Հարություն Սարիբեկի Բադալյանը ծնվել է 1996-ի ապրիլի 1-ինՙ Երեւանում: Հաճախել է Դավթաշենի 62-րդ մանկապարտեզը, ապա Աշոտ Նավասարդյանի անվան 196 միջնակարգ դպրոցը, 2010-2013-ին էլ ուսումը շարունակել է Հայկական ագրարային համալսարանի վարժարանում: Զուգահեռաբարՙ Հարությունը բավականին լրջորեն զբաղվել է լողով եւ քիքբոքսինգով, ավելի ուշ նաեւ հանդբոլով: 2013-ին էլ նա մասնակցել է Հայաստանի հանդբոլի առաջնությանը, որտեղ գրավել է չորրորդ տեղը: Ուշագրավ է, որ Հարությունը, որի մասին դեռ ամենակարեւորը չգիտենք, հաճախել է նաեւ պարի: 2012-ին Հարությունի պարային խումբը մասնակցում է Վրաստանում, ապա եւ Բուլղարիայում անցկացված միջազգային մրցույթներին եւ երկու մրցույթում էլ գրավում է առաջին տեղը: Հարությունի եւ լողի, եւ քիքբոքսինգի, եւ հանդբոլի մարզիչներն ու պարի դասատուն վստահ էին, որ տղան դառնալու է համապատասխանաբար լողորդ, քիքբոքսեր, հանդբոլիստ, պարող… 2013-ին, Հարությունն ընդունվեց Հայկական ագրարային համալսարանի տրանսպորտային փոխադրումների ֆակուլտետ եւ… բայց Հարությունի պատմության շարունակությունն ավելի ուշ:
ԵՊՀ-ի ու հայաստանյան այլ բուհերի ուսանողները, ընդ որում նաեւ աղջիկ, անժամկետ դասադուլ են հայտարարել: Նրանք պայքարում են բուհերում տարկետման իրավունքի կասեցման դեմ, այլ կերպՙ ուզում են սովորել, նոր գնալ բանակ, կամ ուզում են սովորել: Ուսանողական այս ակցիան կազմակերպել է Հանուն գիտության զարգացման նախաձեռնությունը, ինչից ենթադրում եմ, որ ըստ ակցիայի մասնակիցներիՙ տարկետման իրավունքի վերացումը խոչընդոտում է Հայաստանում գիտության զարգացմանը, հանուն որի էլ երիտասարդները նախաձեռնություն են ստեղծել, բուհ են ընդունվել, ընտիր սովորում են, ազատ ժամանակ առհասարակ չունեն ու ամբողջ օրը գիրք են կարդում, այն էլ ոչ էլ էկետրոնային ու տանը, այլ տպագիր ու գրադարաններում: Ակցիային մասնակցում է հարյուրից գուցե մի քիչ ավելի ուսանող, կրկնում եմՙ նկատելի մասը աղջիկ: Ես իհարկե չգիտեմ, թե որքանո՞վ է հենց դասադուլը արդյունավետ պայքարի միջոցՙ տարկետման իրավունքի կասեցման դեմ, բայց վստահ եմ, որ ուսանողները, փաստորեն, անում են այն, ինչը ուզում է ՊՆ-նՙ դասադուլ: Ճիշտ է, ՊՆ-ն չի ասում, որ առհասարակ պետք է դասի չգնալ, այլ ասում էՙ եկեք ծառայեք, հետո նոր շարունակեք ուսումը, ինչը շատ կարեւոր է, բայց ըստ էության տվյալ պահին ուսանողները դասադուլ են անում, ՊՆ-ն էլ ուզում է, որ նրանք առայժմ չսովորեն:
Երկուշաբթի օրը պաշտպանության նախարարը հանդիպման հրավիրեց ակցիայի մասնակիցներին, մանավանդՙ կազմակերպիչներին: Հանդիպմանը ներկայացան մի քանի մասնակիցներ, բայց կազմակերպիչերը ՊՆ չէին գնացել: Ավելի ուշ, արդեն երեքշաբթի, Հանուն գիտության զարգացման ՙ շատ երիտասարդական նախաձեռնությունից հայտնեցին, որ իրենք, լինելով ուսանողական ակցիայի կազմակերպիչ, ինչու չեն գնացել ՊՆ ղեկավարի հետ հանդիպման: Դրա համար կային ե՛ւ օբյեկտիվ ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ , ասել են նախաձեռնությունիցՙ կարծում եմ այն երիտասարդները, որոնք նոր-նոր են սովորել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բառերը: Այնուամենայնիվ երիտասարդները պարզաբանել են ավելի կոնկրետ, թե ինչու հանդիպման չեն գնացել: Բանն այն է, որ նրանք ՊՆ խոսնակից ճշտել են, թե հանդիպումը լինելո՞ւ է ուղիղ եթերում, Արծրուն Հովհաննիսյանն էլ, ըստ երիտասարդների, ասել է, որ ուղիղ եթերում չի լինելու, բայց բոլոր լրատվամիջոցերը լինելու են: Սա չի բավարարել ուսանողներին, բայց սա դեռ ամենը չէ: Նրանք տեղեկացել են, որ հանդիպմանը լինելու են բուհերի ուսխորհուրդների ղեկավարները, որոնց հանդիպել նրանք չեն ուզում, քանի որ մեծ մասամբ հանրապետական են, իսկ հանրապետականը հենց այն կուսակցությունն է, որն ուզում է վերացնել տարկետման իրավունքը: Եւ ամենակարեւորըՙ ուսանողները ՊՆ-ի հանդիպմանը չեն գնացել, քանի որ, ուշադրություն, այնտեղ են հրավիրված եղել նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդներ: Վախեցե՞լ են, ամաչե՞լ են. հույս ունեմ, որ ամաչել են, ամեն դեպքում ավելի լավ կլինի, որ մեր ուսանողներն ինչ-որ բանից ամաչեն, քան վախենան:
Վերադառնանք մեր պատմությանը:
2013-ին Հայաստանի Ագրարարային համալսարան ընդունվելուց հետո Հարություն Բադալյանը որոշում է կիսատ թողնել ուսումը եւ մեկնել ծառայության: 2014-ին մեկնում է եւ սկսում է ծառայել Արցախի VI պաշտպանական շրջանում: 6 ամիս ուսումնական ծառայությունից հետո Հարությունը տեղափոխվում է Թալիշ, որպես ավագ հրաձիգ: Նա նաեւ ստանում է կրտսեր սերժանտի կոչում եւ դառնում է վաշտի ականանատերի նշանառուն: Առաջնագծում Հարությունը կամավոր, կրկնում եմՙ կամավոր, ընտրում է այն դիրքը, որն ամենամոտն է Ադրբեջանի դիրքերին (40-50 մետր): 2015-ին օգոստոսին Հարությունն ականանետով ոչնչացնում է Ադրբեջանի զինաբազաներից մեկը: Հաջորդ տարվա փետրվարին Հարությունն ականանատետով խոցում է ադրբեջանական դիրքերից մեկըՙ հակառակորդին պատճառելով զգալի վնաս: 2016-ի ապրիլի 1-ին, Հարությունի 20-ամյակի օրը, նա բարձրանում է դիրքեր ու սկսվում է ապրիլյան պատերազմը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Հարությունը նկատում է, որ թշնամին կենդանի ուժի կուտակումներ է իրականացնում եւ 05:00-ի սահմաններում գնում է այդ մասին զեկուցելու:
Հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատին հաջողվում է ներխուժել հայկական դիրք, սակայն հայ զինվորներն արագ անցնում են շրջանաձեւ պաշտպանության: Թեժ մարտերի ընթացքում Հարությունի ուղղությամբ նռնակ է նետվում, որի հետեւանքով տղայի ոտքը վիրավորվում է: Հարությունը նկատում է, որ հակառակորդի երկու զինծառայողներ մոտենում են իրենց կացարանին: Տղան, չնայած ոտքի ցավին, վազում է կացարանի ուղղությամբ: Հասնելովՙ Հարությունը 2 մետր հեռավորությունից ոչնչացնում է հակառակորդի զինծառայողին, որից հետո մյուս զինծառայողը փախուստի է դիմում: Հարությունը հետապնդում է նրան եւ 10 մետր հեռավորության վրա ոչնչացնում:
Հակառակորդը դիմում է խորամանկ քայլի եւ նախապես պլանավորված նահանջ է սկսում ուժերը վերակազմավորելու եւ հայ զինվորներին անակնկալի բերելով նոր հարձակում սկսելու համար:
Հարությունը վայր է դնում իր զենքը, վերցնում նռնակները եւ նահանջող թշնամու հետեւից 3-4 նռնակ է նետում: Նռնակների պայթյունից վիրավորում է ստանում «Յաշմա» հատուկ ջոկատի հրամանատարը: Իրենց հրամանատարի վիրավորվելուց հետո հակառակորդի հատուկջոկատայինների պլանավորված նահանջը վերածվում է խուճապահար փախուստի:
Հարությունը վերցնում է իր ոչնչացրած հակառակորդի զինծառայողներից մեկի զենքը եւ վազում փախչող թշնամու հետեւից, բայց…Շուտով վիրավոր ոտքի ցավն ավելի է սաստկանում եւ Հարությունն ընկնում է գետնին, սակայն պառկած դիրք է ընդունում եւ հակառակորդի զինատեսակից կրակ բացում փախչող ազերիների ուղղությամբ:
Հակառակորդը, հայկական դիրքում թողնելով երկու դիակ եւ իրենց վիրավոր հրամանատարին, որը շուտով մահանում է, հեռանում է:
Արկակոծությունն ավելի ինտենսիվ է դառնում եւ հակառակորդն անցնում է ավելի լայնածավալ հարձակմանՙ արդեն արցախա-ադրբեջանական գծի ողջ երկայնքովՙ օգտագործելով իր զինապահեստում եղած գրեթե բոլոր զինատեսակները:
Հարությունին ինտենսիվ արկակածության տակ տեղափոխում են սկզբում Մատաղիս, այնուհետեւ Մարտակերտ, որտեղից էլ տեղափոխում են Ստեփանակերտ եւ նույն օրը վիրահատում: Ապրիլի 3-ին Ստեփանակերտում Հարությունը արտասովոր որոշում կայացնում:
Նկատելով որ իր հիվանդասենյակի առաջ որեւէ մեկը չկա, որոշում է փախչել հոսպիտալից եւ միանալ մարտական դիրքերում գտնվող իր ծառայակից ընկերներին:
Նրան հաջողվում է աննկատ դուրս գալ հոսպիտալից, սակայն երբ փորձում է տաքսի նստել ու հեռանալՙ նրան բռնում ու հետ են բերում հիվանդասենյակ:
Ապրիլի 4-ին Հարությունին տեղափոխում են Սիսիանի հոսպիտալՙ նրա հետագա փախուստի փորձերը կանխելու նպատակով:
Մայիսի 8-ին Հարությունին Սիսիանից տեղափոխում են Ստեփանակերտ, որտեղ 2 օր մնալուց հետո նա ցանկություն է հայտնում տեղափոխվել Թալիշ եւ շարունակել ծառայությունը:
Մեկ ամիս ծառայությունը դիրքերում շարունակելուց հետոՙ 2016-ի հունիսի 22-ին Հարությունը զորացրվում է:
2016-ի սեպտեմբերից Հարությունը տեղափոխվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետ եւ շարունակում ուսումը:
Ես չգիտեմՙ կարելի՞ է արդյոք ամաչել ապրիլյան պատերազմի հերոսներից, բայց վստահ եմ, որ վախենալ պետք չէ, ամեն դեպքումՙ առաջնագծին վախենալ պետք չէ: Այլ հարց է մեր կրթության որակը, մանավանդ բուհական, երբ հայաստանյան որեւէ բուհ չի ընդգրկվում նույնիկ Արեւելյան Եվրոպայի լավագույն բուհերի ցանկում, այն պարագայում, երբ այդ ցանկում ադրբեջանական 2 բուհ կա:
Ի դեպ, կրթության որակի դեմ մեր ուսանողները չեն պայքարում: Հավանաբար այն բավարարում է լավ գիտնական դառնալու համար: