Տպավորություն է, որ Ռասիմ Աղաեւը haqqin.az-ի «մշտական հեղինակ» լինելու համար պատրաստ է մոռացության մատնել նույնիսկ սեփական կենսագրությունը: Ստիպված ենք հիշեցնել. Խոջալուի դեպքերը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովին տված բացատրություններում նա ասել է, որ 1992թ. փետրվարի 26-ին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի նիստ: ՆԳ նախարարը զեկուցել է, որ Խոջալուն «դիմադրում է, ադրբեջանական կողմին հաջողվել է իջեցնել երկու ուղղաթիռ, մարտերի ընթացքում զոհվել է երկու ադրբեջանցի»: Նույնը, քանի դեռ ընթանում էր նիստը, հեռախոսով հաստատել է նաեւ «Շուշիի զինվորական պարետ Ռահիմ Գազիեւը»: Աղաեւը, լինելով Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար, առաջարկել է այդ ոգով կազմել եւ տարածել պաշտոնական հաղորդագրություն:
Սեւագիր տեքստը կազմվել է տեղում եւ վավերացվել ՆԳ նախարարի ստորագրությամբ: Երբ հաղորդագրությունը ուղարկվել է «Ազերինֆորմ» պետական լրատվական գործակալություն, վերջինիս տնօրեն Շարիֆովը հրաժարվել է այն տարածել` մինչեւ չունենա «իսկականի հետ ճիշտ է» ստորագրությամբ հաստատված երաշխիք: Աղաեւն անձամբ ներկայացել է Շարիֆովին եւ նրան ցույց տվել ՆԳ նախարարի ստորագրությամբ սեւագիր տեքստը: Ժամը 20:15-ին պաշտոնական հաղորդագրությունը բոլոր հասանելի խողովակներով տարածվել է: Տասը րոպե անց, երբ անվտանգության խորհրդի նիստը դեռ շարունակվում էր, Շուշիից կրկին զանգել է Ռահիմ Գազիեւը եւ հաղորդել, որ Խոջալուն գրավված է, կան «հազարավոր զոհեր»:
Հարց Ռասիմ Աղաեւին. «Նույն հանձնաժողովին դուք նաեւ ասել եք, որ փետրվարի 26-ին մոսկովյան մասնավոր աղբյուրից տեղեկացված եք եղել, որ Խոջալուն գրավված է: Այդ տեղեկությունը փոխանցե՞լ եք Մութալիբովին: Երկրորդ, Ադրբեջանում դուք պնդում եք, որ Խոջալուից «մազապուրծ մարդկային առաջին խմբերն Աղդամ են հասել փետրվարի 26-ի օրվա առաջին կեսին: Աղդամում այդ պահի դրությամբ տեղակայված էր «Ղարաբաղյան գոտում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի» գրասենյակը, որը Մութալիբովի հետ ուներ կառավարական ուղիղ կապ: Ինչո՞ւ Աղդամից Ադրբեջանի նախագահին չեն զեկուցել իրավիճակի մասին: Ինչո՞ւ Մութալիբովը չի փորձել կապ հաստատել իր ներկայացուցչի հետ: Ինչո՞ւ Խոջալուի մասին տեղեկատվության համար հիմք է հանդիսացել «Շուշիի զինվորական պարետ» Գազիեւի հեռախոսազրույցը: Ձեզ չի՞ թվում, որ ինչ-որ մեկին խիստ անհրաժեշտ է եղել, որպեսզի սկզբից տեղեկություն տարածվի, որ Խոջալուն հերոսաբար դիմադրում է, կա ընդամենը երկու զոհ, իսկ տասը րոպե հետո նույն աղբյուրը հաղորդի բոլորովին այլ բան»:
Հաջորդ օրը` փետրվարի 27-ին, Ռասիմ Աղաեւը Մոսկվայում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունում հրավիրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում հայտարարել է, որ Խոջալուում «սպանվել է 1200 խաղաղ բնակիչ»: Զարդուշտ Ալիզադեի համահեղինակությամբ Մոսկվայում 1996թ. հրատարակած «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում 1992թ. փետրվարի 25-ի դրությամբ Խոջալուի բնակչության թիվը նշված է «շուրջ 500 հոգի»: Ադրբեջանի ԱԱ նախարարության կազմած վերլուծական տեղեկանքում կարդում ենք, որ Խոջալուում կա «տեղական ինքնապաշտպանության գումարտակի 80, Ադրբեջանի ազգային բանակի 20 եւ միլիցիայի 80» զինառյալ, առկա է «250-300 հրաձգային զենք, «Ալազան» կայանք, 102մմ. տրամաչափի հրանոթ, մեկ ԲՐԴՄ, 23 ենթափողային նռնականետ»: Չի՞ թվում, որ իրականում 500 բնակիչ ունեցող գյուղը կարող էր ընդամենը 80 մարդու զորակոչել:
Հարց Ռասիմ Աղաեւին. ո՞վ է ձեզ տրամադրել Խոջալուում «1200 խաղաղ բնակչի սպանության» մասին տեղեկությունը: Եւ ինչո՞ւ եք չորս տարի անց Խոջալուի բնակչության թիվ նշել «շուրջ 500 հոգի»` երկուսուկես անգամ պակաս, քան «սպանվել է» 1992թ.փետրվարի 26-ին: Ո՞ր դեպքում եք դուք կեղծել` Մոսկվայում մամուլի ասուլիսի՞ն, թե՞ չորս տարի անց հրատարակած գրքում:
1992թ. փետրվարի 25-ին Խոջալուի «դատախազ» Աթաքիշիեւը Աղդամից հեռագրել է Մութալիբովին, Ադրբեջանի գլխավոր դատախազին եւ պետական հեռուստատեսության «24 ժամ» լրատվական ծրագրին. «Հարգելի ղեկավար, մենք կորցնում ենք Խոջալուն… Եթե մենք պահենք Խոջալուն, Ղարաբաղը կլինի ադրբեջանական, եթե կորցնենք, Ղարաբաղը կդառնա հայկական»:
Հարց Ռասիմ Աղաեւին. ինչպե՞ս է Աթաքիշեւին հաջողվել հեռանալ «բոլոր կողմերից պաշարված» Խոջալուից: Ինչու՞ է նա պետական հույժ կարեւոր գաղտնիք պարունակող տեղեկությունը Բաքու հաղորդել հեռագրական կապով: Ինչու՞ է հեռագրի պատճենը հասցեագրվել նաեւ հեռուստատեսությանը: Չի՞ նշանակում դա, արդյոք, որ ինչ-որ մեկին պետք է եղել նախապես տեղեկատվական ֆոն ստեղծել, որ Մութալիբովը ոչինչ չի ձեռնարկում, Խոջալուին սպասում է աղետ:
Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը պնդում է, որ Խոջալուի բնակչությունը 7000-ի է հասել 1989-91թ.թ.` ի հաշիվ Հայաստանից «բռնագաղթված ադրբեջանցիների եւ մեսխեթցի թուրքերի»: Տրամաբանակա՞ն է պատկերացնել, որ ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող մարդիկ կարող էին զանգվածաբար բնակություն հաստատել մի գյուղում, որը գտնվում էր Ստեփանակերտի եւ Ասկերանի միջեւ: Այնուհետեւ` շուրջ 6000 մարդ մի վայրում բնակեցնելու համար հարկ կլիներ կառուցել առնվազն 1000 առանձնատուն կամ երկու -երեք տասնյակ բազմաբնակարան շենք: Խոջալուում այդ ծավալի շինարարական աշխատանքներ չեն կատարվել: Ուրեմն որտե՞ղ են «ապրել» այդ մարդիկ, որտե՞ղ են «բուժօգնություն ստացել», որտե՞ղ են դպրոց, մանկապարտեղ «հաճախել նրանց երեխաները»… Չէ՞ որ դա նողկալի կեղծիք է: 1989թ. մարդահամարի տվյալներով ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Խոջալու գյուղն ունեցել է 890 բնակիչ: 1992թ. փետրվարի 13-ին Խոջալուից ռազմատրանսպորտային ուղղաթիռներով տարհանվել է 300 մարդ: Եւ գյուղում, իրոք, մնացել է շուրջ 500 հոգի, որից մոտ 200-ը, ինչպես Ադրբեջանի ԱԱ նախարարության տեղեկանքում է ասված, գտնվել է զենքի տակ:
1992թ. փետրվարի 25-ի ժամը 10-ին Աղդամի զորակայան պետք է ներկայանային Շահին Միրզոեւը, Ալլահվերդի Բաղիրովը, Ֆաիկ Բախշալիեւը, Խուդու Խուդիեւը, Յագուբ Ռզաեւը, Ռովշան Ջավադովը, այլ հրամանատարներ, որպեսզի զեկուցեին ստորաբաժանումների պատրաստվածության մասին: Նախատեսվում էր ժամը 16:00-ին սկսել «Ասկերանով դեպի Խոջալու միջանցքի բացման», փաստացի` Ստեփանակերտը գրավելու ռազմագործողությունը: Նշված ժամին ներկայացել է միայն Ֆաիկ Բախշալիեւը: Ինչո՞ւ: Եւ` որտե՞ղ են դիրքավորվել եւ ի՞նչ առաջադրանք են կատարել նշված եւ այլ անձանց հրամանատարությանը ենթակա ստորաբաժանումները: Որեւէ մեկը փորձե՞լ է պարզել: Որեւէ մեկը կարո՞ղ է պատասխանել մի պարզ հարցի. եթե փետրվարի 26-ի գիշերը ադրբեջանական զինված խմբավորումները ոչինչ չեն ձեռնարկել, ապա ի՞նչ հանգամանքներում է խոցվել Յագուբ Մամեդովի («Ալա Յագուբ», «Գաթիր Մամեդ» մականունով դաշտային հրամանատարի) որդու վարած Տ-72 տանկը եւ ինչո՞ւ է նա հետմահու արժանացել Ադրբեջանի ազգային հերոսի կոչման: Եւ ինչո՞ւ է ձերբակալվել եւ բանտում «հանկարծամահ եղել» նրա հայրը: Առհասարակ, Խոջալուի դեպքերին մասնակից բոլոր ադրբեջանցի զինվորականներն ինչու՞ են արտառոց հանգամանքներում սպանվել եւ ո՞ւմ գնդակից է զոհվել հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաեւը:
Ռասիմ Աղաեւը ճգնում է ապացուցել, որ Խոջալուն «կազմակերպել են հայերը»: Փաստերը համառ են, ինչպես նաեւ` հարցադրումները, որոնց պատասխանը կարող է տալ միայն Ադրբեջանը, եթե անցկացնի անաչառ հետաքննություն: Բաքվում գերադասում են գեներացնել մեկ անգամ շրջանառության դրված կեղծիքը: 1996թ.-ին այդ կեղծիքն անուղղակի բացահայտող Ռասիմ Աղաեւը, ցավոք, կորցրել է ողջախոհությունը եւ haqqin.az-ի հեղինակ լինելու «պատվի» դիմաց հերքում է արդեն ինքն իրեն…
Բայց ստացվում է ֆարս, որովհետեւ Ադրբեջանում Խոջալուի դեպքերի համար դատված, ապա ներման արժանացած միակ անձը` Ֆահմին Հաջիեւը հարցին, թե ո՞վ է ողբերգության պատասխանատուն, տվել է հստակ պատասխան. «Հեյդար Ալիեւը, Աղդամի մեր ուժերը հրաժարվում էին կռվել, նրանք ասում էին` կկռվենք, եթե Հեյդար Ալիեւը գլխավորի հանրապետությունը»:
Եւ եթե Խոջալուն Ադրբեջանի համար «համազգային ողբերգություն» էր, ապա ինչո՞ւ ադրբեջանական երկրորդ պետության` Նախիջեւանի ԻՀ Գերագույն մեջլիսը, որի նախագահը հետագայում «միլլի օնդյար»(«համազգաին առաջնորդ») կոչման արժանացած Հեյդար Ալիեւն էր, որեւէ կերպ չարձագանքեց, չդատապարտեց… Ինչո՞ւ Հեյդար Ալիեւը գործի չդրեց իր կապերը եւ հեղինակությունը…
…1992թ. մայիսին Մութալիբովը փորձ արեց վերադառնալ իշխանության: Ադրբեջանի ժողովրդական ճակատը կազմակերպեց հզոր հանրահավաք: Զարդուշտ Ալիզադեն եւ Ռասիմ Աղաեւը «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում չափազանց գունեղ են նկարագրում պատմական պահը. Բաքվի կենտրոնական հրապարակից ուղիղ կապ է հաստատվում Նախիջեւանի Գերագույն մեջլիսի նախագահ Հեյդար Ալիեւի հետ: Հեռախոսազրույցը տարածվում է բարձրախոսներով:
– Հեյդար բեյ,- Ալիեւին է դիմում ԱԺՃ ներկայացուցիչը,- ի՞նչ եք կարծում, Մոսկվան ժողովրդի դեմ զորք կհանի՞, կպաշտպանի՞ Մութալիբովին:
– Ադրբեջանը սուվերեն երկիր է,-պատասխանում է նա,- ոչ ոք իրավունք չունի միջամտելու նրա ներքին գործերին:
– Իսկ Մութալիբովը կդիմի՞ ուժի,- հարցնում են ազգի «նահապետին»:
-Ոչ,- Ալիեւը ծիծաղում է,- նա վախկոտի մեկն է…
Եւ ոգեւորված ամբոխները շարժվում են դեպի նախագահի նստավայր: Մութալիբովը հետնամուտքից հեռանում է եւ նույն օրն էլ ռազմական ինքնաթիռով հասնում Մոսկվա: Մեկ տարի հետո Ալիեւը վերադառնում է իշխանության եւ առաջին որոշումներից մեկով դադարեցնում Խոջալուի դեպքերը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի լիազորությունները, հավաքված փաստաթղթերն առնվում են «հույժ գաղտնի, հրապարակման ենթակա չեն» պետական արգելանքի տակ…
– Բացեք այդ արխիվները, պարոն Աղաեւ, դրանք թույլ կտան պարզել շատ գաղտնիքներ: