«ԱԶԳ»
Կողքի սյունակներում նույնությամբ հրապարակում ենք, միայն ուղղագրական մի քանի սխալների սրբագրմամբ, Մոնրեալից մեզ ուղարկված «Բաց նամակը», որի հեղինակի անգլերեն գրությունից հոկտեմբերի 27-ի մեր համարում թարգմանաբար մի հատված էինք մեջբերել խմբագրական ներածականով, որը վերաբերում էր 20-րդ դարի առաջին կեսի մեր ամենահայտնի ռազմաքաղաքական գործիչներից մեկիՙ Դրաստամատ Կանայանի (Դրո) հակասական կերպարին: «Նոր բացահայտումներ Դրոյի անցյալի վերաբերյալ» խորագրով այդ հոդվածում չակերտներում ներկայացրել էինք նամակագրիՙ պրն Վիգեն Լ. Ադդարյանի արխիվային պրպտումների արդյունք վկայություններ Դրոյիՙ ամերիկյան կենտրոնական հետախուզական ծառայության (CIA) գործակալ լինելու վերաբերյալ, մինչ bolt տառատեսակով ներկայացված մեր խոսքը վերաբերում էր Դրոյի նկարագրինՙ արկածախնդրություն, դրամասիրություն եւայլն:
Խոստովանենք, որ «Ազգ»ի հրապարակած այդ նյութը զանազան արձագանքների արժանացավ, մի քանի հեռախոսային եւ մեկ գրավոր: Ոմանք ոչ մի նորություն չէին գտել պրն Վ.Լ. Ադդարյանի վկայության մեջ եւ պնդում էին, որ Դրոն ոչ միայն ամերիկյան, այլեւ ֆաշիստական Գերմանիայի եւ նույնիսկ բոլշեւիկյան Ռուսաստանի գործակալ է եղել: Ուրիշներ մեզ մեղադրում էին կուսակցական կողմնակալության մեջ: Տակավին ուրիշներ, մեր դաշնակցական բարեկամներից, որոնք մտել-պրպտել էին պրն. Վ.Լ. Ադդարյանի մատնանշած կայքէջը, գտնում էին, որ նրա հայթայթած տվյալները ոչ թե գործակալների գաղտնազերծված պաշտոնական ցուցակներից են, այլՙ զանազան զեկույցներից (reports): Իսկ միակ գրավոր արձագանքի հեղինակըՙ ՀՀ պահեստազորի գնդապետ Մնացական Խաչատրյանը, որի հոդվածը կհրապարակենք առաջիկայում, ամբողջովին «մաքրաջրում» էր Դրոյին…
Մինչդեռ նամակագիր պրն Վ.Լ. Ադդարյանը մեզ մեղադրում է մահացու բոլոր մեղքերի մեջՙ անպարկեշտություն, զարտուղի ճանապարհներով նյութը ձեռք բերելու, չարտոնված հրապարակում անելու, իր չգրածը իրեն վերագրելու, իր մտքերը կոնտեքստից դուրս ներկայացնելու, այլ խոսքովՙ լրագրողական վարքականոնը խախտելու, ընդհուպՙ անհատական մի պարագա, որպիսին Դրոյի պարագան է, ընդհանրացնելովՙ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ Սփյուռքում ծավալված բանավեճի պարունակի մեջ տեղադրելու եւ այլ մեղքերի մեջ, եւ պահանջում է ներողություն խնդրել…
Բնականաբար մենք չենք պատրաստվում ներողություն խնդրել, թեեւ 26 տարվա պատմություն ունեցող մեր թերթը բազմիցս տվել է ապացույցը այդ տեսակետից բարդույթներ չունենալու մասին: Միայն ցավում ենք, որ ակամա, անգիտակցաբար, «մուտք ենք գործել» անհյուրընկալ մի շրջանակից ներս եւ ականջալուր եղել «ներքին» խոսակցությանը… Անշուշտ բոլորովին այլ կլիներ մեր վերաբերմունքը, եթե «փակ» շրջանակի դռան վրա գրված լիներ «չխանգարել» (don՛t disturb) արտահայտությունը կամ «խորհրդապահական» (confidential) նախազգուշացումը:
Մերժելով մերժում ենք նամակագրի պնդումները իր խոսքերը կոնտեքստից դուրսՙ «ենթահողէն ամբողջովին կտրուած» ներկայացնելու մասին: Ինչպես վերեւում ասվեց, մենք հստակորեն, առանձին տառատեսակով եւ չակերտների օգտագործմամբ անջատել ենք խմբագրության խոսքը հեղինակի բերած տվյալներից, անշուշտ մեզ վերապահելով դրանք մեկնաբանելու իրավունքը: Եվ այս առթիվ դարձյալ պնդում ենքՙ Դրոն հակասական կերպար է. նա ե՛ւ Բաշ-Ապարանի հերոսն է, ե՛ւ հայոց բանակի թիկունքը թաթար-ազերիական հրոսակներից մաքրողը, ե՛ւ ֆաշիստների հետ դավաճանական գործարքի մեջ գտնվողը, ե՛ւ 1956-ին Սիրիայում հօգուտ Մ. Նահանգների եւ Իսրայելի լրտեսական ցանցի կազմակերպիչը: Ու որպեսզի մեր ասածները կրկին անգամ չվերագրվեն կուսակցական կողմնակալությանը, ստորեւ հրատարակում ենք մի փոքր վկայություն նախկին դաշնակցական, «Նայիրի» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, գրող Անդրանիկ Ծառուկյանի «Մեծերը եւ… միւսները» գրքից:
Այո, համաձայն ենք նամակագրի այն մտքի հետ, որ մեր ավանդական մյուս կուսակցություններիՙ ՌԱԿ-ի եւ ՍԴՀԿ-ի մեջ նույնպես պետք է եղած լինեն, չմոռանալով նաեւ Հայ եկեղեցու որոշ սպասավորներին, տարբեր երկրների գաղտնի ծառայությունների հետ համագործակցողներ, որոնց վերաբերյալ նյութեր ու տվյալներ երեւան հանելն ու քննելը մեր նոր սերնդի պարտականություններից է, ոչ միայն այդ գործիչների կենսագրությունը բացահայտելու եւ ի ցույց դնելու, այլՙ մեր ժողովրդի վերջին 100-150 տարվա պատմությունը ավելի ճիշտ հասկանալու եւ մեկնաբանելու անհրաժեշտությունից մղված, հեռո՛ւ հերոսապատումների եւ առասպելաբանության այն շղարշից, որը այսօր պատել է մեր ժողովրդի պատմության լույսն ու ստվերը:
Այս առիթով չենք կարող գոհունակություն չհայտնել սակայն, որ հեռավոր Կանադայում եւ այլուր մի խումբ հայ տղաներ, թեկուզ «փակ» շրջանակ կազմած, իրար միջեւ եւ իրար հետ «ներքին» խոսակցություններ, մտքեր ու տվյալներ են փոխանակում մեր մոտավոր անցյալի դեպքերի ու դեմքերի մասինՙ պատմական ճշմարտություններ բացահայտելու, մեր ազգային ձախողումներն ու նվաճումները, նաեւ մեր ապագան ավելի լավ հասկանալու նպատակադրումով:
Միայն անհասկանալի է այս «ներքին» ամոթխածությունը, կուսակցական եւ ոչ կուսակցական «կարգուկանոնից» դուրս չգալու այս փակվածությունը, որի արտահայտություններից մեկն էլ պետք է համարել կողքի սյունակներում հրապարակվող նամակը, բա՛ց նամակը:
Ա. ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԴՐՈՅԻ ՄԱՍԻՆ
Ամէն բանէ առաջ խիզախ եւ անվախ մարտիկ եղաւ Դրօն, անձնուէր ֆետայի մը, բայց ոչ այն տեսակէն, օրինակ, Անդրանիկի մը կամ Մուրատի մը խմորէն, սակաւապետ, եարի փոխան զէնքը գրկող ֆետային, որ մի տեղ հանգիստ քուն չունէր, այլ ֆետայի մըՙ որ կը սիրէր զէնքին հետ եարն ալ գրկել, կը սիրէր ապրիլ ճոխ կեանքով, ցարական իշխանի մը փարթամ կենցաղով: Եւ այդ շռայլ կենցաղասիրութիւնը մղիչը եղաւ, որ մեր ազգային Աքիլլէսը խոցելի կրունկ մը ունենայ: Անջնջելի երկու բիծեր պիտի արատաւորեն շքեղօրէն առնական իր դիմագիծը: Առաջինըՙ երկրորդ պատերազմի ընթացքին հայկական օժանդակ ջոկատներ կազմելը գերման բանակի կողքին ընդդէմ Սովետական ուժերուն, որ աւելի բարոյական արատ մը եղաւ իրեն համար, քան թէ Հայաստանին հասցուած վնաս մը, ու երկրորդըՙ Սուրիա-Լիբանանի մէջ լրտեսական ցանցի մը կազմակերպութիւնը Ամերիկայի հաշւոյն, որուն հետեւանքով բարգաւաճ գաղութ մը քայքայուեցաւ, Հալէպի մէջ պատճառ դառնալով որ տասնեակներով ընկերներ ձերբակալուին, բանտերու մէջ խոշտանգուին կամ երկրէն փախուստ տան, ստեղծելով տասնեակ հազարաւորներու հոսանքը Հալէպէն դէպի Պէյրութ…
Երկու պարագաներուն ալ, Գերմանիան ըլլար վճարողը թէ Ամերիկան, մեծ գումարներ շարժման մէջ մտան եւ մատակարարը եղաւ ինքը, Դրօն…
«Մեծերը եւ… միւսները», Պէյրութ, 1992, էջ 182-183