Պատերազմների մասին վավերագրությունները միայն վերջին հարյուրամյակում են հասանելի ու տեսանելի: Մինչ այդ եղել են միայն պատմողական վկայություններ, հետեւաբար, դրանց ճշմարտացիությանը չի կարելի անվերապահորեն հավատալ: Կախված պատմողի դիրքորոշումից ու իր ազգի, պետության աշխարհաքաղաքական շահերիցՙ ականատեսների վկայությունների անկողմակալությունը երաշխավորելն անհնար է:
Առաջին, երկրորդ աշխարհամարտերի վավերագրական կադրերն ու լուսանկարները ժամանակակից աշխարհի համար անգնահատելի արժեք ունեն: Հիշենք նաեւ օտարազգի ականատեսների, միսիոներների վավերագրությունները Հայոց ցեղասպանությունից: Որքան էլ որ հայկական, թուրքական, եվրոպական արխիվներում պահպանվում են Մեծ եղեռնը վկայող փաստաթղթային արխիվները, այնուամենայնիվ, լայն հասարակությանը, անգամ քաղաքական, իրավաբանական շրջանակներին առավել հասանելի են հենց վերոնշյալ վավերագրությունները, որոնց դիմաց անզոր են թուրքական ամեն տեսակի խուսափողական ու ժխտողական հայտարարությունները:
1943 թվականին Սովետական Միության կողմից ներկայացված «Գերմանական զորքերի ջախջախումը Մոսկվայի մատույցներում» վավերագրական ֆիլմն «Օսկար» ստացավ: Պարզ է, որ մրցանակի շնորհումն ավելի շուտ կապված էր միջազգային հանրությանՙ ֆաշիզմի նկատմամբ մերժողական ու դատապարտող վերաբերմունքի հետ: «Օսկարով» նաեւ արժեւորվել է օպերատորական հերոսական աշխատանքը պատերազի ամենաթեժ գծում: Հայտնի է, որ Հայրենական պատերազմը վավերագրող յուրաքանչյուր հինգերորդ օպերատորը զոհվել է, իսկ ողջ մնացածները բոլորը վիրավորվել են: Այնուամենայնիվ, Սովետական Միությունը կազմակերպված երկիր էր եւ կարողացավ ռազմաճակատ գործուղել կինոօպերատորների, որոնք բոլորը միասին (252 հոգի) նկարահանել են 3,5 միլիոն մետր կինոժապավեն:
Մենք էլ ունեցանք մեր պատերազմը, որ արդեն 30 տարի շարունակվում է, ու զուգահեռաբար գրվում է նրա պատմությունը, կազմվում է նրա փաստագրությունը:
Արցախյան հերոսամարտի առաջին իսկ օրերը նկարահանվել են: Իհարկե, այն ժամանակ պատերազմի դաշտ մեկնած օպերատորներն, այսպես ասածՙ ինքանակազմակերպվել ու ինքնագործուղվել են. ոչ ոք ի պաշտոնե չի հրահանգել նրանց ուղեւորությունն Արցախ: Թերեւս միայն «Հայկ» ու «Նավիգատոր» կինոստուդիաներն են կազմակերպված խմբեր ուղարկել ռազմաճակատ: Երբեմն գործուղումներ է նախաձեռնել նաեւ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը:
Սովետական Միությունը փլուզվել էր, Հայաստանը շրջափակման մեջ էր, մյուս կողմից էլՙ երկրաշարժի հետեւանքներն ու արցախյան պատերազմը: Ինչպես մեր տղաներն էին կամավոր մեկնում ռազմաճակատ, այնպես էլ օպերատորները, լրագրողներն էին իրենց ընտանիքներին մնաս բարով ասում, ձեռքներն առնում խոսափողն ու սեփական տեսախցիկները եւ ինչ-որ միջոցներով հասնում Արցախ: Ինչու ինչ-որ միջոցերով, որովհետեւ անգամ փոխադրամիջոցներ չկային, եւ օպերատորները մեծ մասամբ գործի էին դնում ծանոթ-մտերիմ-ընկեր կապերը, խցկվում ուղղաթիռների մեջ ու մեկնում պատերազմ: Այսօր մեր ունեցած պատերազմի վավերագրությունների համար մենք պարտական ենք նրանց: Իսկ նրանց անունները, ինչպես իսկական կռված տղաներինը, հազվադեպ են հնչում ու շրջանառվում: Այդ օպերատորները մեծ մասամբ եղել են կինոյի ու հեռուստատեսության աշխատողներ: Նրանց անձնվեր գործն արժեւորելու, գնահատելու, նրանց անունները սերունդներին ճանաչելի դարձնելու նպատակով 2012 թվականից Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Կինոաշխարհ» մասնագիտացված ամսաթերթը (հետագայում նաեւ kinoashkharh.am կայքը) հրատարակել է հոդվածներ արցախյան պատերազմը վավերագրողների մասին: Շուրջ հինգ տարիՙ մինչեւ 2017 թվականը, շարքը շարունակվել էՙ հանրությանը տեղեկացնելով, թե ովքեր են եղել 1991-1994 թվականների հերոսամարտը տեսաերիզների ժապավեններին հանձնած յուրովի զինվորները: Նրանք կռվել են երկու զենքովՙ ավտոմատով ու տեսախցիկով միաժամանակ:
Հարցազրույցների ձեւաչափով պատրաստված հոդվածները, որ հուշ-պատմություններ, պատերազմի յուրօրինակ վկայություններ ու պատմական փաստեր են, մեկտեղվել են «Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուում, որը հրատարակության են պատրաստել «Հոգեւոր Հայաստան» կազմակերպությունն ու Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Գրքի տպագրմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել մշակույթի նախարարությունը: Առաջին անգամ փորձ է արվել արցախյան պատերազմը վավերագրողների նվիրական աշխատանքը ներկայացնել հանրությանը, ինչպես նաեւ մասնագիտական շրջանակներին: Գիրքը թարգմանված է անգլերեն. կցված է երկու խտասկավառակՙ պատերազմական վավերագրություններով:
Վավերագրողների պատմություններից պարզ է դառնում, որ նրանք մեկնել են պատերազմ պարտքի զգացումից, հայրենիքին ինչ-որ բանով օգտակար լինելու ցանկությունից, մեր կռվող տղաներին սատարելու, նրանց մղած կյանքի ու մահու կռիվը պատմության ու սերունդների համար հավերժացնելու ձգտումներից ելնելով: Վավերագրողներն առաջին անգամ էին պատերազմն այդքան մոտիկից տեսնում ու վառոդի հոտը շնչում, առաջին անգամ էին սեփական մաշկի վրա զգում գլխավերեւով սուրացող արկի պայթյունի վտանգը եւ ուղիղ մահվան աչքերին նայելու հավանականությունը:
«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուում զետեղված է 34 հարցազրույց. ի դեպ, պատերազմը վավերագրած օպերատորները, ռեժիսորները, լրագրողները մեծ մասամբ հազիվ են համաձայնել պատմել իրենց արածի մասին: Հաճախ քչախոս ու համեստ, սեփական անձը տասներորդ պլան մղած, պատերազմի սարսափներով անցած վավերագրողները ներկայանում են մի երկրորդ «ես»-ով, որի տակ թաքնված է պատերազմ տեսածի համախտանիշով տառապող մարդը: Չէ՞ որ տեսախցիկի օբյեկտիվից մի իրականություն է երեւում, իսկ օբյեկտիվից այն կողմՙ մեկ ուրիշ իրականություն է եղել, որի մասին էլ հենց պատմում եմ պատերազմը նկարողները: Նրանց մի մասը մնացել է հեռուստատեսության ու կինոյի ասպարեզներում, իսկ մյուսներն այլ աշխատանքով են զբաղված կամ ընդհարնապես այլ երկրներում են ապրում: Պատմում են, թե ինչպես են հայտնվել Արցախում, ինչ ոդիսականով, ինչպես են առաջին անգամ նկարել կռվի դաշտը, մեր հաղթանակներն ու պարտությունները, ինչպես են տեսախցիկը բարձի տեղ գլխների տակ դրել-քնել, ինչպես են ստիպված եղել VHS տեսաերիզների վրա նկարահանած նյութը ջնջել, որպեսզի նոր կադրեր նկարեն, ինչպես են նկարահանումները հասցրել հեռուստատեսություն: Հաճախ կյանքի գնով արված պատմական տեսանյութերը հովհարային անջատումների պատճառով հանրությունը չի էլ տեսել, երբեմն էլ այն ժամանակվա քաղաքական անցուդարձի պատճառով տեսանկարահանված նյութն արգելվել է եթեր հեռարձակել, անգամ անհետացել-կորել է:
Պատերազմը վարերագրողները հաճախ իրենց նկարահանումները տրամադրել են օտարերկրյա լրատվամիջոցներինՙ իրենց վարձատրված զգալով, որ միջազգային հանրությունն այդ վավերագրությունների շնորհիվ կտեղեկանա, թե ինչ է կատարվում Արցախում, կիմանա ճշմարտույթունը: Նրանց համար տասներորդ պլան է մղվել հեղինակային իրավունք հասկացությունը. միայն թե կենդանի կադրերը, պատմական փաստերը գզրոցներում չմնան, իրենց բուն նպատակին ծառայեն: Չէ՞որ այդ մարդկանց թիվ մեկ նպատակն իրականում տեղեկատվական քարոզչությունն է եղել, որ դարձյալ իրականացրել են ինքնակազմակերպման ու սեփական նախաձեռնության շնորհիվ: Տեսախցիկը պակաս կարեւոր դեր չի կատարել պատերազմում, քան նռնակն ու ավտոմատը: Մեր տղաները կռվել ենՙ պաշտպանելով հող հայրենին, ազատագրելով հայրենիքը, իսկ օպերատորները վավերացրել են նրանց սուրբ գործն ու պայքարել մեկ այլՙ ոչ պակաս կարեւոր տեղեկատվական պատերազմում:
Գրքի լույսըծայման առիթով ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նկատեց. «Վաղուց պետք է պատերազմը վավերագրած մեր տղաների մասին այսպիսի գիրք հրատարակվեր, որպեսզի սերունդներն իմանան, թե ում են պարտական պատերազմի փաստավավերագրական նյութերի համար, թե ովքեր են իրենց կյանքը վտանգել հանուն այն բանի, որ մենք այսօր ունենանք արցախյան պատերազմի խրոնիկա: Այս գիրքը եւ խտասկավառակները հրաշալի նյութ կարող են հանդիսանալ հետագա ուսումնասիրողների համար»:
Լեւոն Աթոյանց, Նիկոլայ Դավթյան, Գագիկ Սիմոնյան, Սամվել Թադեւոսյան, Կարեն Գեւորգյան, Ռուբեն Գեւորգյանց, Էդիկ Բաղդասարյան, Վարդգես Բաղրյան, Լեւոն Գրիգորյան, Գրիգոր Ավետիսյան, Դմիտրի Պիսարենկո, Արթուր Ապրեսով ու էլի անուններ, որոնց տարբեր ասպարեզներում կարող ենք հանդիպել ու չիմանալ, որ նրանք պատերազմի մասնակիցներ են, ուղղակի կռվել են այլ զինատեսակով, էկրաններին տեսնել պատերազմական կադրեր ու չիմանալ, որ տեսնում ենք նրանց նկարած կադրերը: Չունենալով պատերազմի դաշտում ապրելու, կռվելու փորձ, հմտություն, պատրաստվածությունՙ նրանք ստեղծել են կինովավերագրության նորՙ մինչ այդ մեզանում գոյություն չունեցած ժանրՙ պատերազմի վավերագրություն: Նրանց նկարահանած նյութերի շնորհիվ մենք գիտենք, թե ինչպես են մերոնք ազատագրել Շուշին, Մարտակերտը, Քարվաճառը, ինչպես են արկերի մշտական պայթյունների տակ ապրել ստեփանակերտցիները: Նրանց նկարահանումների շնորհիվ ենք ճանաչում Դուշման Վարդանին, Մոնթեին, Լեոնիդ Ազգալդյանին, Մովսես Գորգիսյանին, մեր մյուս հերոսներին, նրանց շնորհիվ մենք կենդանի, չբեմադրված կադրերով տեսանք, թե ինչ արհավիրք է պատերազմը, իմացանք, թե ինչպիսին կարող է լինել մեր պատերազմը: