Իլհամ Ալիեւի Թեքվանդոն. հուլիսի 9-ին «աշխարհասփյուռ» ադրբեջանցիների ցույց Բեռլինում ՀՀ դեսպանության առջեւ
Հյուսիսային Կորեան վերջին 4 ամսում 12 հրթիռ է փորձարկել: Եթե բաղդատենք, որ Կիմ Յոնգ Ունի հայրը կառավարման 17 տարիների ընթացքում ընդամենը 16 հրթիռ էր արձակել, ապա հասկանալի կդառնա, որ հյուսիսկորեացի երիտասարդ ղեկավարի այս նկատելի արագ տեմպն ավելին է, քան «պարապ վախտի խաղալիք»-ով ինքնիրեն ու ողջ աշխարհը զբաղեցնելը:
Գերմանական «Շթեռն» հանդեսի արտասահմանյան թղթակից Յոահիմ Ռիինհարդտը այսպես է մեկնաբանումՙ մինչ տնտեսական պատժամիջոցները կստիպեն Հյուսիսային Կորեայի ղեկավարին բանակցությունների սեղան նստել, ուզում է աշխարհի հզորների դիրքերին հարված հասցնել: Մեկնաբանը հենվում է տեղական մտայնություններին ծանոթ վերլուծությունների վրա, որ պնդում են, թե Կիմի մարտավարությունը ելնում է Թեքվանդոյիցՙ վախեցնող, ահասարսուռ բարձր բացականչություն արձակելով հակառակորդի գլխին այնպիսի հարված հասցնել, որ կորցնի հավասարակշռությունը: Հյուսիսային Կորեան լարվածությունը հասցնում է բարձրակետին, ինչքան ծարաստիճան լարված, այնքան բանակցությունների սեղանին առավել շատ պահանջներ կարող է թելադրել: Սա ազդո՞ւ մեխանիզմ է: Անշուշտ: Տնտեսական պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի համար հավերժ չեն կարող լինել, իսկ հաջող բանակցություններն այլընտրանք չունեն, կարծիք է հայտնում գերմանացի թղթակիցը: Մի լուսանցք այդուհանդերձ դատարկ է մնում մեզ համարՙ ի՞նչ է զգում Հարավային Կորեայի ժողովուրդը, երբ ինքն էլ նույն Թեքվանդոն իր տարածքում ապրողներին փոխանցում է:
«Ազերթաջի» Տոկիոյի թղթակիցը ապրիլին «Կորեական թերակղզուն սպառնու՞մ է պատերազմ» վերնագրյալ շարադրանքի մեջ, որ շատ ընթերցող է գտել գործակալության գերմաներեն տարբերակում, իհարկե չէր կռահել, թե գերմանացի իր գործընկերն այն ինչպե՞ս կմեկնաբանի հետագայում, ոչ էլ մատնել էր, թե իր երկրի ղեկավարը Կիմ Յոնգ Ունի աշակերտն է ուզում դառնալ: Սա Գերմանիայի հեռուներիցՙ մենք ենք համարձակվում ենթադրել:
Հայ քաղաքական վերլուծաբանները բազմիցս մեր միտքն ուղղորդել են համեմատել Հեյդար եւ Իլհամ Ալիեւներիՙ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիերի տարբերությունները: Հայաստանի հետ յուրաքանչյուր բանակցությունից առաջ, նույնիսկ զրույցի ժամանակ, Իլհամ Ալիեւի Ադրբեջանը սովորույթի համաձայն սրում է իրադրությունը, «փոքր» պատերազմով սպառնումՙ բանակցություններից առավելագույնը ստանալու համոզմամբ: Իլհամ Ալիեւը սեր ունի՞ Թեքվանդոյի հանդեպ, դժվար է ասել, բայց դատելով 2016-ին Բեռլինում կանցլերի գրասենյակում աչք աչքի նրա հետ «երկխոսությունից», («հայ թղթակցիդ հարց տալ չհաջողվեց, հաղթեցի», այսպես եմ մեկնաբանում նրաՙ ինձ ուղղված ակնդետ հայացքը, որ թերեւս մանկությունից մեզ ծանոթ հաղթողի կեցվածք է- Ան. Հ.) համոզված եմՙ խաղալ սիրում է:
«Ազերթաջի» գերմանական տարբերակը հուլիսի 5- ին առանձնահատուկ շեշտով էր գրել Գերմանիայի Դորտմունդում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 50 կգ քաշային կարգում հայ մարզիկի պարտության մասին: Հաղթողի պատվանդանին կանգնած թուրք Ջոմալ Մութլուն ի գոհունակություն ադրբեջանցի եւ թուրք երկրպագուների, ուսերին է առել երկու դրոշՙ Թուրքիայի եւ Ադրբեջանի:
Հիշատակածս պետությունները խիստ են սիրում Գերմանիայի ժողովրդավարությունը, հատկապես բնավորության նոր գիծ են որդեգրելՙ հանրային հավաքների, բողոքի ցույցերի օրենքով ամրագրված իրավունքից օգտվելու թուլություն ունեն: Ադրբեջանական պետական լրատվական գործակալության հուլիսի 5- ին գերմաներեն տարածած հաղորդագրության համաձայնՙ հուլիսի 9- ին, ժամը 15- ին «աշխարհասփյուռ ադրբեջանցիները» բողոքի ցույց են անելու Բեռլինում Նուսբաումալե 4 հասցեում գտնվող ՀՀ դեսպանության առջեւ: ( Հայտը ներկայացրել են ոստիկանությանը, արտոնե՞լ են, թե՞ ոչ, հնարավոր չեղավ պարզել երեկ հեռախոսով, Բեռլինի ոստիկանության հեռախոսը լռում էր- Ան. Հ.): Ինչպես ծանուցում է նույն աղբյուրը, հավաքը կազմակերպել են Ադրբեջանցիների համաշխարհային կազմակերպությունը, ինչպես նաեւ Գերմանա- ադրբեջանական մշակույթի տունը: Լուրը ներկայացնում էՙ «Հավաքի ժամանակ կբարձրաձայնվեն Հայաստանի զավթիչ քաղաքականության դեմ կարգախոսներ, աշխարհի ուշադրությունը կսեւեռեն վերջին օրերին ադրբեջանցի քաղաքացիական բնակչության դեմ Հայաստանի զինուժի իրականացրած հարվածին, 50-ամյա կնոջ եւ նրա մանկամարդ թոռան սպանության պատկերներին: «Սարգսյանը մանկասպան», «Վերջ տեռորին ու վայրագությանը», «Զավթիչ բանակը պիտի նահանջի ադրբեջանական տարածքներից» կարգախոսներն են հնչելու ցուցարարների բարձրախոսից, իրազեկում է վերոհիշյալ աղբյուրը:
Ուրեմն այնքան էլ չէինք սխալվում ենթադրելով, թե Ադրբեջանն էլ Հյուսիսային Կորեայի բռնատիրությանը զուգահեռ նախընտրում է նրանց Թեքվանդոն: Բեռլինից են գոռալու, որ ավելի՞ ահասարսուռ լինի, որ Ավստրիայում, Հայաստանում կորցնենք հավասարակշռությո՞ւնը: Ո՞ւր ես, Ձենո՛վ Օհան:
Առանց տեսլականի քաղաքականությունը տեխնոկրատիա է, ասում են գերմանացիները: Ո՞րն է մերՙ շախմատային գերտերություն Հայաստանի, այդ խաղի սիրահար քաղաքական ղեկավարության տեսլականը, նրանից բխող պատասխանըՙ ի վերջո Ղարաբաղը միջո՞ց է, թե՞ նպատակ. Հուլիսի 10-ին (կամՙ 11-ին) ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Ավստրիայում կայանալիք բանակցություններից առաջ (որից չեն հրաժարվել ո՛չ Հայաստանի արտգործնախարարը, ո՛չ էլ նրա Բաքվի պաշտոնակիցը- Ան.Հ.) Ադրբեջանը, աշխարհը սպասում են մեր բարձրաձայն պատասխանինՙ 7-8 շրջան, կամՙ Երեւանն էլՙ հետո, կկվի ձագերի նման հանձնո՞ւմ ենք ահաբեկիչ աղվեսին: Դեռ 4 օր ժամանակ ունենք: