ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից
ՀՀ Նախագահի մարտի 10-ի հրամանագրով քաղաքագիտության դոկտոր Վարդան Տողանյանը նշանակվեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:
Երկար տարիներ բնակվելով Ռուսաստանում եւ աշխատանքի բերումով լավատեղյակ լինելով հայ համայնքի հոգսերին ու տրամադրություններինՙ վստահորեն կարող եմ ասել, որ այս «գարնանային նշանակումը», իրոք, գարնան ավետաբերի նշանակություն ունեցավ դեռեւս իր իրավունքները չզիջող ռուսական ցրտաշունչ եղանակին:
50-ամյա Վարդան Տողանյանը նոր մարդ չէ ռուս-հայկական իրականության մեջ, դիվանագիտական աշխատանքի զգալի փորձառություն ունի, եւ մանավանդՙ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանն աշխատելու տարիներին հասցրել է ձեռք բերել իր հարյուրավոր հայրենակիցների հարգանքն ու վստահությունը:
Գործի բերումով, ամենատարբեր հարցերի շուրջ ունեցած թեկուզ կարճատեւ հանդիպումներում ու զրույցներում, իմ մեջ Վարդան Տողանյանի կերպարն այսպիսին է ուրվագծվելՙ բարեկիրթ, բանիմաց, դիմացինին լսելու եւ անպայման օգտակար լինելու ձգտումով ու կարողությամբ օժտված… Եվ քանի որ մանրակրկիտ ու հանգամանալի ծանոթ չէի նրա անցած ճանապարհինՙ անկեղծ ասած իմ հարգանքն առավել մեծացավ, երբ օրերս հրապարակվեցին նրա կենսագրության մանրամասները: Դրանք ներկայացնեմ համառոտակի:
Ծնվել է 1967 թ. դեկտեմբերի 8-ին Երեւանում: 1984թ. ավարտել է Երեւանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցը, 1991-ինՙ Երեւանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը, համալսարանում ուսանելու ընթացքում ծառայել է խորհրդային բանակում:
1996-1997թթ. Երեւանի պետհամալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունՙ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1988-2001թթ. ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան:
1995թ. հոկտեմբերից 1996թ. ապրիլը որպես փորձնակ աշխատել է Ճապոնիայի «Օսակա» միջազգային հետազոտությունների կենտրոնում: 2000թ. հուլիսից օգոստոս փորձնակություն է անցել Հարվարդի համալսարանում (Քեմբրիջ, ԱՄՆ):
1991-1992թթ. աշխատել է պատմության ուսուցիչ` Երեւանի թիվ 33 դպրոցում:
1992-1994թթ. եղել է Մոսկվայում ՀՀ մշտական ներկայացուցչության գլխավոր մասնագետ: 1994-1995թթ. եղել է Մոսկվայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար: 1996-1997թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչությունումՙ որպես առաջին քարտուղար: 1997-1998թթ.-ին եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար, իսկ 1998-2000թթ.ՙ դեսպանության խորհրդական:
2001թ. մինչ օրս «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ է: 2012թ. ապրիլից նոյեմբերՙ «Սվերդլովսկի կինոստուդիա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, 2012-2015թթ.ՙ «Բորիսոգլեբսկի օսլայի գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ, 2013թ. ապրիլից 2015թ. օգոստոսՙ «Կինոտեխնիկա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ, 2013թ. ապրիլից 2015թ. մայիսՙ «ՍՈՅՈՒԶԿՆԻԳԱ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ, 2013թ. ապրիլից 2016թ. մայիսՙ «Թղթի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2016թ. ապրիլից մինչ օրս «Ռուսական թերթեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Անդամակցում է Անկախ տնօրենների ասոցիացիային: Ամուսնացած է, ունի 4 երեխա: Բացի հայերենից եւ ռուսերենիցՙ Վարդան Տողանյանը տիրապետում է նաեւ անգլերեն եւ ճապոներեն լեզուներին:
Անկեղծ ասած, բարեմաղթանքի եւ ողջերթի «ուղղվածություն» ունեցող այս հրապարակման մեջ ամենեւին էլ տեղին ու նպատակահարմար չէր անդրադառնալը նորանշանակ դեսպանի անվան շուրջ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն ասեկոսներին, որոնք հատկապես այս օրերին սկսեցին աշխուժանալ: Օրինակ, առանց որեւէ կոնկրետ փաստեր եւ ապացույցներ ունենալուՙ Տողանյանի անունը որտեղից որտեղ կապում են «Վիքիլիքս»-ի գաղտնազերծած պանամական փաստաթղթերի, օֆշորային գոտում գրանցված ընկերությունների ու դրանց առնչվող անձանց հետ, գրում են, թե իբր նրա անունը Ուզբեկստանի քաղաքացի Հովիկ Մկրտչյանի անվան հետ շոշափվում է փողերի լվացման եւ նարկոառեւտրի գործարքներում, որոնք շաղկապված են ոչ ավելի ոչ պակասՙ Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների հետ…
Քիչ թե շատ ճանաչելով Տողանյան մարդուն եւ այս օրերին լսելով ու համադրելով ամենատարբեր ոլորտների հեղինակավոր մասնագետների կարծիքներն ու գնահատականները խնդրո առարկա նշանակման առնչությամբՙ միանշանակ էր մեկ բանՙ շրջանառված լուրերը ամբաստանություն, զրպարտություն, չարախոսություն եւ հերյուրանք են: Ավելինՙ երեւում են «նորին փոքրություն» «պատվեր»-ի ականջները…
Այս առումով լրատվամիջոցներինՙ իմ գործընկերներին, մտերմաբար կհորդորեի զերծ մնալ կեղծ եւ չճշտված լուրեր տարածելուց, եւ միշտ հիշել մեծ լոռեցու ահեղ պատգամը. «Ոտըդ ըզգույշ դիր հողին…»
Իսկ վերջում ուզում եմ մեջբերել մեկ այլ լրատվամիջոցի անչափ դիպուկ մի բարեմաղթանքը. «Շնորհավորում ենք ՌԴ-ում հավատարմագրված եւ հայազգի լրագրողների կողմից սիրված ու մեծ հարգանք վայելող Վարդան Տողանյանինՙ բարեմաղթելով իր մարդկային կերպարին եւ նախանձելի աշխատասիրությանը հարիր բարեխիղճ ու եռանդուն գործունեությունՙ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական շահերը Ռուսաստանի Դաշնությունում ակտիվորեն ներկայացնելու եւ մեր Հայրենիքն աշխարհում առավել ճանաչելի դարձնելու անչափ պատասխանատու իր առաքելությունում»:
Լիովին համաձայն լինելով այս տողերի հետՙ ես էլ բարեմաղթում եմ նույնըՙ
Բարի երթ Ձեզ, հարգարժան Վարդան Տողանյան…
«Ազգ»-ը միանում է իր աշխատակցուհու բարեմաղթանքներին: Վստահ ենք, որ երիտասարդ դիվանագետին կհաջողվի ստեղծագործական (մոդայիկ բառով` կրեատիվ) նոր տարրեր մտցնել մեր պետության համար ամենակարեւոր երկրի` Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններում, միաժամանակ ինքնակազմակերպման եռանդ հաղորդելով ռուսաստանաբնակ հայությանը: