Արդեն շուրջ մեկ ամիս է անցել, ինչ բանակն արդիականացնում ենք: Նախագահն ասել էՙ սկսեք, մենք էլ սկսել ենք, եթե ասերՙ դեռ պետք չէ, մենք էլ չէինք սկսի ու յոլա կգնայինք հնաոճ բանակով: Արդիականացման ծրագիրն ավարտվելու է յոթ տարուց, ինչպես նախագահն է ասելՙ 2024-ի հունվարի 28-ին նշելու ենք ոչ թե բանակի, այլ արդիականացված բանակի օրը, ենթադրում եմ, որ ոչ թե մեկ, այլ երկու Իսկանդերով, ոչ թե սովորական, այլ ամռանըՙ զովացնող, ձմռանըՙ ջերմացնող զինվորական համազգեստով, ոչ թե հին զորանոցներում, այլ երկնաքեր զորանոցներում, որոնց մեջտեղի հարկերից արդեն երեւում է Բաքուն, ավելի վերին հարկերիցՙ Կասպից ծովը, իսկ ամենավերին հարկիցՙ նաեւ Ղազախստանը, որտեղից մեզ օգնության են շտապում ղազախները: Այս ամենը ճիշտ յոթ տարուց:
Իսկ առայժմ սկսվել են մանր փոփոխությունները: Քանի որ արդիական բանակում անթույլատրելի է, որ սպան հայհոյի զինվորին, ապա մեր սպաները սկսել են հայհոյել զինվորներին, բայց նրանցից հեռու, որ չլսեն, չնեղվեն, տուն չուզեն, զորամասն ինքնակամ չլքեն, չբռնվեն, ինքնասպանության փորձ չանեն: Ի դեպ, քանի որ արդիական բանակում ինքնասպանություն չպետք է լինի, զինվորները սկսել են ինքնասպանություն չգործել, ամեն անգամ, երբ ուզում են, հիշում են, որ մենք արդիական բանակ ենք ու միանգամից ուզում են ապրել… առնվազն յոթ տարի, որ 2024-ին տոնեն արդիականացված բանակի օրը:
Բուհերի ուսանողներն էլ սկսել են ինքնակամ գնալ բանակՙ դադարելով պայքարը տարկետման իրավունքի վերականգնման համար: Նրանք պարզել են, որ յոթ տարուց բանակն ավելի արդիական է լինելու, քան գիտությունըՙ 17 տարուց, եւ միահամուռ մեկնում են, կապ չունի 18-ը լրացել է, թե՞ ոչ: Նրանց ընկերուհիներն էլ են մեկնում, քանի որ բանակը դառնում է արդիական, ուրեմն նորմալ է, որ այնտեղ զինվորը մի ծառի տակ ոչ թե ծակված գուլպան կարի, այլ ընկերուհուն համբուրի: Բանակից խուսափած եւ, օրինակ, Նյու Յորք մեկնած տղաները վերադառնում են ու շտապում ծառայության, քանի որ անգամ Մանհեթենում նրանք այդքան ժամանակակից բան չեն տեսել, որքան հայկական բանակում:
Շուտով, մի յոթ տարուց բանակը լինելու է Հայաստանի ամենաարդիական տեղը, ավելի արդիական, քան Տաթեւի ճոպանուղին, քան Երեւանի Արաբկիր համայնքում տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը, քան «Թումոն», քան մարզերի հիվանդանոցները… Մի խոսքովՙ ազգը բանակ է գնում, այնտեղ բռնություն չկա, ինչպես մեր արդիականացվող ընտանիքներում: Նայում են աչքերիդ մեջ ու հասկանում ես, չես հասկանումՙ գնում ես առանձին մի տեղ մինչեւ հասկանաս, եթե էլի չես հասկանում, բանակից հանում են, իսկ դա ամոթ է, քանի որ բանակից դուրս ամեն ինչ եւ ամեն մեկը հետամնացության տիղմի մեջ լող է տալիսՙ փորձելով մի կերպ, ձեռքի մի մատով գոնե դիպչել արդիականության ակունքինՙ Հայաստանի բանակին:
Բանակն օազիս է դառնումՙ համընդհանուր հետամնացության մեջ, գյուղատնտեսությունը չենք արդիականացնում, արդյունաբերությունը չենք արդիականացնում, գիտությունը չենք արդիականացնում, կոռուպցիայի դեմ պայքարը, նույնիսկ կոռուպցիան չենք արդիականացնում, ընտրական մեխանիզմներն ու ընտրախախտումները չեք արդիականացնում, Գորիսն ու Ալավերդին չենք արդիականացնում, անգամ Հայաստան-Սփյուռք օրակարգը չենք արդիականացնում, բայց բանակն արդիականացնում ենք, վստահ ենք, որ հնարավոր է, նախագահն է ասել, որ հնարավոր է:
Ամեն զորամասի դարպասների մոտ կգործեն արդիականացնող կենտրոններ: Մեր հետամնաց ընտանիքներից բանակ եկած տղաների հետ կաշխատեն արդիականացման մասնագետ բանակային հոգեբաննները, որոնք «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում պայմանագիր են կնքել բանակի հետ, եւ ուսումը կիսատ թողնելով եկել են ու որպես սպա ծառայում են: Տղաներին արագ կարդիականացնեն, նայած նրանց ընդունակություններին: Ում վերջացնեն, կուղարկեն զորանոց: Ու զորանոց կմտնեն արդիականացված տղաները, որոնք արդեն գիտեն, որ բանակում հայհոյել չի կարելի, սպանել չի կարելի, անգամ թշնամուն, քանի որ երբ թշնամին կրակում է, արդիականացված բանակը ձեռնպահ է մնում պատասխան գործողություններից եւ շարունակում է մնալ թելադրողի կարգավիճակում: Ամեն մեկին զորանոցում կտրամադրեն առանձին սենյակ, եթե ապագա գիտնական էՙ գիտությամբ զբաղվելու համար, եթե երաժիշտ էՙ նվագելու համար, եթե գրող էՙ գրելու, նկարիչ էՙ նկարելու, …Մի խոսքով, երկնաքերներում բոլորի համար տեղ կգտնվի: Բոլորը կունենան iPhoneX հեռախոսներ, քանի դեռ հաջորդ մոդելը դուրս չի եկել, հենց դուրս գա, բոլորն անմիջապես կստանան նորը: Ամեն ամիս նրանք կստանան Playboy-ի նոր համարը, որը նրանց կբերեն թռչող տաքսիներ վարող ռոբոտներըՙ հենց պատուհանները բախելով: Զինվորական համազգեստը կկարի Armani-ին, մանավանդ որ վերջերս պարզվեց հայ է: Ամանորին տղաների հետ հանդիպման կգան Քարդաշյան քույրերը, Քիմը մի քանի օր կմնա:
Դիրքերը կպարսպապատեն հատուկ եղանակով, որ հակառակորդի կողմից արձակված կրակոցները չլսվեն ու տղաները կարողանան հանգիստ քնել, մանավանդ որ նրանք ապագա գիտանակններ են, երաժիշտներ, արվեստագետներ, ու նրանց համար շատ կարեւոր է առողջ քունը: Ընթրիքին տղաները կուտեն սուշի, իսկ ամառային երեկոներին զորամասի հրամանատարության հետ խմեն գարեջուր եւ կուտեն խեցգետին: Գիշերները կուզենՙ կքնեն, կուզենՙ չեն քնի, ովքեր չեն քնիՙ կարող են գնալ զորամասի գիշերային ակումբը, ովքեր կքնենՙ շատ բան կկորցնեն:
Հենց այսպես էլ կհասնենք 2024-ին, երբ ճիշտ հունվարի 28-ին կավարտվի բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը, եւ եթե անգամ iPhone-ի նոր մոդելն է դուրս եկել, այն հայկական բանակ չի մտնի, քանի որ դրա արդիականացումն ավարտված կլինի: Կհանգստանանք, մի քսան-երեսուն տարի, զենքերը կհնանան նորից, գիշերային ակումբների պարուհիները կծերանան, մինչեւ մի օր մեկ այլ գերագույն գլխավոր հրամանատար կազդարարի բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագրի մասին ու կսկսենք նորից յոթ տարով արդիականացնել բանակը, մոռանալով, որ արդիականացումը միայն բանակով չի լինում, չհասկանալով, որ բանակի արդիականացումը յոթ տարով չի լինում, ու հրամանով չի լինում…
Ամեն դեպքում, խնդրում եմ, բանակի արդիականացման այս յոթ տարիների ընթացքում, ասենք վեցերորդի վերջին, ամեն զորամասի չէ, գումարտակի չէ, վաշտի կամ դասակի չէ, այլ ջոկի համար (5-7 հոգի), մեկական մազ կտրող սարք գնեք եւ սեզոնին գոնե շաբաթը երեք օր լոլիկ ու վարունգ տվեք, որ ուտեն, եթե իհարկե, ամբողջը Ռուսաստան, Բելառուս եւ Ղազախստան չեք ուղարկում: