Ամերիկյան հասարակության մեջ չեն հանդարտվում ընդվզումի կրքերը նախագահ Թրամփի վարչակազմի ստանձնած արմատական փոփոխությունների դեմ: Բողոքի արտահայտման համապատկերում տարբեր միջադեպեր են, սկսածՙ փողոցում թվացյալ մահմեդականին ուղղված. «Դո՛ւրս իմ երկրից» սպառնալիքից, մինչեւՙ երկրով մեկ հակասեմիտիզմի ահագնացումը, ինչը, Թրամփի կոչածՙ «fake news»-ը, մատուցում է իր սարքած կողմնակալ, աղմկահարույց սյուժեներով:
ԱՄՆ Կոնգրեսին ուղղված իր առաջին ելույթը նախագահ Դոնալդ Թրամփը սկսեց երկրով մեկ ծայր առած հրեական համայնքների դեմ ատելության եւ վանդալիզմի դրսեւորումների դատապարտումից: Համաձայն Ամերիկայի հրեական համայնքի կենտրոնների տվյալներիՙ տարեսկզբից այդպիսի 132 դեպք է արձանագրվել: Ռումբի տեղադրման մասին ահազանգեր են ստացվել ԱՄՆ 27 նահանգներում գործող 54 հրեական դպրոցներում եւ սոցիալական հաստատություններում: Վանդալիզմի աննախադեպ փաստեր են գրանցվել հրեական գերեզմանոցներում, միայն Սենտ Լուիսում (Միսսուրի) ավերվել ու պղծվել է 200 գերեզման: Գրեթե նույն պատկերն է նաեւ Նյու Յորքում: Կարծիք կա, որ այս երեւույթը կապ ունի նախագահ Թրամփի նախընտրական արշավի ընթացքում նրա վստահված անձերի խոսքում տեղ գտած որոշ հակասեմիտական երանգների հետ:
Այս նախաբանն անհրաժեշտ եղավ, որպեսզի կապեմ այն կրկին մեզ առնչվողին, որպեսզի ներկայացնեմ աշխարհում տեղի ունեցող քաղաքական պարադոքսներից ինձ համար անհասկանալին. թե ինչպե՞ս մի երկիր, իր պատմության ընթացքում շարունակաբար տառապելով հակասեմիտիզմի հալածանքներից, կարող է հակաքարոզչության հարթակ դառնալ մեկ այլ ազգի դեմ, որի հետ ճակատագրորեն այնքան նույնություն ունի: Ադրբեջանից եւ Թուրքիայից հետո Իսրայելն, իր պաշտոնական դիրքորոշմամբՙ երրորդ երկիրն է, որը արցախյան հակամարտության խնդրում վարում է բացահայտ հակահայկական քաղաքականություն: Ընդգծում եմ պաշտոնական բառը, քանզիՙ հարեւանությամբ շատ եմ շփվում հրեաների հետ, որոնցից հաճախ եմ լսել, որ հայերի նկատմամբ հրեա ժողովրդի եւ Իսրայելի պետության վարած քաղաքականության մեջ մեծ հակասություն կա:
Եթե ապրիլյան քառօրյա պատերազմում շատերս համոզվեցինք Ադրբեջանին տրամադրած իսրայելական գերժամանակակից «Kamikaze drone»-ների մատակարարման փաստի մեջ, ապա դրան զուգահեռ տարվող հակահայկական քարոզչությունը շատերին է, թերեւս, անիմանալի: Ապրիլյան պատերազմից անցած մեկ տարվա ընթացքում, հրեական տպագիր եւ առցանց պարբերականներումՙ «Jerusalem Post», «Jewish Journal», «Jewish Press», «Mint Pressnews», հրատարակվել են տասնյակ հակահայկական հոդվածներ, ուր Հայաստանը ներկայացվում է որպեսՙ ագրեսոր, օկուպանտ եւ պատերազմ սանձազերծող երկիր: Դե, Իսրայելի համար խորթ հասկացություն է «ագրեսոր» ասվածը: Գրավյալՙ Գազայում, «Արեւմտյան Ասիայում», «Գոլանի բարձրավանդակում» տեղի ունեցող անօրինությունները օկուպացիա չեն, այլ ուղղակիՙ «Շալոմ» ու «Մազըլթով»…
Դատենք պաշտոնամետ «Jerusalem Post» – ում տեղ գտած հոդվածների վերնագրերից միայն.
«Ադրբեջանը պաշարման մեջ է. Բարեկամ Իսրայելի պաշտպանության կարիքն ունի» – «Azerbaijan Under Siege: A friend of Israel In Need Our Support»: (Jerusalem Post):
«Հայաստանը անմարդկային պատերազմ է մղում Ադրբեջանի դեմ» – «Armenia Wages Inhumane War Against Azerbaijan»: (Jerusalem Post):
«Խոջալուի ցեղասպանությունից 25 տարի անց. Անմոռաց փաստեր հերքման եւ պատմական արդարության միջեւ» – «The Unforgettable Facts Between Denial and Historical Justice»: (Jerusalem Post):
Վերջին հակահայկական հոդվածի առիթով ես նամակ ուղարկեցի «Jerusalem Post» – ի խմբագրություն, ուր բացատրվում էր արցախյան խնդրի էությունն, ու թեՙ ինչու այն երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Համաձայն ԶԼՄ-երի մասին ազատ կարծիքի արտահայտման օրենքի, իմ նամակը պետք է որ տեղ գտներ առցանց ՙ «Opinion» կամ «Letter to the Editor» բաժնում: Դեռ սպասում եմ պատասխանի: Սակայն հրեական հակահայ գրաքննության պատնեշը ճեղքող հաջող օրինակներ էլ կան, որոնց թվում հատուկ նշեմ Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսորՙ Դավիթ Դավիթեանի հոդվածը «American Thinker» – ում եւ նույն հեղինակի Խոջալուի մասին մերկացնող աշխատությունըՙ «Timesofisrael» բլոգում, ինչպես նաեւՙ տխրահռչակ Ալեքսանդր Մուրինսոնին ուղղված, պատմաբանՙ Արեգ Գալստյանի հոյակապ պատասխանը «The Hill»-ում: Այս եւ շատ այլ երախտավոր հայորդիներ, միջազգային մեդիայում ազգային պայքարի իրենց կամավոր կռիվն են տալիս մեզ պարտադրված քարոզչական պատերազմում, որոնց նկատմամբ ուշադրությունը` հայ ընթերցողին թարգմանաբար ներկայացնելը կլիներ:
Տեսակետ կա, որ Իսրայելի վարած արտաքին քաղաքականության դեմ ուղղված քննադատությունները դիվանագիտական կամ լրագրողական-վերլուծական ոլորտում, հակասեմիտիզմի դրսեւորում չեն համարվում: ՄԱԿ-ը, պաղեստինյան խնդրի շուրջ, բազմաթիվ բանաձեւեր է ընդունել այդ երկրի դեմ: Փողոցում, սակայն, այլ օրենքներ են գործում: Այդ պետության թույլ տված քաղաքական մեղքերն, այնուամենայնիվ, իրենց չափաբաժինն ունեն աշխարհում չդադարող հակահրեական տրամադրությունների բորբոքման գործում: