ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Փարիզ
Ֆրանսալեզու ընթերցողին անծանոթ հրատարակիչ եւ գրող Թեոդիկի (1873-1928) ստեղծագործությունը աչքի է ընկնում մասնավորապես նրա նշանավոր տարեցույցներով: Գլխատված հայ մտավորականությանը նվիրված «Հուշարձան ապրիլ 11-ին (24-ին)» գրքի ֆրանսերեն թարգմանությունը լույս ընծայելովՙ «Պարանթեզ» (ParenthՌses) հրատարակչությունը վերստին իմաստ եւ կյանք պարգեւեց Կ. Պոլսի հայկական համայնքի երեւելիներից մեկի անվանը: Սա առիթ է կրկին անդրադառնալու Թեոդիկի անցած ուղուն եւ տիտանական աշխատանքին, ով, իր զարմիկ Շահան Շահնուրի բնորոշմամբ, «մոռացությունից փրկեց հայ մշակույթի ու մտքի անթիվ մասունքներ եւ վավերագրեր»:
Մինչեւ օրս մեզ հասած նրա հազվագյուտ լուսանկարներում տեսնում ենք իր բարյացակամ դեմքը, ճերմակող մորուքը եւ «Փարիզի դպրոցի» երիտասարդ, խոստումնալի աշակերտներին: Բնիկ երզնկացի Թեոդիկը (իսկական անունըՙ Թեոդորոս Լապճինյան) ծնվել է 1873 թ. մարտի 5-ին Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում, Բոսֆորի արեւելյան ափին: Պատանեկության տարիներին հաճախել է իր թաղամասի Պերպերյան վարժարանը: Մեկ սերունդ անց նույն հաստատությունում կսովորի նրա զարմիկըՙ ապագա գրող Շահան Շահնուրը: Թեոդիկը իր կրթությունը շարունակել է Կ. Պոլսի հեղինակավոր Ռոբերտ քոլեջում եւ ապա իր ամբողջ կյանքը նվիրաբերել է հայ գրքին: Անհագ հետաքրքրասիրությամբ օժտված ինքնուս երիտասարդը շատ արագ սիրահարվեց հայոց լեզվին եւ հայ բանասիրությանը: Կ. Պոլսի բազմաթիվ հրատարակությունների աշխատակցած երիտասարդը 1902-ին ամուսնանումէ Եվրոպայում կրթված, փայլուն մտքի տեր Արշակուհի Ճեզվեճյանի հետ, որը կդառնա իր գլխավոր աշխատակցուհին: Զույգը հետաքրքրվում է Կ. Պոլսի հայերի բարբառով: «Պոլսո հայեվարը» աշխատությունը թեեւ մրցանակ ստացավ, բայց մնաց անտիպ: Արշակուհին մասնակցեց Գի դը Լուսինյանի (Խորեն եպս. Նար Բեյ) ֆրանս-հայերեն բառարանի կազմմանը, սակայն առավել հայտնի դարձավ Ադանայի ջարդերից հետո,ուր գնացելէր մարդասիրական օգնություն ցուցաբերելու: Պոլիս վերադառնալովՙ նա իր տպավորություններն արտահայտեց «Ամիս մը ի Կիլիկիա» գրքում: Նրա այս վկայությունը, սակայն, պակաս հայտնի է, քան իր գրչակից Զապել Եսայանինը:
«Ամենայն տարեցույցի» հեղինակը
1907 թվականին լույս է տեսնում Թեոդիկի նշանավոր «Ամէնուն տարեցոյցի» առաջին հատորը, որը մեծ հաջողություն է ունենում: Ամենքը խլխլխում են այդ փոքր հանրագիտարանը, որը գնահատվում է իր բովանդակության հարստության ու բազմազանության համար: 1915-ից առաջ տաճկահայերի կյանքի այդ արժեքավոր պահերի վերաբերյալ Հալեպի «Կիլիկիա» հրատարակչությունը 2007-2011 թթ. տասնհինգ հատոր լույս ընծայեց բանասեր Լեւոն Շարոյանի խմբագրական աշխատանքի եւ Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության աջակցության շնորհիվ: Այդ հատորները ճանաչելի են իրենց գեղեցիկ կազմով, շքեղ պատկերագրությամբ, գրողների, արվեստագետների, դերասանների, լրագրողների կենսագրականներով, նոր հրատարակությունների գրախոսություններով, տարաբնույթ ու բազմազան թեմաներին նվիրված տեքստերով ու տեղեկություններով:
1912 թվականին, հայոց այբուբենի ստեղծման 1500-ամյակի եւ հայ տպագրության 500-րդ տարեդարձի առթիվ, Թեոդիկը հրատարակում է իր «Տիպ ու տառ» աշխատությունըՙ 200 էջանոց պատմություն Գուտենբերգի հայ հետեւորդների մասին: Ինչպես ամեն տարի, 1915-ի մարտին նա հրատարակում է իր տարեցույցի հատորը, բայց լույսընծայումից քիչ անց հեղինակը բանտարկվում է ապրիլի 24-ի մեծ շուրջկալից ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Մեկ տարի անց բանտից դուրս գալուց հետո նա կրկին բանտարկվում է եւ աքսորվում: 1916-ի օգոստոսին մի խումբ հայ զինյալներ կարողանում են ազատել նրան: 1918 թ. զինադադարից հետո Թեոդիկը վերադառնումէ Կոստանդնուպոլիս, բայց քաղաքում իր բարեկամներիցոչ ոք չէր մնացել:
Բնաջնջված ընտրախավի հուշամատյան
Ընկճվածությանը տեղի չտալովՙ նա վերսկսում է աշխատանքը: Մեծ եղեռնից մազապուրծ մի խումբ մտավորականների կազմած Հիշատակման հանձնախմբի խնդրանքով նա լույսէ ընծայում «Ամէնուն տարեցոյցը. 1916-1920», մի բացառիկ հատորՙ նվիրված Մեծ աղետի զոհերին, որտեղ հրապարակումէ բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ, ինչպես նաեւ իր գերության եւ աքսորի հուշերը: Խնդրո առարկա աշխատությունը, որի ֆրանսերեն թարգմանությունը նոր է լույս տեսել, բաղկացած է երկու մասից: Կենսագրություններ պարունակող առաջին մասն ամփոփում է օսմանյան մայրաքաղաքի եւ գավառների ծանոթ եւ քիչ ծանոթ մտավորականների կյանքի ուղին, որոնք ձերբակալվեցին եւ սպանվեցին, ինչպես հայտնի լրագրող Տիրան Քելեքյանը (1862-1915): Երկրորդ մասը պարունակումէ փրկվածների երկու վկայություն գլխավոր կենտրոնների մասին, ուր հայ երեւելիները աքսորվեցին եւ ապա սպանվեցին: Թեոդիկի քեռորդի Բյուզանդ Փոզաճյանը այնտեղ նկարագրում է ձերբակալություններն ու աքսորը դեպի Անատոլիայի խորքերը, մատնանշելով Գերմանիայի անվիճելի դերը Ցեղասպանության ծրագրման մեջ: Իր հերթին Միքայել Շամտանճյանը սրտաճմլիկ վկայություն է տալիս բանաստեղծներ Դանիել Վարուժանի եւ Ռուբեն Սեւակի վերջին օրերի մասին:
Հալեպում Համազգայինի հայագիտության ամբիոնում դասավանդող Լեւոն Շարոյանը քաջածանոթ է Թեոդիկի ստեղծագործությանը եւ խորագիտակությանը: Նա Թեոդիկին բացահայտել է պատանի հասակում հայկական հին լրագրերի հավաքածուները թերթելիս: «Ճիշտն ասած, Թեոդիկը չափանմուշ չէ հայ գրականության մեջ, քանի որ նա փաստորեն չի նվիրվել գրականությանը, չհաշված «Կաղանդ» կոչվող նովելների ժողովածուն, որ նա հրապարակել էր Կ. Պոլսում նախքան Ցեղասպանությունը: Ընդհակառակը, նա աչքի է ընկել գրողների հաշվառմամբ, հին ավանդույթների վերծանմամբ, ծագումնաբանական վերականգնումներով եւ այլն… Նրա հսկայածավալ աշխատանքի հետքը զգացվումէ իր տարեցույցների յուրաքանչյուր էջում: Ամբողջ տարվա ընթացքում Թեոդիկը շրջում էր Պոլսի հայկական թաղամասերում, տվյալներ ժողովելով իր տարեցույցի հոդվածների վավերագրման համար, որոնք նման են ոսկու անսպառ հանքերի: «Յուշարձան ապրիլ 11-ին (24-ին)» աշխատությունից բացի, Թեոդիկը Զավեն պատրիարքի խնդրանքով գրել էր «Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին» կոթողային աշխատությունը, այդ նպատակով կատարելով բացառիկ աշխատանք, շրջելով Արեւմտահայաստանի, Կիլիկիայի եւ Անատոլիայի ամբողջ տարածքում, կենսագրական տվյալներ հավաքելով սպանված հայ հոգեւորականների վերաբերյալ: Նրանից բացի ոչ ոք նման աշխատանք չի կատարել: «Հուշարձանը» անուրանալի աղբյուր է դարձել մեր կորուստների մեծությունը գնահատելու համար: Քանզի Թեոդիկը ժրաջան եւ շարժուն մարդ էր, որն իր աշխատանքը հասցնումէր կատարելության: Երբ նա գրում էր «Յուշարձանը», Ցեղասպանության հետ կապված հիշողությունները դեռ թարմ էին», ասում է Լեւոն Շարոյանը: Նրա խոսքերովՙ տարեցույցների ավանդույթը Կ. Պոլսում գոյությունէ ունեցել Թեոդիկից առաջ: Դրանք եղել են տարատեսակ, օրինակՙ Նշան Պերպերյանի «Ժողովրդական տարեցոյցը», որը լույսէ տեսել 1894-1908 թթ.: Հայտնի է նաեւ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի տարեցույցը: 1900 թվականից սկսած կարճ ժամանակով լույս են տեսել նաեւ ուրիշ տարեցույցներ, մասնավորապեսՙ 1908 թ. օսմանյան սահմանադրության հռչակումից հետո:
Իր գրչակից ընկերների եւ 1922 թ. Շվեյցարիայում պալարախտից մահացած սիրելի կնոջ կորստից խորապես ազդված Թեոդիկը Կ. Պոլսից դեպի Երուսաղեմ եւ Կորֆու դեգերելուց հետո վախճանվում է Փարիզում 1928 թ.: Նրա 1929 թ. «Տարեցոյցի» 19-րդ հատորը գրեթե պատրաստ էր…
Մեկ դար անց Սիրիայի պատերազմի դեպքերը նրա հրատարակիչ, «Կիլիկիա» հրատարակչության տնօրեն Մաթիկ Էպլիղաթյանին դրդեցին անցնել աքսորի ճանապարհներով: Նա ներկայումս Ժնեւում է եւ խաղաղության հույս է փայփայում, որպեսզի կարողանա վերադառնալ Հալեպ եւ հրատարակել վերջին չորս հատորները (1926-1929):
France-Armռnie, հունվար 2017, Ֆրանս. թարգմ. Պ. Ք