Կտուժեն նաեւ Սիրիան ու Ռուսաստանը
Այս տարի Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան Իրանից նավթի ներմուծումը 70 տոկոսով ավելացրել են անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Այսպիսով, ընթացիկ տարվա փետրվարին Ասիան գնել է օրական 1,6 մլն բարել իրանական նավթ, իսկ Եվրոպայի ցուցանիշը հասել է ռեկորդային 2,2 մլն բարելի: Անցած մեկ տարում Թեհրանը Եվրոպա է ուղարկել 63 խոշոր նավթատար նավ, այդ թվումՙ 21-ըՙ Ֆրանսիա, 15-ըՙ Իտալիա, 14-ըՙ Հունաստան, 13-ըՙ Իսպանիա: Ծավալվել է յուրատեսակ մրցակցություն. իրանական նավթի ներմուծման գծով Հնդկաստանն առաջ է անցել Չինաստանից, օրական գնումների ծավալը հասցնելով 554 հազար բարելի, հաղորդում է press TV հեռուստաալիքը: Երրորդ տեղում Հարավային Կորեան է (478 հազար բարել), չորրորդումՙ Ճապոնիան (209 հազար բարել): Ծովային «Մետաքսի ճանապարհը» մեծացնում է Օրմուզ եւ Մալլակայի նեղուցների ռազմավարական նշանակությունը, չխոսելով արդեն Սուեզի ջրանցքի մասին, որի քաղաքական կարեւորությունն աճում է Սիրիայում շարունակվող պատերազմի պայմաններում: Ուստի Չինաստանն ավելի շատ հետաքրքրվում է տարածաշրջանային աշխարհաքաղաքականությամբ, այլ ոչ թե նավթի ներմուծման ավելացմամբ:
Պեկինը կարեւորում է Ադենի ծոցի եւ Բաբ-Էլ-Մահդեբի նեղուցի անվտանգությունը, որով ասիացի վաճառականները հասնում են Սուեզի ջրանցք: Ուստի ՉԺՀ արտգործնախարար Վան Ին Իրանի եւ Սաուդյան Արաբիայի կառավարություններին հորդորել է ընդհանուր լեզու գտնել: «Չինաստանը բարեկամ է թե՛ Սաուդյան Արաբիային եւ թե՛ Իրանին: Այնպես որ մենք պատրաստ ենք ստաձնելու միջնորդական առաքելություն», հայտարարել է նա: Թեհրանն արդեն պատրաստակամություն է հայտնել բանակցելու եւ համագործակցելու տարածաշրջանային երկրների հետ: Եզրափակիչ ակորդ կարող է դառնալ սաուդցիների Սալման թագավորիՙ այս շաբաթավերջին Պեկին կատարելիք այցը:
Էր-Ռիադը մանեւրելու տեղ ունի: Դրան նպաստում է Վաշինգտոնի երկդիմի դիրքը ծովային «Մետաքսի ճանապարհի» հարցում:
Ամերիկյան ծովուժի Աֆրիկյան հրամանատարության պետ Թոմասե Վալդհաուզերը մի կողմից հայտարարում է, որ Ջիբութիում 2017թ. ամռանը բացվելիք չինական ռազմակայանի մոտիկությունը ամերիկյան Lemonnier ճամբարին (Ջիբութիի միջազգային օդավակայանի մոտ) սպառնալիք է Պենտագոնի համար, իսկ մյուս կողմից նա ամերիկացի սենատորներին հիշեցնում է, որ չինական բազան տարածաշրջանում կուժեղացնի ՉԺՀ ռազմածովային ներկայությունը եւ կնպաստի առեւտրի զարգացմանը «Մետաքսի ճանապարհի» շրջանակներում:
Իսրայելը իր հերթին շեշտը դնում է Թուրքիայով դեպի Եվրոմիություն տանող տրանսպորտային միջանցքի վրա: Դեռ 2016թ. հունվարին Իսրայելի ենթակառույցի, էներգետիկայի եւ ջրապաշարների նախարար Յուվալ Շտայնիցը Թել Ավիվին կոչ արեց օգտագործել Անդրանատոլիական ռազմուղի (TANAP) ենթակառուցվածբը: Դրա համար կա մի քանի պատճառ:
Թել Ավիվ-Անկարա դաշինքը թուլացնում է Դամասկոսի ռազմաքաղաքական դիրքերը, նրան զրկում Իրանի եւ Իրաքի նավթագազային եւ առեւտրական հաղորդակցությունները միանձնյա կերպով Հալեպի եւ Արեւելյան Միջերկրածովքի սիրիական հատվածի հետ կապելու հնարավորությունից: Տվյալ համատեքստում պետք է դիտարկել նաեւ Սիրիայի տարածքում «անվտանգության գոտիներ» ստեղծելու Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը. ինչը փաստորեն նշանակում է երկրի մասնատում: Պատահական չէ ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի հնչեցրած այն պահանջը, որ Իրանը եւ իր դաշնակիցները պետք է դուրս մղվեն Սիրիայից: Պահանջը համընկավ կանադական Toronto Sun թերթի այն սադրիչ հրապարակմանը, թե իրանցիներն ապագայում «պարտիզանական պատերազմ» կծավալեն ԱՄՆ-ում: Իսկ մարտի 9-ին Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ «շիաների ահաբեկչական վտանգի» մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի արտահայտած դրույթը այս ամենի տրամաբանական շարունակությունն է:
Թուրքերի հետ համագործակցելը իսրայելցիներին հնարավորություն է տալիս դեպի Եվրոպա գազամուղ անցկացնել Կիպրոսով, դրանով իսկ փութացնելով Կիպրոսի Հանրապետության եւ ինքնակոչ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» երկխոսությունը: Թել-Ավիվի համար մուտքի գինը գազատարի ճյուղավորման կառուցումն է դեպի Մերսին նավահանգիստ: Հատկանշական է, որ Անկարան ներկայացնողTurcas կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահը Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, հայերիս քաջ ծանոթ Մեթյու Բրայզան է: Delek Drilling եւ Anver Oil ընկերությունների տնօրեն Յոսի Աբուի խոսքերով, մինչեւ 2020 թվականը կկառուցվի իսրայելական «Լեւիաթան» հանքավայրը Թուրքիային միացնող 500 կիլոմետրանոց գազամուղ: Նախագիծը գնահատվում է 53,7 մլրդ դոլար: Նախագիծն արդեն ստացել է Վաշինգտոնի քաղաքական հավանությունը: «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ կիպրոսյան ծանծաղուտի մշակման մրցույթում հաղթել են ExxonMobil եւ Qatar Petreleum կորպորացիաները: Խոսքը «Բլոկ 10» նավթի ու գազի հանքավայրի մասին է, որի մոտակայքում գործում են իտալական ENI-ն եւ ֆրանսիական Total-ը: Իսրայելական Globes թերթը հաղորդում է, որ Իսրայելի էներգետիկայի նախարար Շտայնիցը վերջերս Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի ու Եվրոմիության խոշորագույն բանկերի (Barclays, Morgan Stanley, Goldman Sachs, JP Morgan) ղեկավարների հետ: Հետաքրքրություն է հանդես բերել նաեւ Լոնդոնի ֆինանսական արիստոկրատիայի հետ սերտորեն կապված Royal Bank of Canada-ն:
Թել-Ավիվի եւ Անկարայի երկխոսությունը ՉԺՀ-Իսրայել ազատ առեւտրի գոտի ստեղծելու չին-իսրայելական նախաձեռնության հետեւանքն է: Մինչեւ տարեվերջ երկու կողմերը կարող են հասնել լիակատար փոխըմբռնման: Փետրվարի բերջերին Սինգապուր կատարած այցելության ժամանակ Նաթանյահուն հայտարարեց, թե Իսրայելը «շրջվում է դեպի Ասիա»: Իրանը փորձում ՙ հետ չմնալ եւ Սինգապուրին առաջարկում է անցնել ազատ առեւտրի ռեժիմի:
Թուրքիայի հանդեպ Իսրայելի հետաքրքրությունն աճում է թուրք-պակիստանյան ազատ առեւտրի գոտու ստեղծմանը վերաբերող որոշումից հետո: Նկատի ունենալով, որ Չինաստանի ու Պակիստանի միջեւ գործում է ոչ միայն ազատ առեւտրի գոտի, այլեւ Գվադար նավահանգիստ (Արաբական ծով) հասնող երկաթուղային եւ ավտոմոբիլային միջանցք, Թուրքիա-Պակիստան ազատ առեւտրի գոտին կուժեղացնի Պեկինի, Անկարայի եւ Թել-Ավիվի փոխգործողությունը: Թուրքերը, սակայն, դրանով չեն բավարարվում: Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում մարտի 9-ին ելույթ ունենալովՙ Թուրքիայի տնտեսության նախարար Նիխաթ Զեյբեկչին Մեծ Բրիտանիային կոչ արեց ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կնքել ԵՄ-ից դուրս գալուց անմիջապես հետո: Այսպիսով Անկարան իրականացնում է Պեկին-Լոնդոն ազատ առեւտրի գոտի ստեղծելու ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի ծրագիրը:
Այս ամենը կարող է բացասական հետեւանքներ ունենալ ոչ միայն Իրանի, այլեւ Ռուսաստանի համար, քանի որ Չինաստանի կողմից Անդրանատոլիական տրանսպորտային միջանցքի օգտագործումը կարժեզրկի Սիրիայի հաղորդակցական ներուժը, կնվազեցնի Թարթուսի ռուսական ծովային ռազմակայանի եւ Խմեյմիմի ռուսական ավիախմբի կարեւորությունը: