ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու
Վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողության եւ շրջակա միջավայրի պահպանության տեսակետից կարեւոր նշանակություն ունի նոր տեխնոլոգիաների օգտագործումը էլեկտրական եւ ջերմային էներգիաների արտադրման համար:
Երեւանի ՀՇԳՑ նոր էներգաբլոկն ունի հետեւյալ տեխնիկական բնութագրերը.
Դրվածքային ընդհանուր հզորությունըՙ 271, 7 ՄՎտ, որից էլեկտրականըՙ 242ՄՎտ, ջերմային հզորությունըՙ 434, 9 Գջ/ժ:
Հիմնական սարքավորումներն ենՙ
Շվեյցարական «Alstom» ընկերության արտադրության GT13E2 MXL տիպի գազատուրբին 179, 9 ՄՎտ դրվածքային հզորությամբ, շահագործման երկու ռեժիմներով, 36, 4% օգտակար գործողության գործակցով: Ճապոնական «Fuji» ընկերության արտադրության ջերմաֆիկացիոն շոգետուրբին 63 ՄՎտ էլեկտրական դրվածքային հզորությամբ, 103, 7 Գկալ/ժ ջերմային էներգիայի առաքմամբ: Կորեական «SEC» ընկերության արտադրության ջերմության վերականգնման շոգեգեներատոր (ՋՎՇԳ) երկակի ճնշմամբ:
Նոր էներգաբլոկում պայմանական վառելիքի տեսակարար միջին ծախսը կազմում է մոտ 200 գ/կՎտժՙ կախված շահագործման ռեժիմներից: Այսինքն Հայաստանում գործող ավանդական ջերմաէլեկտրակայանների համեմատությամբ նոր էներգաբլոկը մեկ կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսում է մոտ երկու անգամ պակաս վառելիք (բնական գազ): Անհրաժեշտ է ստեղծել ջերմաֆիկացիոն հանգույց, ստանալ ջերմային էներգիա: Այն կարելի է օգտագործել ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաեւ բնակելի շենքերի ջեռուցման եւ տաք ջրամատակարարման հարցերը լուծելու համար: Կխնայվի վառելիքաէներգետիկ պաշարներ:
Երեւանի ջերմային էլեկտրակայանի արտաքին տեսքը
Հրազդանի ՋԷԿ-ի շինարարությունը սկսվել է 1963թ.: Կայանը նախագծվել է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ամբողջ Հարավային Կովկասի էլեկտրաէներգիայի սպառումն ապահովելու համար: Կայանը հանձնվեց շահագործման 1972թ.: Բաղկացած է բլոկային եւ ոչ բլոկային մասերից, ընդհանուր հզորությունը կազմում էր 1110ՄՎտ: Առաջին ագրեգատի թողարկումից մինչեւ 2014թ. հունվարի 1-ը Հրազդանի ՋԷԿ-ը արտադրել է մոտ 151 մլրդ կվտժամ էլեկտրաէներգիա: 1990թ.-ից պահանջարկի անկման պատճառով Հրազդանի ՋԷԿ-ը բազային կարգավիճակից դարձել է հաշվեկշռող եւ միայն XXI դարի սկզբին տեսակարար վառելիքի ցուցանիշը (372գպվ/կՎտժ) կայունացվել է:
2012թ.-ից շահագործվում է 440 ՄՎտ հզորություն ունեցող շոգեգազային էներգաբլոկը: Այստեղ նույպես անհրաժեշտ է ունենալ ջերմաֆիկացիոն հանգույց, ջերմային էներգիայի նպատակային օգտագործման համար:
Առաջարկում եմ հետեւյալը. էներգետիկական կայանքները կառուցել հանրապետության համեմատաբար մարդաշատ քաղաքներում, որոնք Երեւանից հեռու են եւ ունեն ցուրտ կլիմայական պայմաններ: Օրինակ` Գյումրի քաղաքում: Գիտական ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Երեւանում եւ Գյումրի քաղաքում նույն հզորությամբ շեգեգազատուրբինային կայանքներ կառուցելու դեպքում կարող ենք ստանալ նույն արդյունքը (արտադրելով էլեկտրական եւ ջերմային էներգիա), բայց մոտ 20 տոկոսով քիչ վառելիք այրել: Հետեւաբար, էժանացնել էներգիայի սակագինը, ինչպես նաեւ բարելավել շրջակա միջավայրը չայրելով լրացուցիչ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ (բնական գազ): Կլուծվի նաեւ աշխատատեղերի խնդիրը եւ տնտեսությունը կսկսի զարգանալ նաեւ մարզերում: Բնական է, որ այս դեպքում անհրաժեշտ է կատարել ֆինանսական ներդրումներ: Այս հարցը նույնպես լուծելի է: Ներդրումների 51 տոկոսը կատարում է պետությունը, իսկ մնացած 49 տոկոսը` բնակչության խնայողությունների հաշվին գնված բաժնեմասերն են: Այսինքն` Գյումրի քաղաքում շոգեգազատուրբինային ջեռուցման ՋԷԿ-ի գլխավոր սեփականատերը դառնում է պետությունը եւ խիստ հսկողություն է սահմանում այս գործընթացի վրա: Աստիճանաբար գոյանում է միջին խավ, որն ունի իր մշտական եկամուտները եւ շահագռգռված կողմ է:
Նրանք կարող են լինել հուսալի ռեզերվ էներգահամակարգում ` պիկային բեռները փակելու համար: Չեն պահանջում ջուր հովացման համար, քանի որ չունեն կոնդենսատոր եւ այլն: Չպետք է մոռանալ, որ այսօր մեր հանրապետությունում ջեռուցման եւ տաք ջրամատակարարման հարցերը լուծվում են «Ով ինչպես կարող է» մակարդակով: Հետեւաբար, սենյակների տաքացման համար շատ հաճախ օգտագորվում է թանկարժեք էլեկտրական էներգիան: Համեմատության համար հարկ է նշել, որ այս դեպքում մոտ չորս անգամ ավելի վառելիք է օգտագործվում: Արդյունքում ունենք այսօրվա պատկերը:
Էներգետիկա ասելով շատ հաճախ հասկացվում է էլեկտրական էներգիա, սակայն ջեռուցման եւ տաք ջրամատակարարման հարցերը չպետք է մոռանալ: Անհրաժեշտ է նախագծել եւ կառուցել փոքր եւ միջին հզորությամբ ջեռուցման ՋԷԿ-եր օգտագործելով գազատուրբինային կայանքներ կամ հակաճնշումային տուրբիններ: Ստացվում է սառը վերաբերմունք ջերմության նկատմամբ: Անհրաժեշտ է կազմել Հայաստանի բոլոր բնակավայրերի համար առանձին էլեկտրա-ջերմա եւ վառելիքամատակարարման համակարգերի այնպիսի սխեմաներ, որտեղ կունենանք նույն էներգետիկական արդյունքը, բայց կծախսվեն քիչ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ:
Վերջին տասնամյակների ընթացքում մեր կողմից կատարված գիտական հետազոտությունների արդյունքները վկայում են փոքր եւ միջին հզորության գազատուրբինային կայանքների լայնամասշտաբ օգտագործման անհրաժեշտությունը ՀՀ քաղաքների բնակելի շենքերի եւ շինությունների ջեռուցման, տաք ջրամատակարարման, ինչպես նաեւ ջերմոցային տնտեսությունների ստեղծման համար:
Երեւան քաղաքի կենտրոնացված ջերմամատակարարումը, որը խորհրդային ժամանակաշրջանում բավարարում էր բազմաբնակարան շենքերի շուրջ 85%-ը, գրեթե ամբողջությամբ դադարել է գործելՙ սկսած 2004-2005թթ. ջեռուցման շրջանից:
Ներկայումս Ավան վարչական տարածքում գործում է կոգեներացիոն էներգամատակարարման համակարգ` 4000 կՎտ դրվածքային էլեկտրական, 4400 կՎտ ջերմային հզորություններով եւ 15.12 ՄՎտ գագաթնային կաթսայական հզորությամբ: Այն սպասարկում է 39 ԲԲՇ-ների, սակայն նախատեսված է Ավան վարչական շրջանիՙ թվով 76 ԲԲՇ-ների ջեռուցման եւ տաք ջրի պահանջարկի ապահովման համար:
Կոգեներացիոն համակարգ գործում է նաեւ Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էներգակենտրոնում: Այն, ի տարբերություն առաջինի, ի վիճակի է նաեւ ապահովել համալսարանային շենքերի մի մասի ցրտամատակարարումը 1.5 ՄՎտ հզորության աբսորբցիոն տեղակայանքի միջոցով: Ջեռուցումը բնակարանային սեկտորում իրականացվում է անհատական տաք ջրի եւ ջեռուցման բնակարանային կաթսաներով, գազի եւ կամ փայտի վառարաններով, էլեկտրական ջեռուցիչներով, իսկ հանրային/կոմերցիոն շենքերումՙ միայն ջեռուցող կաթսայատներով:
Ներկայումս գազային տուրբինների արտադրությունը համաշխարհային մակարդակով օրեցօր աճում է: Հզորությունը կարող է կազմել 30 ԿՎտ-ից մինչեւ մի քանի հարյուր մեգաՎատտ: Նրանց ձեռք բերման հարցում դժվարություններ չկան, շահագործումը հեշտ է, դժվարությունների հետ կապված չէ: Այն կարող է օգտագործվել հատկապես էներգահամակարգի առավոտյան եւ երեկոյան պիկային բեռների փակման համար: Նրանք չեն պահանջում ջուր հովացման համար, քանի որ չունեն կոնդենսատոր: Հետեւաբար, կարող են տեղադրվել որեւէ վայրում, անկախ ջրի աղբյուրի առկայությունից: