Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱՆՁԱԳՈՂԵՐԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

19/05/2017
- 19 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սառա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ստորեւ ու հաջորդական 2 համարներում, խիստ կարեւորելով մեր թերթի նախկին թղթակից եւ այժմ «Հետք» համացանցայինՙ Հայաստանում միակ հետաքննական լրատվամիջոցի աշխատակից Սառա Պետրոսյանի հոդվածաշարը, հրատարակում ենք այն, արտատպելով hetq.am-ի մայիսի 4-ի, 10-ի եւ 15-ի համարներից: Հրապարակվող նյութը կարեւորում ենք ոչ միայն իր մասնագիտական հմտության, այլեւ թեմայիՙ ըստ մեր գիտությանՙ առաջին անգամ արծարծման համար, որի եզրակացությունն արդեն բացահայտում է հնարժեք ու պատմարժեք իրերի գողության մասշտաբները մեր երկրում եւ, ամենասարսափելին, ոստիկանական ու դատական մարմինների մեղսակցությունը դրան:

Շինուհայրում գտնվող Կուսանց անապատ (1670թ.) եւ Սբ. Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցիների (1676թ.) հատակը, խորանը, ներքնախորշն ամբողջությամբ քանդված են: Եկեղեցիներում ավերածություններ գործել են գանձագողերը, ենթադրաբարՙ երկու տարի առաջ: Գանձեր գտնելու ակնկալիքով նրանք Կուսանց անապատի պատից պոկել են նաեւ խաչքարը: Ուշ միջնադարյան այս եկեղեցին եղել է գրչության կենտրոն, այստեղ ընդօրինակվել եւ պատկերազարդվել են մի շարք ձեռագրեր, որոնցից մի քանիսը գտնվում են Մատենադարանում:

Գանձագողերն ավերածություններ են գործել նաեւ Սիսիանի տարածաշրջանում գտնվող Որոտնավանք (11-րդ դար) վանական համալիրում: Օժանդակ շինություններից մեկի երդիկն ու պատը 1 քմ տարածքով քանդել են եւ մուտք գործել եկեղեցիՙ հավանաբար վանքում թաղված Սյունյաց Շահանդուխտ թագուհու եւ իշխան Սեւադայի «գանձերը» գտնելու ակնկալիքով:

Մեղրի քաղաքի Սբ. Հովհաննես եկեղեցու (17-րդ դար) խորանը, մկրտության ավազանը, ներքնախորշը նույնպես ամբողջովին քանդել են: Եկեղեցին ներկայումս վերականգնվում է, վերականգնելուց առաջ շրջակայքում պեղումներ են իրականացրել: «Եկեղեցու աղոթարանի տակից բացառիկ բան գտանք, որը կարող էր պատմություն փոխել, բայց մինչ այդ գանձագողերն ամբողջովին ավերել էին դամբարանը ոսկի գտնելու ակնկալիքով»,- ասում է պեղումներն իրականացրած հնագետ Արման Նալբանդյանը :

Նշված բոլոր եկեղեցիները հաշվառված են Հայաստանի պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Դրանց պահպանությունն իրականացնում է մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Նշված եկեղեցիներում կատարված ավերածությունների մասին ՊՈԱԿ-ը հաղորդագրություններ չի տարածել, բացառությամբ Որոտնավանքի:

Որոտնավանքը գանձագողերի թիրախ էր դարձել նաեւ 2014թ., հենց նույն տեղում քանդվել ու փոս էր փորվել, սակայն հետո պատի քանդված քարերը վերաշարվել էին: Քրեական գործը երկու ամիս հետո կասեցվել էր` մեղադրյալի անձը հայտնի չլինելու հիմքով: 2016թ. մարտի 10-ին կատարված ավերածության փաստի հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Գանձագողերի ավերածության թիրախ են դառնում պատմության եւ մշակույթի բոլոր տեսակի անշարժ հուշարձաններըՙ ամրոցներ, գյուղատեղիներ, միջնադարյան գերեզմանոցներ, ջրաղացներ, վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր: Թե ինչ ավար են ձեռք գցում նրանք թվարկված եկեղեցիներն ու մնացած հուշարձաններն ավերելովՙ պատկերացում կարող ենք կազմել միայն վաճառելու նպատակով շրջանառվող կամ արդեն վաճառված պատմամշակութային արժեքներին ծանոթանալով: Ստորեւ ներկայացված լուսանկարներում հայտնաբերված եւ գնորդ գտնելու ակնկալիքով սոցիալական ցանցերում, հնագետների ու արվեստագետների շրջանում, հյուրանոցներում, Վերնիսաժում շրջանառվող առարկաներն են:

– Շատ արժեքավոր բաներ են գտնում, տեսնես` կխենթանաս, ես Սյունիքից բերված թրեր, նետ ու նիզակներ եմ տեսել, որոնց նմանը մեր թանգարաններում չկա: Դրանք 700 դոլարով վաճառեցին»,- պատմում է վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը :

Պրն Նալբանդյանը ներկայումս վերականգնում է Մեղրի քաղաքի Սբ. Հովհաննես եկեղեցին: «Մեզնից առաջ հնագետը մտնում է, որ տարածքը մաքրի, որից հետո մենք աշխատենք: Պարզվում է, որ ավելի շատ բաներ են տարել, քան սպասում էինք, մենք բազմիցս ենք հանդիպել նման դեպքերի: Գանձագողության վնասն այն է, որ երբ գանձը գտնում ես, մշակույթ ու պատմություն ես ոչնչացնում: Հնագետն աշխատում է վրձնով, պատմական բոլոր շերտերն ուսումնասիրելով, իսկ նրանք գործում են տրակտորներով, պայթեցումներով, միայն թե միջից իրենց ուզածը գտնեն»,- ասում է Ստեփան Նալբանդյանը:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը 2005թ.-ից աշխատում է Սյունիքում: «Գանձախուզության մոլուցքը Սյունիքում սարսափելի է, եւ եթե այդպես շարունակվի, չեմ զարմանա, եթե որոշ ժամանակ անց տեղի պատմական հուշարձաններն ամբողջովին կործանվեն»,- ասում է նա:

Սյունիքը պատմամշակութային հուշարձաններով Հայաստանի ամենահարուստ վայրերից մեկն է: Գտնվելով Իրանից Հյուսիսային Կովկաս տանող ճանապարհների հանգուցակետում` շատ կարեւոր դերակատարում է ունեցել միջտարածաշրջանային տարանցիկ առեւտրի ոլորտում: Աշխարհագրական դիրքից բացի, դրան նպաստել է նաեւ տարատեսակ բնական հումքի (ոսկի, պղինձ, երկաթ, օբսիդիան եւ այլն) առատությունը: Սակայն, այստեղ հնագիտական ուսումնասիրություններ քիչ են կատարվելՙ ֆինանսների բացակայության եւ մասնագետների պակասի պատճառով:

Մկրտիչ Զարդարյանի ղեկավարած արշավախումբը Սյունիքում ուսումնասիրել է առնվազն 35 հուշարձանՙ բնակավայրեր, դամբարանադաշտեր եւ այլն: Ասում է, որ դրանց ճնշող մեծամասնության վիճակը ողորմելի է: Ավերվում են գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում, տարբեր հանքավայրերի, հատկապես քարհանքերի շահագործման արդյունքում, նպատակային գանձախույզների ջանքերով: «Պատմամշակութային արժեքներից բացի, Սյունիքն աչքի է ընկնում սեփական հուշարձանների հանդեպ սյունեցիների մի մասի ոչ բարեխիղճ վերաբերմունքով: Ես չեմ տեսել Հայաստանում այդպիսի մի շրջան, որտեղ այդպես «նպատակային» քանդեն պատմական հուշարձանները»,- նշում է Մ. Զարդարյանը:

Սյունիքում մեզ հետ հանդիպած մարդիկ հավաստիացնում են, որ գանձագողերի խմբին հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նրանք չեն ցանկանում հրապարակել իրենց անունները` համոզված լինելով, որ նախկին մարզպետը կարող է վնասել իրենց:

Հնագետները հեգնում ենՙ Սյունիքում փնտրում են Շապուհի գանձերը, Անդոկ իշխանի հարստությունը:

Ոստիկանությունից ստացված տեղեկատվության համաձայնՙ 2016թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի տարածքում գրանցվել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու (ՀՀ քր. օր. 264 հոդված) 9 դեպք, 2015թ. ընթացքումՙ 2 դեպք: Իրականում դրանց թիվը շատ ավելին է:

Քննչական կոմիտեից մեր հարցմանը պատասխանել են, որ նշված 11-ից 7-ի դեպքում քրեական գործի վարույթը կասեցվել է «հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ» հիմնավորմամբ: Քրեական գործի վարույթը 2 գործով կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, 2-ով նախաքննությունը շարունակվում է:

Կարճման երկու որոշումներն էլ վերաբերում են Սյունիքի մարզի հնավայրերին: Կարճված գործերից մեկն անցնող տարում մեծ աղմուկ հանած Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղի հարեւանությամբ գտնվող «Շինատեղ» գյուղատեղի տարածքից Կապանի բնակիչ Սեւակ Սաֆարյանի հայտնաբերած իրերին է վերաբերումՙ 265 կտոր:

«Զարմանալի հայտնագործություն է կատարվել: Առ այսօր ողջ ուրարտական կայսրության տարածքում մենք դեռեւս չունեինք այդպիսի գանձեր, մետաղե այդպիսի բազմազան առարկաների հավաքածու»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը :

Նա նշեց, որ որոշ գտածոներ եզակի են, ինչպես զինվորի արձանիկը: «Մինչ այժմ մեր մշակույթում այսպիսի երեւույթ հայտնի չէր»,- ասաց Հ. Սիմոնյանը: Հնագետի ասելով` եթե նա չգտներ այս գանձերը, հնարավոր է, որ 100-ավոր տարիներ այդ տարածքով մարդիկ անցնեին ու չիմանային, թե ինչ է թաքնված հողի շերտերի տակ:

Սա այն բացառիկ դեպքերից է, երբ գանձախույզը բացահայտվել էր վաճառելիս: Ս. Սաֆարյանը մեծաքանակ գտածոները վաճառելու համար լուսանկարներ էր ուղարկել տարբեր անձանց, այդ թվում` նաեւ հնագետների, ինչի արդյունքում էլ բռնվել էր: Պարզվել էր, որ գտածոներից որոշ բաներ հասցրել է վաճառել արտասահմանցիների: Մի կոլեկցիոներ խոստացել էր նրանից գնածը վերադարձնել Կապանի թանգարանին:

Սեւակը հնագետներին ցույց էր տվել հազարամյակների պատմություն ունեցող նմուշները հայտնաբերելու վայրը եւ հայտնել էր, թե դրանք բոլորը եղել են կավե ամանի մեջ: Մասնագետները նրա խոսքին հավատ չեն ընծայում` բացատրելով, որ բրոնզի եւ երկաթե իրերի մեծ հավաքածունՙ ձիու արձանիկներ, երախակալ, կրծքազարդեր, բազկակալներ, եռոտանի կախազարդեր, աշխատանքային սեպեր, դաշույններ եւ այլն, չէր կարող տեղավորվել այդ փոքր ամանի մեջ եւ դուրս բերվել այդ փոքր անցքից:

«Բրոնզե իրերի հետ հանձնված կավանոթների բեկորների վերականգնումը բացահայտեց, որ թերի վիճակում գտնվող այս կավանոթների մեջ նման քանակի բրոնզե իրեր չէին կարող տեղավորվել»,- հաստատել է նախաքննությունը:

Սեւակ Սաֆարյանը ցուցմունք է տվել, որ 2008թ.-ից մետաղորսիչ սարքով շրջել է Կապանի եւ Կովսականի տարածաշրջանի գյուղերումՙ նպատակ ունենալով գտնել հնություններ, քանի որ տեղյակ է, որ պետությունը հնությունների արժեքը մասնակի փոխհատուցում է: Մետաղորսիչը հուշել է, որ հայտնաբերել է կարաս, որի մեջ եղել են իր ներկայացրած արձանիկները: Այնուհետեւ իրերը լուսանկարել է ու գնացել Երեւան, բայց Վերնիսաժում հրաժարվել են նրանից վերցնել դրանք: Պարզվել է, որ այդ տարածքը հաշվառված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում:

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության որոշումով Սեւակ Սաֆարյանի եւ նրա գործընկեր Սամվել Պապյանիՙ առանձնակի արժեք ունեցող առարկաների հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել էՙ հանցակազմի բացակայության հիմքով:

«Հնագիտական գտածոները, որոնք ձեռք են բերվել ապօրինի գործունեության արդյունքում, ժողովրդի սեփականությունն են եւ պետք է անհատույց հանձնվեն թանգարանին: Առգրավված 265 կտոր առարկաները հանձնվել են ՀՀ մշակույթի նախարարինՙ ի տնօրինություն»,- ասվում է որոշման մեջ:

Մեզ հետ զրուցած հնագետներին զարմացրեց Սեւակ Սաֆարյանի նկատմամբ իրավապահների դրսեւորած մեղմ վերաբերմունքը, առավել եւս հնագետ Հակոբ Սիմոնյանի` նրա անձին տրված դրական բնութագրումները:

«Ուրիշ նկարներ էլ կան ինձ մոտ, ասել են, որ դրանք Կապանից են, ես տեսնում եմ, որ դա նրա (նկատի ունի Սեւակ Սաֆարյանին-հեղ.) հավաքածուի մի մասն է: Նա ակնհայտորեն գանձագող է»,- ասաց ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը :

(Շարունակելի – 1)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈ՞ՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՄ ՔԱՄՈՒ ԷՆԵՐԳԻԱՆ ԿԴԱՌՆԱ՞ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՄ ՔԱՄՈՒ ԷՆԵՐԳԻԱՆ ԿԴԱՌՆԱ՞ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Նախիջևանում անցկացվել են համատեղ հրամանատարական զորավարժություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ. տեղեկատվություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ...

ԿարդալDetails

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական