ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. Էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ
(մաս 2-րդ եւ վերջ)
Հոդվածի առաջին մասում արդեն նշել ենք, որ Իրան – Եվրոմիություն գազային համագործակցության համար ներկայումս բացակայում է կողմերի քաղաքական շահագրգռվածությունըՙ Եվրոմիությունը պաշտոնական հայտարարություն չի կատարել իրանական գազը դեպի Եվրոպա արտահանելու երկկողմ բանակցությունների մասին: Դա կոմերցիոն առումով ոչ ձեռնտու գործարք է, եւ մասնագիտական շրջանակները նշում են, որ այս պահին կա երկու հիմնական խնդիր. առաջինՙ Իրանը չի արդյունահանում համապատասխան քանակի գազ, իսկ Եվրոպական շուկան գերհագեցածներից մեկն է գազի համամետաբար ցածր գներով, բացի այդ Եվրոմիության գազի շուկան վերջին տարիներին վերականգնողական էներգետիկայի զարգացման հետեւանքով կրճատվում է:
Սակայն սա իրավիճակն է այս պահին եւ այն զարգացման ու փոփոխման որոշակի միտում ունի, ինչը արդեն առանձին քննարկման եւ վերլուծության թեմա է: Գաղտնիք չէ, որ գազի շուկան էականորեն առաձնանում է նավթի շուկայից նախ եւ առաջ նրանով, որ այն ազատականացված չէ, ինչը այդ հումքին տիրապետող ու արտահանող պետություններին հնարավորություն է տալիս գազը որպես զենք օգտագործել սեփական քաղաքական շահերը առաջ մղելու համար: Սա մի գործընթաց է, որը օրինակ նավթի դեպքում հնարավոր չէ իրականացնել, քանի որ նավթի գնագոյացումը իրականանում է միջազգային բորսաներում եւ նավթ արդյունահոնղ պետությունների ազդեցությունը այս գործընթացի վրա սահմանափակ է:
Գազի դեպքում իրավիճակը այլ է, գազ արդյունահանող պետությունները գազի գնի որոշման հարցում ազդեցության բավականին մեծ ռեսուրս ունեն, ինչն էլ իրենք օգտագործում են սեփական քաղաքական շահերը առաջ մղելու համար: Այս քաղաքականության դասական օրինակը Ռուսաստանն է, որը օրինակ Եվրոմիության անդամ պետություններին գազը վաճառում է ելնելով իր քաղաքական շահերից եւ այդ պատճառով գազի գինը պետությունից պետություն կարող է տատանվել 10-ից մինչեւ 50 տոկոսի չափով:
Գազի ստեղծած «առավելությունից» օգտվելու համար այդ ռեսուրսներին տիրապետող պետությունները ստեղծում են գազի մենաշնորհային-պետական ընկերություններ, որոնք էլ հնարավորություն են տալիս իրականացնել այդ հումքի արտահանման եւ վաճառքի այնպիսի քաղաքականություն, որը ձեռնտու է արդյունահանող պետությանը: Սա ստեղծել է մի իրավիճակ, երբ գազ սպառող հիմնական պետություններն էլ իրենց հերթին մշակում են օրենսդրական ակտեր, որոնք սահմանափակում են գազ արդյունահանող պետական ընկերությունների գործառույթները իրենց տարածքներում: Այս հակասություններն էլ շատ հաճախ պատճառ են հանդիսանում արտահանող եւ սպառող պետությունների միջեւ հարաբերությունների սրմանը: Մասնավորապես Եվրոմիությունը բացասական է գնահատում ռուսական Գազպրոմ ընկերության գործունեությունը իր տարածքում եւ այն գնահատում է որպես գործիք Կրեմլի քաղաքականությունը առաջ մղելու համար:
Գազի պետական ընկերությունների գործունեության սահմանափակումը նաեւ արտահայտված է Եվրոմիության գազի ներմուծման ու վաճառքի մասին օրենսդրական փաստաթղթերում, որով արգելվում է պետական ընկերությանը արդյունահանել, արտահանել եւ վաճառել գազը: Երրորդ «Էներգոպակետ» կոչվող օրենսդրության համաձայն, այդ գործառույթները պետք է իրականացնեն երեք տարբեր ընկերություններ: Այս սահմանափակումը տարածվում է ոչ միայն Գազպրոմի, այլեւ գազի պետական մյուս ընկերությունների վրա, սա նաեւ լուրջ խոչընդոտ է Եվրոմիության եւ գազ արդյունահանող այլ պետությունների, մասնավորապես Իրանի միջեւ բանակցություններ վերսկսելու համար:
«Իրանական գազի ազգային ընկերությունը» (National Iranian Gas Company (NIGC)), մենաշնորհային իրավունք ունի գազի արդյունահանման, իսկ 2010թ.-ից այս ընկերությունը վերահսկում է նաեւ գազի արտահանմամբ զբաղվող «Իրանական գազի արտահանման ընկերությունը» (National Iranian Gas Exports Company (NIGEC)): Մենաշնորհային այս բացառիկ իրավունքը որոշակիորեն խոչընդոտում է Իրան-Եվրոմիություն գազային բանակցությունների վերսկսմանը, քանի որ այն բախվում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված էներգետիկ դաշտը կարգավորող օրենսդրական ակտերին: Սակայն սրանք երկկողմ «գազային» հարաբերությունների կարգավորման միայն մի մասն է: Հարցի կարգավորմանը խանգարում են նաեւ պատժամիջոցները Իրանի նկատմամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի դիմադրությունը այդ պետության էներգետիկ համակարգի զարգացմանը նպաստող գործարքների կնքմանը:
Արդեն նշել ենք, որ Իրանում արդյունահանվող գազի 98% հենց այդ պետությունում էլ սպառվում է, հիմնական սպառողներն են ջերմակայանները(29%), բնակչությունը (28%), արդյունաբերությունը (26%), եւ այլ սպառողներ, արտահանվում է ընդամենը 2-4%: Իրանը վերջին տարիներին կտրուկ կերպով ավելացրել է գազի արդյունահանումը, դրա տարեկան աճը կազմում է մոտ 6.6%, սակայն դրա հետ մեկտեղ արագ տեմպերով մեծանում է նաեւ ներքին սպառումըՙ կազմելով մոտ 6.4% տարեկան: Այսինքն գազի արդյունահանման աճի արդյունքում Իրանում այդպես էլ չի «հայտնվում» ավել գազ, ինչը լրջագույն խոչընդոտներ է առաջացնում գազի լայնածավալ արտահանման համար:
Սակայն մյուս կողմից էլ Իրանը այդ հումքի արտահանման մեծ շուկաներից հեռու է գտնվում եւ դրա մասշտաբային արդյունահանման փորձը որոշակի խնդիրներ է ստեղծում գազի արտահանման եւ սպառման համար: Վերջին տարիներին իրանական գազի նկատմամբ հետաքրքրությունը աճել է հատկապես հնդկական եւ չինական ընկերությունների կողմից: Այս հետաքրքրությունը արտահայտվում է նոր պայմանագրերի կնքմամբ եւ իրանական գազի արդյունաբերության մեջ ներդրումների կատարմամբ: Ներկայումս հնդկական ընկերությունները կառուցում են նոր նավահանգստային տերմինալներ հեղուկացված գազի արտադրության եւ արտահանման համար, նմանատիպ ներդրումներ իրականացնում են նաեւ չինական, վերջին շրջանում նաեւ ռուսական ընկերությունները: Նպատակն է հեղուկացված իրանական գազը արտահանել դեպի Ասիական շուկա, որտեղ այդ գազի ամենամեծ սպառող պետություններն ենՙ Հնդկաստանը, Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ այլն:
Այսինքն ներկայումս Իրանի Իսլամական Հանարպետության գազի բնագավառում կատարվող հիմնական ներդրումների նպատակն է ստանալ հեղուկացված գազ եւ այն արտահանել դեպի ասիական շուկա: Այս միտումները ցույց են տալիս, որ չնայած տարբեր մակարդակով կատարվող քաղաքական հայտարարություններին, իրանական գազի արտահանման հիմնական ուղղությունը դեպի Արեւելք է, ինչը ֆինանսապես ավելի ձեռնտու է, քան Արեւմտյանՙ Եվրոպական շուկան: Եթե Իրանի գազի շուկայում ներդրումներ իրականացնող Եվրոպական ընկերություններ էլ գտնեք, ապա դրանք միայն համագործակցում են բոլոր այն ընեկրությունների հետ, որոնց նպատակը ասիական շուկան է: Սա իհարկե չի նշանակում, որ գազ չի առաքվի դեպի Եվրոպական շուկա, սակայն հեղուկացված գազի արտահանումը դեպի Հնդկաստան, կամ Չինաստան տնտեսապես ավելի ձեռնտու է:
Դիտարկելով այս միտումները հասկանալի է դառնում, որ գազի խողովակաշարային արտահանման տարբերակի փոխարեն ներկայումս ներդրումները իրականացվում են դեպի հեղուկացված գազի շուկա, ինչը նաեւ նշանակում է, որ Հայաստանով գազի արդյունահանման մեծ ծավալները գոնե տեսանելի ապագայում բացառվում են, ոչ միայն դրա տնտեսական, այլեւ քաղաքական դրդապատճառներից ելնելով:
Ապագայի համար Հայաստանը կարող է դիտարկել միայն «էլեկտրաէներգիայի դիմաց գազ» ծրագրի ընդլայնումՙ Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցումից հետո: Նաեւ հնարավորություն կա գազի որոշակի պաշարներ արտահանել դեպի Վրաստան, եթե վերջինս նման ցանկություն հայտնի: