում են Հայաստանին` ծրագրված ձեւով կամ ոչ: Ադրբեջանն ու Թուրքիան վճռականապես դեմ են Հայաստանին եւ իրենց քաղաքական ու տնտեսական լծակներն օգտագործում են մեկուսացնելու համար Հայաստանին բոլոր տեսակի տարածաշրջանային նախագծերից, որպես հիմնավորում բերելով ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք նույնիսկ հուսահատ եւ անտարբեր, չշահագրգռված հայ մասնագետների են փորձում հուշել, որ խորհուրդ տան Հայաստանի կառավարությանը զիջումների գնալու հակամարտության լուծման գործում:
Սակայն, ովքեր ծանոթ են պատմությանը զգուշացնում են նման գործարքներ կատարելուց: Հայ ժողովուրդն ինքն էլ քաջ գիտակցում է, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը ոչ սկսվում, ոչ էլ ավարտվում է Ղարաբաղով: Այն պատմության խորքերն է թափանցում երեւան հանելու համար պանթյուրքական շարժման իրական նպատակները:
Հայաստանը հսկայական Օսմանյան կայսրության ճանապարհին միշտ էլ խոչընդոտ է հանդիսացել (եւ այդպիսին շարունակում է մնալ) եւ թիրախՙ աշխարհի քարտեզի վրայից ընդմիշտ սրբվելու:
Մյուս տարածաշրջանային պետությունները, այդ թվում նաեւ բարեկամական երկրները, պրագմատիկ մոտեցում են ցուցաբերում բոլոր խնդիրներին: Նրանք մասնակցում են այդ տարածաշրջանային նախագծերին առաջնորդվելով լոկ իրենց ազգային շահերով: Վրաստանը, Իրանն ու Ռուսաստանը համարվում են Հայաստանի բարեկամ երկրներ, բայց նրանք իրականում Հայաստանին մենակ են թողել Թուրքիայի հետ իր պայքարում: Իրենց շահույթի տեսանկյունից Հայաստանը դարձել է ոչ պիտանի երկիր քաղաքականապես եւ թողնվել է առանձին տնօրինելու իր ճակատագիրը: Ադրբեջանի եւ Թուրքիայի թշնամանքը Հայաստանի երեւակայության արդյունքը չէ: Այն չափազանց բացահայտ է, արտահայտված ինչպես խոսքերով, այնպես էլ գործերով:
Ինչպես թուրքական «Հաբերլեր» լրատվամիջոցն է հաղորդում, նախագահ Էրդողանը, խոսելով իր կուսակցության վերջերս կայացած խորհրդակցության ժամանակ, բողոքել է, որ «պաշտոնական Երեւանը Թուրքիայի հետ բարեկամության դարպասները փակ է պահում հայկական սփյուռքի ճնշումների ներքո: Այդ պատճառով էլ Հայաստանը դուրս է մնում տրանսպորտի եւ էներգետիկայի տարածաշրջանային նախագծերից: Ավելին, նա գնալով ավելի է խրվում մեկուսացման մեջ»: Մինչդեռ Վրաստանը, ավելացրել է նա, հաջողությամբ կամուրջներ է կապել Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ:
Իր հերթին, Վրաստանը, Հայաստանի հետ իր հարաբերություններում չի փոխել իր տոնը այն օրից, երբ Սաակաշվիլին էր երկրի նախագահը: Նա ամբարտավան ձեւով հայտարարել էր, որ «ով Ադրբեջանի դեմ է, Վրաստանի թշնամին է»: Չնայած այս օրերին նա դավաճան է համարվում իր իսկ երկրում եւ որոնման մեջ է գտնվում, այդուհանդերձ Հայաստանի հանդեպ որդեգրած իր քաղաքականությունը դեռ ուժի մեջ է մնում:
Թբիլիսին մասնակցություն ունի բոլոր տարածաշրջանային նախագծերում, որոնցից դուրս է մղվել Հայաստանը: Թբիլիսին Ադրբեջանի օգտին է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62/243 բանաձեւին, մինչդեռ Հայաստանըՙ հարգելով Վրաստանին, առ այսօր ձեռնպահ է մնացել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունները ճանաչելուց, հակառակ Ռուսաստանի ակնկալություններին:
Կովկասում Հայաստանը շրջանցող էներգետիկ խողովակացանցի ավարտից հետո, մի պահ ակնկալվում էր, որ կկառուցվի երկաթուղային մեկ այլ ցանցՙ հաշվի առնելով նավթի գների կտրուկ անկումը, բայց Չինաստանի կողմից տրամադրված մեկ տրիլիոն դոլարի օժանդակությունը նոր շունչ հաղորդեց Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծի կառուցմանը: Այս անգամ ոչ միայն Հայաստանը դուրս մնաց, այլեւ Ռուսաստանը: Հակառակ միջազգային հարցերում Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ ծավալված որոշ համագործակցության եւ քաղաքական համակարգված գործողությունների, խորը կասկածամտությունն ու մրցակցությունը շարունակում են մնալ այդ երկու երկրների հարաբերություններում: Չինաստանը նեցուկ կանգնեց Կենտրոնական Ասիական երկրներինՙ կառուցելու մետաքսե ճանապարհի երկաթգծի իրենց մասնաբաժինը, որն ի վերջո միանալու է ԲԹԿ գծին: Այս նոր երկաթուղային գիծը պատժելու է ոչ միայն Հայաստանին, այլեւ Ախալքալաքում ապրող հայերին: Այնտեղ գնացքի կայարան է կառուցվում:
Վրաստանի թվիթերյան իր գրառումներում Բրեդլի Ժարդինը նշում է. «Վրաստանի իշխանությունները հույս են հայտնում, որ ԲԹԿ-ն աշխատատեղիներ է բացելու եւ ապահովություն պարգեւելու մեկուսացված Ախալքալաքին, որտեղ մեծ թվով հայեր են ապրում, որոնց Թբիլիսիի իշխանությունները կասկածում են անջատողական նկրտումներ ունենալու մեջ: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրկաշվիլին հատուկ շեշտել է երկաթգծի հնարավորությունները տնտեսական երկարաժամկետ զարգացում ապահովելու գործում… Բայց Ախալքալաքի բնակիչները բողոքում են, որ կայարանի բացումից իրենք մեծ օգուտ չեն ստացել: Քաղաքի հայ բնակչության ընդհանուր տրամադրությունն այն է, որ այդ ծրագիրը «մեզ համար չէ»:
Թուրքերն ու ազերիները բնակարանային համալիրներ են կառուցել այնտեղ, որպեսզի իրենց աշխատողները գան, հաստատվեն այնտեղ եւ ստանձնեն խոստացված աշխատանքները: Վրաստանի կառավարությունը նույնիսկ թուրք մեսխեթներին է խրախուսում, որ վերադառնան եւ հաստատվեն այդ տարածքումՙ վախեցնելու համար հայերին: 2015-ին Ախալքալաքի Օսմանյան հին մի ամրոցի պատերին կարմիր ներկով մի գրություն զգուշացնում էր հայերին, որ «մենք վերադառնալու ենք»:
Վրաստանի թուրքացումը մեծ արագությամբ առաջ է գնում: Թուրքերն իրենց ձեռքում են պահում Աջարիայի տնտեսությունը եւ տեղացի վրացիների հետ վարվում որպես երկրորդ կարգի քաղաքացիների:
Վրացիներն անշուշտ մտահոգ են եւ փորձում են դիմադրել, անգամ զենքով: Վերջերս Դարդաշ կոչված մի գյուղում, որը գտնվում է Վրաստան-Թուրքիա սահմանագծում, բնակիչները փակել էին Թուրքիայից դեպի Վրաստան ձգվող գլխավոր մայրուղինՙ ի նշան բողոքի 2015-ից Թուրքիայի հետ սահմանի բացումից ի վեր Վրաստանում իշխող անիշխանության:
Նախագահ Էրդողանն ինքն էլ հրապարակայնորեն հայտարարել է, որ Աջարիան Օսմանյան կայսրության մաս է եղել եւ պետք է վերադարձվի Թուրքիային:
Այժմ մեկ այլ երկաթուղային ցանցՙ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք (NSTC) անվանումով գալիս է խափանելու Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ծրագրերը: ՀՀՏՄ-ն հայ-իրանական երկաթուղային հանգույցն է, որ միացնելու է իրանյան Բանդար Աբբաս հարավային նավահանգիստը Սեւ ծովին եւ Ռուսաստանինՙ անցնելով Հայաստանի եւ Վրաստանի տարածքներով:
«Եվրասիական Դեյլի մոնիտորում» (Eurasian Daily Monitor) լոնդոնաբնակ թղթակից Ռահիմ Ռահիմովը գրում է. «Անցյալ ամիս նախագահ Ալիեւը հստակ նշեց, որ տրանսպորտային երկու միջանցքները ի վերջո ինտեգրվելու են վերջ դնելով տարածաշրջանում տրանզիտային երկիր դառնալու Հայաստանի ձգտումներին: Դա անբարենպաստ ազդեցություն է ունենալու նաեւ նրա քաղաքական եւ տնտեսական զարգացումների վրա: Մինչդեռ, Հայաստանի ամենամոտ դաշնակիցը համարվող Ռուսաստանը չի պաշտպանում Հայաստանի դիրքորոշումը այս հարցում»:
Ի դեպ, Թբիլիսին օգտվեց Հայաստանին դուրս մղելու Ադրբեջանի որոշումից եւ ինքըՙ Վրաստանը ներառվեց ԲԹԿ-ի երկաթուղային ցանցում: Վրաստանի կառավարությունը նշեց, որ բավականաչափ ֆինանսներ չունի այդ ցանցի իր մասնաբաժինը կառուցելու համար եւ ստիպեց Ալիեւին, որ 775 միլիոն դոլարի վարկ հատկացնի Վրաստանին: Ցամաքային տրանսպորտի միջոցների եւ էներգետիկ համակարգերի նման մենաշնորհային պատերազմի պայմաններում, Բաքուն եւ Անկարան կարծես ավելի շատ շահագրգռված են Հայաստանին մեկուսացնելու եւ շնչահեղձ դարձնելու գործով, քան եկամուտներ կորզելու այս նոր զարգացումներից: Սա չհայտարարված պատերազմ է Հայաստանի դեմ: Հակառակորդին դանդաղորեն թուլացնելու մի պատերազմՙ Վրաստանի ակտիվ մասնակցությամբ եւ Ռուսաստանի պասիվ անտարբերությամբ:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Arm. Mirror-Spectator