Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԱՐԺԵ ՊԱՅՔԱՐԵԼ

12/05/2017
- 12 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

«Ազգ»-ի նախանցյալ համարում մի անկեղծ քննարկում սկսեցինք ԵՊՀ ուսանողների, ասպիրանտների, երիտասարդ գիտնականների հետ ունեցած երկխոսության ու բանավեճերի մասին, որոնց նպատակն էր հասկանալ Հայաստանի տեղն ու դերը ծավալվող Եվրասիական ինտեգրման գործընթացում: Հիշեցնեմ, որ այդ քննարկումների նախաբանը հայ-ռուսական միջազգային հեղինակային խմբի (Վլադիմիր Լեպեխին, Սերգեյ Բելյակով, Արամ Սաֆարյան, Աշոտ Թավադյան) կողմից 2017թ. հունվարին Մոսկվայում հրատարակված «Ռուսաստան-Հայաստան: Եվրասիական ինտեգրումը աշխարհաքաղաքական համատեքստում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» 12 դասախոսություններից բաղկացած ժողովածուն էր, որը վերջերս ԵՊՀ գիտական խորհուրդը երաշխավորեց իբրեւ գիտամեթոդական ձեռնարկ: Այս հրատարակության դրույթները հաջողությամբ փորձարկվել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկու մասնագիտացումների մագիստրոսների շրջանում: Եվ քանի որ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության նախապատվելի վեկտորներից մեկիՙ Եվրասիական ինտեգրման մասին է, մեր այս վերլուծականում կշարունակենք ու կամփոփենք այդ թեմայի հնչեղ դրույթների քննարկումը:

Մեծ հաղթանակը ֆաշիզմի դեմ

Հետխորհրդային պետությունների համար ընդհանուր եւ միավորող արժեքներից ամենահնչեղը միասնական ուժերով հաղթանակն է ֆաշիզմի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմում: Այսօր, Մեծ հաղթանակից 72 տարի անց, ինտեգրվող հետխորհրդային հասարակությունների ներկայացուցիչներս համամիտ ենք այն հարցում, որ նախկին Խորհրդային Միության հաղթանակը ֆաշիզմի դեմ համաշխարհային պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է եւ հզոր ազդանշան-նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր կգայթակղվեն մոռանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերն ու արդյունքները: Փորձագիտական միջավայրում եվրասիական տարածքի երկրների ներկայացուցիչների հետ մենք հաճախ ենք քննարկել այն թեման, թե բացի Հայրենական մեծ պատերազմից ուրիշ ի՞նչ միավորող պատմական իրադարձություններ կան մեր համատեղ անցյալում: Բոլորս համաձայնել ենք, որ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմը որպես իրադարձություն չունի իրեն հավասարը իր պատմական հնչողությամբ: Նաեւ քաղաքական արդիականությամբ եւ ուսանելիությամբ: Քննարկումների ժամանակ մեր գործընկերները հիշում էին այլ իրադարձություններ: Օրինակՙ միջուկային ռումբի առաջին փորձարկումը, առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի թռիչքը, գիտության եւ մշակույթի ասպարեզում համաշխարհային մեծությունների ներկայությունը, համաշխարհային մակարդակով մրցունակ գիտությունն ու կրթությունը եւ այլն, եւ այլն: Բայց ակնհայտ է, որ այսօրՙ 21-րդ դարի հեռվից, Մեծ Հաղթանակին համարժեք իրադարձություն չի նշմարվում: Մեր պատմության ճակատագրական էջերը հիշելիսՙ մենք հիշում ենք նաեւ աղետաբեր իրադարձություններ, որոնք հայ ժողովրդի համար ողբերգական հետեւանքներ ունեցան: Խոսքը Հոկտեմբերյան հեղափոխության մասին է, որի հետեւանքը Կովկասյան ռազմաճակատի փլուզումն էր, ռուսական բանակի անկանոն նահանջը եւ Արեւմտյան Հայաստան թուրքական զորքերի մուտքը:

Մեր ճանաչված պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը հիմա ավարտում է իր մի աշխատությունը, որը նվիրված է 1918-1920թթ. դիվանագիտական պատմությանը: Համոզված եմ, որ այդ գիրքը խթան է դառնալու բուռն քննարկումների: Մեր ուսանողներն ինձ հարց են տալիս. «Եթե հանկարծ Ռուսաստանը նորից պարտվի արտաքին ուժերի հետ բախման արդյունքնում, ի՞նչ կլինի հայ ժողովրդի հետ այս անգամ»: Սա մեր գաղափարական հակառակորդների գործիքն է, որով նրանք փորձում են կասկած եւ անվստահություն սերմանել մեր փոքր ժողովրդի մեջ: Մեր պատասխանը նրանց հետեւյալն էՙ մենք ապրում ենք 21-րդ միջուկային դարում եւ նոր ցնցումները աշխարհակործան են լինելու: Ահա թե ինչու մենք պետք է մտածենք ոչ թե մեր ռազմաքաղաքական զինակցին մենակ թողնելու կամ նրանից հեռանալու մասին, այլ ընդհակառակըՙ կոփենք մեր միասնությունը եւ մեր դաշինքն անպարտելի դարձնենք: Ռուսաստանի պատմությունը լավ իմացողները գիտեն, որ դա հնարավոր է միանգամայն:

Կոփել նոր քաղաքակրթական արժեքներ

Արդեն 25 տարի է, ինչ փլուզված է նախկին Խորհրդային Միությունը: Հետխորհրդային պետությունների փորձերը միայնակ հաղթահարելու այդ փլուզման հետեւանքները եւ իրենց տեղը գտնելու ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում, չնչին բացառություններով, առանձնապես հաջողություն չունեցան: Պատմական փորձը ցույց տվեց, որ թե՛ տնտեսության զարգացման առումով, թե՛ հոգեւոր-մշակութային արժեքների ստեղծման, դրական արդյունքն ավելի ակնառու է, երբ գործադրվում են համատեղ ջանքեր:

Այս հոդվածում տնտեսական խնդիրների մասին չենք խոսի նաեւ այն պատճառով, որ դրա մասին խոսվել է նախկինում եւ առջեւում էլ դեռ խոսելու առիթներ կլինեն: Իսկ հոգեւոր-մշակութային ոլորտի մասին խոսել ուղղակի անհրաժեշտ է: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ԵԱՏՄ պայմանագիրը ստորագրելու ժամանակ հանել տվեց նրանից քաղաքական ինտեգրմանը վերաբերող բոլոր հոդվածներըՙ ասելով, որ սկզբում տնտեսությունը, հետո նոր քաղաքականությունը: Դա պետք է հասկանալ այնպես, որ տնտեսական ինտեգրման հաջող ընթացքը եւ խորացումը կարող է փաստարկ դառնալ քաղաքական ինտեգրման համար, ինչի նախադեպերը միջազգային պրակտիկայում կան:

Ես գիտեմ շատ նշանավոր քաղաքագետների եւ փիլիսոփաների, նաեւ հայ իրականության մեջ, որոնք համոզված են, որ տնտեսական ինտեգրումը հաջողությամբ ծավալվել եւ զարգանալ կարող է միայն այն դեպքում, երբ առկա են համատեղ քաղաքարկթական արժեքներ: Այլ կերպ ասածՙ եթե ինտեգրումը ծավալվում է քաղաքակրթական ընդհանուր տարածքում: Շուտով Երեւանում կլինի ճանաչված ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Լեպեխինը: Համոզված եմՙ հետաքրքրական կլինի լսել նրա ուսանելի դիրքորոշումները մեր ժողովուրդներին միավորող քաղաքակրթական նոր արժեքների ձեւավորման մասին: Մենք համոզված ենք, որ ինտեգրացիոն նոր գործընթացին, որը ծավալվում է մեր օրերում եւ մեր մասնակցությամբ, օդի ու ջրի պես նոր քաղաքակրթական ընդհանուր արժեքներ են պետք:

Մեր նշանավոր գիտնականներն ու արվեստագետները, հասարակական գործիչները, պետական մարդիկ, ինտելեկտուալները եւ մտավորականները առաքելություն ունեն, որը նաեւ պարտք է սեփական ժողովուրդների առջեւ: Նրանք պետք է աշխատեն եւ մտածեն եվրասիական տարածքի համար ընդհանուր նոր քաղաքակրթական արժեքներ ձեւավորելու ուղղությամբ: Իսկ պետությունների խնդիրը այդ գործընթացին աջակցելն է: Գլոբալ համաշխարհային մրցակցության դաժան պայմաններում այս գործընթացներին խանգարողներ, խոչընդոտողներ շատ են լինելու եւ դա միանգամայն հասկանալի է: Հասկանալի է նաեւ, որ այդ բացասական միտումների դեմ պայքարելն առանց սեփական պոզիտիվ, կառուցողական գաղափարների, առանց հավաքական «ես»-ը ինքնահաստատելու, առանձնապես հաջողություն չի ունենալու: Ուրեմն գլխավոր խնդիրը կառուցողական փնտրտուքի դաշտում սեփական նոր ընդհանուր արժեքներ ստեղծելն է:

«Մենք պարզունակ կամուրջ չենք Եվրոպայի ու Չինաստանի միջեւ»

Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվեց տպավորություն, որ Ռուսաստանը եւ հետխորհրդային մյուս երկրները քաղաքակրթական մրցակցության մեջ այլեւս երբեք առաջատար տեղ չեն ունենալու, որովհետեւ շատ են հետ շպրտվել: 2000-ական թթ. Ռուսաստանին հաջողվեց տնտեսական եւ քաղաքական այնպիսի զարգացում ապահովել, որը ստիպեց աշխարհին մտածելու այդ երկրի համաշխարհային դերակատարության մասին: Խորհրդային գիտության փլատակներից կամաց-կամաց վեր բարձրացող ճյուղերն արագորեն զարգանալով, լավատեսության որոշ հիմքեր են տալիս:

Երեւի լսած կլինեք, թե ինչպես Արեւմուտքի տարբեր տրամաչափի գործիչները քիչ թե շատ վստահելի երկխոսություններում հետխորհրդային տարածքի մասին օգտագործում են «ասիական» կամ «արեւելյան» քամահրական ձեւերը: Այնինչ չինացիները, ճապոնացիներն ու կորեացիները հետխորհրդային տարածքը մեծամասամբ արեւմտյան արժեքների տարածք են համարում: Մենք համոզված ենք, որ Եվրասիական քաղաքակրթական տարածքը ինքնուրույն եւ ինքնաբավ է: Այն ոչ միայն բնական պաշարների աշխարհի ամենամեծ շտեմարանն է, այլեւ այստեղ ապրող ժողովուրդների ինքնավստահության եւ սեփական ինքնության նկատմամբ հարգանքի դարբնոցը:

Մենք կարծում ենք, որ մոտակա տարիները նշանավորվելու են ոչ միայն բազմալիք ճգնաժամերին հաջորդած տնտեսական նոր զարգացմամբ, այլեւ արտաքին սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու ունակ համախմբումով եւ համագործակցությամբ: Ի վիճակի լինելով զարգացնել մեր քաղաքակրթական տարածքըՙ մենք ստեղծելու ենք նախադրյալներ թե՛ Արեւմուտքի, թե՛ Ասիական-Խաղաղօվիանոսյան տարածքի կողմից մեր նկատմամբ աճող հետաքրքրության համար: Հայաստանը գտնվում է բարդ տարածաշրջանում, որտեղ այսօր պատերազմներ ու պայթյունավտանգ իրավիճակներ են: Այրվում է մեծ Մերձավոր Արեւելքը, որտեղ բախվում են մեծ ու փոքր արտաքին շատ ուժերի շահերը: Հարյուրամյակներով գտնվելով եվրասիական քաղաքակրթական տարածքումՙ մենք սովորել ենք պահպանել ու զարգացնել մեր ազգային արժեքները, լուրջ ներդրում ունենալ համաշխարհային քաղաքակրթության մեջ: Նոր ինտեգրման այս գործընթացը մեզ ոչ մի դեպքում չպետք է վախեցնի: Մենք ստացել ենք զարգանալու նոր պատեհ հնարավորություն եւ պետք է այն օգտագործենք: Այս են ուզումՙ թե՛ Խորհրդային Միությունն իր լավ ու վատով դեռ չմոռացած ավագ ու միջին սերունդները, թե՛ երիտասարդների մի մասը, որը կարիք ունի ուժեղ, կայուն եւ խաղաղ հասարակության մեջ ապրելու: Ակնհայտ է, որ եթե զարգացման այս հնարավորությունը արտաքին ճնշման, թերահավատության կամ որեւէ այլ պատճառով այս անգամ էլ անտեսվի, տասը-քսան տարի հետո ինտեգրման նման նպաստավոր հիմքեր կարող են եւ չլինել:

Եվ վերջում: Եվրասիական Զարգացման Բանկի փորձագետները անգլիական նշանավոր մի վերլուծական հաստատության հետ կատարած համատեղ ուսումնասիրության արդյունքում եկել են եզրակացության, որ Եվրոպական Միություն-Ռուսաստան հարաբերությունները կրկին կարող են ջերմանալ միայն 2020-ական թթ.-ին: Որպեսզի այդ ժամանակ ԵՄ-ԵԱՏՄ փոխհարաբերությունները գործընկերային եւ փոխշահավետ լինեն, այլ ոչ թե մեկը մյուսին կլանելու եւ ծնկի բերելու ասպարեզ, մենք ունենք մի քանի տարի մեր տնտեսական զարգացումը քաղաքակրթական ընդհանուր հենքի վրա սպասված իրականություն դարձնելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԴՅՈՔ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՄ ՔԱՄՈՒ ԷՆԵՐԳԻԱՆ ԿԴԱՌՆԱ՞ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Հաջորդ գրառումը

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Մասիս Ասատրյանը սպшնվել է շան շուրջ ծագած վեճի պատճառով. հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։ Նա տեղեկացնում է. Արաքսում քիչ առաջ...

ԿարդալDetails

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական