Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժությունները: Սա ՀԱՊԿ-ի «Մարտական Եղբայրություն-2017» օպերատիվ-մարտավարական զորավարժության փուլերից մեկն է: Այս վարժանքներից Հայաստանի տարածքում, հիշեցնեմ, անցկացվել է «Փոխգործակցություն-2017-ը» եւ «Որոնում-2017»-ի վերջին փուլը, որը մեկնարկել էր Ռուսաստանում:
Հայաստանի ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումն արդեն իսկ հոկտեմբերի 14-ին մեկնել է անքակտելի եղբայրական Ղազախստան: Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ զորավարժությանը կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի ավելի քան 1500 զինծառայող, 200 միավոր զինտեխնիկա, 14 միավոր թռչող սարք: Վարժանքների մի մասը հնարավոր է անցկացվի Տաջիկստանի տարածքում: Անքակտելի եղբայրությունը, ավելի ճիշտՙ «Անքակտելի եղբայրություն-2017-ը» կավարտվի հոկտեմբերի 20-ին: Սցենարի համաձայն, գործողություններն իրականացվելու են հակամարտություններից հետո փախստականների ներհոսքի պայմաններում, իսկ զորավարժության հիմնական նպատակն է ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ ուժերի ձեւավորումը եւ նրանց գործողության ինչ-որ շրջաններում տեղակայումը :
Զուգահեռաբար Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Արծաթյա սլաք-2017» խոշոր զորավարժությունը, որին մասնակցում է 11 երկիրՙ ներառյալ Ալբանիան, ԱՄՆ-ը, Էստոնիան, Կանադան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Լատվիան, Լեհաստանը, Գերմանիան, Իսպանիան եւ Սլովենիան:
Ընդհանուր առմամբ զորավարժություններին մասնակցում է 3500 զինծառայող: Զորավարժությունների ժամանակ մշակվելու են կենսական կարեւորության առաջադրանքներ : Զորավարժությունները տեւելու են մինչեւ հոկտեմբերի 29-ը:
Բայց քանի որ, ինչպես ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է ասում, «ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, որտեղ մենք անելիք չունենք», դառնանք մեր անքակտելի եղբայրներին: Նրանցից, օրինակ Ալեքսանդր Լուկաշենկոն, բոլորովին վերջերս հայտարարեց, որ «Բելառուսն ու Ադրբեջանը եղբայրներ են»: Ճիշտ է, Բելառուսի նախագահը չի ասել, որ իր երկիրն ու Ադրբեջանը անքակտելի եղբայրներ են, այ եթե ասեր, Հայաստանն անմիջապես ինչպես պետք է եւ ում պետք է կբողոքեր այս հայտարարության ու Լուկաշենկոյին կարգի կհրավիրեին, կարգի հրավիրողներից մեկն էլ կլիներ Նորսուլթան Նազարբաեւն, անշուշտ: Այնպես որ այս հայտարարության հետ կապված անհանգստանալու կարիք չկա, եթե, իհարկե Բելառուսիՙ մեր անքակտելի եղբայր քաղաքացիներին չի անհանգստացնում իրենց նախագահի որպիսությունը: Ինձ, օրինակ, ավելի շատ անհանգստացնում են այսքան շատ զորավարժությունները, ընդ որումՙ իրարամերժ: Պարզ է, որքան էլ հակառակը պնդի ՆԱՏՕ-ն, նրա արծաթյա սլաքն ուղղված է հենց Ռուսաստանի դեմ, պարզ է նաեւ, որ ՀԱՊԿ-ը բոլոր նրանց համար, ովքեր դրա կազմում չեն եւ նաեւ նրանց համար, ովքեր դրա կազմում են, Ռուսաստանն է: Ո՞ւր են հասցնելու այսՙ միաժամանակ, բայց ոչ համատեղ զորավարժությունները: Ի դեպ, ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան եւս հայտարարել են համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին, հասկանալի էՙ Փհենյանի քթի տակ, իսկ Կիմ Չեն Ընն էլ ասել է, որ ամեն պահի կարող է սկսվել միջուկային պատերազմը: Հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահը բոլորովին վերջերս հայտարարեց, որ ինքը հանդիպել է Վիրջինյան կղզիների նախագահի հետ, այն պարագայում, երբ Վիրջինյան կղզիները ԱՄՆ մաս են կազմում, ոչ միայն հնարավոր է, որ աշխարհում ամեն պահի սկսվի միջուկային պատերազմը, այլեւ աշխարհում այսօր քչերը կան, որ այն կարող են կանխել: Ոչ մի արծաթե սլաք, կամ անքակտելի եղբայրներ դա անել չեն կարողանալու, մանավանդ որ այդ անքակտելի եղբայրները, պարզվում է, այնքան էլ անքակտելի չեն, կամ այնքան էլ եղբայր չեն: Ո՞ւմ վրա է հույս դրել աշխարհը, Թրամփի՞, որն առաջարկում է իր իսկ պետքարտուղարին մրցել ինտելեկտներով, թե՞ Կիմ Չեն Ընի, որի երեխաների սեռն անգամ թաքուն են պահում աշխարհից: Գուցե Պուտինի՞, որի որոշմամբ ՌԴ-Հյուսիսային Կորեա հարաբերություններում սահմանափակումներ մտան եւ ՌԴ-ն միացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձեւավորված Փհենյանի դեմ գործող ակումբին, եւ որը պնդում է, թե հարվածելիս կարեւորն առաջինը դա անելն է , ինչպես ինքը սովորել է պետերբուրգի փողոցներում: Եվրոպայի՞, որը միասնական է այնքանով, որքանով անքակտելի է ՀԱՊԿ-ում եղբայրությունը եւ կամ ինքնորոշման իրավունքի իրացման հետեւից վազող տարբեր ազգերի՞, որոնք, անկեղծ լինենք, ի տարբերություն մեր արցախցիների, գոնե ազգ են: Ո՞վ է աշխարհի հույսը, կամ ի՞նչը, գուցե Չինաստա՞նը, որտեղ 1 միլիոն, կրկնում եմ 1 միլիոն չինովնիկ են ձերբակալելՙ մեղադրելով նրանց կոռուպցիայի համար, գուցե խաղաղ Իսլանդիա՞ն, որի նախագահ Գվյուդնի Յոուհանեսոնը լոգանք ընդունելիս կոտրել է սեփական քիթը, կամ Ուգո Չավեսի հարազատ եղբա՞յրը, որը նահանգապետ ընտրվեց Վենեսուելայի նահանգներից մեկում: Կամ Անգլիայի 91-ամյա թագուհի՞ն, որին տեսել են շքեղ Jaguar-ի ղեկին, այն պարագայում, երբ Եղիսաբեթ Երկրորդը վարորդական իրավունք չունի, չնայած վարել շատ է սիրում, կամ …Ո՞վ, ի՞նչը…
Իսկ աշխարհը կարո՞ղ է իր հույսը դնել հեքիաթի վրա. իսկ դուք այլընտրանք ունե՞ք…