Քիչ հայտնի մանրամասնություններ
Ինչպես ֆիզիկայում, այնպես էլ աշխարհաքաղաքականության մեջ ուժը հարուցում է իրեն հավասար հակադարձ ուժ: Նախահարձակ կողմը ճնշված երկրին դրդում է գտնել դաշնակիցներ եւ դիմել պատասխան գործողությունների: Հիմա հենց դա է տեղի ունենում ԱՄՆ-ի դեպքում:
2016 թվականին Չինաստան-Իրան եւ Չինաստան-Ռուսաստան եռանկյունն արդեն ուրվագծվել էր, իսկ չորս միավորների ամբողջականացման համար պահանջվում էր միայն Թեհրան-Մոսկվա տնտեսական դաշինքը եւ սաուդցիների ներգրավումը:
2017թ. նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հանդիպումը ռուս-իրանական առաջին լուրջ շփումների հիմքը դրեց: Խամենեին առաջարկեց միավորել երկու երկրների ջանքերը միջազգային առեւտրում դոլարից հրաժարվելու, երկկողմ առեւտրում ազգային արժույթների օգտագործման հաշվին դոլարից խուսափելու համար: Դեռ մեկ տարի առաջ, երբ ԱՄՆ-ում չէր վիճարկվել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված շատ կարեւոր բազմակողմ գործարքը, պատժամիջոցներ չէին ձեռնարկվել իրանցի պաշտոնատար անձանց նկատմամբ եւ չէին բարդացվել Իրանի զարգացման հեռանկարները, Թեհրանում կառավարող վերնախավի տրամադրությունները հիմնականում ամերիկամետ էին:
Միայն 2016թ. Ռուսաստանի եւ Իրանի երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելացավ 70 տոկոսով: Ռուսական կողմը ծրագրում է Ադրբեջանական գազամուղով գազ մատակարարել Իրանի հյուսիսին: Եթե, ինչպես ենթադրվում է, ռուսական եւ իրանական նախագծերը ֆինանսավորվեն ազգային արժույթներով, ապա դա կարող է ցավագին հարված դառնալ ԱՄՆ-ի համար: Սրա արդյունքում նավաթադոլարներից երկու մեծ տերություններիՙ Ռուսաստանի եւ Չինաստանի հրաժարումը, ինչպես նաեւ էներգակիրների խոշորագույն արտադրողներ Ռուսաստանի եւ Իրանի հետ խոշորագույն սպառող Չինաստանի եռյակ դաշինքը զգալի է եւ շատերի հետաքրքրությունն է առաջացնում արդեն այսօր:
Վերջերս Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ձեռնարկած պատժամիջոցներից հետո յուանով կատարվող նավթի առեւտրին միացավ նաեւ Վենեսուելան: Սակայն դաշինքի գլխավոր «մրցանակը» կարող է դառնալ Սաուդյան Արաբիան, որն առաջին երկչոտ քայլերն է կատարում դեպի Մոսկվա եւ Պեկին շրջվելու համար:
Սաուդյան Արաբիան նավթադոլարի հիմքն է, բայց նաեւ մերձավորարեւելյան երկիր, որը ղեկավարվում է որոշակի շահադիտական նկատառումներով: Սա նշանակում է, որ անցած տարիներին սաուդցիների ամերիկամետ դիրքորոշումը կապված է եղել ոչ միայն ԱՄՆ-ի սպառնալիքների, այլեւ սաուդյան գահատոհմի անձնական շահերի հետ: Մինչեւ 2017 թվականը ԱՄՆ-ը նավթի խոշորագույն ներմուծողն էր աշխարհում, եւ, հետեւաբար, սաուդցիների արտադրանքի գլխավոր սպառողը: Այժմ իրավիճակն արմատապես փոխվել է:
Ներկայումս Սաուդյան Արաբիան Չինաստանին մատակարարում է տարեկան մոտ 16 մլրդ դոլարի նավթ եւ, փաստորեն, նույնքան էլ առաքում է ԱՄՆ: Չինաստանի շուկայում սաուդցիների գլխավոր մրցակիցը Ռուսաստանն է, որն անցյալ տարի ՉԺՀ-ին վաճառեց 17 մլրդ դոլարի նավթ: Սաուդցիները հասկանում են, որ ռուսները նավթի մատակարարման ծավալներով իրենցից առաջ անցան վերջերս Չինաստանին յուանով մատակարարելու վերաբերյալ կնքած գործարքի շնորհիվ: Չինաստանն ու Ռուսաստանը պարզորոշ ցուցադրեցին, թե ինչ է հարկավոր անել «ընտանիքում» ընդունելի դիրքերում մնալու համար:
Ռուսաստանն ու Չինաստանը հաստատ մտադրվել են առաջիկա ամիսներին նավթի մատակարարումներն իրականացնել սեփականՙ ոչ դոլարային արժույթներով: Այդ նպատակով Չինաստանը համաշխարհային շուկայում ընդունված WTI-ի եւ Brent-ի փոխարեն արդեն ներկայացրել է նավթի առեւտրի յուանային էտալոն: Իսկ մոտ ժամանակներս գործի կդնի մեխանիզմ, որտեղ նավթի դիմաց յուան ընդունող յուրաքանչյուր արտահանող կկարողանա յուանը ոսկու փոխարկել Շանհայի սակարանում:
Դրանից կշահեն նավթ արտահանող բոլոր երկրները, մանավանդՙ Վաշինգտոնի հետ լարված քաղաքական հարաբերություններ ունեցողները: Դոլարի դիրքերի ամեն մի թուլացում կնվազեցնի Վաշինգտոնի հակառուսական պատժամիջոցների հնարավորությունները, այս կապակցությամբ արձանագրում է «Ռեգնում» գործակալությունը, իսկ Ռուսաստանը, Իրանը, Վենեսուելան եւ Սաուդյան Արաբիան կկարողանան հարկ եղած դեպքում խուսափել պատժամիջոցներից:
Ռուսաստանը ՉԺՀ-ի նավթի գլխավոր մատակարարն է, ՉԺՀ-նՙ այդ վառելիքի գլխավոր գնորդը, Իրանն ու Վենեսուելան նույնպես նրանց հետ են, բայց առանց Սաուդյան Արաբիայի ներգրավման հեղաշրջում տեղի չի ունենա: Ռուս-չինական դաշինքը բոլոր նախադրյալներն ունի սաուդցիներին իր կողմը գրավելու համար:
Նախ եւ առաջ, Մոսկվան եւ Պեկինը առաջարկում են ոչ միայն հրաժարվել դոլարային նավթային շուկայից եւ անցնել ոսկու ու յուանի: Պեկինը երաշխավորում է նրանց վնասների փոխհատուցումը, իսկ Մոսկվանՙ ձեռնարկումների պաշտպանությունը: Երկրորդ, եթե Սաուդյան Արաբիան Մոսկվայի ու Պեկինի պայմաններին համաձայնելով կորցնի ամերիկյան շուկայի մի մասը, ապա Չինաստանում նավթաին նոր բորսայի գոյությունը էական հակակշիռ կդառնա: Երրորդ, Վաշինգտոնը Էր-Ռիադին արդեն սպառնում է պատժել անհնազանդության համար: Իսկ ներկայիս թագավոր Սալման իբն Աբդել-Ազիզ ալ-Սաուդը բավականաչափ խելացի է եւ հասկանում է, թե ամերիկացիները ինչպես են վարվում իրենց երբեմնի դաշնակիցների հետ, նույնիսկ եթե նրանք համաձայնվում են ԱՄՆ-ի պայմաններին:
Եվ այդուհանդերձ, տվյալ գործընթացում եռյակ դաշինքին ամենից շատ օգնում է հենց ԱՄՆ-ը: Հենց որ սաուդցի թագավորը պատմական այց կատարեց Մոսկվա, ֆինանսական շուկայի ամերիկացի եւ բրիտանացի կարգավորիչները անմիջապես մտահոգություն արտահայտեցին սաուդցիների նավթային խոշորագույն ընկերություն Saudi Aramco-ի եւ սաուդյան իշխանությունների սերտ կապերի առնչությամբ: Այն, ինչը անցյալում Արեւմուտքի համար խնդիր չէր, այժմ դարձել է անհաղթահարելի պատ: Երկու տրիլիոն դոլար կապիտալ ունեցող ընկերության համար միմյանց հետ պայքարող Նյու Յորքի եւ Լոնդոնի սակարանները հանկարծ պարզեցին, որ դրա կապիտալը հազիվ մեկ տրիլիոնի է հասնում:
Պատճառն ակնհայտ է. OPEC-ի հետ նավթային գործարքի մեջ Ռուսաստանի ներգրավումը փաստորեն վիժեցրեց Ռուսաստանի տնտեսությունը խեղդելու Վաշինգտոնի ծրագիրը, իսկ ռուսական -400 համալիրներ ձեռք բերելու Էր-Ռիադի որոշումը սաուդցիներին հնարավորություն է տալիս նոր իրավիճակ ստեղծելու Մերձավոր Արեւելքում եւ դուրս գալու ամերիկյան «ռազմական հովանոցի» տակից:
Այժմ իրավիճակն արմատապես փոխվել է: Ռուսաստանն առաջարկում է լուծել սաուդցիների ռազմական խնդիրները, իսկ Չինաստանը պատրաստ է ֆինանսապես աջակցելՙ 100 մլրդ դոլարով ձեռք բերել Saudi Aramco ընկերության բաժնետոմսերի 5 տոկոսը: Երկու երկրները ռազմական եւ ֆինանսական առումներով պատրաստ են կասեցնել սաուդցիների վրա գործադրվող ճնշումները: Եթե հաջողվի սաուդցիներին համոզել յուանով նավթի առեւտուր անել, ապա երեքին գումարած մեկ համակարգը կարող է շատ բան փոխել նավթադոլարային համակարգում, Հարավային Կորեան եւ Ճապոնիան կարող են միանալ այդ դաշինքին, իսկ հետո կլինեն նաեւ ուրիշ երկրներ:
Իհարկե Վաշինգտոնը Սաուդյան Արաբիայի նկատմամբ կարող է կիրառել հարկադրանքի միջոցներ: Օրինակ, կարող է դժվարացնել սաուդյան պարտատոմսերի տեղաբաշխումը, որոնք ներկայումս օգտագործվում են բյուջեի պակասորդը ծածկելու համար, սեպտեմբերի 11-ի զոհերի հայցադիմումների շրջանակներում սառեցնել սաուդյան ակտիվները: Չի կարելի բացառել նաեւ Էր-Ռիադի նկատմամբ գունավոր հեղափոխությունների կիրառումը: Սակայն Չինաստանը գրավիչ է նավթի առեւտրի հարցում, քանզի կարելի է յուանով նավթ վաճառել Շանհայում եւ ապա յուանը ոսկու փոխարկել Հոնկոնգի սակարանում:
Նավթ-յուան-ոսկի սխեման նավթարտահանողներին կազատի նավթադոլարային կախվածությունից: Իսկ Ռուսաստանը կարագացնի այդ գործընթացըՙ յուանով նավթ վաճառելով Չինաստանով, ռուբլովՙ Պետերբուրգի սակարանում:
Ռուսաստան + OPEC գործարքը ցույց է տալիս, որ Մոսկվայի եւ Էր-Ռիադի համագործակցությունը կարող է լրջորեն ազդել նավթի համաշխարհային շուկայի վրա, իսկ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի, Վենեսուելայի եւ մյուսների միաժամանակյա հրաժարումը նավթասոլարային առեւտրից կարող է իսկական հեղափոխություն կատարել ֆինանսական աշխարհում, ըստ որում, բոլոր վերոհիշյալ երկրների օգտին:
Առայժմ աշխարհն ավելի շատ վստահում է Դաշնային պահուստային համակարգի արժույթինՙ դոլարին, քան չինական յուանին:
Ամերիկյան արժութային համակարգի առաջին իսկ դժվարությունների դեպքում նավթադոլարը կկորցնի իր դիրքերը: Այդ փաստի հետ կապված ճգնաժամը կթուլացնի ԱՄՆ-ը, բայց ֆինանսատնտեսական ճգնաժամն այս անգամ ԱՄՆ-ին թույլ չի տա սեփական դժվարություններից ազատվել ուրիշի կամ ուրիշների հաշվին: