ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Երկուշաբթիՙ մարտի 13-ին, Քյոլնի քաղաքային իշխանությունները հայ համայնքին արտոնեցին խաչքար տեղադրելՙ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Հայ համայնքի տարիների, ոմանց վկայակոչմամբ` 5 տարիների համառ պայքարի մասին տեղական թերթերը ծանուցել էին դեռ նախորդ շաբաթներին: Թուրքերի հոծ ներկայությամբ այդ քաղաքում (ըստ պաշտոնական վիճակագրության, Քյոլնում Թուրքիայի քաղաքացիություն ունեցողների թիվն անցնում է 63 000-ից) համարձակ քայլ էր նկատվում նման բան արտոնելը, հայ համայնքի ցանկությունը շահարկվում- քաշքշվում էր քաղաքական գործիչների աշխատասենյակներում, բայցՙ ով զարմանք, հենց գերմանա- թուրքական լարվածության այս օրերին քաղաքային իշխանությունը վճռական լինելու կամք դրսեւորեցՙ հստակ ազդանշան ուղարկելով Թուրքիա:Թուրքիայի իշխանություններին, Քյոլնում նրա կողմնակիցներին դժվար թե դուր գա քաղաքային խորհրդի այդ քայլը, որոշման մասին գրում է «Էքսպրեսս»- ը: Քյոլնում ապրող ավելի քան 5000 անդամ ունեցող հայ համայնքի համար Քյոլնի Բրյուք թաղամասում, Լեհմբախեր 6 հասցեում գտնվող հայկական գերազմանատան տարածքում տեղադրվելիք խաչքարի արտոնության օգտին քվեարկել է լայն մեծամասնությունը: Սոցիալ-դեմոկրատները դեմ են եղել խաչքարը տեղադրելու «հրատապությանը», նաեւՙ վայրի ընտրությանը: «Ի՞նչ կլինի, եթե մյուս խմբերն էլ գերեզմանատանը հուշաքար տեղադրելու ցանկություն հայտնեն»: Սոցիալ-դեմոկրատների այս երկվության անկեղծության վերաբերյալ քրիստոնյա-դեմոկրատական խմբակցությունը կասկած է հայտնումՙ ուրիշ պատճառ որոնելով:Քյոլնի քաղաքագլուխ Հենրիետտե Ռեքերը գոհ է, որ ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ այդուհանդերձ միակամություն կա:Խաչքարի վրա «Ի հիշատակ 1915- 16- ի Հայոց ցեղասպանության զոհերի» գրությունը, ինչպես «Քյոլնիշե ռունդշաու»-ն է փոխանցում, թերի է նկատում Քյոլնի հայ համայնքի ատենապետ Մինու Նիքփայը: Նա դժգոհ է, որ «Օսմանյան կայսրության տարածքում » ձեւակերպումը չի լրացնելու գրությունը, այնինչ հայ համայնքն արդեն զիջում է արելՙ տեքստից հանելով «1,5 միլիոն» պարզաբանումը:Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում տիկին Նիքփայը նկատել տվեց, որ «Քյոլնիշե ռունդշաու»- ի թղթակցի հետ իր զրույցը նախորդել է քաղխորհրդի նիստին, եւ չիմանալով դրական արդյունքի մասին, նա «ճնշման գործիք» է կիրառել իր այդ դժգոհությունը: «Իրականում կարեւորն արտոնությունն է, ասաց Քյոլնի հայ համայնքի ատենապետը, իսկ վերջնական տեքստը դեռ կորոշենք, երբ Երեւանից խաչքարը տեղ հասնի»: Նիքփայի ասելով, դեռ հստակ չէ խաչքարը տեղադրելու օրը:Քյոլնում խաչքար կանգնեցնելու վերաբերյալ գերմանահայ համայնքում միայն հիացական գնահատականներ չկան: Մի մասը վայրը հարմար չի նկատումՙ «քաղաքային զբոսայգում պիտի տեղադրվեր, հայկական գերեզմանոցում միայն մենք ենք տեսնելու » պատճառաբանությամբ, ուրիշներ ընդհանրապես դեմ են խաչքար տեղադրելու ավանդույթին: Սոցիալական ցանցերում դեռ բանավեճը շարունակվում է, իսկ գերմանացի մեր գործընկերները այս առիթով նկատում են, որ խաչքարի արտոնումը նոր ազդակ կհաղորդի գերմանա – թուրքական լարված հարաբերություններինՙ հիշատակելով 2016- ի հունիսի 2- ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին հաջորդած Թուրքիայի քննադատական, անհանդուրժող կեցվածքը: |